Դաս 157
Պաշտոնական Հայտարարություն 2
Նախաբան
20-րդ դարի ընթացքում միսիոներական աշխատանքը տարածվեց ամբողջ աշխարհով մեկ։ Եկեղեցու ղեկավարներն աղոթեցին աֆրիկական ծագում ունեցող Եկեղեցու անդամների քահանայության կարգումների և տաճարային արարողությունների սահմանափակումների վերաբերյալ։ Եկեղեցու Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը մի հստակ հայտնություն ստացավ, որը 1978 թվականի հունիսի 1-ին Սոլթ Լեյքի Տաճարում հաստատվեց Առաջին Նախագահության իր խորհրդականների և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների կողմից։ 1978 թվականի հունիսի 8-ի իրենց նամակում, նրանք հրապարակեցին հայտնությունը։
Ուսուցման առաջարկներ
Պաշտոնական Հայտարարություն 2
Տերը հայտնում է, որ քահանայության և տաճարային օրհնությունները կարող են տարածվել Եկեղեցու ցանկացած արժանավոր անդամի վրա։
Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ նրանք ունեն մի ընկեր, ով փորձում է գտնել Եկեղեցու մասին որոշ հարցերի պատասխանները։
-
Ի՞նչ խորհուրդ կտայիք ձեր ընկերոջը։
Ուսանողների պատասխաններից հետո բարձրաձայն կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ հայտարարությունը․
Իմ թանկագին երիտասարդ ընկերներ, մենք հարց տվող ժողովուրդ ենք, քանի որ մենք գիտենք, որ հարցաքննումը առաջնորդում է դեպի ճշմարտություն:…
… Հարցադրումը վկայության ծննդավայրն է։ Ոմանք կարող են ամաչել կամ անարժան զգալ, քանի որ նրանք փնտրում են հարցեր ավետարանի վերաբերյալ, սակայն նրանք կարիք չունեն այդպես մտածելու: Հարցեր տալը թուլության նշան չէ, այն նախորդում է աճին:
Աստված մեզ պատվիրում է փնտրել մեր հարցերի պատասխանները (տես Հակոբոս 1․5–6) և պահանջում է միայն, որ մենք փնտրենք «մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս» (Մորոնի 10․4): Երբ մենք դա անենք, բոլոր բաների վերաբերյալ ճշմարտությունները կարող են հայտնի դարձվել մեզ «Սուրբ Հոգու զորությամբ» (Մորոնի 10․5)։
Մի վախեցեք. հարցեր տվեք: Հետաքրքրվող եղեք, սակայն մի կասկածեք: Միշտ ամուր կառչեք այն հավատքից և լույսից, որը դուք արդեն ստացել եք» (“The Reflection in the Water” [Church Educational System devotional, Nov. 1, 2009], LDS.org)։
-
Ի՞նչ ուսուցանեց Նախագահ Ուխդորֆը, որը կարող է օգնել մեկին, ով հարցեր ունի Եկեղեցու վերաբերյալ։
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ երկու մարդկանց` Հելվեշիո և Ռուդա Մարտինսների մասին հետևյալ պատմությունը, ովքեր ձգտում էին հարցերի միջոցով ստանալ և հասկանալ ճշմարտությունը։
«1972 թվականի մի պարզ ապրիլյան երեկո … Հելվեշիո Մարտինսը խորհում էր ճշմարտության վերաբերյալ իր ընտանիքի որոնումների շուրջ։ Նա և նրա կինը՝ Ռուդան, հետազոտել էին տարբեր կրոններ, սակայն դրանցից և ոչ մեկը կարծես չէր լրացնում նրանց հոգևոր դատարկությունը։ «Այդ գիշեր ես զրուցեցի Աստծո հետ և նրանից խնդրեցի օգնություն»,ասում է նա» (“Elder Helvécio Martins of the Seventy,” Ensign, May 1990, 106)։
Մի քանի օր անց միսիոներները եկան Ռիո դե Ժանեյրոյի (Բրազիլիա) նրանց տուն։ Երեց Մարտինսը հիշում է․ «Այն պահին, երբ այդ երիտասարդ տղաները ոտք դրեցին մեր տուն, մեր ողջ մռայլությունն ու հոգևոր անհանգստությունն անմիջապես վերացան՝ իրենց տեղը զիջելով հանգստությանը և խաղաղությանը, որը, ես գիտեմ` արդյունքն էր Սուրբ Հոգու ազդեցության» (with Mark Grover, The Autobiography of Elder Helvécio Martins [1994], 43)։
Երբ Հելվեշիոն և Ռուդան, ովքեր աֆրիկական ծագում ունեն, զրուցեցին միսիոներների հետ, Հելվեշիոն հարցրեց Եկեղեցում սևամորթ մարդկանց ունեցած դերի մասին։ Մարտինսը գիտեր, որ այդ ժամանակ Եկեղեցու քաղաքականությունն արգելում էր աֆրիկական ծագում ունեցող սևամորթ տղամարդկանց շնորհել քահանայություն։ Դա հանգեցրեց ավելորդ հարցերի, որոնք նրանք հղեցին միսիոներներին։
-
Եթե դուք լինեիք Մարտինս ընտանիքի տեղում, ի՞նչ հարցեր կունենայիք, երբ իմանայիք քահանայության սահմանափակումների մասին։
Ցուցադրեք հետևյալ հայտարարությունը, որը Պաշտոնական Հայտարարություն 2-ի նախաբանի մի մասն է։ (Կարող եք պատրաստել այդ նախաբանի պատճեները այն ուսանողների համար, ովքեր չունեն սուրբ գրությունների 2013 թվականի հրատարակությունը։) Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հայտարարությունը և խնդրրեք դասարանին փնտրել այն հարցերի պատասխանները, որոնք անհատները կարող են ունենալ քահանայության սահմանափակման մասին։
«Մորմոնի Գիրքը սովորեցնում է, որ «բոլորը նույնն են Աստծո համար», այդ թվում՝ «սև և սպիտակ, ստրուկ և ազատ, այր թե կին» (2 Նեփի 26․33)։ Եկեղեցու պատմության մեջ յուրաքանչյուր ցեղի և ազգության տեր մարդիկ տարբեր երկրներում մկրտվել և ապրել են` որպես Եկեղեցու հավատարիմ անդամներ։ Ջոզեֆ Սմիթի կյանքի ընթացքում Եկեղեցու մի քանի սևամորթ անդամներ են կարգվել քահանայության։ Իր պատմության սկզբում Եկեղեցու ղեկավարները քահանայություն չէին շնորհում աֆրիկական ծագում ունեցող սևամորթ անդամներին։ Եկեղեցու գրառումները հստակ պատկերացում չեն տալիս այդ սովորության արմատների վերաբերյալ»։
-
Քահանայության սահմանափակմանը վերաբերող ի՞նչ հարցերի կարելի պատասխանել այս հայտարարության շնորհիվ։
Նշեք այն նախադասությունը, որն ասում է. «Եկեղեցու գրառումները հստակ պատկերացում չեն տալիս այդ սովորության արմատների վերաբերյալ»։ Համոզվեք, որ չնայած որոշ մարդիկ կարող են պատճառներ բերել, թե ինչու այդ ժամանակ աֆրիկական ծագումով մարդկանց չէր շնորհվում քահանայություն, ուսանողները պետք է հասկանան, որ այդ պատճառները ճշգրիտ չեն կարող լինել։ Հայտարարությունը, որը նոր կարդացինք, ներկայացնում է Եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը։
Հանձնարարեք մեկ այլ ուսանողի կարդալ հետևյալ պարբերությունը, որը բացատրում է, թե ինչ արեց Մարտինսների ընտանիքը, երբ իմացավ վերականգնված ավետարանի մասին։
Մարտինսների ընտանիքը մկրտվեց 1972 թվականի հուլիսի 2-ին և հավատարմորեն ծառայեց Եկեղեցում։ Երբ նրանց ավագ որդի Մարկուսը ստացավ իր հայրապետական օրհնությունը, այնտեղ խոստում կար, որ նա կքարոզի ավետարանը։ Չնայած քահանայության սահմանափակումն այդ ժամանակ խանգարում էր Մարկուսին ծառայելու լիաժամկետ միսիայում, նրա ծնողները բացեցին միսիոներական խնայողական հաշվեհամար։ 1975 թվականին Եկեղեցին հայտարարեց, որ Տաճար է կառուցվելու Սան Պաուլոյում` Բրազիլիա։ Դրամահավաքին օգնելու համար Քույր Մարտինսը վաճառեց իր թանկարժեք զարդերը։ Եղբայր Մարտինսը հավատարմորեն ծառայեց` որպես տաճարի հրապարակախոսության հանձնախմբի անդամ։ Մարտինսների ընտանիքը գնաց այդ զոհաբերություններին նույնիսկ իմանալով` որ իրենք հնարավորություն չէին ունենա քահանայության արարողությունները ստանալ տաճարում։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ Մարտինսների ընտանիքը ցանկացավ մկրտվել և հավատարմորեն ծառայել Եկեղեցում, չնայած այդ ժամանակ նրանք տուժել էին քահանայության սահմանափակումից։
Երբ ուսանողները քննարկեն այդ հարցը, բարձրաձայն կարդացեք Եղբայր Մարտինսի պատասխանը․
«Մենք գտել էինք ճշմարտությունը, և ոչինչ մեզ չէր կանգնեցնի ապրելու դրանով»։… «Երբ հոգին ասում է ձեզ, որ ավետարանը ճշմարիտ է, ինչպե՞ս կարող եք հերքել այն»։ (In “Elder Helvécio Martins of the Seventy,” 106)։
Նշեք, որ քանի որ Մարտինսների ընտանիքը վկայություն էր ստացել Սուրբ Հոգու միջոցով, նրանք կարողացան շարժվել առաջ` վստահելով Տիրոջը, անկախ այն բաներից, որոնք իրենք չէին հասկանում։
-
Ինչպե՞ս կարող է Մարտինսների ընտանիքն օրինակ ծառայել այն ժամանակ, երբ դուք հարցեր եք ունենում։ (Մենք կարող ենք ամուր բռնել նրանից, ինչ արդեն գիտենք և ամուր կանգնենք այնքան ժամանակ, մինչև լրացուցիչ գիտելիք կստանանք։)
Բացատրեք, որ 1978 թվականի հայտնությանը նախորդող տասնամյակների ընթացքում բացի Մարտինսների ընտանիքից, աֆրիկական ծագում ունեցող հազարավոր մարդիկ տարբեր ազգերի մեջ իմացել են վերականգնված ավետարանի ճշմարտացիությունը։ Եկեղեցու ղեկավարները Սոլթ Լեյք Սիթիում ստացել են Նիգերիայում և Գանայում չմկրտված նորադարձների նամակների հոսք, որտեղ խնդրում էին, որ միսիոներներ ուղարկվեն Աֆրիկա։ Տարիներ շարունակ Եկեղեցու ղեկավարներն աղոթքով մտածել են այդ հարցի շուրջ և զգացել, որ ժամանակը դեռ չի եկել, որպեսզի միսիոներներ ուղարկեն Աֆրիկա, որտեղ տեղի անդամները չեն կարողանա նախագահել կամ արարողություններ կատարել։
Տեղեկացրեք ուսանողներին, որ Պաշտոնական Հայտարարություն 2-ը պարունակում է այն հայտնության պաշտոնական հայտարարությունը, որը Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը ստացավ 1978 թվականի հունիսի 1-ին։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ առաջին պարբերությունը, որը սկսվում է «Թանկագի՛ն եղբայրներ» արտահայտությամբ։ Հանձնարարեք դասարանին հետևել և գտնել, թե ըստ Եկեղեցու ղեկավարների, ինչին էին նրանք ականատես եղել։
-
Եկեղեցու ղեկավարներն ինչի՞ն էին ականատես եղել ողջ աշխարհով մեկ։
-
Ինչո՞վ էին ոգեշնչվել Եկեղեցու ղեկավարները, երբ նրանք ականատես եղան Տիրոջ աշխատանքի տարածմանը։ (Ցանկությամբ, որ Եկեղեցու յուրաքանչյուր արժանի անդամի վրա տարածվեն ավետարանի բոլոր օրհնությունները։)
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հաջորդ պարբերությունը (որը սկսվում է «Քաջատեղյակ այն խոստումներին»)։ Հրավիրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչպես Եկեղեցու ղեկավարներն իրականացրին այն ցանկությունը, որով նրանք ոգեշնչվեցին։
-
Ինչպիսի՞ քայլեր ձեռնարկեցին Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը և Եկեղեցու այլ ղեկավարները՝ իրենց ոգեշնչված ցանկություններն իրականացնելու համար։
-
Ի՞նչ է դա մեզ ուսուցանում մարգարեների վերաբերյալ։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ ճշմարտությունը կարող եք գրել գրատախտակին․ Մարգարեները փնտրում են Տիրոջ առաջնորդությունը Եկեղեցին ղեկավարելու համար։)
Առանձնացրեք «Քաջատեղյակ այն խոստումներին, որոնք տրվել են մարգարեների կողմից» արտահայտությունը:
-
Ի՞նչ է այդ արտահայտությունը և դրա ներկայացրած նախադասությունն ուսուցանում մեզ այն մասին, թե ինչ գիտեին Եկեղեցու ղեկավարները քահանայության սահմանափակման մասին։ (Նրանք գիտեին, որ ինչ-որ ժամանակ բոլոր արժանի տղամարդիկ հնարավորություն կունենան ստանալու քահանայությունը։)
Բացատրեք, որ 1978 թվականին նախորդող բազմաթիվ տարիների ընթացքում Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը քննարկել և աղոթել են քահանայության սահմանափակման մասին։ Եկեղեցու ղեկավարները զգացին, որ այդ հայտնությունն անհրաժեշտ էր սահմանափակումը փոխելու համար, որը հաստատվել էր ավելի քան մեկ դար առաջ։ Երբեմն այդ ծանրակշիռ հարցը կախված է եղել Նախագահ Քիմբալի մտքում, և նա հաճախ գնացել է տաճար` դրա մասին մենակ աղոթելու։
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ արտահայտությամբ սկսվող հաջորդ երկու պարբերությունները` «Նա լսեց մեր աղոթքները»։ Խնդրեք դասարանին հետևել նրան և ուշադրություն դարձնել Նախագահ Քիմբալի, Առաջին Նախագահության իր խորհրդականների և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների աղոթքներին տրված Տիրոջ պատասխանին։
-
Ո՞րն էր Իր մարգարեների աղոթքներին տրված Տիրոջ պատասխանը։
-
Ի՞նչ է դա մեզ ուսուցանում այն մասին, թե ինչպես է Տերը ղեկավարում Իր Եկեղեցին։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ վարդապետությունը գրեք գրատախտակին․ Տերը ղեկավարում է Եկեղեցին Իր մարգարեներին տրված հայտնության միջոցով։)
Բացատրեք, որ այդ հայտնությունը խորը ազդեցություն ունեցավ ողջ աշխարհի մարդկանց վրա։ Հանձնարարեք ուսանողներից մեկին կարդալ, թե ինչպես Հելվեշիո Մարտինսը և իր կին Ռուդան արձագանքեցին, երբ իմացան այդ մասին․
«Ես չէի կարողանում զսպել իմ զգացմունքները։ Ռուդան և ես գնացինք մեր ննջասենյակ, ծնկի իջանք և աղոթեցինք։ Մենք արտասվում և շնորհակալություն էինք հայտնում մեր Երկնային Հորը այն իրադարձության համար, որի մասին մենք միայն կարող էինք երազել։ Օրը իսկապես եկավ, և այն եկավ մեր մահկանացու կյանքում» (Autobiography, 69–70)։ Մարտինսների ընտանիքը կնքվեց տաճարում։ Նրանց որդի Մարկուսը աֆրիկական ծագում ունեցող Եկեղեցու առաջին անդամն էր, ով քահանայության սահմանափակման դադարեցման հայտնությունից հետո ծառայեց միսիայում։ Հելվեշիո Մարտինսը դարձավ քահանայության տեղական ղեկավար և ի վերջո կանչվեց ծառայելու որպես Յոթանասունի Երկրորդ Քվորումի անդամ։
Բացատրեք, որ քահանայության սահմանափակման դադարեցման մասին հայտնությունը ստանալուց շատ չանցած, միսիոներներ ուղարկվեցին Աֆրիկա։ Այդ ժամանակից ի վեր տաճարներ կառուցվեցին այդ աշխարհամասում և հարյուր հազարավոր մարդիկ այնտեղ ստացան ավետարանի արարողություններն իրենց և իրենց մահացած նախնիների համար։
Նշեք, որ հնարավոր է ուսանողներին հարցնեն, թե ինչու որոշ ժամանակ Եկեղեցին աֆրիկական ծագում ունեցող տղամարդկանց չի շնորհել քահանայություն։ Հրավիրեք նրանց մտածել, թե ինչպես կպատասխանեին այդ հարցին։
Հավաստիացրեք, որ տեղին է մյուսներին ասել, որ մենք չգիտենք, թե ինչու սկսվեց քահանայության սահմանափակումը։ Բացի դրանից, մենք կարող ենք կիսվել և վկայել այն ճշմարտությունների մասին, որոնք մենք չգիտենք։ (Կարող եք անդրադառնալ գրատախտակին գրված ճշմարտություններին։) Ավարտեք` հրավիրելով ուսանողներին կիսվել իրենց զգացմունքներով և վկայություններով։ Կարող եք կիսվել նաև ձեր վկայությամբ։