Երբ Սրբերին արտաքսեցին Միսսուրիից, նրանք Միսիսիպի գետի երկայնքով ձգվող ճահճային տարածքում կառուցեցին գեղեցիկ մի վայր` Նավու Քաղաքը։ 1839-1846 թվականներին Նավու քաղաքը (Իլինոյս) դարձավ Եկեղեցու գլխավոր վարչությունը։ Սփոփող Միությունը ստեղծվեց այնտեղ և Նավուի գլխավոր վարչությունից միսիոներական աշխատանքը տարածվեց երկրի հեռավոր վայրեր։
Նշում․ Այս դասը հնարավորություն է ընձեռում երկու ուսանողների ուսուցանել դասը։ Այս դասից մի քանի օր առաջ ընտրեք երկու ուսանողների և նրանց տվեք հատկացված հատվածների պատճեները, որպեսզի նրանք ժամանակ ունենան պատրաստվելու համար։
Ուսուցման առաջարկներ
Սրբերը կառուցում են Նավու քաղաքը
Հիշեցրեք ուսանողներին, որ Սրբերը Միսսուրիից արտաքսվեցին 1838-39 թվականների ձմռանը, երբ Ջոզեֆ Սմիթը բանտարկված էր Լիբերթիի բանտում։
Ձեր կարծիքով, ինչպե՞ս էին սրբերն իրենց զգում, երբ նրանք արտաքսվեցին Միսսուրիից։ (Պատասխանները կարող են ներառել , որ Սրբերը ցանկանում էին իմանալ, թե իրենք ո՞ւր պիտի գնային։)
Բացատրեք, որ Միսսուրիից արտաքսվելուց հետո Սրբերն ապաստան գտան Քուինսիում (Իլինոյս) և այլ փոքր համայնքներում։ Խնդրեք ուսանողներին սուրբ գրությունների Եկեղեցու պատմության բաժնի, Քարտեզ 6-ում գտնել Քուինսին («Եկեղեցու շարժը դեպի արևմուտք»)։ 1839 թվականի ապրիլի 5-ին Ջոզեֆ Սմիթը և նրա բանտարկյալ ընկերներն իմացան, որ իրենց պետք է տեղափոխեին մեկ այլ վայր։ Նոր վայր տեղափոխվելու ընթացքում նրանց պահակները թույլ տվեցին նրանց փախչել՝ հասկանալով, որ այլևս անարդար կլիներ նրանց երկար պահելը։ Մեկ շաբաթ անց Ջոզեֆ Սմիթը Քուինսիում միացավ իր ընտանիքին։ Ջոզեֆ Սմիթի առաջնորդությամբ Եկեղեցին հող գնեց Քուինսիից հյուսիս գտնվող Միսիսիպի գետի երկու կողմերում։ Գետի արևմտյան կողմում գտնվում էր Այովայի Տարածքի մի մասը, իսկ արևելյան կողմում գտնվում էր Իլինոյս նահանգը։ Սրբերը հաստատեցին Եկեղեցու նոր գլխավոր վարչությունը Իլինոյսի կողմում` մի վայրում, որը կոչվում էր Կոմերս, և որը նրանք անվանափոխեցին Նավու։
Հրավիրեք առաջին ուսուցիչ ուսանողին առաջ գալ և դասարանին ուսուցանել Նավուի հիմնադրումը։
Միսիոներական աշխատանքը տարածվում է երկրի վրա
Շնորհակալություն հայտնեք դասավանդող ուսանողին։ Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին սովորել Եկեղեցու աճի մասին Նավուի ժամանակաշրջանում, տվեք հետևյալ հարցերը․
Որո՞նք են այն առարկաները, որոնք կարող են մարել կրակը։
Որո՞նք են այն առարկաները, որոնք կարող են թեժացնել կրակը։
Ջոզեֆ Սմիթն Աստծո գործը համեմատում է կրակի հետ։ Ձեր կարծիքով, Միսսուրիում կրած Սրբերի հալածանքները նման են այն ջրի՞ն, որը մարում է Աստծո գործը, թե՞ նման են այն վառելիքին, որը թեժացնում է կրակը։ Ինչո՞ւ:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ հայտարարությունը, որը 1842 թվականի մարտի 1-ին նա գրել մի նամակում, որն ուղղված էր մի թերթի խմբագրի` Ջոն Ուենթվորթին։
«Հալածանքը չի դադարեցրել ճշմարտության առաջընթացը, այլ միայն յուղ է ավելացրել կրակին:…
«…Ճշմարտության չափանիշն արդեն ստեղծված է. ոչ մի անսուրբ ձեռք չի կարող կանգնեցնել այս աշխատանքը: Հալածանքները կարող են մոլեգնել, ամբոխները կարող են համախմբվել, բանակները կարող են հավաքվել, աղետները կարող են կործանել, բայց Աստծո ճշմարտությունը առաջ կընթանա համարձակ, ազնվորեն և անկախ ձևով, մինչև թափանցի ամեն մի մայրցամաք, այցելի ամեն աշխարհագրական գոտի, ծածկի ամեն մի երկիր և հասնի ամեն ականջի, մինչև որ Աստծո նպատակներն իրականանան և Մեծ Եհովան ասի, որ աշխատանքն արված է» (in History of the Church, [4], 540):
Ի՞նչ ենք սովորում այդ հայտարարությունից։ (Ուսանողները կարող են գտնել տարբեր ճշմարտություններ, սակայն շեշտեք հետևյալը. Ոչինչ չի կանգնեցնի Տիրոջ աշխատանքը ողջ երկրի վրա:) Այդ ճշմարտությունը գրեք գրատախտակին։)
Բացատրեք, որ երբ Ջոզեֆ Սմիթը գրի առավ այդ մարգարեությունը, Տերը սկսել էր կանչել միսիոներներին՝ քարոզելու ավետարանը տարբեր երկրներում։ Դրա արդյունքում հազարավոր մարդիկ, հիմնականում Մեծ Բրիտանիայում, մկրտվեցին։ Նոր անդամները մեծ ուժ դարձան Եկեղեցու համար, իսկ շատերը ճամփորդեցին, որպեսզի միանային Նավուի Սրբերին։
Գրատախտակին գրված ճշմարտությունը առարկայական դարձնելու համար հրավիրեք չորս կամավորների մասնակցել դերախաղին, որտեղ 1840 թվականին Վիլֆորդ Վուդրուֆը Հերդֆորշիրում (Անգլիա) ավետարանը քարոզելիս ունեցավ հետևյալ փորձառությունը։ Կամավորներին հանձնարարեք հետևյալ դերերը՝ Վիլֆորդ Վուդրուֆ, հոգևորական, ոստիկանության սպա, հեղինակ։ Յուրաքանչյուր կամավորի տրամադրեք հետևյալ ձեռագրի մեկական օրինակ դերախաղի մեջ օգտագործելու համար։
Երբ կամավորներն ավարտեն, դասարանին տվեք հետևյալ հարցերը․
Ինչպե՞ս է Երեց Վուդրուֆի այդ փորձառությունը արտահայտում այն սկզբունքը, որ ոչինչ չի կարող կանգնեցնել Աստծո աշխատանքի առաջընթացը։
Ինչպե՞ս է Աստծո աշխատանքի մասին Ջոզեֆ Սմիթի մարգարեությունն իրականանում մեր օրերում։ Ինչպե՞ս եք ձեզ զգում` մասնակցելով այդ աշխատանքին։
Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք, որ Աստծո աշխատանքը տարածվի բոլոր մարդկանց մեջ։ (Կարող եք հրավիրել ուսանողներին, որպեսզի այդ հարցի պատասխանը գրեն իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում։)
Բացատրեք, որ հետագա դասերի ժամանակ ուսանողներն ավելի շատ կիմանան տեղի ունեցած կարևոր իրադարձությունների և այն սկզբունքների մասին, որոնք ուսուցանվել են այն ժամանակ, երբ 1839-1846 թվականներին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու գլխավոր վարչությունը տեղակայված էր Նավուում։ Վկայեք այսօրվա դասի ժամանակ քննարկված սկզբունքների մասին և խնդրեք ուսանողներին գործել ըստ այդ ուսմունքների։