Դաս 44
Վարդապետություն և Ուխտեր 39-40
Նախաբան
1831թ. հունվարին Ջեյմս Քովել անունով մի բողոքական սպասավոր հանդիպեց Ջոզեֆ Սմիթի հետ Ֆայեթում, Նյու Յորք, և «ուխտեց Տիրոջ հետ, որ կհնազանդվի ցանկացած պատվիրանի, որը Տերը կտա իր ծառա Ջոզեֆի միջոցով» (տես Documents, Volume 1: July 1828–June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers [2013], 233–34): Տիրոջ արձագանքը գրված է Վարդապետություն և Ուխտեր 39 բաժնում: Այս հայտնությամբ Տերը կանչում է Ջեյմս Քովելին մկրտվելու և քարոզելու ավետարանի լրիվությունը Օհայոյում: Սակայն, հայտնության տրման հաջորդ օրը Ջեյմս Քովելը լքեց Ֆայեթը և «վերադարձավ իր նախկին սկզբունքներին ու մարդկանց մոտ» (Եկեղեցու պատմություն, 1.145): Դրանից հետո Տերը հայտնություն տվեց Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին, բացատրելով, թե ինչու Քովելը չհնազանդվեց իրեն տրված պատվիրանին: Այդ հայտնությունը կարելի է գտնել Վարդապետություն և Ուխտեր 40 բաժնում:
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 39․1-12
Հիսուս Քրիստոսը հրավիրում է Ջեյմս Քովելին ստանալ Իր ավետարանը և մկրտվել
Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե իրենց հենց նոր մի նվեր է տրվել ծնողի կամ մեկ այլ սիրված անձնավորության կողմից: Երբ նրանք բացեն նվերը` կտեսնեն, որ դա հենց այն էր, ինչ նրանք իսկապես ցանկանում էին:
-
Կընդունե՞ք այս նվերը: Կա՞ն ինչ-որ պատճառներ, որ դուք չցանկանաք ընդունել նվերը:
-
Կարո՞ղ եք հիշել Երկնային Հոր կողմից տրված պարգևներ կամ նվիրատվություններ, որոնք Նրա զավակները չեն ցանկացել ընդունել:
Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 39.1-3 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչը չեն ցանկանում ընդունել որոշ մարդիկ:
-
Ի՞նչը չեն ցանկացել ընդունել այս մարդիկ:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ընդունել Հիսուս Քրիստոսին:
-
Ձեր կարծիքով, որո՞նք էին պատճառներից մի քանիսը, որ Նրա մարդիկ չէին ընդունում Փրկչին, երկրի վրա Նրա սպասավորման ժամանակ:
Գրեք հետևյալ անավարտ միտքը գրատախտակին. Եթե մենք ընդունենք Հիսուս Քրիստոսին, Նա …
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 39.4 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչպես կարելի է գրատախտակին գրված միտքը ավարտուն դարձնել, ձևավորելով սկզբունք: Հրավիրեք ուսանողներին ասել, թե ինչ իմացան:
Նշեք, որ թեև հատվածում գրված է «որդիներ», Տերն ուսուցանել է, որ կանայք ևս կարող են դառնալ Հիսուս Քրիստոսի դուստրերը (տես ՎևՈւ 25.1): Ապա ավարտեք գրատախտակին գրված միտքը հետևյալով. Եթե մենք ընդունենք Հիսուս Քրիստոսին, Նա մեզ զորություն կտա` դառնալու Իր զավակները:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ է նշանակում դառնալ Հիսուս Քրիստոսի զավակներ, մի ուսանողի խնդրեք կարդալ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ խոսքերը. (Կարող եք դասից առաջ գրել այս խոսքերը գրատախտակին, կամ բաժանել ուսանողներին պատրաստի թերթիկների տեսքով):
«Փրկիչը դառնում է մեր Հայրն, այն իմաստով, որով այս տերմինն օգտագործվել է սուրբ գրություններում, քանի որ նա տալիս է մեզ կյանք, հավերժական կյանք, քավության շնորհիվ, որը Նա իրագործել է մեզ համար» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 1:29):
Բացատրեք, որ Մորմոնի Գրքից մենք սովորում ենք, որ նրանք, ում սրտերը փոխվում են Հիսուս Քրիստոսի անվանը հավատալու շնորհիվ, հոգեպես ծնվում են Նրանից: Նրանք դառնում են Նրա որդիներն ու դուստրերը (տես Մոսիա 5.7): Պարզ ասած, Քրիստոսի որդիներն ու դուստրերը նրանք են, «ովքեր ընդունել են Հիսուս Քրիստոսի ավետարանը» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Քրիստոսի զավակները», scriptures.lds.org):
-
Ըստ Նախագահ Սմիթի խոսքերի, ինչու՞ մենք պետք է դառնանք Հիսուս Քրիստոսի զավակները:
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 39.5-6 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես կարող ենք ընդունել Հիսուս Քրիստոսին և օգտվել նրանից, ինչ Նա առաջարկում է մեզ, որպեսզի դառնանք Նրա զավակները:
-
Հիմնվելով նրա վրա, թե ինչ սովորեցիք այս հատվածներից, ինչպես կբացատրեք` ի՞նչ պետք է մենք անենք Հիսուս Քրիստոսի զավակները դառնալու համար:
Բացատրեք, որ Տիրոջ խոսքերն այս հատվածներում ուղղված էին Ջեյմս Քովելին, ով մոտ 40 տարի եղել է շատ հարգված մեթոդիստական սպասավոր: Ջեյմս Քովելն իմացավ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին նախքան Ջոզեֆ Սմիթի այս հայտնությունը ստանալը: Թեև նա եկեղեցու անդամ չէր, սակայն նա ուխտեց հնազանդվել ցանկացած պատվիրանի, որը կստանա Ջոզեֆ Սմիթի միջոցով: (Նշեք, որ վերջին ուսումնասիրությունները լույս են սփռել այն մարդու ինքնության վրա, ում համար այս հայտնությունը տրվել էր: Եթե ուսանողները չունեն սուրբ գրությունների ամենավերջին հրատարակությունը, ապա բաժնի նախաբանը չի պարունակի ամենաթարմ տեղեկությունը):
-
Իմանալով, որ Ջեյմս Քովելը եկեղեցու անդամ չէր, երբ այս հայտնությունը տրվեց, ինչպե՞ս կարող էին 5-6 հատվածների ուսմունքները վերաբերվել նրան:
-
Ինչու՞ Ջեյմս Քովելից մեծ հավատ պահանջվեց` Հիսուս Քրիստոսին ու Նրա ավետարանն ընդունելու և մկրտվելու համար: (Որպես սպասավոր, եթե Ջեյմս Քովելը մկրտվեր, նա պետք է հրաժարվեր այն պաշտոններից, ծանոթություններից ու եկամուտներից, որոնք ստեղծել էր շուրջ 40 տարի):
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 39.7-9 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, փնտրելով ապացույց, որ Տերը գիտեր Ջեյմս Քովելին: Երբ ուսանողներն ասեն, թե ինչ իմացան, տվեք հետևյալ հարցերը.
-
Եթե դուք լինեիք Ջեյմս Քովելի տեղն, ինչպե՞ս կզգայիք ձեզ լսելով այս խոսքերը: Ինչո՞ւ:
-
Ի՞նչ էր ասել Տերը Ջեյմս Քովելի սրտի մասին, թե ինչպիսին էր այն այդ պահին: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ նրա սիրտն «ուղիղ է այս պահին» Տիրոջ առաջ: (Կարող եք առաջարկել ուսանողներին, որ նշեն այս պահին բառերը 8 հատվածում):
-
Համաձայն 9 հատվածի, ինչու՞ էր Ջեյմս Քովելը մերժել Տիրոջը շատ անգամներ:
Արտագծեք հետևյալ աղյուսակը գրատախտակի վրա:
Եթե դուք… |
Ապա… |
---|---|
Հրավիրեք երեք ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 39.10–12 հատվածները: Կարդալուց առաջ խնդրեք դասարանի կեսին գտնել, թե ինչ էր Տերը հրահանգել Քովիլին անել։ Մյուս կեսին խնդրեք գտնել, թե Տերը ինչ էր խոստացել Ջեյմս Քովիլին, եթե նա հնազանդվեր Տիրոջը:
Երբ ուսանողներն ասեն, թե ինչ իմացան, գրեք նրանց պատասխանները աղյուսակում` համապատասխան վերնագրի տակ: Որպեսզի օգնեք ուսանողներին վերլուծել այս հատվածները, տվեք հետևյալ հարցերը.
-
Ինչպե՞ս կարող էր Ջեյմս Քովելը ստանալ ավելի մեծ օրհնություններ և կատարել ավելի մեծ աշխատանք, եթե ընդուներ Տիրոջ մկրտվելու հրավերը: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Տերը առաջարկեց Ջեյմսին ավետարանի լրիվությունը, որը պարունակում էր պարտականություններ և օրհնություններ, որոնք նա չուներ նախկինում, ինչպիսիք են՝ Սուրբ Հոգու պարգևը և քահանայությանը կարգվելը):
Շեշտեք եթե բառը Վարդապետություն և Ուխտեր 39.10 և 11 հատվածներում: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել այս խոսքն իրենց սուրբ գրություններում:
-
Ո՞րն է այս հատվածներում եթե բառի կարևորությունը: (Ջեյմս Քովելին խոստացված Տիրոջ օրհնությունները պայմանավորված էին նրանով, թե Ջեյմսը որքանով ականջ կդներ Տիրոջ ձայնին:)
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս հատվածներում Տիրոջ կողմից եթե բառի գործածումից: (Թեև ուսանողները կարող են տարբեր բառերով բացատրել, նրանք պետք է արտաբերեն հետևյալ սկզբունքը. Տիրոջ խոստացած օրհնությունները պայմանավորված են նրանով, թե մենք որքանով ականջ կդնենք Նրա ձայնին: Այս սկզբունքը գրեք գրատախտակին):
Խնդրեք ուսանողներին լուռ մտածել որոշ օրհնությունների մասին, որ Տերը խոստացել է նրանց: Ապա խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի շուրջ.
-
Ի՞նչ պայմաններ է Տերը դրել ձեր առաջ, այդ օրհնությունները ստանալու համար:
Վարդապետություն և Ուխտեր 39․13-24
Ջեյմս Քովելը կանչված է քարոզելու ավետարանի լրիվությունը Օհայոյում:
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 39․13-24 հատվածները, տեղեկացնելով ուսանողներին, որ Տերը կանչել էր Ջեյմս Քովելին քարոզելու ավետարանը Օհայոյում: Տերը նրան հրահանգներ էր տվել, թե ինչ ուսուցանել և ինչպես ուսուցանել:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 39.22 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է այս հատվածը կապված այն սկզբունքների հետ, որոնք դուք արդեն քննարկել եք այս դասի ժամանակ:
-
Ձեր կարծիքով, ինչպես կարձագանքեիք դուք, եթե եկեղեցու անդամ չլինեիք և այս հայտնության հրահանգները ձեզ տրված լինեին:
Վարդապետություն և Ուխտեր 40
Տերը բացահայտում է, թե ինչու Ջեյմս Քովելը մերժեց Իր խոսքերը:
Տեղեկացրեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտեր 39 բաժնում տեղ գտած հայտնության տրման հաջորդ օրը Ջեյմս Քովելը լքեց Ֆայեթը, Նյու Յորք, և «վերադարձավ իր նախկին սկզբունքներին ու մարդկանց մոտ» (Եկեղեցու պատմություն, 1.145): Տերը հայտնի դարձրեց Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին, թե ինչու Ջեյմս Քովելը չհնազանդվեց Տիրոջ հրահանգներին և չստացավ 39 բաժնում նախատեսված օրհնությունները:
Հրավիրեք երեք ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 40.1–3 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, փնտրելով պատճառը, թե ինչու Ջեյմս Քովելն ականջ չդրեց Տիրոջ ձայնին:
-
Համեմատեք Վարդապետություն և Ուխտեր 40.1 և Վարդապետություն և Ուխտեր 39.8: Ինչպե՞ս փոխվեց Ջեյմս Քովելի սիրտը:
-
Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 40․2 հատվածի, ի՞նչը հատկապես դրդեց Ջեյմս Քովելին մերժելու Տիրոջ խոսքը:
-
Ի՞նչ սկզբունքներ կարող եք առանձնացնել 2 հատվածից: (Ուսանողները կարող են նշել տարբեր սկզբունքներ, սակայն հավաստիացեք, որ նրանք հասկանում են, որ վախն ու աշխարհիկ հոգսերը կարող են պատճառ դառնալ մեզ համար` մերժելու Աստծո խոսքը: Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին: Կարող եք առաջարկել ուսանողներին գրել դա իրենց սուրբ գրություններում):
-
Որո՞նք են որոշ աշխարհիկ հոգսերը, որ կարող են հետ պահել մարդկանց Տիրոջը հետևելուց:
Խնդրեք ուսանողներին գրել իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում որոշ վախեր կամ աշխարհիկ հոգսեր, որոնք կարող են հետ պահել իրենց Հիսուս Քրիստոսին հետևելուց և Նրա ավետարանով ապրելուց: Ապա խնդրեք նրանց գրել, թե ինչ կարող են անել, հավատք ունենալու համար, որ հաղթահարեն իրենց վախերն ու հոգսերը: Քաջալերեք նրանց վարվել իրենց գրածների համաձայն:
Որպեսզի օգնեք ուսանողներին ամփոփել անցածը, գրատախտակին գրեք եթե բառը: Ապա տվեք հետևյալ հարցերը.
-
Ինչպե՞ս է այս բառը վերաբերում Ջեյմս Քովելին:
-
Ինչպե՞ս է այն վերաբերում մեզ:
Դասն ավարտելով հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե երբ են ստացել օրհնություն Տիրոջից, քանի որ նրանք հնազանդվել են այդ օրհությանը կցվող պայմաններին: Կարող եք նաև կիսվել ձեր վկայությամբ` օրհնությունների վերաբերյալ, որոնք ստանում ենք պատվիրանները պահելով: