Դաս 39
Վարդապետություն և Ուխտեր 33-34
Նախաբան
1830թ. հոկտեմբերին Տերը կանչեց Էզրա Թայրին և Նորթրոփ Սվիթին քարոզել ավետարանը: Այս հայտնությունը, որը տրված է Վարդապետություն և Ուխտեր 33-ում, ներառում է հրահանգներ, թե ինչպես այդ տղամարդիկ պետք է ուսուցանեին ավետարանը: Դրանից փոքր ինչ անց Վարդապետություն և Ուխտեր 34 բաժնում տրված հայտնության մեջ, Տերը գովեց Օրսոն Պրատին իր հավատքի համար և պատվիրեց նրան նույնպես քարոզել ավետարանը:
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 33․1-6
Տերը կանչում է Էզրա Թայրին և Նորթրոփ Սվիթին քարոզել ավետարանը:
Մինչև դասը սկսելը գրեք հետևյալը գրատախտակին. փող, բերան, ականջ, բերքահավաքի պատրաստ դաշտ: (Եթե հնարավոր է, ցույց տվեք այդ առարկաների նկարները:) Դասի սկզբում տվեք հետևյալ հարցը.
-
Ինչպե՞ս են այդ առարկաները կապված միսիոներական աշխատանքի հետ:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 33-ի բովանդակությունը, բացատրեք, որ Էզրա Թայրը ապրում էր Ջոզեֆ Սմիթ ավագի ընտանիքի մոտ: Նա ճանաչում էր Սմիթի ընտանիքի անդամներին` վերջիններիս կողմից նրա համար տարբեր ժամանակներում կատարած աշխատանքների շնորհիվ: 1830թ. հոկտեմբերին Էզրա Թայրը և Պալմիրայի մեկ այլ բնակիչ՝ Նորթրոփ Սվիթը, մկրտվեցին Եկեղեցում: Դրանից քիչ ժամանակ անց Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ այդ երկու տղամարդկանց վերաբերյալ, որն այժմ գրառված է Վարդապետություն և Ուխտեր 33-ում։
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 33․1-2 հատվածները, ուշադրություն դարձնելով այն բառերին և արտահայտություններին, որոնք առնչվում են գրատախտակի նկարների (կամ բառերի) հետ: (Բերանի նկարի մասին կխոսվի ավելի ուշ դասի ընթացքում:) Երբ ուսանողները կիսվեն իրենց բացահայտածով, տվեք հետևյալ հարցերը.
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «բացեք ձեր ականջները և ականջ դրեք Տիրոջ … ձայնին»: Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Տիրոջը, որ մեր ականջները բաց են Նրա ձայնը լսելու համար:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում հայտարարել ավետարանը «փողի հնչումով»:
Բացատրեք, որ Տերը հաճախ է օգտագործում ծանոթ առարկաները, օրինակ փողը, որպես խորհրդանիշներ՝ Իր ավետարանն ուսուցանելու համար և օգնելու մեզ հասկանալ հավերժական ճշմարտությունները: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 33.3 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ լրացուցիչ խորհրդանիշներ է Տերն օգտագործում այդ հայտնության մեջ:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է խորհրդանշում Տիրոջ այգին: (Աշխարհը:)
-
Ո՞ւմ կարող էին խորհրդանշել Տիրոջ այգու մշակները: (Տիրոջ Եկեղեցու անդամներին:)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «ժամը տասնմեկն է» արտահայտությունը: (Սա ավետարանի վերջին տնտեսությունն է և վերջին ժամանակը, երբ Տերը կհաստատի Իր արքայությունը երկրի վրա Իր Երկրորդ Գալուստից առաջ:)
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 33․4 հատվածը, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Տերը նկարագրում աշխարհում իրավիճակը 1830թ.:
-
Այդ հատվածում ո՞ր արտահայտություններն են նշանակալից ձեզ համար: Ինչո՞ւ: Ի՞նչ կարող ենք անել մենք՝ աշխարհի քայքայիչ ազդեցությունների դեմ մեզ ամրացնելու համար:
Գրատախտակի վրա գրեք հետևյալ նախադասությունները. Տերը և է:
Ուսանողներին տվեք մի քանի րոպե, որ մտածեն, թե ինչ է Տերն արել կամ անում՝ օգնելու համար նրանց ամրանալ աշխարհի քայքայիչ ազդեցությունների դեմ: Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 33.5–6-ում Տերը հայտարարել է, թե ինչ է արել և մեկ բան, որն անում է՝ օգնելու համար մեզ ամրանալ աշխարհի քայքայիչ ազդեցությունների դեմ: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ այդ հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել, փնտրելով այն, թե ինչ էր Տերն արել և անում մեզ ամրացնելու համար:
-
Համաձայն այս հատվածների, ի՞նչ է Տերն արել և անում այժմ՝ օգնելու համար մեզ ամրանալ աշխարհի քայքայիչ ազդեցությունների դեմ: (Պատասխանների ընթացքում ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք լրացնել գրատախտակին գրված նախադասության բացթողնված մասերը։) Ուսանողների պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ սկզբունքը. Տերը հիմնեց Իր Եկեղեցին և հավաքում է Իր ընտրյալներին վերջին օրերում:
Օգնելու համար ուսանողներին ավելի լավ հասկանալ այդ ճշմարտությունը և զգալ դրա կարևորությունը, հանձնարարեք նրանց աշխատել զույգերով և քննարկել իրենց պատասխանները հետևյալ հարցերին։ Կարող եք կարդալ այդ հարցերը բարձրաձայն, գրել դրանք գրատախտակին կամ բաժանել տպագիր թերթիկների վրա: (Մի ներառեք փակագծերի մեջ եղած պատասխանը:)
Վարդապետություն և Ուխտեր 33․7-18
Տերը Էզրա Թայրին և Նորթրոփ Սվիթին տալիս է հրահանգներ ավետարանը ուսուցանելու վերաբերյալ:
Անդրադարձեք գրատախտակին նկարած բերանին (կամ բերան բառին): Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 33․7-10 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ Տերն ուսուցանեց Էզրա Թայրին և Նորթրոփ Սվիթին, որ անեն: Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ սովորեցին:
Գրեք հետևյալ անավարտ միտքը գրատախտակին. Եթե մենք բացենք մեր բերանը՝ ավետարանը հայտարարելու, …
Խնդրեք ուսանողներին օգտվել Վարդապետություն և Ուխտեր 33.7–10-ից իրենց սովորածից այդ նախադասությունը լրացնելու համար: Կարող եք հրավիրել ուսանողներից մեկին գալ գրատախտակի մոտ և ավարտել սկբունքը։ Այն կարելի է գրել հետևյալ ձևով. Եթե մենք բացենք մեր բերանը՝ ավետարանը հայտարարելու համար, Տերը կոգեշնչի մեզ և մենք կիմանանք, թե ինչ ասել:
-
Որո՞նք են այն իրավիճակները, որոնց ժամանակ մենք կվարանենք բացել մեր բերանները ավետարանի մասին խոսելու համար:
-
Ե՞րբ եք դուք որոշել բացել ձեր բերանը ավետարանի մասին խոսելու համար և զգացել եք ոգեշնչված, իմանալով, թե ինչ ասել: Ե՞րբ եք դուք տեսել, որ ինչ-որ մեկը կիսվել է ավետարանով և ոգեշնչվել, իմանալով, թե ինչ պետք է ասի:
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 33.11-15, բացատրելով, որ այդ հատվածներում Տերը հրահանգել է Էզրա Թայրին և Նորփրոփ Սվիթին քարոզել ավետարանի առաջին սկզբունքները և արարողությունները՝ հավատք առ Հիսուս Քրիստոս, ապաշխարություն, մկրտություն և Սուրբ Հոգու պարգև:
Անդրադարձեք կրկին գրատախտակին գրված սկզբունքին: Ուսանողներին խնդրեք մտածել, թե ինչ մենք պետք է անենք, բացի մեր բերանները բացելը, որպեսզի Տերը կարողանա ոգեշնչել մեզ և մենք իմանանք, թե ինչ ասենք, երբ կիսվուն ենք ավետարանով ուրիշների հետ: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 33.16–18 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն խորհրդին, որը Տերը տվեց Էզրային և Նորթրոփին, որը կօգներ նրանց իմանալ, թե ինչ ասել միսիոներ լինելիս։
-
Ի՞նչ խորհուրդ Տերը տվեց Էզրային և Նորթրոփին, որը կօգներ նրանց իմանալ, թե ինչ ասել միսիոներ լինելիս։ (Կարող եք ուսանողների պատասխանները գրել գրատախտակին։)
-
Ձեր կարծիքով, ո՞րն է «ունենալով ձեր լապտերները պատրաստ ու վառ, և ձեթ՝ ձեզ հետ» Տիրոջ խորհրդի նշանակությունը: (ՎևՈւ 33.17): ( Ամեն պահի լինել հոգևոր առումով պատրաստված և պատրաստ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին: Այդ հատվածը տաս կույսերի առակի մասին է, որը գտնվում է Մատթեոս ԻԵ.1–13-ում և հիշատակվում է Վարդապետություն և Ուխտեր 45.56–57-ում:)
-
Ինչպե՞ս կարող է այս հատվածներում տրված Տիրոջ խորհուրդն օգնել մեզ պատրաստ լինել բացել մեր բերանները կիսվելու համար ավետարանով ամեն պահի և ամեն իրավիճակում:
Վարդապետություն և Ուխտեր 34
Տերը գովում է Օրսոն Պրատին իր հավատքի համար և պատվիրում նրան նույնպես քարոզել ավետարանը:
Հրավիրեք ուսանողներին Վարդապետություն և Ուխտեր 34-ի նախաբանում գտնել մի օրինակ, երբ որևէ մեկն օրհնվում է, երբ մեկ այլ անձ բացում է իր բերանը` ավետարանով կիսվելու համար:
-
Ո՞վ է օրհնվել այդ օրինակում: Քանի՞ տարեկան էր Օրսոն Պրատը, երբ մկրտվեց: Ինչպե՞ս նա իմացավ ավետարանի մասին:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 34.1 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչպես է Տերը դիմում Օրսոնին: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով: Այնուհետև խնդրեք դասարանին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 34․2-3 հատվածները և բացահայտել, թե ինչու էր Տերը կոչում նրան «Իմ որդի»:
-
Ինչո՞ւ է Տերը կոչում Օրսոնին Իր որդին: (Տիրոջ հանդեպ Օրսոնի հավատքի շնորհիվ:)
-
Ըստ Վարդապետություն և Ուխտեր 34․3-ի, ի՞նչ է Տերն արել «բոլոր նրանց համար», ովքեր հավատում են Նրան: (Օգնելու համար ուսանողներին հասկանալ, որ այս հատվածում ճշմարտությունը վերաբերում է հավասարապես նաև կանանց, կարող եք առաջարկել, որ նրանք կարդան Վարդապետություն և Ուխտեր 25.1:)
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 34.4-6 հատվածները: Խնդրեք ուսանողներին հետևել, փնտրելով, թե ինչ Տերն ասաց Օրսոնին այն մասին, թե ինչ ավելի շատ օրհնություններ կբերեր նրա կյանքում:
-
Ինչո՞ւ եք կարծում, որ մենք «ավելի օրհնված» կլինենք, եթե ուսուցանենք ավետարանն ուրիշներին:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 34.10-11 հատվածները: Խնդրեք ուսանողներին հետևել նրան, ուշադրություն դարձնելով օրհնություններին, որոնք տրվում են նրանց, ովքեր ջանասիրաբար կիսվում են ավետարանով ուրիշների հետ:
-
Ի՞նչ օրհնություններ են տրվում նրանց, ովքեր ջանասիրաբար ուսուցանում են ավետարանը: (Մինչ ուսանողները պատասխանում են, կարող եք գրել հետևյալ սկզբունքը գրատախտակին. Նրանք, ովքեր ջանասիրաբար ուսուցանում են ավետարանը, անում են դա Սուրբ Հոգու զորությամբ:)
-
Ի՞նչ օրհնություն է խոստացված նրանց, ովքեր հավատարիմ են: (Կարող եք նաև գրատախտակին գրել այս սկզբունքը. Եթե մենք հավատարիմ լինենք, Տերը մեզ հետ կլինի:)
-
Ինչպե՞ս կարող է Վարդապետություն և Ուխտեր 34.11-ի ճշմարտությունն օգնել ձեզ հուսահատության պահին:
Կարող եք եզրափակել, պատմելով այն ժամանակի մասին, երբ զգացել եք, որ Տերը ձեզ հետ է, երբ հավատարիմ եք եղել Նրան: Կարող եք նաև վկայել այս դասի ընթացքում քննարկված ճշմարտությունների մասին: