Դաս 136
Վարդապետություն և Ուխտեր 129, 130․1–11, 22–23
Նախաբան
1843 թվականի փետրվարի 9-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը հրահանգներ տվեց, որպեսզի օգնի Սրբերին տարբերել սպասավորող հրեշտակների և հոգիների էությունը։ Այդ հրահանգները գրված են Վարդապետություն և Ուխտերի 129 բաժնում։ Վարդապետություն և Ուխտերի 130 բաժինը պարունակում է տարբեր վարդապետությունների վերաբերյալ Ջոզեֆ Սմիթի ուսմունքները, երբ նա Ռեյմուսում (Իլինոյս) 1843 թվականի ապրիլի 2-ին հանդիպում էր Սրբերի հետ։
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 129
Մարգարե Ջոզեֆ Սմիթը հրահանգներ է տալիս սպասավորող հրեշտակների և հոգիների էությունը տարբերելու վերաբերյալ
Հարցրեք ուսանողներին, թե ինչ կպատասխանեին այն մարդուն, ով կցանկանար իմանալ, թե արդյոք Վերջին Օրերի Սրբերը հավատում են հրեշտակներին։ Ուսանողների պատասխաններից հետո, հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ միտքը.
«Սկզբից ի վեր ողջ տնտեսությունների ընթացքում Աստված օգտագործել է հրեշտակներին որպես Իր պատվիրակներ՝ հայտնելու սեր և մտահոգություն Իր զավակների հանդեպ:
Սովորաբար այսպիսի էակները տեսանելի չեն ։ Երբեմն նրանք տեսանելի են։ Սակայն, տեսանելի, թե ոչ տեսանելի, նրանք միշտ մոտիկ են։ Երբեմն նրանց հանձնարարությունները շատ վիթխարի են և կարևորություն ունեն ողջ աշխարհի համար։ Երբեմն ուղերձներն ավելի անձնական են։ Սովորաբար հրեշտակային սպասավորման նպատակն է նախազգուշացնել» («Հրեշտակների ծառայությունը» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 29)։
Բացատրեք, որ 1839 թվականի սկզբից մինչև 1843թվականը,Մարգարե Ջոզեֆ Սմիթը մի քանի մարդկանց հրահանգներ տվեց, որպեսզի օգնի նրանց տարբերել սպասավորող հրեշտակների և հոգիների էությունը։ Այդ հրահանգներից մի քանիսը գրված են Վարդապետություն և Ուխտերի 129 բաժնում։
Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 129.1-3 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել նրան և փնտրել հրեշտակների և հոգիների միջև եղած էական տարբերությունը։ (Կարող եք բացատրել, որ արդար բառը նշանակում է արդարամիտ։)
-
Ինչպե՞ս են հրեշտակները տարբերվում հոգիներից։ (Հրեշտակներն ունեն մսից ու ոսկորից հարություն առած մարմին, իսկ հոգիները չունեն։)
Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 129.4-7 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես կարելի է տարբերակել հրեշտակներին արդար հոգիներից։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։
-
Ի՞նչ ենք սովորում 7-րդ հատվածից Երկնային Հոր կողմից ուղարկված ճշմարիտ սուրհանդակների էության մասին։ (Ուսանողների պատասխաններից հետո կարող եք առաջարկել, որ հետևյալ վարդապետությունը գրեն իրենց սուրբ գրությունների լուսանցքում․ Երկնային Հոր կողմից ուղարկված ճշմարիտ սուրհանդակները չեն մոլորեցնի մեզ։)
Բացատրեք, որ սատանան երբեմն փորձում է հայտնվել «հրեշտակի լույսի» ներքո, որպեսզի մոլորեցնի մարդկանց (տես ՎևՈւ 129․8)։ Բացի դրանից, սուրբ գրություններում նաև խոսվում է դևի հրեշտակների մասին։ Դրանք այն հոգիներն են, ովքեր հետևեցին Լյուցիֆերին և նախաերկրային կյանքում դուրս գցվեցին Աստծո ներկայությունից և նետվեցին ցած դեպի երկիր (Հայտ․ 12․1–9, 2 Նե. 9․9, 16, ՎևՈւ 29․36–37)» (Սուրբ գրքերի ուղեցույց «Հրեշտակներ» scriptures.lds.org)։ Մի առնչվեք Սատանային կամ չար ոգիներին վերաբերող խոսակցություններին կամ թույլ տվեք, որ խոսակցությունը գնա զգայացունց կամ շինծու նյութերի մասին։
Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 129.8-9 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել և փնտրել, թե ինչպես ճանաչել այն չար հոգին, որը ցանկանում է մոլորեցնել՝ հայտնվելով որպես լույսի հրեշտակ։ (Բացատրեք, որ սպասավորություն բառը 9-րդ հատվածում վերաբերում է հրեշտակի կամ հոգու հայտնվելուն կամ այցելությանը։) Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով:
-
Բացի այդ հատվածների հրահանգներից, ի՞նչ է Երկնային Հայրը տվել ձեզ, որպեսզի օգնի ձեզ տարբերել Սատանայի խաբկանքները։
Վարդապետություն և Ուխտեր 130․1–11, 22–23
Մարգարե Ջոզեֆ Սմիթը հստակեցնում է մի քանի վարդապետություններ
Բացատրեք, որ 1843 թվականի ապրիլի 2-ին Ջոզեֆ Սմիթը Սրբերի հետ ցցի համաժողով անցկացրեց Ռեյմուսում (Իլինոյս), որը գտնվում էր Նավուից շուրջ 20 մղոն հարավ-արևելք։ Առավոտյան ժողովի ժամանակ Երեց Օրսոն Հայդը մի քարոզ կարդաց և ուսուցանեց մի սուրբ գրության հատվածի մեկնաբանությունը, որը նա սովորել էր մեկ այլ Եկեղեցու հետ իր առնչության ժամանակ։
-
Ի՞նչ պատասխանատվություն էր կրում Մարգարեն այդ իրավիճակում: (Ճշտել որևէ կեղծ վարդապետություն, որն ուսուցանվում էր ժողովի ժամանակ)։
Բացատրեք, որ Եկեղեցու նախագահող ղեկավարները, ինչպես օրինակ՝ մարգարեները, ցցերի նախագահները և եպիսկոպոսները պատասխանատու են, որ ճիշտ վարդապետություններ ուսուցանվեն Եկեղեցու ժողովների ժամանակ։ Առավոտյան ժողովի ժամանակ Ջոզեֆ Սմիթը, Օրսոն Հայդը և մի քանի այլ մարդիկ ճաշեցին Ջոզեֆի քրոջ` Սոֆրոնիայի տանը։ Ճաշի ընթացքում Մարգարեն ասաց, որ նա «ցանկանում էր որոշ ճշգրտումներ մտցնել [Եղբայր Հայդի] քարոզի մեջ»։ Եղբայր Հայդը պատասխանեց․ «Դրանք երախտագիտությամբ կընդունվեն» (in History of the Church, 5:323)։
-
Ի՞նչ ենք սովորում այն մասին, թե ինչպես Ջոզեֆ Սմիթը վարվեց այդ իրավիճակում։
-
Ի՞նչ կարող ենք սովորել Մարգարեին տրված Օրսոն Հայդի պատասխանից։
Բացատրեք, որ առավոտյան իր ելույթի ժամանակ Օրսոն Հայդը սխալ էր մեկնաբանել Հովհաննեսի 14․23 հատվածը։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ այդ հատվածը։
Դասարանին տեղեկացրեք, որ երբ Օրսոն Հայդը կարդաց այդ հատվածը, նա մարդկանց ասաց, որ դա «մեր արտոնությունն է, որ Հայրը և Որդին ապրում են մեր սրտերում» (in History of the Church, 5:323)։ Վարդապետություն և Ուխտերի 130 բաժնում Մարգարե Ջոզեֆ Սմիթը տալիս է այդ գաղափարի ճշգրտումը։ Այն պարունակում է նաև որոշ լրացուցիչ ուսմունքներ։
Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 130.1-3 հատվածները: Հանձնարարեք ուսանողներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչու է Օրսոն Հայդի Հովհաննեսի 14․23 հատվածի մեկնաբանությունը սխալ։ Հրավիրեք նրանց կիսվել իրենց մտքերով:
Բացատրեք, որ շատ մարդիկ այսօր հասկացողություն չունեն Աստծո մասին, կամ միգուցե Օրսոն Հայդի նման, ով անցյալում Քամբելայթի քարոզող էր, կեղծ ավանդույթների պատճառով սխալ ըմբռնում ունեն Աստվածության էության վերաբերյալ։ Մենք կարող ենք օգնել ուրիշներին հասկանալ Երկնային Հոր ճշմարիտ էությունը և իրենց հարաբերությունները Նրա հետ։
-
Ինչպե՞ս կարող ենք բարությամբ և ըմբռնմամբ պատասխանել, երբ ավետարանը քննարկում ենք նրանց հետ, ովքեր կեղծ ավանդույթների պատճառով խառնել են գաղափարները։
Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 130․22–23 հատվածները։ Դասարանին հանձնարարեք հետևել ՝ փնտրելով այն վարդապետությունները, որոնք նրանք կարող են բացատրել, երբ ուրիշներին ուսուցանում են Աստվածագլխի վերաբերյալ։
-
Ի՞նչ վարդապետություններ են ուսուցանվել այդ հատվածներում։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ վարդապետությունները․ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը առանձին անհատներ են` մսից ու ոսկորից մարմիններով։ Սուրբ Հոգին հոգեղեն անձնավորություն է։)
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը առանձին անհատներ են` մսից ու ոսկորից մարմիններով։
Որպեսզի օգնեք ուսանողներին հետագայում ավելի լավ հասկանալ Աստվածագլխի վարդապետությունը, հանձնարարեք նրանց աշխատել զույգերով։ Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք հետևյալ հայտարարության մեկական օրինակ։ Հրավիրեք ուսանողներին այդ հայտարարությունն ուսումնասիրել իրենց զուգընկերոջ հետ և ընդգծել Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն վերաբերող այն ճշմարտությունները, որոնք հատկանշական են նրանց համար։
Երբ ուսանողներն ավարտեն այդ հանձնարարությունը, մի քանիսին խնդրեք կիսվել իրենց ընդգծածով և բացատրել, թե ինչու այդ ճշմարտություններն առանձնացրին։ Այդ վարժությունը կարող եք ավարտել՝ հրավիրելով մեկ կամ երկու ուսանողի դասարանի հետ կիսվել Աստվածագլխի վերաբերյալ իրենց վկայություններով։
Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել մեկ այլ վարդապետություն, որը Ջոզեֆ Սմիթը Ռեյմուսում ուսուցանեց Սրբերին, հանձնարարեք նրանց կրկնել Վարդապետություն և Ուխտերի 130․2 հատվածը, ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց նա մեր հարաբերությունների մասին։
-
Ի՞նչ է նշանակում հարաբերություն։ (Հարաբերությունը վերաբերում է մեր անձնական փոխգործակցության և հարաբերությունների էությանը։)
-
Ի՞նչ ուսուցանեց Ջոզեֆ Սմիթը երկնքում մեր հարաբերությունների մասին։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Հարաբերությունները, որոնք մենք կարող ենք ունենալ երկնքում նույնն են, ինչոր մենք վայելում ենք երկրում, բայց նրանք կզուգակցվեն հավերժական փառքով։)
-
Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունն ազդել ուրիշների հետ ունեցած ձեր փոխհարաբերությունների վրա։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ․ Այրինգի հետևյալ վկայությունը՝ հավերժական հարաբերությունների մասին․
«Հավերժական ընտանիքների մասին գիտելիքի վերականգնման շնորհիվ մենք ավելի մեծ հույսով ու բարությամբ ենք լցված մեր ընտանեկան կապերի հանդեպ։ Այս կյանքի մեծագույն ուրախությունը ընտանիքի հետ է կապված, այդպես կլինի և գալիք աշխարհներում։ Ես այնքան երախտապարտ եմ այն վստահության համար, որ հավատարիմ լինելու դեպքում, նույն հարաբերությունը, որը մենք վայելում ենք այժմ այս կյանքում, կտևի հավերժ գալիք աշխարհում` հավերժական փառքի մեջ» [տես ՎևՈւ 130․2] («Ճշմարիտ և կենդանի Եկեղեցի» Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 22)։
Հանձնարարեք ուսանողներին խորհել ուրիշների հետ ունեցած իրենց հարաբերությունների մասին` հատկապես իրենց ընտանիքի անդամների հետ։ Հրավիրեք նրանց նպատակ դնել այդ հարաբերություններն ամրացնելու համար։
Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել այլ վարդապետություններ, որոնք Մարգարեն ուսուցանեց այդ ժողովի ժամանակ, հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 130․4–11։
-
Ի՞նչ ենք սովորում հրեշտակների մասին 4-7-րդ հատվածներից։
-
Ի՞նչ ենք սովորում 9-րդ հատվածից մեր երկրի ապագայի մասին։
Կարող եք բացատրել, որ ըստ 10–11-րդ հատվածների, բոլոր նրանք, ովքեր կժառանգեն սելեստիալ արքայությունը, կստանան Ուրիմն ու Թումիմը, որոնց օգնությամբ նրանք կսովորեն և կհասկանան երկնային բաները։ Մարգարեն չի մանրամասնել այդ ուսմունքը։