Դաս 77
Վարդապետություն և Ուխտեր 75
Նախաբան
1832թ. հունվարի 25-ին տեղի ունեցած Եկեղեցու համաժողովին Մարգարե Ջոզեֆ Սմիթը երկու հայտնություն ստացավ, որոնք գտնվում են Վարդապետություն և Ուխտեր 75-ում: Առաջին հայտնությունը, որը գրանցվել է հատվածներ 1-22-ում, տրվել է երեցների մի խմբի, ովքեր իրենց անունները ներկայացրել էին միսիոներական ծառայության համար: Տերը հրահանգեց այդ երեցներին իրենց միսիոներական պարտականությունների վերաբերյալ և նշանակեց նրանց զուգընկերներ: Երկրորդ հայտնությունը, որը գրանցված է հատվածներ 23–36-ում, տրվեց երեցների երկրորդ խմբին, ովքեր ցանկանում էին իմանալ Տիրոջ կամքը իրենց վերաբերյալ: Տերը հրահանգեց այդ երեցներին հավաստիանալ, որ իրենց ընտանիքները ապահոված են, և ընդունեն ավետարանը քարոզելու կանչը:
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 75․1-5
Տերը դիմում է նրանց, ովքեր ցանկանում են քարոզել ավետարանը
Այս դասը ուսուցանելուց մի քանի օր առաջ հրավիրեք որևէ ուսանողի, որը միսիոներական կանչ է ստացել, մի ուսանողի, որը շուտով դիմում կներկայացնի միսիայում ծառայելու համար, կամ վերջերս վերադարձած միսիոների օգնել ուսուցանել ավետարանը քարոզելու մասին: Տվեք նրան ուսուցման հետևյալ ծրագրի օրինակ, և խնդրեք նրան ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 75.1–4 և պատրաստվել ուսուցանել դասի այդ մասը:
Դասի հոգևոր մասից հետո ժամանակը տրամադրեք այդ ուսանողին կամ վերադարձած միսիոներին՝ ուսուցանելու համար այն, ինչ պատրաստել է:
Երբ ուսանողը կամ վերադարձած միսիոներն ավարտի ուսուցանումը, գրեք հետևյալ անավարտ նախադասությունը գրատախտակին. Եթե մենք հավատարմորեն քարոզում ենք ավետարանը, Տերը …:
Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 75.5 և գտնել այդ միսիոներներին Տիրոջ տված խոստումները:
-
Ի՞նչ oրհնություններ է խոստանում Տերը նրանց, ովքեր հավատարմորեն կքարոզեն Իր ավետարանը:
Կարող եք բացատրել, որ որաները ցորենի ցողուններն են, որոնք հավաքում են և կապոցներ պատրաստում: «Շատ որաներ» ունենալը նշանակում է առատ բերք հավաքել:
-
Ի՞նչ «որաներ» կստանան միսիոներները, ովքեր հավատարիմ են ավետարանը քարոզելու գործում: (Որաները կարող են լինել մարդիկ, ովքեր ընդունում են նրանց ուղերձը [նորադարձներ], ինչպես նաև հավերժական օրհնությունները, որոնք թվարկված են հատված 5-ում:)
Խնդրեք ուսանողներին ամփոփել Վարդապետություն և Ուխտեր 75.5-ում պարունակվող խոստումները, լրացնելով գրատախտակին գրված սկզբունքը: Ահա այդ սկզբունքը ձևակերպելու մեկ տարբերակ. Եթե մենք հավատարմորեն քարոզում ենք ավետարանը, Տերը կօրհնի մեզ պատվով, փառքով և հավերժական կյանքով:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ նրանք, ովքեր հավատարմորեն քարոզում են ավետարանը, կստանան այդպիսի մեծ հավերժական օրհնություններ:
Վարդապետություն և Ուխտեր 75․6-22
Տերը կանչում և հրահանգում է միսիոներական զույգերին
Բացատրեք, որ այն բանից հետո, երբ Տերը հրահանգներ և խոստումներ տվեց երեցներին, ովքեր պատրաստվում էին ծառայել միսիաներում, Նա խմբավորեց նրանց զույգերի և յուրաքանչյուր զույգի տվեց որոշակի հրահանգներ:
Բաժանեք ուսանողներին զույգերի: Խնդրեք յուրաքանչյուր զույգից մեկ ուսանողի մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 75.6–12, իսկ մյուս ուսանողին՝ կարդալ 13–14 հատվածները: Խնդրեք նրանց կարդալու ընթացքում գտնել հետևյալ հարցերի պատասխանները.
-
Ո՞ւմ հետ էր Տերը խոսում։
-
Ի՞նչ օրհնություններ Տերը խոստացավ նրանց, եթե հավատարմորեն քարոզեին ավետարանը։
Հրավիրեք ուսանողներին կարդալ իրենց հանձնարարված հատվածները և կիսվել իրենց զուգընկերոջ հետ վերևում նշված հարցերի պատասխաններով:
-
Ի՞նչ լրացուցիչ խորհուրդ տվեց Տերը Վիլյամ Ի․ Մակլելլինին և Լյուկ Ջոնսոնին հատվածներ 8–11-ում, որոնք կարող են օգնել մեզ արդյունավետորեն քարոզել ավետարանը: (Աղոթել ստանալու համար Մխիթարիչին՝ Սուրբ Հոգուն՝ մեզ ուսուցանելու և հավատարիմ մնալու ուժ տալու համար:)
-
Ի՞նչ խոստում կրկնեց Տերը այդ զույգերից յուրաքանչյուրին հատվածներ 11, 13 և 14-ում: (Նա կլինի նրանց հետ: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ կրկնվող խոստումը:)
Խնդրեք ուսանողներն արտահայտել սկզբունքը, որը սովորեցին այդ հատվածներից: Թեև ուսանողները այլ բառեր կարող են օգտագործել, նրանք պետք է կարողանան առանձնացնել հետևյալ սկզբունքը. Եթե մենք հավատարիմ ենք ավետարանը քարոզելու գործում, Տերը կլինի մեզ հետ:
-
Ի՞նչ փորձառություններ եք ունեցել դուք կամ ձեզ ծանոթ մարդիկ, որոնց արդյունքում համոզվել եք, որ Տերը կլինի նրանց հետ, ովքեր հավատարմորեն կիսվում են ավետարանով ուրիշների հետ:
Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ իրենք կասեին իրենց ընկերոջը կամ ընտանիքի անդամին, ովքեր դժվարություններ ունեն լիաժամկետ միսիայում: Խնդրեք նրանց օգտագործել այսօրվա դասին սովորած սկզբունքները և մի կարճ խրախուսական նամակ գրել այդ միսիոներին իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Խնդրեք ուսանողներին կիսվել նամակով, թե ինչ կարող են անել միսիոներները ավելի հավատարմորեն ավետարանը քարոզելու համար, և ինչ օրհնություններ կստանան արդյունքում:
Երբ ուսանողները բավականաչափ ժամանակ ունենան գրելու իրենց նամակները, նրանցից մի քանիսին հրավիրեք դասարանի հետ կիսվել իրենց գրածով:
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 75.15–22, բացատրելով, որ Տերը հրահանգեց միսիոներներին օրհնել նրանց ընտանիքները, ովքեր կընդունեն իրենց: Նա նաև ուսուցանեց նրանց, թե ինչ անել, երբ մերժում են ստանում նրանց կողմից, ում հետ կիսվում են ավետարանով: (Կարող եք բացատրել, որ ոտքերի փոշին թոթափելը որպես վկայություն նրանց դեմ, ովքեր մերժում են միսիոներներին և նրանց ուղերձը, կատարվում է հազվադեպ առիթներով, երբ Տերը հստակ պատվիրում է դա անել:)
Վարդապետություն և Ուխտեր 75․23-29
Տերը բացատրում է, թե ինչպես կաջակցվեն նրանց ընտանիքները, ովքեր կանչվում են ծառայելու միսիայում
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 75-ում տրված երկրորդ հայտնությունը տրվեց երեցների մեկ այլ խմբի: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 75.23 և խնդրեք դասարանին գտնել, թե ինչ էին ցանկանում այդ երեցներն իմանալ:
Բացատրեք, որ Եկեղեցու վաղ օրերին միսիոներական ծառայության կանչված շատ տղամարդիկ ունեին կին և երեխաներ, որոնց պետք է պահեին: Ծառայելու կանչն ընդունելը մեծ զոհաբերություն էր ամբողջ ընտանիքի համար: Շատ երեցներ բնականաբար մտահոգվում էին, թե ինչ կպատահեր իրենց ընտանիքների հետ, եթե իրենք ընդունեին ավետարանը քարոզելու կանչը:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 75.24-28 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, ուշադրություն դարձնելով երեցներին տրված Տիրոջ հրահանգներին, ովքեր պետք է քարոզեին ավետարանը, սակայն ընտանիքներ ունեին, որոնց համար պետք է հոգ տանեին:
-
Համաձայն հատված 24-ի, երբ ամուսինը և հայրը ծառայում էին լիաժամկետ միսիայում, ո՞վ պետք է օգներ ընտանիքին:
-
Հատված 26-ում ի՞նչ է Տերը հրահանգում երեցներին անել, եթե նրանք գտնեին մի վայր, որտեղ իրենց ընտանիքներին կօգնեին:
-
Հատված 28-ում ի՞նչ է Տերն ասում նրանց, ում պայմանները թույլ չէին տալիս թողնել իրենց ընտանիքներին ավետարանը քարոզելու համար:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 75.29 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով Տիրոջ խորհուրդը, որը նա տվեց բոլոր այդ տղամարդկանց: Կարող եք բացատրել, որ ծույլը այն անձն է, որը չի ցանկանում աշխատել:
-
Ի՞նչ արտահայտություն հատված 29-ից դուք կարող եք օգտագործել ամփոփելու համար Տիրոջ խորհուրդը երեցներին, ովքեր կարողացել էին ծառայել միսիայում, և նրանց, ովքեր ստիպված էին մնալ տանը իրենց ընտանիքների համար հոգ տանելու: «Թող ամեն մարդ ջանասեր լինի բոլոր բաներում»: Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ այդ արտահայտությունը վերաբերում է բոլորիս, և որ Տերը պատվիրում է մեզ լինել ջանասեր բոլոր բաներում:)
-
Ի՞նչ է նշանակում «ջանասեր լինել բոլոր բաներում»: (Լինել հետևողական, կայուն, հաստատուն և վստահելի:)
Վարդապետություն և Ուխտեր 75․30-36
Տերը նշանակում է երեցներին ծառայել որպես միսիոներական զուգընկերներ
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 75.30–36, բացատրելով, որ այս հայտնության վերջում Տերը նշանակում է միսիոներական զուգընկերներ:
Ավարտեք դասը, հրավիրելով ուսանողներին գրել, թե ինչ կարող են անել այսօր` Տիրոջը ծառայելիս ավելի ջանասեր լինելու համար: Խնդրեք մեկ կամ երկու ուսանողի կիսվել իրենց մտքերով և վկայություններով այսօր դասարանում քննարկված սկզբունքների վերաբերյալ: