Դաս 85
Վարդապետություն և Ուխտեր 82.83
Նախաբան
1832 թվականի ապրիլին Մարգարե Ջոզեֆ Սմիթը և մյուսները ճամփորդեցին Միսսուրի նահանգի Ինդիփենդենս քաղաքը, հնազանդվելով Տիրոջ պատվիրանին` ստեղծել մի կազմակերպություն` կառուցելու Սիոնը և հոգ տանելու աղքատների մասին (տես ՎևՈւ 78, ներառյալ բաժնի նախաբանը): Ապրիլի 26-ին Մարգարեն հայտնություն ստացավ, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 82 բաժնում` քահանայապետերի և երեցների խորհրդի ժամանակ Ինդիփենդենսի Եկեղեցում: Այս հայտնության մեջ Տերը եղբայրներին ներեց նրանց օրինազանցությունները և զգուշացրեց նրանց խուսափել հետագա մեղքերից: Տերը նաև հրահանգեց այս եղբայրներին կառավարել Սիոնի աշխարհիկ գործերը: Չորս օր անց Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 83 բաժնում, որում Տերը հրահանգեց Եկեղեցու ղեկավարներին, թե ինչպես հոգ տանեն այրիների և որբերի մասին:
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 82․1-7
Տերը զգուշացնում է նրանց, ովքեր շատ բան էին ստացել Իրենից
Նախքան դասը սկսելը պատրաստեք թղթի մի քանի մեծ կտորներ և մարկերներ: (Դասի վերջում ուսանողները կօգտագործեն դրանք` պատրաստելու ցուցակներ, որոնք կարող են ցուցադրվել դասարանի մնացած մասի համար:)
Սկսեք դասը` խնդրելով ուսանողներին մտածել այն ժամանակի մասին, երբ նրանք անհամաձայնություն ունեին ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ, որն ի վերջո լուծվել է:
-
Ինչպե՞ս էիք զգում, երբ լուծեցիք ձեր անհամաձայնությունը:
Տեղեկացրեք ուսանողներին, որ մի քանի ամիս չար զգացմունքներ էին դրսևորվում Օհայոյում գտնվող Սիդնի Ռիգդոնի և Միսսուրիում գտնվող Եպիսկոպոս Էդվարդ Պատրիջի միջև: 1832 թվականի ապրիլին Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու այլ ղեկավարներ ուղևորվեցին Միսսուրի` հնազանդվելով Տիրոջ պատվիրանին, որ նրանք «խորհրդի նստեն սրբերի հետ, ովքեր Սիոնում են»(ՎևՈւ 78.9): Նրանց ժամանելուց անմիջապես հետո անցկացվեց Եկեղեցու քահանայապետերի խորհուրդ: Համաժողովի առավոտյան և ցերեկային նիստերի միջև Սիդնի Ռիգդոնը և Էդվարդ Պատրիջը լուծեցին իրենց տարաձայնությունները: Վարդապետություն և Ուխտեր 82 բաժնում տրված հայտնությունը ստացվեց ցերեկային նիստի ժամանակ:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 82.1 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել նրան և փնտրել, թե Տերը ինչ ասաց Սիդնի Ռիգդոնին և Էդվարդ Պատրիջին` իրենց տարաձայնությունները լուծելու մասին։
-
Համաձայն հատված 1-ի, ո՞րն է կապը ուրիշներին ներելու և Տիրոջ ներումը ստանալու միջև:
Ուսանողներից որևէ մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 82․2 հատվածը և խնդրեք դասարանին փնտրել այն զգուշացումը, որը Տերը տվեց Սրբերին:
-
Համաձայն Տիրոջ խոսքերի, ի՞նչ կընկնի նրանց գլխին, ովքեր չեն խուսափի մեղքից:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այն մի քանի մեղքերը, որոնց Տերը հավանաբար հղում էր կատարում, բացատրեք, որ երբ Եկեղեցու անդամները տեղափոխվեցին Միսսուրի, շատերին չհաջողվեց հնազանդվել Եկեղեցու ղեկավարների խորհրդին, և ոմանք հրաժարվեցին ապրել նվիրաբերման օրենքով: Արդյունքում Եկեղեցու այս մի քանի անդամները մեղավոր էին նախանձի, ագահության և պարտականությունների անտեսման մեջ:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 82.3-4 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան` փնտրելով մի պատճառ, թե ինչու հատված 2-ում նշված դատաստանները կգան նրանց վրա, ովքեր շարունակում էին մնալ մեղքի մեջ:
-
Ի՞նչ առումով էին այս Սրբերը որակվել որպես մարդիկ, ովքեր ստացել էին «ավելի մեծ լույս»:
-
Ի՞նչ է Տերը ուսուցանել այս հատվածներում մեր պատասխանատվության վերաբերյալ` այն բաների հանդեպ, ինչՆա տվել է մեզ: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Տերը շատ է պահանջում նրանցից, ում շատ է տվել։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ սկզբունքը իրենց սուրբ գրություններում):
-
Ինչո՞ւ եք կարծում, որ նրանք, ովքեր ավելի շատ են ստացել Տիրոջից, նաև ավելի շատ կպահանջվի նրանցից:
Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի: Յուրաքանչյուր խմբի տվեք թղթի մի մեծ կտոր և մարկեր: Խնդրեք ուսանողներին երկու րոպեում թվարկել որքան հնարավոր է շատ օրհնություններ, որոնք նրանք ստացել են Տիրոջից: Խրախուսեք նրանց ներառել օրհնություններ, որոնք նրանք ստացել են որպես Եկեղեցու անդամ: Երբ նրանք ավարտեն, ցուցադրեք ցուցակները դասարանի առջև և տվեք նրանց հետևյալ հարցերը:
-
Ինչո՞ւ եք կարծում, որ մենք որակավորվում ենք որպես մարդիկ «ում շատ է տրվել»:
-
Քանի որ Տերը մեզ այնքան շատ է տվել, որո՞նք են այն մի քանի բաները, որ Նա պահանջում է մեզանից:
Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել սկզբունքը հատված 3-ից, խնդրեք նրանց գրել իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանական տետրերում օրհնություններից մեկը, որը նրանք ստացել են Տիրոջից: Հաջորդը, խնդրեք նրանց գրել` ինչ են նրանք զգում, որ Տերն ակնկալում է, որ իրենք անեն, քանի որ նրանք ստացել են այդ օրհնությունը: Ի վերջո, հրավիրեք նրանց գրի առնել մի նպատակ, թե ի՞նչ կարող են սկսել նրանք անել, որպեսզի իրականացնեն այդ ակնկալիքը:
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 82․5-6 հատվածները` բացատրելով, որ Տերը զգուշացրեց Սրբերին, որ սատանայի իշխանությունը և ուժը աճում է երկրի վրա: Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 82․7 հատվածը և հրավիրեք դասարանին` փնտրել որևէ լրացուցիչ զգուշացում, որը Տերը տվել էր մեղքի մասին։
-
Համաձայն հատված 7-ի, ինչո՞ւ է կարևոր նրանց համար, ովքեր ապաշխարում են, որ նրանք հեռանան մեղքից:: (Երբ մենք գիտակցաբար արդարությունից հեռանում ենք դեպի մեղքը, մեր «նախկին մեղքերը վերադառնում են»:)
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ են մեր նախկին մեղքերը վերադառնում, եթե մենք դիտավորությամբ մեղք ենք գործում` Տիրոջ ներումը փնտրելուց հետո: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ որպեսզի լիովին ապաշխարենք և ներվենք, մենք պետք է հեռանանք մեր մեղքերից:)
Վարդապետություն և Ուխտեր 82․8-24
Տերը պատվիրում է ինը մարդու` կազմավորել ընկերություն, որպեսզի կառավարեն Եկեղեցու աշխարհիկ գործերը
Ուսանողներին բաժանեք զույգերի: Խնդրեք յուրաքանչյուր զույգի մտածել երկու իրավիճակի մասին, որում մի երիտասարդ տղա կամ աղջիկ կունենա հավաստիացման կարիք, որ Աստված պահում է Իր խոստումները: (Օրինակ` մի աղջիկ մտերիմ հարաբերությունների մեջ է իր տատիկի հետ, ով տառապում է մահացու հիվանդությունից: Այս աղջիկը կարող է հավաստիացման կարիք ունենալ` հավերժական ընտանիքների և Հարության մասին խոստումների վերաբերյալ: Խնդրեք ուսանողներին` դասարանի հետ կիսվել իրենց մի քանի սցենարներով:
Բացատրեք, որ քահանայապետերի խորհրդի ընթացքում Միսսուրիում Տերը վստահեցնող խորհուրդ տվեց նրանց, ովքեր հնազանդվում են Նրա պատվիրաններին: Խրախուսեք ուսանողներին փնտրել ճշմարտություններ, որոնք կարող են հավաստիացում առաջարկել նրանց, ովքեր գտնվում են իրենց քննարկած իրավիճակում, երբ նրանք շարունակում են ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 82 բաժինը:
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 82․8-9 հատվածները և փնտրել, թե ի՞նչ էր Տերը պատրաստվում տալ Սրբերին այդ խորհրդի ժամանակ։
-
Համաձայն հատված 8-ի, Տերն ի՞նչ ասաց, որ Ինքը կտա խորհրդի ժամանակ հավաքվածներին:
-
Հիմնվելով հատվածներ 8-9-ից ձեր սովորածի վրա, որո՞նք էին Նրա պատճառները այս նոր պատվիրանը տալու համար: (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին:)
-
Ինչպե՞ս են այս նույն պատճառները վերաբերում յուրաքանչյուր պատվիրանի, որ Տերը տալիս է մեզ:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 82․10 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել նրան և փնտրել մի սկզբունք, որ մեզ կարող է վստահություն տալ, երբ մենք ձգտում ենք հնազանդվել Տիրոջ պատվիրաններին։
-
Ի՞նչ սկզբունք դուք գտաք, որը կարող է ձեզ վստահություն տալ, երբ դուք ձգտում եք հնազանդվել Տիրոջը: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանց պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք հնազանդվենք Տիրոջը, Նա միշտ կպահի Իր խոստումները` օրհնելու մեզ:)
Ուսանողներին խնդրեք խորհել փորձառությունների մասին, որ նրանք ունեցել են, որոնք օգնել են նրանց հասկանալ, որ այս սկզբունքը ճիշտ է: Ժամանակ տվեք ուսանողներին գրել այդ փորձառություններից մեկի մասին իրենց դասարանական տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում։ Հրավիրեք մի քանի ուսանողների իրենց պատասխանով կիսվել դասարանի հետ: Կարող եք նաև կիսվել ձեր անձնական փորձառությամբ, որը հաստատում է այս սկզբունքը:
Հիշեցրեք ուսանողներին, որ երբ նրանք ուսումնասիրեցին Վարդապետություն և Ուխտեր 78 բաժինը, նրանք իմացան, թե ինչպես Տերը պատվիրեց Եկեղեցու ղեկավարներին Օհայոյի Կիրթլենդ քաղաքում կազմավորել ընկերություն` կառավարելու Եկեղեցու շտեմարաններն ու հրատարակչական աշխատանքները: Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 82․11,15-17 հատվածները` տեղեկացնելով ուսանողներին, որ այս հայտնության մեջ Տերն ուղղորդեց ընկերության ընթացիկ կազմակերպությունը, որը հայտնի էր որպես Միացյալ Միաբանություն և նշանակեց դրա անդամներին։
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 82․12 հատվածը, փնտրելով Միացյալ Միաբանության նպատակը: Երբ նրանք կարդան, օգտակար կլինի հիշեցնել նրանց, որ եպիսկոպոսի պարտականություններից մեկը Եկեղեցու անդամներին աջակցելն է, ովքեր ունեն աշխարհիկ կարիքներ:
-
Համաձայն հատված 12-ի, որն էր Միացյալ Միաբանության նպատակը։
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 82․14,18-19 հատվածները և գտնել բառեր ու արտահայտություններ, որոնք լրացուցիչ բացատրում են, թե ինչու Տերը պատվիրեց Միացյալ Միաբանության կազմավորումը:
-
Ինչո՞ւ էր Սրբերի համար կարևոր զարգացնել հատված 19-ին վերաբերող սկզբունքները:
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 82․20-24 հատվածները` բացատրելով, որ Տերն ավարտեց այս հայտնությունը` զգուշացնելով Եկեղեցու ղեկավարներին լինել հավատարիմ այն ուխտերին, որ նրանք կկապեին որպես Միացյալ Միաբանության անդամներ։
Վարդապետություն և Ուխտեր 83
Տերը հայտնում է, թե ինչպես հոգ տանել այրիների և որբերի մասին:
Տեղեկացրեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտեր 82 բաժնում գրանցված հայտնությունից չորս օր անց Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություն այն մասին, թե ինչպես պետք է լուծել Սրբերի աշխարհիկ կարիքները հոգալու դժվարին խնդիրը: Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 83․1 հատվածը և փնտրել, թե ու՞մ խնդիրների լուծմանն էր ուղղված այս հայտնությունը։
-
Ու՞մ կարիքներն էին լուծվում այս հայտնության մեջ:
Հիշեցրեք ուսանողներին, որ շատ Սրբեր ապրում էին նվիրաբերման օրենքով և Եկեղեցուց ստացել էին «ժառանգություն» կամ գույք: Այս հայտնության մեջ Տերը բացահայտեց, թե ինչ պիտի տեղի ունենար ընտանիքի ժառանգության հետ, եթե ամուսինը կամ հայրը մահանար:
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 83.2-3 հատվածները և փնտրել Տիրոջ հրահանգները այն մասին, թե ինչպես հոգ տանել այն կանանց մասին, ովքեր կորցրել էին իրենց ամուսիններին:
-
Եթե տղամարդը մահանում էր, և կինը մնում էր հավատարիմ, ի՞նչ օրհնություններ էր նա ստանում:
Բացատրեք, որ այն ժամանակ, երբ այս հայտնությունը տրվեց, կանայք ապավինում էին իրենց ամուսիններին` աշխարհիկ կարիքների լուծման համար: «Եկեղեցում նրանք ընկերակցություն կունենան» նշանակում էր, որ քանի որ կնոջ ապավենը այլևս չկար, Եկեղեցին կօգներ նրան, երբ նա ստանձներ միակ կերակրողի դերը: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 83.4-6 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով, թե ինչպես կարող է Եկեղեցին աջակցել որբերին ու այրիներին։
-
Ի՞նչ են այս հատվածները ուսուցանում ձեզ այն մասին, թե ինչպե՞ս է Տերը վերաբերվում այրիներին, որբերին և մնացած բոլոր կարիքավորներին:
Խրախուսեք ուսանողներին` ավելի շատ տեղյակ լինել ձեր շրջապատի մարդկանց կարիքների մասին և ուղիներ փնտրել` կիրառելու Տիրոջ խորհուրդը` փնտրելով իրենց մերձավորների շահը (տես ՎևՈւ 82.19): Ուղղորդվելով Հոգով, ամփոփեք` կիսվելով այս հայտնություններում ուսուցանած ճշմարտությունների մասին ձեր վկայությամբ։