Դաս 63
Վարդապետություն և Ուխտեր 58․1-33
Նախաբան
1831թ. օգոստոսի 1-ին, երկու շաբաթ չանցած նրանից, երբ Տերը հաստատեց Ինդիփենդենսը, Միսսուրի, որպես Սիոնի կենտրոնական վայր, Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություն, որը պարունակվում է Վարդապետություն և Ուխտեր 58-ում: Այս հայտնությունը տրվեց ի պատասխան նրանց, ովքեր շատ էին ցանկանում իմանալ Աստծո կամքը այդ նոր երկրում իրենց ապագայի մասին: Այս հայտնության մեջ Տերը խորհուրդ է տալիս Սրբերին հավատարիմ մնալ իրենց փորձությունների մեջ և բացատրում է, թե ինչու է Նա ուղարկել Սրբերին Սիոն: Տերը նաև խրախուսեց Սրբերին օգտագործել իրենց ընտրության ազատությունը արդարակեցություն բերելու համար:
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 58․1-5
Տերը խորհուրդ է տալիս Սրբերին հավատարիմ մնալ իրենց փորձությունների մեջ
Դասից առաջ գրեք գրատախտակին Ներկա և Ապագա բառերը:
Սկսեք դասը, խնդրելով ուսանողներին մտածել այն խոշոր դժվարությունների մասին, որոնք առկա են նրանց կյանքում:
-
Ինչպե՞ս կարող է այս և հաջորդ կյանքում ձեր ապագայի մասին մտածելն օգնել ձեզ հաղթահարել այն դժվարությունները, որոնց հանդիպում եք այսօր:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ պարբերությունը: Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել այն դժվարություններին, որոնց հանդիպեցին Սրբերը Միսսուրիում 1831թ., որոնք ստիպեցին նրանցից ոմանց հուսահատվել:
1831թ. հունվարին միսիոներները հնդկացիների տարածքում գտան Դելավերի հնդկացիների մի խումբ՝ Միսսուրիի արևմտյան սահմանից դուրս: Դելավերի հնդկացիները հետաքրքրված էին ավետարանի ուսումնասիրությամբ, որը պարունակվում է Մորմոնի Գրքում: Ինչևէ, քանի որ միսիոներները չէին ձեռք բերել հնդկացիների տարածք մտնելու և ավետարանը քարոզելու թույլտվություն, և տեղի հնդկացիների գործակալների և քահանաների ընդդիմության պատճառով, Եկեղեցու միսիոներները ստիպված էին հեռանալ տարածքից: Այնուհետև միսիոներները փորձեցին ուսուցանել Ինդիփենդենսի, Միսսուրի, և շրջապատող տարածքների սպիտակամորթ բնակիչներին, սակայն միայն տաս նորադարձ միացավ Եկեղեցուն մինչև 1831թ. հուլիսը: Երբ 1831թ. հուլիսին Եկեղեցու երեցները Օհայոյից սկսեցին ժամանել Միսսուրի, նրանցից ոմանք հիասթափվեցին: Նրանցից ոմանք ակնկալում էին տեսնել հավատացյալների արագ աճող համայնք և բնակավայր, որը պատրաստ էր ընդունել գաղթող Եկեղեցու անդամներին: Ոմանք մտահոգություն հայտնեցին, քանի որ հողը Ինդիփենդենսում անմշակ էր: Բացի դա, որոշ եղբայրներ խրախուսվեցին մնալ Միսսուրիում և գնել հողեր՝ պատրաստելու համար Սիոնը այն Սրբերի համար, որոնք կգային ավելի ուշ:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր այդ իրավիճակը հուսահատող Եկեղեցու որոշ անդամների համար:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 58.1-2 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ Տերն ասաց երեցներին, որն օգնեց նրանց դիմակայել այդ դժվարություններին:
-
Տերն ի՞նչ ասաց երեցներին:
-
Ինչպե՞ս կամփոփեիք ճշմարտությունները հատված 2-ում: (Ուսանողները պետք է ներկայացնեն հետևյալ սկզբունքները. Մենք կօրհնվենք, եթե պահենք Տիրոջ պատվիրանները: Մեր հավերժական հատուցումը կլինի ավելի մեծ, եթե մենք հավատարիմ մնանք փորձությունների ժամանակ: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել արտահայտությունները, որոնք ուսուցանում են այդ սկզբունքները հատված 2-ում։)
Անդրադարձեք գրատախտակին գրված Ներկա և Ապագա բառերին: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 58.3-5 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ Տերն ասաց երեցներին Իր ժողովրդի ներկայի և ապագայի մասին: Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածի մասին:
-
Համաձայն հատված 3-ի, ի՞նչը մենք հաճախ չենք տեսնում կամ հասկանում, երբ անցնում ենք փորձությունների միջով:
Նշեք, որ այս հատվածներում Տերը, կարծես, ուզում էր, որ երեցները նայեին փորձություններից այն կողմ և փոխարենը կենտրոնանային փառահեղ ապագայի վրա, որը կունենային, եթե հավատարիմ լինեին: Տիրոջ ուղերձը Միսսուրիի Սրբերին կարող է օգնել մեզ դիմակայել դժվարություններին, մնալով կենտրոնացած այն օրհնությունների վրա, որոնք խոստացված են նրանց, ովքեր հավատարմորեն կտանեն դժվարությունները:
-
Ինչպե՞ս կարող է հավատալը, որ Տերը կօրհնի ձեզ, օգնել հավատարմորեն տանել դժվարությունները:
-
Ե՞րբ եք զգացել, որ օրհնվել եք դժվարությունների ժամանակ հավատարիմ լինելու շնորհիվ:
Խնդրեք ուսանողներին կրկին մտածել ամենամեծ դժվարության մասին, որի առաջ կանգնած են այսօր: Խրախուսեք նրանց հավատարիմ մնալ ավետարանին` անկախ իրենց դժվարություններից, որպեսզի կարողանան ստանալ իրենց համար պահված Տիրոջ հատուցումները՝ այժմ և հավերժություններում:
Վարդապետություն և Ուխտեր 58․6-13
Փրկիչը բացատրում է, թե ինչու է ուղարկել Սրբերին Սիոն
Ուսանողներին տվեք հետևյալ հարցերը.
-
Ձեզ երբևիցե խնդրե՞լ են անել մի բան, որը դուք չեք հասկացել, թե ինչու պետք է անեք: Ինչպե՞ս եք ձեզ զգացել:
-
Մյուս կողմից, խնդրե՞լ է ձեզ երբևիցե որևէ մեկն անել ինչ-որ բան, միաժամանակ օգնելով ձեզ հասկանալ դա անելու պատճառները: Ի՞նչ տարբերություն է գործել պատճառները հասկանալը:
Բացատրեք, որ Տերը հայտնել է Սիոնի հիմքը դնելու համար մարդկանց ուղարկելու Իր պատճառները: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 58.6-8 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ պատճառներ է Տերը բերում մարդկանց ուղարկելու համար՝ հիմնադրելու Սիոնը: Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց սովորածի մասին:
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 58.9–13 հատվածները, բացատրելով, որ պատճառներից մեկը, որով Տերն ուղարկում է մարդկանց դնելու Սիոնի հիմքը, դա երկիրը Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին պատրաստելն է: Այս հատվածներում Տերը խոսում է Նոր Կտակարանի առակի մասին, որն ուսուցանում է, որ բոլոր ազգերի ժողովուրները կհրավիրվեն ճաշակելու ավետարանի օրհնություններից:
-
Ինչպե՞ս կարող է իմանալը, որ իրենք պատրաստում են Երկիրը Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին, օգնել երեցներին հավատարիմ մնալ իրենց դժվարությունների մեջ:
Վարդապետություն և Ուխտեր 58․14-23
Տերը նկարագրում է եպիսկոպոսի պարտականությունները և պատվիրում Սրբերին պահել երկրի օրենքները
Հիշեցրեք ուսանողներին, որ Տերը կանչեց Եպիսկոպոս Էդվարդ Պատրիջին ղեկավարելու Սիոն քաղաքը կառուցելու ջանքերը: Տերը հրահանգեց Եպիսկոպոս Պատրիջին և Սիդնի Գիլբերտին մնալ Միսսուրիում և կառավարել Եկեղեցու սեփականությունը և հող գնել Ինդիփենդենսում, Միսսուրի, և հարող տարածքներում (տես ՎևՈւ 57.7–8): Բացատրեք, որ մինչ Սրբերը պատրաստվում էին հող գնել, Եպիսկոպոս Պատրիջը վիճաբանություն ունեցավ Ջոզեֆ Սմիթի հետ՝ ընտրված հողի որակի շուրջ: Նա համարում էր, որ դրա փոխարեն պետք է այլ հողակտոր գնվեր: Այս անհամաձայնությունը դարձավ Տիորջ կողմից նախատինքի պատճառ:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 58.14-15 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե Տերն ինչ ասաց Եպիսկոպոս Պատրիջին: Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածի մասին:
-
Խնդրեք ուսանողներին կրկին վերադառնալ Վարդապետություն և Ուխտեր 58.3-ին: Ինչպե՞ս կարող էր այդ հատվածում հայտնված ճշմարտությունը օգնել Եպիսկոպոս Պատրիջին ապաշխարել Մարգարեի հետ վիճաբանելու համար այն բանի շուրջ, թե ինչ հողակտոր պետք է գնվեր:
Բացատրեք դասարանին, որ Եպիսկոպոս Պատրիջը ընդունեց Տիրոջ նախատինքը հնազանդությամբ և նրա մեղքերը ներվեցին:
-
Ինչպե՞ս կարող են Վարդապետություն և Ուխտեր 58.3-ում հայտնված ճշմարտություններն օգնել մեզ արձագանքել Տիրոջ պատվիրաններին հավատքով, ոչ թե անհավատությամբ և սրտի կուրությամբ:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 58.16-20 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե Տերն ինչ ասաց Եպիսկոպոս Պատրիջին որպես եպիսկոպոս նրա դերի և Սիոնը կառուցելու գործում նրա պարտականության մասին:
-
Համաձայն այդ հատվածների, ո՞րն է եպիսկոպոսի պարտականությունը:
-
Որո՞նք են այն ուղիները, որոնցով եպիսկոպոսները պետք է դատեն մարդկանց այսօր:
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 58.21-23 հատվածները, բացատրելով, որ Տերն ակնկալում է, որ մենք պահենք երկրի օրենքները, մինչև որ Ինքը գա և կառավարի Հազարամյակի ժամանակ:
Վարդապետություն և Ուխտեր 58․24-33
Տերը խոհուրդ է տալիս Սրբերին օգտագործել իրենց ընտրության ազատությունը բարին գործելու համար
Ներկայացրեք հետևյալ իրավիճակը դասարանին.
Պատկերացրեք, թե փողոցով քայլելով տեսնում եք մի ծեր մարդու, որը վայր է ընկնում: Հետևյալ քայլերից ո՞րը դուք պետք է կատարեք.
-
Սպասեք, մինչև Հոգին կհուշի ձեզ օգնել:
-
Սպասեք, մինչև ինչ-որ մեկը կասի ձեզ, ինչ անել:
-
Սպասեք, մինչև որևէ մեկը կօգնի:
-
Անմիջապես օգնեք ընկած մարդուն:
Ուսանողների պատասխաններից հետո տվեք հետևյալ հարցը.
-
Ինչո՞ւ է կարևոր օգնել մարդուն առանց սպասելու որևէ մեկից տրվող ուղղությունների:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 58․26–28։ Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով այն սկզբունքները, որոնք Տերն ուսուցանեց Սրբերին, երբ նրանք դժվարությունների առաջ էին կանգնած Սիոն քաղաքը կառուցելիս: (Կարող եք բացատրել, որ «ով հարկադրվում է բոլոր բաների մեջ» [ՎևՈւ 58.26] արտահայտությունը վերաբերվում է նրան, ով չի գործում, մինչև որ դա չի պահանջվում իրենից:)
-
Ի՞նչ ճշմարտություններ դուք հայտնաբերեցիք 26–28 հատվածներում: (Ուսանողների պատասխանները կարող են պարունակել հետևյալ ճշմարտությունները. Մենք զորություն ունենք ընտրելու մեր գործելու ուղին: Եթե մենք սպասենք, որ Տերն ասի մեզ ամենը, ինչ մենք պետք է անենք, մենք կկորցնենք մեր հատուցումը: Եթե մենք օգտագործենք մեր կամքի ազատությունը՝ անելով բաներ, որոնք արդարակեցություն կբերեն, մենք կվարձատրվենք: Օգտագործելով ուսանողների խոսքերը, գրեք այս ճշմարտությունները գրատախտակին։)
-
Ի՞նչ վարձքի մասին է խոսվում այս հատվածներում: Ինչպե՞ս կարող է մեր ազատ կամքով շատ բարիքներ գործելը ազդել հավերժական կյանք ստանալու մեր հնարավորության վրա:
-
Ի՞նչ եղանակներով դուք կարող եք ջերմեռանդ ներգրավված լինել բարի գործերի մեջ տանը: Դպրոցո՞ւմ: Ձեր ծխում կամ ճյուղո՞ւմ:
Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց փորձառություններով, որոնց արդյունքում օրհնվել են օգտագործելու իրենց ազատ կամքը բարի գործերի համար :
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 58.29-33 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ է պատահում նրանց հետ, ովքեր չեն օգտագործում իրենց ազատ կամքը բարիք գործելու համար կամ ովքեր կասկած ունեն Աստծո պատվիրանների հանդեպ:
-
Ի՞նչ է պատահում նրանց հետ, ովքեր չեն օգտագործում իրենց ազատ կամքը բարիք գործելու համար կամ ովքեր կասկած ունեն Աստծո պատվիրանների հանդեպ:
-
Ինչպե՞ս են որոշ մարդիկ արձագանքում, երբ չեն ստանում օրհնություններ իրենց անփութության կամ անհնազանդության պատճառով: Ի՞նչ նախազգուշացում է տալիս Տերը այդ անձանց 33 հատվածում:
Վկայեք մեր ազատ ընտրությունը` բարիք գործելու համար օգտագործելու կարևորության մասին: Հրավիրեք ուսանողներին օգտագործել իրենց կամքի ազատությունը՝ անելով որևէ բարի գործ մինչև հաջորդ հանդիպումը: Ասացեք ուսանողներին, որ նրանք հնարավորություն կունենան պատմելու իրենց արածների մասին հաջորդ դասին: