Դաս 96
Վարդապետություն և Ուխտեր 90-92
Նախաբան
1833 թվականի մարտի 8-ին Տերը հայտնություն տվեց, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 90 բաժնում։ Այս հայտնությունը պարունակում է հրահանգներ` ուղղված Քահանայապետերի Նախագահությանը և հանդիսանում էր «շարունակական քայլ» Առաջին Նախագահության զարգացման գործում (տես բաժնի նախաբանը): 1833 թվականի մարտի 9-ին Ջոզեֆ Սմիթը հետաքրքրվեց` արդյոք նա պետք է ներառի Պարականոն Գրքերը Աստվածաշնչի իր թարգմանության մեջ: Տերը պատասխանեց Ջոզեֆ Սմիթի հարցմանը հայտնության միջոցով, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 91 բաժնում և ասաց, որ կարիք չկար թարգմանել դրանք: Ընդամենը մի քանի օր անց, 1833 թվականի մարտի 15-ին Մարգարեն ստացավ հայտնություն, որը տրված է Վարդապետություն և Ուխտեր 92 բաժնում, հրահանգելով Ֆրեդերիկ Գ Վիլյամսին` Ջոզեֆ Սմիթի խորհրդականներից մեկին, լինել Միացյալ Միաբանության ակտիվ անդամ, որը կազմավորվել էր Եկեղեցու բարօրության և գործարար հարցերը վերահսկելու համար:
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 90․1-18
Տերը հրահանգներ է տալիս Բարձրագույն Քահանայության Նախագահությանը իրենց պարտականությունների վերաբերյալ:
Սկսեք այս դասը` տալով հետևյալ հարցերը.
-
Ո՞րն է ամենաարժեքավոր նվերը, որ դուք երբևէ ստացել եք: Ինչո՞ւ է այն արժեքավոր:
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 90․1-3 հատվածները և հանձնարարեք դասարանին` փնտրել որևէ արժեքավոր բան, որը Տերը տվել էր Ջոզեֆ Սմիթին։
-
Ի՞նչ էր կրում Ջոզեֆ Սմիթը: (Աստծո արքայության բանալիները, որը նշանակում է նախագահության իրավունքները կամ այն իշխանությունը, որ Աստված տալիս է մարդուն` կառավարելու և ղեկավարելու Իր թագավորությունը երկրի վրա:) Ինչո՞ւ է այն արժեքավոր:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 90.4-5 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով, թե Տերը ինչ զգուշացում տվեց Սրբերին։ (Կարող եք բացատրել, որ հատվածներ 4-5-ում հանդիպող պատգամներ բառը վերաբերում է Իր մարգարեների միջոցով Աստծո տված հայտնություններին։)
-
Ի՞նչ զգուշացում տվեց Տերը Ջոզեֆ Սմիթին։ Ի՞նչ սկզբունք մենք կարող ենք սովորել այս զգուշացումից: (Ուսանողների պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք թեթև բան համարենք հայտնությունները, որոնք Աստված տալիս է Իր մարգարեների միջոցով, մենք կսայթաքենք և կընկնենք: Կարող եք գրել հետևյալ սկզբունքը գրատախտակին։)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում թեթև բան համարել այն հայտնությունները, որոնք Տերը տալիս է Իր մարգարեների միջոցով: Որո՞նք են հայտնությունների այն մի քանի օրինակները, որոնք մարդիկ կարող են փորձել թեթև բան համարել:
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 90․6 հատվածը, փնտրելով, թե ուրիշ էլ ո՞ւմ մասին Տերն ասաց, որ պետք է կրի արքայության բանալիները։ Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ գտան նրանք:
Բացատրեք, որ 1833 թվականի մարտի 18-ին`բաժին 90-ի հայտնությունը տալուց տասն օր անց, Ջոզեֆ Սմիթը ձեռնադրեց Սիդնի Ռիգդոնին և Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին` որպես խորհրդականներ Բարձրագույն Քահանայության Նախագահությունում, որը հետագայում պիտի կոչվեր Եկեղեցու Առաջին Նախագահություն:
-
Ի՞նչ վարդապետություն կարող ենք մենք սովորել հատված 6-ից: (Ուսանողները պետք է արտահայտեն հետևյալ վարդապետությունը. Առաջին Նախագահությունը կրում է Աստծո արքայության բանալիները երկրի վրա: Համոզվեք, որ ուսանողները հասկանան, որ չնայած Առաջին Նախագահությունը կրում է արքայության բանալիները, Եկեղեցու Նախագահը միակ մարդն է, ով կարող է հայտնություն ստանալ Եկեղեցու համար:)
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 90․7-10 բացատրելով, որ Առաջին Նախագահությանը հրահանգվեց պատրաստել Մարգարեների Դպրոցի անդամներին` քարոզելու ավետարանը աշխարհով մեկ։ Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 90․11-ը և մտածել, թե ինչպե՞ս է այս հատվածն իրագործվում այսօր: Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ սովորեցին նրանք:
Դուք կարող եք նաև ամփոփել Վարդապետություն և Ուխտեր 90.12–18-ը: Այս հատվածներն ուսուցանում են, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը և իր խորհրդականները պետք է կարգի դնեին Եկեղեցու գործերը:
Վկայեք, որ Առաջին Նախագահությունը կրում է արքայության բանալիները և կիսվեք նրանց խոսքերը լսելու կարևորության մասին ձեր զգացումներով:
Վարդապետություն և Ուխտեր 90․19-37
Տերը հրահանգում է Սիոնի Սրբերին
Բացատրեք, որ երբ Ջոզեֆ Սմիթը ստացավ Վարդապետություն և Ուխտեր 90 բաժնում տրված հայտնությունը, նա և Եկեղեցու մյուս ղեկավարները գտնվում էին դժվարին իրավիճակում Եկեղեցու ֆինանսական միջոցների սղության պատճառով:
-
Ի՞նչ եք անում դուք, երբ հանգամանքները վատ են դասավորվում ձեր կյանքում:
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 90.19-37 հատվածները պարունակում են Տիրոջ հրահանգները Եկեղեցու վաղ շրջանի ղեկավարներին այն մասին, թե ինչպես վարվել դժվար իրավիճակներում, որոնց հետ նրանք բախվում են: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 90.24 հատվածը: Դասարանին հրավիրեք` հետևել նրան և գտնել այն խորհուրդը, որը կարող է սփոփել այն մարդկանց, ովքեր գտնվում են դժվարին իրավիճակում։
-
Հատված 24-ում տրված ո՞ր խորհուրդը կարող է սփոփել այն մարդկանց, ովքեր գտնվում են դժվարին իրավիճակում։ Ինչպե՞ս կձևակերպեիք Տիրոջ ուղերձը այս հատվածում` որպես սկզբունք։ (Ուսանողների պատասխանները պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք ջանասիրաբար փնտրենք, միշտ աղոթենք, հավատանք և պահենք մեր ուխտերը, բոլոր գործոնները միասին կաշխատեն մեր օգտին: )
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ բոլոր գործոնները միասին կաշխատեն մեր օգտին:
-
Ե՞րբ եք ջանացել հավատարիմ մնալ դժվարին ժամանակների ընթացքում և զգացել, որ օրհնվել եք արդյունքում:
Բացատրեք, որ Եկեղեցու անդամներից մեկը, ով մեծ հավատարմություն է ցուցաբերել դժվար ժամանակներում, եղել է Վիեննա Հագուեսը: Հանձնարարեք ուսանողներին աշխատել զույգերով: Յուրաքանչյուր ուսանողի տվեք հետևյալ տեղեկությունը Վիեննա Հագուեսի մասին։ Ուսանողներին հանձնարարեք ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 90․28-31 հատվածները միասին, և բացահայտել այն հատուկ հրահանգները, որոնք Տերը տվել է Վիեննային։ Ապա խնդրեք նրանց` ուսումնասիրել իրենց բաժանված նյութը և փնտրել, թե ինչպես էր Վիեննան հավատարիմ Եկեղեցուն:
Երբ զույգերն ավարտեն ընթերցումը, քննարկեք հետևյալ հարցերը դասարանի հետ.
-
Ինչպե՞ս Վիեննա Հագուեսը կատարեց Տիրոջ տված հրահանգները: Ի՞նչն է ձեզ գրավում Վիեննա Հագուեսի գործողություններում:
-
Ի՞նչ սովորեցիք Վիեննա Հագուեսի մասին ձեր կարդացածից:
Վարդապետություն և Ուխտեր 91
Փրկիչը հրահանգում է Ջոզեֆ Սմիթին` չթարգմանել Պարականոն Գրքերը
Եթե հնարավոր է, ցուցադրեք մի քանի տարբեր գրավոր տեղեկությունների աղբյուրներ, ինչպես օրինակ` գիրք, լրագիր կամ ամսագիր, կամ շարժական կապի սարք:
-
Ինչպե՞ս կարող եք դուք իմանալ` արդյո՞ք ձեր կարդացած աղբյուրը հավաստի է:
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 91 բաժնում գրանցված հայտնությունը ուղղորդեց Ջոզեֆ Սմիթին` ինչպես տարբերել, արդյոք իր կարդացածը ճիշտ էր, թե սխալ: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ բաժնի նախաբանը: Հանձնարարեք դասարանին հետևել նրան և փնտրել, թե ինչ էր անում Ջոզեֆը այն ժամանակ, երբ ստացավ այս հայտնությունը: Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ գտան նրանք:
Բացատրեք, որ Պարականոն Գրքերը հրեա ժողովրդի սուրբ գրքերի հավաքածու է, որոնք ի սկզբանե ներառված էին Հրեական Աստվածաշնչի (Հին Կտակարանի) մեջ, բայց ընդգրկված էին Աստվածաշնչի հունարեն թարգմանության մեջ` Քրիստոսի ժամանակից քիչ առաջ: Գրքերից մի քանիսը միմյանց են կապում Հին Կտակարանի և Նոր Կտակարանի միջև ընկած ժամանակաշրջանը: Երբ վաղ շրջանի քրիստոնյաները հավաքում էին Աստվածաշնչի գրքերը դարեր անց, նրանք ընդգրկեցին նաև Պարականոն Գրքերը, բայց հարցեր առաջացան, արդյո՞ք նրանք հանդիսանում էին սուրբ գրությունների մաս: Աստվածաշնչի այն օրինակում, որն օգտագործում էր Ջոզեֆ Սմիթը իր ոգեշնչված թարգմանությունը ստեղծելու համար, ընդգրկված էին Պարականոն Գրքերը: Սակայն, քանի որ Պարականոն Գրքերի օրինականությունը հարցականի տակ էր, Ջոզեֆը հարցրեց Տիրոջից, արդյո՞ք Աստվածաշնչի իր թարգմանությունը պետք է ընդգրկի այդ գրքերը:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 91.1-3 հատվածները: Դասարանին խնդրեք փնտրել, թե Ջոզեֆ Սմիթն ի՞նչ իմացավ Պարականոն Գրքերի մասին։ (Գուցե դուք կարիք ունենաք բացատրելու, որ ընդմիջարկումը մի նյութ է, որը տեղադրվում է ձեռագրի մեջ, երբեմն հանգեցնելով հիմնական տեքստի աղավաղմանը:)
Երբ ուսանողները կարդան իրենց գտած նյութը, նրանցից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 91.4-6 հատվածները: Դասարանին հանձնարարեք բացահայտել, թե ինչպե՞ս կարող էր Ջոզեֆ Սմիթն իմանալ, թե ի՞նչն էր ճշմարիտ Պարականոն Գրքերում։
-
Ինչպե՞ս կարող էր Ջոզեֆն իմանալ, թե ի՞նչն էր ճշմարիտ Պարականոն Գրքերում։
-
Ինչպե՞ս կարող է հատվածներ 4-6-ը օգնել հասկանալ այն, ինչ կարդում ենք։ (Ուսանողները պետք է գտնեն հետևյալ սկզբունքը. Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ իմանալ, արդյո՞ք մեր կարդացածը ճիշտ է:)
Հրավիրեք մի քանի ուսանողների` կիսվել այն փորձառությամբ, թե երբ են նրանք զգացել, որ Սուրբ Հոգին հաստատում է, որ իրենց կարդացած նյութը ճիշտ է:
Վարդապետություն և Ուխտեր 92
Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը պետք է ընդունվի Միացյալ Միաբանության մեջ:
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 92 բաժնում պարունակվող հայտնությունը հրահանգում էր Եկեղեցու ղեկավարներին, ովքեր Միացյալ Միաբանության (նաև Միացյալ Կարգ) մաս էին հանդիսանում, ընդունել Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին Միաբանության մեջ: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 92.1-2 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան և գտնել, թե ինչպես էր Տերը ցանկանում, որ Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը գործեր` որպես միաբանության անդամ: Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ գտան նրանք:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը պիտի լիներ «գործունյա անդամ»։
-
Ի՞նչ կարող եք անել, որպեսզի լինեք Եկեղեցու գործունյա անդամ այսօր:
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք մենք սովորել հատված 2-ից, հավատարիմներին խոստացված օրհնությունների մասին։ (Ուսանողների պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք հավատարիմ ենք Տիրոջ պատվիրաններին, ապա մենք օրհնված կլինենք ընդմիշտ:)
Դասն ամփոփեք` բերելով ձեր վկայությունը այս դասին հայտնաբերված վարդապետությունների և սկզբունքների մասին: