Դաս 80
Վարդապետություն և Ուխտեր 76․50-80
Նախաբան
Աշխատելով Աստվածաշնչի թարգմանության վրա՝ 1832թ. փետրվարի 16-ին Ջոզեֆ Սմիթը կատարեց ներշնչված փոփոխություններ Հովհաննես Ե.29-ում՝ արդարների և անարդարների հարության վերաբերյալ: Հոր և Որդու փառքի, Լյուցիֆերի անկման և նզովքի որդիների մասին տեսիլքներ տեսնելուց հետո, Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը տեսան տեսիլքներ նրանց մասին, ովքեր պետք է մասնակցեին արդարների հարությանը՝ սելեստիալ և թերեստրիալ թագավորությունների բնակիչներին:
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 76․50-70
Տերը հայտնում է պահանջները և օրհնությունները սելեստիալ արքայությունում վեհացում ստանալու համար
Բերեք դասարան հաց և հաց թխելու բաղադրիչներ: (Կամ կարող եք օգտագործել այլ թխվածք, որը բազմաթիվ բաղադրիչներ է պահանջում:) Գրեք գրատախտակին Հացի բաղադրատոմս: Խնդրեք ուսանողներին հնչեցնել հաց թխելու բաղադրիչները և ցուցադրեք դրանք այդ ընթացքում: (Եթե չունեք բաղադրիչները ձեռքի տակ, կարող եք գրել դրանց անվանումները գրատախտակին, երբ ուսանողները նշեն դրանք:) Ուսանողներին ասացեք, որ հաց թխելու գործընթացը կարող է օգնել նրանց հասկանալ այն ճշմարտությունները, որոնք նրանք կգտնեն, երբ ուսումնասիրեն Վարդապետություն և Ուխտեր 76.50–80:
Օգնեք ուսանողներին վերանայել Վարդապետություն և Ուխտեր 76-ի համատեքստը, տալով հետևյալ հարցը.
-
Ի՞նչ էին անում Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը Վարդապետություն և Ուխտեր 76-ում գրառված տեսիլքը ստանալուց առաջ: (Թարգմանում և խորհում Հովհաննես Ե.29-ի շուրջ: Եթե ուսանողները օգնության կարիք ունեն այս համատեքստը հիշելու համար, խնդրեք նրանց աչքի անցկացնել բաժնի նախաբանի վերջին նախադասությունը:)
Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես Ե.29 հատվածը: Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը Վարդապետություն և Ուխտեր 76-ում գրառված տեսիլքը ստանալուց առաջ խորհում էին Հովհաննեսի նկարագրության շուրջ՝ նրանց հարության մասին, ովքեր բարիք էին գործել, և նրանց հարության մասին, ովքեր չարիք էին գործել:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.50 հատվածը: Դասարանին հանձնարարեք գտնել, թե ինչ տեսան Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը նզովքի որդիների մասին տեսիլքից հետ: (Կարող եք բացատրել, որ այս հատվածում արդարները արդար կյանքով ապրողներն են:)
-
Համաձայն հատված 50-ի՝ ո՞ւմ տեսան Մարգարեն և Սիդնի Ռիգդոնը նզովքի որդիների տեսիլքից հետո: (Նրանց, ովքեր առաջ կգան արդարների հարության մեջ:)
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 76.50–80-ում նկարագրվում են նրանք, ովքեր հարություն կառնեն արդարների հարության ժամանակ: Խնդրեք ուսանողներին աչքի անցկացնել Վարդապետություն և Ուխտեր 76.70 և գտնել մարդկանց առաջին խմբին, որոնք հարություն կառնեն արդարների հարության մեջ: Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածի մասին:
Գրեք գրատախտակին Սելեստիալ անձնավորություն դառնալու բաղադրատոմս: Բացատրեք, որ այս տեսիլքի մեջ Տերը տվեց Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին նրանց նկարագրությունը, ովքեր կժառանգեին վեհացում սելեստիալ արքայությունում: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.51–53 և գտնել սելեստիալ անձնավորություն դառնալու պահանջները (բաղադրիչները): Հրահանգեք ուսանողներին, որ երբ գտնեն պահանջը, կարող են գալ և գրել այն գրատախտակին:
Երբ ուսանողները գրեն պահանջները գրատախտակին, կարող եք օգնել նրանց ավելի լավ հասկանալ այդ հատվածների արտահայտությունները:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ընդունել Հիսուսի մասի վկայությունը: ( ՎևՈւ 76.51)։ (Հնարավոր պատասխաններ. հավատք ունենալ Փրկչի աստվածային առաքելության հանդեպ և հետևել Նրա ավետարանին:)
-
Ինչպե՞ս կարող է որևէ մեկը հաղթել հավատքով: (ՎևՈւ 76.53)։ («Հաղթել հավատքով» նշանակում է հաղթահարել գայթակղությունները և մեղքերը, հավատք գործադրելով առ Հիսուս Քրիստոս և դիմանալ բոլոր փորձություններին:)
-
Ի՞նչ է նշանակում կնքվել «խոստումի Սուրբ Հոգով» (ՎևՈւ 76.53)։ (Կարող եք բացատրել, որ Խոստումի Սուրբ Հոգին Սուրբ Հոգին է: Մենք կնքվում ենք Խոստումի Սուրբ Հոգով, երբ Սուրբ Հոգին վկայություն է բերում Երկնային Հորը, որ մեր ստացած արարողությունները կատարվել են պատշաճ ձևով և որ մենք հավատարիմ ենք եղել մեր կապած ուխտերին: Սուրբ Հոգին կարող է նաև հաստատել, որ մեր հավատարմությունը արարողություններին և ուխտերին ընդունելի է Աստծո համար:)
Համառոտ ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 76.54–68, բացատրելով, որ այս հատվածը թվարկում է բազմաթիվ օրհնություններ, որոնք կստանան սելեստիալ արքայության վեհացած բնակիչները: Եթե ժամանակը թույլ է տալիս, կարող եք հրավիրել մի քանի ուսանողների բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.54–68: Դասարանին խնդրեք հետևել, գտնելով այդ օրհնությունները: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել այն օրհնությունները, որոնք հատկապես կարևոր են իրենց համար:
-
Ո՞ր օրհնություններն են առավել իմաստալից ձեզ համար: Ինչո՞ւ:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.69-70 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե էլ ինչ է պահանջվում անձից սելեստիալ արքայությանը արժանանալու համար:
-
Անգամ երբ մենք աշխատում ենք մեր կյանքում ունենալ անհրաժեշտ բոլոր բաղադրիչները, ըստ այս հատվածների, էլ ինչի՞ կարիք ունենք սելեստիալ արքայությունը ժառանգելուն արժանի լինելու համար: (Երբ ուսանողները կպատասխանեն, գրեք հետևյալ վարդապետությունը գրատախտակին Սելեստիալ անձնավորություն դառնալու բաղադրատոմսը վերնագրի տակ. Մենք կարող ենք կատարյալ դառնալ միայն Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:)
Բացատրեք, որ թեև բոլոր պատվիրանները պահելու մեր լավագույն ջանքերը մեզ կատարյալ չեն դարձնում, մեր ջանքերն օգնում են, որ մենք արժանի լինենք ստանալու Փրկչի շնորհը և մաքրվելու Նրա «կատարյալ քավությամբ» … «իր արյունը հեղելով» (ՎևՈւ 76.69): Այս ճշմարտությունը կարող է խրախուսել մեզ պահել պատվիրանները և ստանալ փրկության արարողությունները, որպեսզի մենք կարողանանք ստանալ այդ հավերժական օրհնությունները: Հրավիրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի շուրջ, ապա գրել իրենց պատասխանները դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:
-
Ինչպե՞ս կարող է հատված 69-ի վարդապետությունը օգնել մեզ հաղթահարել մեր հուսահատությունը, երբ աշխատում ենք ստանալ վեհացում սելեստիալ արքայությունում:
Բավարար ժամանակից հետո մի քանի ուսանողների խնդրեք կիսվել իրենց պատասխաններով դասարանի հետ: Կարող եք կիսվել ձեր վկայությամբ Փրկչի դերի մասին, որն օգնում է մեզ կատարյալ դառնալ:
Վարդապետություն և Ուխտեր 76․71-80
Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը տեսան թերեստրիալ արքայության տեսիլքը
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.71 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել և գտնել, թե ինչ տեսան Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը դրանից հետո: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։
-
Համաձայն այդ հատվածի, ինչպե՞ս է թերեստրիալ արքայության փառքը համեմատվում սելեստիալ արքայության փառքի հետ:
Բացատրեք, որ սուրբ գրություններում օգտագործվում են լույսի տարբեր խտություններ, որոնք արտացոլվում են լուսնից և արևից, խորհրդանշելով թերեստրիալ և սելեստիալ արքայությունների փառքերի տարբերությունները: Թեև և սելեստիալ, և թերեստրիալ արքայությունների բնակիչները մասնակցում են արդարների հարությանը, սելեստիալ մարմիններ ստացողները հարություն կառնեն ավելի մեծ փառքի մեջ, քան թերեստրիալ մարմիններ ստացողները:
Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.72–80 հատվածները, գտնելով, թե ինչո՞վ են թերեստրիալ արքայության բնակիչները տարբերվում սելեստիալ արքայության բնակիչներից: Երբ ուսանողները բավարար ժամանակ ունենան կարդալու համար, խնդրեք նրանց նկարագրել իրենց գտած տարբերությունները.
-
Համաձայն այդ հատվածների, ինչպիսի՞ն է թերեստրիալ արքայություն ժառանգողների հիմնական նկարագրությունը: (Հնարավոր պատասխաններ. «նրանք, ովքեր մահացել են առանց օրենքի» [հատված 72]; նրանք, «որոնք չընդունեցին Հիսուսի մասին վկայությունը մարմնում, բայց հետո ընդունեցին այն» [հատվածներ 73–74], «նրանք, ովքեր երկրի վրա պատվավոր մարդիկ են, ովքեր կուրացել են մարդկանց խորամանկության պատճառով» [հատված 75], և «նրանք, ովքեր անվեհեր չեն Հիսուսի վկայության մեջ» [հատված 79]:)
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ նրանց մասին, ովքեր մահանում են առանց օրենքի կամ ովքեր ստանում են ավետարանը մահից հետո (տես հատվածներ 72–74), բացատրեք, որ Տերը լրացուցիչ հայտնություններ է տվել այդ անձանց, երբ հայտնել է Ջոզեֆ Սմիթին իր եղբոր՝ Ալվինի վերջնական ճակատագիրը, ով չէր հասցրել մկրտվել մահանալուց առաջ: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 137.7-9 հատվածները: Ապա տվեք հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ լրացուցիչ պարզաբանում է տալիս Տերը նրանց մասին, ովքեր կընդունեին ավետարանը, եթե նրանց թույլ տրվեր ապրել:
-
Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 137.9-ի, ո՞վ է մեզ դատելու համաձայն մեր գործերի և մեր սրտերի ցանկությունների:
Կարդացեք հետևյալ հայտարարությունը. «Հիշեք, որ միայն Աստված, ով գիտի յուրաքանչյուր անձի սիրտը, կարող է վերջնական դատաստան կատարել» (Հավատքին հավատարիմ. ավետարանական վկայակոչում [2004], 90): Շեշտեք, որ քանի որ միայն Տերը գիտի մեր սրտերը, մենք չպետք է դատողություններ կատարենք այն մասին, թե ինչ արքայություն կժառանգեն մյուսները:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում կուրացած լինել «մարդկանց խորամանկության պատճառով» (ՎևՈւ 76.75): (Որոշ մարդիկ աշխարհիկ ազդեցությունների հետևանքով կույր են դառնում, չտեսնելով Հիսուս Քրիստոսի ավետարանի կարևորությունը:) Ինչպե՞ս են այսօր մարդիկ կուրացած դառնում «մարդկանց խորամանկության պատճառով»:
Օգնելու համար ուսանողներին հասկանալ «անվեհեր չեն Հիսուսի վկայության մեջ» արտահայտությունը (ՎևՈւ 76.79), հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկիի հետևյալ խոսքերը.
«Ի՞նչ է նշանակում անվեհեր լինել Հիսուսի վկայության մեջ։
«Անվեհեր լինելու հիմնաքարը արդարակեցության նպատակի համար հնազանդությունն է ամբողջ ավետարանի ամբողջ օրենքին:
Հիսուսի վկայության մեջ անվեհեր լինելը նշանակում է հավատալ Քրիստոսին և Նրա ավետարանին անսասան համոզմունքով:
Սակայն սա ամբողջը չէ: Դա ավելին է, քան սոսկ հավատալը և իմանալը: Մենք պետք է լինենք աշխարհի գործիչներ, ոչ թե միայն լսողներ: Դա միայն շուրթերի աշխատանք չէ, դա միայն խոստովանել չէ բերանով Փրկչի աստվածային Որդի լինելու մասին: Դա հնազանդությունն է և հարմարվողականությունը և անձնական արդարակեցությունը:
Հիսուս Քրիստոսի վկայության մեջ անվեհեր լինելը մինչև վերջ համբերելն է»: (2 Նեփի 31.20:) Դա նշանակում է ապրել մեր կրոնով, կիրառել այն, ինչ քարոզում ենք, պահել պատվիրանները» (“Be Valiant in the Fight of Faith,” Ensign, Nov. 1974, 35):
-
Մտածեք որևէ մեկի մասին, ում ճանաչում եք, ով, ձեր կարծիքով, անվեհեր է Հիսուս Քրիստոսի վկայության մեջ: Ի՞նչ հատկանիշներ և գործողություններ են ապացուցում նրանց անվեհեր լինելը:
-
Ի՞նչն է օգնել ձեզ անվեհեր լինել Հիսուս Քրիստոսի վկայության մեջ:
-
Եթե մենք անվեհեր ենք Հիսուս Քրիստոսի վկայության մեջ, ի՞նչ ենք մենք ստանում: (Պատասխանելիս ուսանողները պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք անվեհեր ենք Հիսուս Քրիստոսի վկայության մեջ, մենք կարող ենք ստանալ Աստծո սելեստիալ արքայությունը: Ավելացրեք այս ճշմարտությունը գրատախտակին՝ Սելեստիալ անձ դառնալու բաղադրատոմսը վերնագրի տակ:)
Հրավիրեք ուսանողներին իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում գրել, թե ինչ կարող են անել, որպեսզի ավելի անվեհեր լինեն Հիսուս Քրիստոսի իրենց վկայության մեջ: Կիսվեք ձեր վկայությամբ, որ ուսանողներից յուրաքանչյուրը ներուժ ունի ստանալու սելեստիալ արքայությունը: