Դաս 31
Վարդապետություն և Ուխտեր 24 և 26
Նախաբան
1830թ. հունիսին և հուլիսին Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու մյուս անդամները ուժգին հալածանքների էին ենթարկվում: Այս դժվարին ժամանակներում Տերն ամրացրեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին և հրահանգներ տվեց նրանց պարտականությունների վերաբերյալ Վարդապետություն և Ուխտեր 24-ում պարունակվող հայտնության միջոցով: Տերը նաև ուղղություն տվեց Եկեղեցում ընդհանուր համաձայնության օրենքի վերաբերյալ, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 26-ում:
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 24․1-12
Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին խորհուրդ են ստանում իրենց կոչումների վերաբերյալ
Դասից առաջ գրեք հետևյալ հարցը գրատախտակին. Ի՞նչ եք դուք անում, երբ կյանքը դժվար է դառնում:
Խնդրեք ուսանողներին մտածել մի դժվար կամ վախեցնող ժամանակի մասին, որն իրենք ունեցել են, և թե ինչպես են վարվել դժվարությունների ժամանակ: Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց փորձառություններով: (Հիշեցրեք ուսանողներին, որ որոշ փորձառություններ չափազանց անձնական կամ սրբազան են կիսվելու համար։)
Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթն իր կյանքում բազմաթիվ դժվար ժամանակաշրջաններ է ունեցել: Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ բաժին 24-ի վերնագիրը: Դասարանին հորդորեք հետևել նրան և բացահայտել այն հանգամանքները, որոնց ժամանակ տրվել են այդ և երկու հաջորդ հայտնությունները։
Հալածանքները ներկայացնելու համար , որոնց ենթարկվեցին Ջոզեֆ Սմիթը և մյուսներն այդ ժամանակ, խնդրեք ուսանողներից մեկին ամփոփել բարձրաձայն հետևյալ պատմական միջավայրը (կարող եք այդ տեղեկությունը տրամադրել դասը սկսելուց առաջ, որպեսզի ուսանողը ժամանակ ունենա նախապատրաստվելու).
1830թ. հունիսին Ջոզեֆ Սմիթը և մի քանի գործընկերներ գնացին Քոլսվիլ, Նյու Յորք, այցելելու համար մարդկանց, ովքեր ցանկանում էին մկրտվել: Հաջորդ օրը (կիրակի) մկրտություններ կատարելու համար ամբարտակ էր կառուցվել, սակայն թշնամացած ամբոխը գիշերը քանդեց այն: Երկուշաբթի վաղ առավոտյան պատնեշը վերակառուցվեց և 13 հոգի մկրտվեցին, ներառյալ Էմմա Սմիթը: Երբ մկրտություններն արդեն ավարտվել էին, 50 տղամարդկանցից բաղկացած ամբոխ հավաքվեց, վախեցնելով և սպառնալով Սրբերին: Այդ երեկո Սրբերը հավաքվեցին հաստատումներ կատարելու այդ օրը մկրտվածների համար, սակայն Ջոզեֆը ձերբակալվեց որպես անկարգապահ անձնավորություն, որը ապակայունացնում է երկիրը, քարոզելով Մորմոնի Գիրքը: (Sես History of the Church, 1.86–88:)
Դատարան գնալու ճանապարհին Ջոզեֆը կարողացավ փախչել ամբոխից իրենց ուղեկցող և կարեկցանք ցուցաբերած ոստիկանի օգնությամբ: Դատվելուց և մեղադրանքներից ազատվելուց հետո Ջոզեֆն անմիջապես կրկին ձերբակալվեց այլ վարչատարածքի ոստիկանի կողմից: Այդ գիշեր Ջոզեֆը ծաղրանքների և բռնության ենթարկվեց մի խումբ տղամարդկանց կողմից, իսկ հաջորդ առավոտ կրկին կանգնեց դատարանի առջև: Ջոզեֆը նորից ազատ արձակվեց և տուն վերադառնալիս կարողացավ խույս տալ ամբոխի հերթական հարձակումից: (Sես History of the Church, 1.88–96:)
Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին մեկ այլ փորձ կատարեցին միանալու Քոլսվիլում վերջերս մկրտված անդամների հետ, սակայն ամբոխը կրկին վրա հասավ: Ջոզեֆը և Օլիվերը ստիպված էին փախչել, ինչը հազիվ նրանց հաջողվեց, քանի որ ամբոխը հետապնդում էր նրանց ամբողջ գիշեր (տես History of the Church, 1.97): Ջոզեֆն ասել է այդ փորձող ժամանակների մասին. «Չնայած մեր թշնամիների զայրույթին, մենք շատ սփոփանք ստացանք և շատ բաներ, որ տեղի ունեցան, ամրացրեցին մեր հավատքը և ոգևորեցին մեր սրտերը» (History of the Church, 1.101):
Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 24 բաժնի վերնագիրը: Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն այդ արտահայտությունը: Խնդրեք նրանց դասի ժամանակ մտածել, թե ինչպես կարող է Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին տրված Տիրոջ խորհուրդը օգնել իրենց դժվար պահերին:
Գրատախտակի վրա գրեք հետևյալը.
Ամրապնդել և խրախուսել |
Հրահանգել |
---|---|
Հանձնարարեք ուսանողներին զույգերով ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 24.1–12: Մեկ ուսանողի հանձնարարեք մտքում կարդալ այդ հատվածները, ուշադրություն դարձնելով այն արտահայտություններին, որոնք, հնարավոր է, ամրացրել և խրախուսել էին Մարգարեին և Օլիվեր Քաուդերիին: Հրավիրեք երկրորդ ուսանողին կարդալ հատվածները, գտնելով Տիրոջ տված հրահանգները: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հանձնարարեք ուսանողներին իրենց կարդացածով կիսվել իրենց զուգընկերոջ հետ։ Զույգերին խնդրեք ընտրել մեկ արտահայտություն, որը կարևոր է իրենց համար, և օգտագործել այն իրենց քննարկման ժամանակ, բացատրելով, թե, իրենց կարծիքով, Տիրոջից ստացված տվյալ խրախուսանքը կամ հրահանգը, ինչպես կարող էր օգնած լինել Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին:
Այն բանից հետո, երբ յուրաքանչյուր զույգ կքննարկի Վարդապետություն և Ուխտեր 24.1–12, հրավիրեք մի քանի ուսանողի հաղորդել իրենց սովորածի մասին: Երբ ուսանողները առաջարկեն իրենց մտքերը, գրեք նրանց պատասխանները գրատախտակին համապատասխան վերնագրի տակ:
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք մենք սովորել Վարդապետություն և Ուխտեր 24.8-ից այն մասին, թե ինչը կարող է օգնել մեզ դժվարություններով անցնելիս: (Կարող եք բացատրել, որ չարչարանքները ցավի, ճնշվածության և տառապանքի վիճակ է: Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն հետևեք, որ նրանք առանձնացնեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք համբերատար ենք և համբերում ենք մեր չարչարանքների մեջ, Տերը մեզ հետ կլինի: Այդ սկզբունքը գրեք գրատախտակին:)
Օգնելու համար ուսանողներին հասկանալ այդ սկզբունքը, խնդրեք նրանց իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում գրել համառոտ բացատրություն, թե ինչ է իրենց համար նշանակում լինել համբերատար և դիմանալ։ Մի քանի ուսանողների հրավիրեք բարձրաձայն կարդալ իրենց նկարագրությունները: Ավելացրեք, բացատրելով, որ ավետարանի համատեքստում չարչարանքներին դիմանալը կարող է նշանակել Տիրոջը հավատարիմ մնալ և քաջությամբ դիմակայել փորձություններին:
-
Ինչո՞ւ է դժվար համբերատար լինել չարչարանքների ժամանակ:
-
Ե՞րբ եք ականատես եղել, երբ մարդիկ համբերատարություն են ցուցաբերել և հավատարիմ մնացել չարչարանքների ժամանակ:
-
Ինչպե՞ս Տերը ցույց տվեց այդ մարդկանց, որ Նա իրենց հետ էր:
Օգնելու համար ուսանողներին գտնել ճշմարտությունը, որն առնչվում է գրատախտակին գրված սկզբունքին, հրավիրեք որևէ ուսանողի կարդալ բարձրաձայն Վարդապետություն և Ուխտեր 24.10–12: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով օրհնությանը, որը Տերը խոստացավ Օլիվեր Քաուդերիին, եթե նա շարունակեր հավատարմորեն կատարել ավետարանը հայտարարելու իր կոչումը:
-
Ի՞նչ օրհնություններ Տերը խոստացավ Օլիվերին, եթե նա հավատարմորեն շարունակեր անել այն, ինչ Տերը խնդրել էր։ (Օգնեք ուսանողներին տեսնել հետևյալ խոստումները. «Ես նրա հետ եմ մինչև վերջ» [հատված 10]: «Ինձանով նա կունենա փառք» [հատված 11]: «Եվ ես այնպիսի ուժ կպարգևեմ նրան, ինչպիսին հայտնի չէ մարդկանց» [հատված 12]:)
Գրեք հետևյալը գրատախտակին. Եթե … , ապա …:
Խնդրեք ուսանողներին գտնել «եթե-ապա» պարունակող նախադասությունը, որն արտահայտում է Վարդապետություն և Ուխտեր 24.10–12-ում ուսուցանվող սկզբունքը: (Ուսանողները կարող են գտնել տարբեր սկզբունքներ, սակայն հետևեք, որ շեշտվի հետևյալ սկզբունքը. Եթե մենք հավատարմորեն անենք այն, ինչ Տերն է խնդրում մեզ անել, ապա Նա կամրացնի մեզ: Գրատախտակին լրացրեք բացթողումները՝ սկզբունքն ավարտելով:)
-
Ինչպե՞ս է Տերը զորացրել ձեզ, երբ դուք հավատարիմ եք եղել Նրան:
Հրավիրեք ուսանողներին գրի առնել, թե ինչ կարող են անել՝ լինելու համար համբերատար և հավատարիմ մնալու Տիրոջը, երբ հանդիպում են կյանքի դժվարություններին: Կարող եք պատմել, թե ինչպես եք ամրացվել և ինչպես է Տերը ձեզ հետ եղել, որովհետև համբերատար և հավատարիմ եք եղել դժվար ժամանակներում:
Վարդապետություն և Ուխտեր 24․13-19
Տերը հրահանգում է Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին իրենց աշխատանքի և իրենց ընդդիմացողների վերաբերյալ
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 24.13–19, բացատրելով, որ Տերը հրահանգեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Իր անունով հրաշքներ գործելու վերաբերյալ: Նա նրանց ասաց նաև այն պաշտպանության մասին, որը կարող են ստանալ, երբ հանդիպեն ընդդիմության: Կարող եք բացատրել, որ Տերը տվեց նրանց հրահանգներ, որոնք տարբերվում են այսօր միսիոներներին տրվող հրահանգներից: Օրինակ, Նա նրանց թույլտվություն տվեց «թոթափել ոտքերի փոշին» որպես վկայություն նրանց դեմ, ովքեր չեն ընդունի նրանց (ՎևՈւ 24.15): Այս վարվելաձևը կիրառվում է ծայրահեղ իրավիճակներում: Լիաժամկետ միսիոներները լիազորված չեն անելու դա այսօր: Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին հրահանգվեց նաև «չվերցնել ոչ քսակ, ոչ էլ պարկ» (ՎևՈւ 24.18), ինչը նշանակում է, որ նրանք պետք է ճամփորդեին առանց փողի, ապավինելով Եկեղեցու անդամների և ուրիշների բարությանը, ովքեր կապահովեին սնունդ և ապաստան: Այսօր լիաժամկետ միսիոներները հրահանգված չեն գնալ առանց քսակի կամ պարկի:
Վարդապետություն և Ուխտեր 26
Տերը հրահանգավորում է Ջոզեֆ Սմիթին, Օլիվեր Քաուդերիին և Ջոն Ուիթմերին
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 26.1 հատվածը պարունակում է հետագա հրահանգավորում Ջոզեֆ Սմիթին, Օլիվեր Քաուդերիին և Ջոն Ուիթմերին հոգևոր և ֆիզիկական աշխատանքի վերաբերյալ, որը նրանք պետք է կատարեն: Տերն այնուհետև կրկին շեշտեց Եկեղեցու կառավարման կարևոր սկզբունքներից մեկը: Այդ սկզբունքը ներկայացնելու համար խրախուսեք ուսանողներին պատկերացնել, որ այլ հավատքի իրենց ընկերը իրենց հետ գալիս է ժողովի, որի ժամանակ հաստատվում են Եկեղեցու պաշտոնյաները: Հարցրեք նրանց, թե ինչպես կբացատրեին իրենց ընկերոջը հաստատման գործընթացը: (Երկու ուսանողների խնդրեք դերակատարել այդ սցենարը։)
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 26.2 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով հաստատման գործընթացին վերաբերող արտահայտությունը: Երբ հատվածն ընթերցվի, խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածը: Կարող եք առաջարկել նշել բառերը, որոնք արտահայտում են հետևյալ սկզբունքը. Եկեղեցում բոլոր բաները պետք է արվեն ընդհանուր համաձայնությամբ:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «ընդհանուր համաձայնությունը»: (Կարող եք բացատրել, որ «ընդհանուր համաձայնությունը» վերաբերում է Եկեղեցու անդամներին, ովքեր օգտագործում են իրենց ընտրության ազատությունը՝ արտահայտելու համար իրենց պատրաստակամությունը կամ անհամաձայնությունը աջակցելու Եկեղեցու որևէ ղեկավարի:) Հաղորդության ժողովներին և ցցի կամ գերագույն համաժողովներին մեզ խնդրում են արտահայտել մեր համաձայնությունը ձեռքի բարձրացմամբ:)
-
Ո՞րն է ընդհանուր համաձայնությամբ և քվեարկությամբ հաստատելու տարբերությունը:
Կարող եք բացատրել, որ Տիրոջ արքայությունում Նա հաճախ է հայտնում որոշումները Իր օծված ղեկավարներին։ Ինչևէ, որոշ դեպքերում Նա թույլ է տալիս ղեկավարներին որոշումներ կայացնել՝ իրենց վստահված իշխանությամբ: Սուրբ Հոգին հաստատում է այդ որոշումները, իսկ Եկեղեցու անդամները իրենց ազատ ընտրությամբ արտահայտում են այդ որոշումներին աջակից լինելու իրենց պատրաստակամությունը: Ընդհանուր համաձայնության օրենքը վերաբերում է Եկեղեցու կոչումներին, քահանայության կարգումներին և հայտնություններին: Մենք մասնակցում ենք ընդհանուր համաձայնության օրենքին ամեն անգամ, երբ Եկեղեցու ժողովին բարձրացնում ենք մեր ձեռքը անձին կամ որոշմանը աջակցելու համար:
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում աջակցել կամ հաստատել մյուսներին, հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հետևյալ հայտարարությունը. Դասարանին հորդորեք լսել, թե ինչ երեք պարտավորություն մենք պետք է ստանձնենք, երբ հաստատում ենք այլոց ընդհանուր համաձայնությամբ:
«Հաստատման ընթացակարգն ավելին է, քան միայն ձեռքի արարողական բարձրացումը: Դա պարտավորություն է` սատարելու, աջակցելու և օգնելու նրանց, ովքեր ընտրվել են» (“This Work Is Concerned with People,” Ensign, May 1995, 51):
-
Ի՞նչ ենք մենք պարտավորվում անել, երբ բարձրացնում ենք մեր ձեռքը հաստատման համար:
Հարցրեք ուսանողներին, թե արդյո՞ք իրենք հաստատվել են կարգման, առաջընթացի կամ կոչման համար:
-
Ինչպե՞ս եք ձեզ զգացել հաստատված լինելով:
-
Ինչպե՞ս մենք կարող ենք հաստատել մյուսներին Նախագահ Հինքլիի նկարագրած երեք եղանակով: (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին:)
Խնդրեք ուսանողներին գրել այն անձի անունը, որին նրանք հաստատել են ձեռքի բարձրացմամբ (օրինակ՝ մարգարեի, առաքյալների, եպիսկոպոսի կամ երիտասարդների ղեկավարների): Խնդրեք ուսանողներին գրել մեկ գործողություն, որը նրանք կանեն այդ անձին ավելի լավ աջակցելու համար: Կիսվեք ձեր վկայությամբ այն օրհնությունների մասին, որոնք գալիս են Եկեղեցու ղեկավարներին հաստատելու արդյունքում: