Դաս 40
Վարդապետություն և Ուխտեր 35
Նախաբան
Եկեղեցու կազմավորումից վեց ամիս անց Օլիվեր Քաուդերին և Պիտեր Ուիթմեր կրտ. կանչվեցին քարոզելու ավետարանը ամերիկյան հնդկացիներին (տես ՎևՈւ 28.8, 30.5): Զիբա Պիտերսոնը և Փարլի Պ. Պրատը շուտով կանչվեցին ուղեկցելու նրանց (տես ՎևՈւ 32): Դեպի Միսսուրիի արևմտյան սահմաններ իրենց ճանապարհին նրանք կանգ առան Մենթորում, Օհայո, և Կիրթլենդում, Օհայո, որտեղ կիսվեցին վերականգնված ավետարանի ուղերձով Երեց Պրատի ընկեր և նախկին հոգևորական Սիդնի Ռիգդոնի հետ: Կարճ ժամանակում մկրտվեցին ավելի քան 100 մարդ, այդ թվում Սիդնի Ռիգդոնը և նրա համայնքի շատ անդամներ: Արդյունքում Եկեղեցու ընդհանուր անդամների թիվն անցավ կրկնապատիկից:
Երբ երեցները հեռացան Կիրթլենդի տարածքից, շարունակելով իրենց ճամփորդությունը, Սիդնի Ռիգդոնը և Էդվարդ Պատրիջը ուղևորվեցին Ֆայեթ, Նյու Յորք, Մարգարե Ջոզեֆ Սմիթին հանդիպելու: Նրանց ժամանումից կարճ ժամանակ անց Ջոզեֆը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 35-ում։ Դրանում Տերը Սիդնիին հատուկ պարտականություններ է տալիս նոր վերականգնված Եկեղեցում:
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 35․1-12
Տերն ասում է, որ նախապատրաստել է Սիդնի Ռիգդոնին ավելի մեծ գործի համար:
Դասից առաջ գրատախտակին գրեք հետևյալ հարցը. Ի՞նչ փորձառություն եք ունեցել, որն օգնել է ձեզ իմանալ, որ Տերը գիտի ձեզ և ծրագիր ունի ձեր կյանքի համար:
Դասի սկզբում հրավիրեք ուսանողներին` կիսվել այդ հարցի շուրջ իրենց պատասխաններով, եթե հարմար են գտնում:
Բացատրեք, որ հայտնության մեջ, որն այժմ տրված է Վարդապետություն և Ուխտեր 35-ում, Տերը դիմում է Սիդնի Ռիգդոն անունով մի տղամարդու, ով նոր էր մկրտվել և հաստատվել: Տերը խոսեց Սիդնիի հետ` Մարգարե Ջոզեֆ Սմիթին աջակցելու նրա դերի մասին: Խրախուսեք ուսանողներին շարունակել մտածել գրատախտակին գրված հարցի մասին, մինչ կուսումնասիրեն Տիրոջ հրահանգները, որոնք տրվել են Սիդնիին:
Օգնելու համար ուսանողներին հասկանալ Սիդնի Ռիգդոնի անցյալը, մի ուսանողի հանձնարարեք բարձրաձայն կարդալ այս դասի նախաբանը։ Ապա ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 35.1-3: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով ապացույց, որ Տերը տեղյակ էր Սիդնի Ռիգդոնի և նրա գործերի մասին։
-
Ի՞նչ ապացույց գտաք, որ Տերը տեղյակ էր Սիդնի Ռիգդոնի մասին։
-
Ի՞նչ են այս հատվածներն ուսուցանում մեզ հետ Տիրոջ հարաբերությունների մասին: (Մինչ ուսանողները պատասխանում են, հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին. Տերը ճանաչում է մեզ և աշխատանք ունի յուրաքանչյուրիս համար:)
-
Ինչո՞ւ է այդ ճշմարտությունը կարևոր ձեզ համար:
Հաստատելու համար, որ Տերը ճանաչում է մեզ անհատապես, հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելի հետևյալ հայտարարությունը.
«Ես վկայում եմ ձեզ, որ Աստված ճանաչում է ձեզ անհատապես … երկար, երկար ժամանակ (տես ՎևՈւ 93.23): Նա սիրել է ձեզ երկար, երկար ժամանակի ընթացքում: …Նա գիտի ձեր անունները և բոլոր ձեր տառապանքներն ու ուրախությունները: (“Remember How Merciful the Lord Hath Been,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 46):
Ցուցադրեք Հովհաննես Մկրտիչը քարոզում է կամ Հովհաննես Մկրտիչը մկրտում է Հիսուսին նկարը (տես Հովհաննես Մկրտիչը մկրտում է Հիսուսին, Ավետարանի արվեստի գիրք [2009], հ. 35, տես նաև LDS.org): Խնդրեք ուսանողներին գտնել, թե ով էր Հովհաննես Մկրտիչը, և ինչպես նա պատրաստեց մյուսներին Հիսուս Քրիստոսի գալուն:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 35.4-6 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչով էր Սիդնի Ռիգդոնը նման Հովհաննես Մկրտչին:
-
Համաձայն հատված 4-ի, ինչո՞վ էր Սիդնին նման Հովհաննես Մկրտչին: (Նա պատրաստեց մյուսներին ստանալ ավետարանի լրիվությունը:)
-
Տերն ասաց, որ Սիդնին կանի «ավելի մեծ գործ», քան այն գործը, որը նա արդեն արել էր (ՎևՈւ 35.3): Ըստ Վարդապետություն և Ուխտեր 35․6-ի, ո՞րն էր այդ «ավելի մեծ գործի» մի մասը: (Նա պետք է օգներ մյուսներին ստանալ մկրտությունը և Սուրբ Հոգու պարգևը պատշաճ իշխանությամբ:)
Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես կարող են այժմ իրենց կյանքի փորձառությունները և իրավիճակները պատրաստել նրանց ապագայում «ավելի մեծ գործի» համար: Կարող եք մի քանի րոպե տալ նրանց, որպեսզի գրեն այդ մասին իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում։
Շեշտեք «դու չգիտեիր դա» արտահայտությունը Վարդապետություն և Ուխտեր 35.4-ում: Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու մասին իմանալուց դեռ առաջ, Սիդնի Ռիգդոնը պատրաստում էր իրեն և մյուսներին դա ընդունելուն: Նա դա անում էր Աստվածաշնչի օգնությամբ, ուսուցանելով մարդկանց իր եկեղեցում Օհայոյում: Վկայեք, որ թեև մենք հնարավոր է չիմանանք այն կոնկրետ աշխատանքները, որոնք Տերը պահել է մեզ համար, մենք կարող ենք վստահ լինել, որ Նա տեղյակ է մեր մասին: Եթե մենք աշխատենք հետևել Նրան, Նա կօգնի մեզ կատարել այն աշխատանքը, որն ունի մեզ համար:
Ուսանողներին հրավիրեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 35.7-11 հատվածները: Խնդրեք նրանց գտնել այն, ինչ տեղի կունենա նրանց կյանքում, ովքեր հավատում են և հավատք են գործադրում առ Աստված վերջին օրերին:
-
Համաձայն այդ հատվածների, ի՞նչ է խոստացել Տերը նրանց, ովքեր հետևում են Նրան հավատքով: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ վարդապետությունը․ Տերը հրաշքներ կգործի և նշաններ ու զարմանալիքներ ցույց կտա համաձայն նրանց հավատքի, ովքեր հավատում են Իր անվանը։
-
Ինչո՞ւ եք կարծում, որ հրաշքները, նշաններն ու զարմանալիքները սերտորեն կապված են հավատքի հետ:
Վարդապետություն և Ուխտեր 35․13-19
Տերը խոստանում է օգնել նրանց, ում կանչում է Իր գործը կատարելու:
Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, թե սպորտային թիմ են կազմում: Խնդրեք նրանց նկարագրել այն ուժեղ կողմերը և հմտությունները, որոնք կցանկանային տեսնել իրենց խաղացողների մեջ:
Բացատրեք, որ այդ հայտնության մեջ Տերը նկարագրել է նրանց, ում կանչում է օգնելու վեջին օրերին Իր արքայությունը կառուցելու գործում: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 35․13 և խնդրեք դասարանին գտնել նրանց հատկանիշները, ում Տերն ընտրում է Իր աշխատանքում օգնելու համար:
-
Ո՞ր արտահայտություններն են այս հատվածում նկարագրում նրանց, ու Տերը կանչում է Իր գործին օգնելու համար։
-
Ինչպե՞ս կարող են նրանք, ում Տերը կանչում է օգնելու Իր աշխատանքում, համարվել «աշխարհի թույլերը»:
-
Ինչո՞ւ կարող են նրանք, ում աշխարհը համարում է աշխարհի թույլերը, լավ թեկնածուներ լինել Տիրոջն Իր աշխատանքում օգնելու համար:
Բացատրեք, որ այս հատվածում կալսել բառը վերաբերում է հացահատիկ կալսելուն: Կալսելը գործընթաց է, որի միջոցով հացահատիկը, օրինակ ցորենը, մաքրվում է իր թեփից: Ցորենը պահվում է, իսկ թեփը դուրս գցվում:
-
Ձեր կարծիքով, ո՞րն է «կալսեն ազգերն իմ Հոգու զորությամբ» արտահայտության իմաստը։ (Կարող եք օգնել ուսանողներին հասկանալ, որ սա վերաբերում է Տիրոջ աշխատանքին՝ առանձնացնելու և հավաքելու այն մարդկանց, ովքեր պատրաստ են ընդունելու ավետարանը:)
-
Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել հատված 13-ից: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Աստված կանչում է նրանց, ովքեր թույլ են, կատարելու Իր աշխատանքը Իր Հոգու զորությամբ։ Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին։)
-
Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունn օգնել նրան, ով հուզվում է միսիայում ծառայելու առիթով: Ինչպե՞ս կարող է այն օգնել մեկին, ում խնդրում են ուսուցանել եկեղեցում, սակայն ով իրենց անհամապատասխան է զգում: Ինչպե՞ս կարող է այն օգնել մեկին, ով զգում է, որ պետք է կիսվի ավետարանով, սակայն վստահ չէ, թե ինչ պետք է ասի կամ անի:
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 35․14-15 հատվածները, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ ճանապարհներով է Տերը խոստացել զորացնել նրանց, ովքեր աջակցում են Իր աշխատանքին:
-
Ո՞ր արտահայտություններն են այս հատվածում նկարագրում, թե ինչպես Տերը կօրհնի մեզ, եթե մենք օգնենք Իր աշխատանքը կատարելիս:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 35.17-19, 22 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով, թե ինչ է Տերը խորհուրդ տալիս Սիդնի Ռիգդոնին Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ:
-
Ի՞նչ խորհուրդ տվեց Տերը Սիդնի Ռիգդոնին Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ: («Հսկիր նրան, որ նրա հավատքը չպակասի», «մնա նրա հետ» և «մի թողնիր նրան»:)
-
Ինչպե՞ս կարող ենք մենք կիրառել այս խորհուրդն այսօր մեր Եկեղեցու ղեկավարների հարցում:
Վարդապետություն և Ուխտեր 35․20-27
Տերը պատվիրում է Սիդնի Ռիգդոնին գրել Ջոզեֆ Սմիթի համար, քարոզել ավետարանը և պահել իր կապած ուխտերը:
Խնդրեք ուսանողներին նկարագրել Եկեղեցու իրենց կոչումները կամ պարտականությունները: Ապա ուսանողներին հանձնարարեք աչքի անցկացնել Վարդապետություն և Ուխտեր 35․20-23, գտնելով այն որոշակի պարտականությունները, որոնք Տերը կանչեց Սիդնի Ռիգդոնին կատարել:
-
Որո՞նք են այն պարտականությունները, որոնք Տերը կանչեց Սիդնի Ռիգդոնին կատարել:
Շեշտեք, որ Սիդնիի պարտականություններից մեկը Ջոզեֆ Սմիթի համար դպիր լինելն էր: Ջոզեֆի նախորդ դպիրները՝ Օլիվեր Քաուդերին և Ջոն Ուիթմերը կանչվել էին միսիայի: Այս ժամանակ Մորմոնի Գիրքն արդեն թարգմանված էր, սակայն Տերը պատվիրեց Ջոզեֆին վերականգնել կամ վերանայել Աստվածաշնչի Հակոբ թագավորի Տարբերակի հատվածներ, որոնք կորսվել կամ փոփոխվել էին: Ջոզեֆին դպիր էր հարկավոր` այդ աշխատանքում իրեն աջակցելու համար: (Տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն»:)
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 35.24-25 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով օրհնություններին, որոնք Տերը խոստացավ Սիդնիին, եթե նա պահեր Տիրոջ հետ կապած իր ուխտերը: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այն, ինչ գտնում են։
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում այն, որ Տերը կցնցի երկինքները ձեր բարիքի համար: (Հնարավոր նշանակություններից մեկն այն է, որ Տերը կուղարկի երկնքի օրհնությունները և զորությունները` օգնելու մեզ կատարել Իր աշխատանքը և հաղթել չարին: Sես նաև ՎևՈւ 21.6:)
Հրավիրեք ուսանողներին ամփոփել այդ հատվածները, առանձնացնելով այն սկզբունքը, որը թույլ է տալիս մեզ հաջողությամբ կատարել այն աշխատանքը, որն Աստված ունի մեզ համար: Թեև ուսանողները տարբեր կերպ կարող են այն արտահայտել, նրանց պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ սկզբունքը. Երբ մենք պահում ենք պատվիրանները և պատվում մեր ուխտերը, Տերն օգնում է մեզ իրականացնել Իր աշխատանքը: Գրեք այս սկզբունքը գրատախտակին:
Ուսանողների ուշադրությունը դարձրեք գրատախտակին գրված երեք ճշմարտությունների վրա.
-
Ինչպե՞ս են գրատախտակին գրված երեք ճշմարտությունները կապված իրար հետ:
-
Ե՞րբ եք դուք (կամ ձեր ծանոթներից մեկը) ստացել Տիրոջ օգնությունը՝ Նրա աշխատանքը կատարելիս:
Ավարտելով, ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 35.26-27 հատվածները:
-
Հիմնվելով Վարդապետություն և Ուխտեր 35-ից ձեր սովորածի վրա, ձեր կարծիքով, ի՞նչ պատճառներ կային, որպեսզի Սիդնի Ռիգդոնը և Ջոզեֆ Սմիթը բարձրացնեին իրենց սրտերը և ուրախ լինեին:
Խնդրեք ուսանողներին կիսվել պատճառներով, որոնցով կարող են բարձրացնել իրենց սրտերը և ուրախ լինել: Կարող եք ավելացնել ձեր վկայությունը Տիրոջ պատրաստակամության մասին՝ օգնելու մեզ Իր աշխատանքը կատարելիս: