Դաս 38
Վարդապետություն և Ուխտեր 31-32
Նախաբան
1830թ. սեպտեմբերին Տերը կանչում է Թոմաս Բ․ Մարշին քարոզել ավետարանը և օգնել հիմնել Եկեղեցին: Այս կոչը, որը պարունակվում է Վարդապետություն և Ուխտեր 31-ում, ներառում է նաև խոստումներ և խորհուրդ, որը Թոմասը կարող էր օգտագործել որպես միսիոներ իր անձնական կյանքում: 1830թ. հոկտեմբերին Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը պարունակվում է Վարդապետություն և Ուխտեր 32-ում, որում Տերը կանչում է Փարլի Պ․ Պրատին և Զիբա Պիտերսոնին միանալ Օլիվեր Քաուդերիին և Պիտեր Ուիթմեր կրտսերին՝ արևմտյան Միսսուրիում լամանացիների մեջ միսիա իրականացնելու: Տերը խոստանում է լինել այդ տղամարդկանց հետ նրանց միսիոներական ջանքերում:
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 31․1-8
Տերը կանչում է Թոմաս Բ. Մարշին քարոզել ավետարանը և օգնել հիմնել Եկեղեցին:
Հրավիրեք ուսանողներին մտածել իրենց ընտանիքի անդամների մասին և զգացումների, որ տածում են նրանց հանդեպ: Կարող եք ցուցադրել ձեր ընտանիքի նկարը և համառոտ արտահայտել ձեր սերը նրանց հանդեպ: Խնդրեք ուսանողներին խորհել, թե արդյոք իրենց ընտանիքում կա որևէ մեկը, ով Եկեղեցու անդամ չէ կամ ներկայումս չի ապրում Տիրոջ հետ կապած իր ուխտերին համաձայն: Կարող եք նաև հրավիրել ուսանողներին խորհել իրենց հույսերի մասին ընտանիքի այդ անդամների վերաբերյալ:
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 31-ում Տերը դիմում է նոր մկրտված մի մարդու՝ Թոմաս Բ․ Մարշին և խոսում նրա ընտանիքի մասին:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ բաժնի պատմական իրավիճակը, հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ հետևյալ նկարագրությունը, թե ինչպես Թոմաս Բ․ Մարշը դարձավ Եկեղեցու անդամ:
1829թ., երբ ապրում էր Բոստոնում, Մասաչուսեթս, Թոմաս Բ․ Մարշը եզրակացրեց, որ իր իմացած եկեղեցիներից ոչ մեկը չէր համապատասխանում Աստվածաշնչի ուսմունքներին: Նա գրել է. «Ես համոզված եմ, որ Աստծո Հոգին թելադրեց ինձ ճամփորդել դեպի արևմուտք»: Նա հեռացավ, թողնելով իր կնոջը՝ Էլիզաբեթին, և իրենց երիտասարդ ընտանիքին, ճշմարտության որոնումներում: Երեքամսյա ճամփորդությունից հետո Թոմասը տուն էր վերադառնում, երբ լսեց Ոսկե Գրքի մասին, որը գտել էր Ջոզեֆ Սմիթ անունով մի պատանի: Նա ուղևորվեց Պալմիրա, Նյու Յորք, որտեղ հանդիպեց Մարտին Հարրիսին: Տպագրիչը որպես ապացույց տվեց Թոմասին մի թերթ, որը պարունակում էր Մորմոնի Գրքի առաջին տասնվեց էջերը: Թոմասը հետագայում գրում է. «Տուն ժամանելուց հետո ես ցույց տվեցի Մորմոնի Գրքի տասնվեց էջերը կնոջս, … որոնք նա հավանեց, հավատալով, որ դա … Աստծո աշխատանքն էր»։ Մեկ տարի անց, լսելով Եկեղեցու կազմավորման մասին, Թոմասը ընտանիքով տեղափոխվեց Պալմիրա: Այնտեղ ապրելիս նա մկրտվեց Ֆայեթի մոտակայքում և կարգվեց որպես երեց Օլիվեր Քաուդերիի կողմից 1830թ. սեպտեմբերին (տես Thomas B. Marsh, “History of Thomas Baldwin Marsh,” Millennial Star, June 11, 1864, 375):
-
Ի՞նչը ձեզ տպավորեց Թոմաս Բ․ Մարշի ճշմարտության որոնումներում։
Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 31.1–2 և հրավիրեք դասարանին գտնել այն արտահայտությունները, որոնք Տերն օգտագործում է խրախուսելու համար Թոմասին նրա մկրտությունից հետո:
-
Ի՞նչ խրախուսանք Տերը տվեց Թոմասին այդ տողերում։
-
Ի՞նչ խոստում Տերը տվեց Թոմասին այդ տողերում նրա ընտանիքի վերաբերյալ։
-
Ի՞նչ սկզբունք մենք կարող ենք սովորել Վարդապետություն և Ուխտեր 31.1–2-ից, որը կարող է օգնել մեզ, եթե մենք ունենք ընտանիքի անդամներ, ովքեր Եկեղեցու անդամներ չեն կամ հավատարմորեն չեն ապրում իրենց ուխտերին: (Թեև ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, նրանք պետք է գտնեն հետևյալ սկզբունքը. Մեր հավատարմության միջոցով մեր ընտանիքի անդամները կարող են օրհնվել, հավատալով և իմանալով ճշմարտությունը: Գրեք այս սկզբունքը գրատախտակին):
-
Ի՞նչ եղանակներով անհատները կարող են օրհնվել ընտանիքի անդամների հավատարմության շնորհիվ: Ի՞նչ օրինակներ եք դուք տեսել:
Խնդրեք աշակերտներին արագ կարդալ Վարդապետություն և Ուխտեր 31.3–4 և գտնել, թե Թոմաս Բ. Մարշին Տերն ի՞նչ կանչեց անել: Խնդրեք նրանց ասել, թե ինչ գտան: Այնուհետև հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի հետևյալ խոսքերը այն օրհնությունների մասին, որոնք տրվում են նրանց, ովքեր հավատարմորեն ծառայում են որպես միսիոներներ: (Կարող եք ուսանողներին տրամադրել այդ հայտարարության մեկ օրինակ՝ սուրբ գրություններում պահելու համար։) Դասարանին խնդրեք հետևել, տեսնելով, թե ով է օրհնվում միսիոներական ծառայության շնորհիվ:
«Դուք կօրհնեք նրանց կյանքը, ում ուսուցանում եք, և նրանց սերունդների կյանքը: Դուք կօրհնեք ձեր սեփական կյանքը: Դուք կօրհնեք ձեր ընտանիքի կյանքը, ովքեր կսատարեն և կաղոթեն ձեզ համար» (“Of Missions, Temples, and Stewardship,” Ensign, Nov. 1995, 52):
-
Ո՞վ է օրհնվում միսիոներական ծառայության շնորհիվ:
Դասարանը երեք խմբի բաժանեք: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 31.5-8 հատվածները: Խնդրեք խմբերից մեկին գտնել օրհնությունները, որոնք կտրվեին նրանց, ում ուսուցանում էր Թոմաս Բ․ Մարշը: Խնդրեք երկրորդ խմբին գտնել օրհնությունները, որոնք կտրվեին Թոմասին, երբ նա ծառայեր որպես միսիոներ: Խնդրեք երրորդ խմբին գտնել օրհնությունները, որոնք կտրվեին Թոմասի ընտանիքին, երբ նա նրանցից հեռու լիներ: Այն բանից հետո, երբ ուսանողն ավարտի կարդալը, տվեք հետևյալ հարցերը․
-
Ի՞նչ օրհնություններ կտրվեին նրանց, ում ուսուցանում էր Թոմաս Բ․ Մարշը:
-
Ինչպե՞ս կօրհնվեր Թոմասը իր միսիոներական ծառայության համար:
-
Ինչպե՞ս կօրհնվեր նրա ընտանիքը:
-
Ինչպե՞ս է մեկ այլ անձի միսիոներական ծառայությունը օրհնել ձեր կամ մեկ ուրիշի կյանքը, ում դուք ճանաչում եք:
Կարող եք կիսվել օրինակներով, թե ինչպես է միսիոներական ծառայությունը օրհնել մարդկանց կյանքը։
Վարդապետություն և Ուխտեր 31․9-13
Հիսուս Քրիստոսը անձնական խորհուրդ տվեց Թոմաս Բ․ Մարշին
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 31.9–13 հատվածները պարունակում են Տիրոջ խորհուրդը Թոմաս Բ․ Մարշին, որով Նա ցանկանում էր օգնել նրան իր անձնական կյանքում և որպես միսիոներ: Դասից առաջ գրեք հետևյալ հրահանգները գրատախտակին կամ թերթիկներ պատրաստեք յուրաքանչյուր ուսանողի համար.
Հանձնարարեք ուսանողներին աշխատել զույգերով: Խնդրեք նրանց անհատապես ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 31.9-12, ապա կիսվել իրենց պատասխաններով զուգընկերոջ հետ:
Երբ ուսանողները կիսվեն, խնդրեք նրանց մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 31.13 և գտնել այն օրհնությունները, որոնք Տերը խոստացավ Թոմաս Բ․ Մարշին, եթե նա հավատարիմ լիներ: Ուսանողներից մեկին խնդրեք գալ գրատախտակի մոտ և գրել այդ խոստումը սկզբունքի տեսքով, օգտագործելով եթե և ապա բառերը: Խրախուսեք մյուսներին օգնել այդ ուսանողին, եթե կա դրա կարիքը: Թեև ուսանողը կարող է տարբեր բառեր օգտագործել, հետևյալ սկզբունքը պետք է հստակ լինի. Եթե մենք հավատարիմ ենք մինչև վերջ, ապա Տերը կլինի մեզ հետ: Շեշտեք, որ այս ճշմարտությունը վերաբերում է նաև մեզ, երբ մենք փորձում ենք կիսվել ավետարանով ուրիշների հետ, և այլ իրավիճակներում ևս:
-
Ե՞րբ եք զգացել, որ Տերը ձեզ հետ է, երբ դուք եղել եք հավատարիմ Նրան: (Ուսանողներին ժամանակ տվեք խորհելու այդ հարցի շուրջ։ Նաև կարող եք կիսվել անձնական փորձառությամբ։)
Վարդապետություն և Ուխտեր 32
Տերը կանչում է Փարլի Պ․ Պրատին և Զիբա Պիտերսոնին միանալ միսիային լամանացիների մեջ
Խնդրեք ուսանողներին նայել իրենց սուրբ գրությունների քարտեզին, որը վերնագրված է «Եկեղեցու շարժումը դեպի արևմուտք» (տես Եկեղեցու պատմության քարտեզներ, Քարտեզ 6): Կամ կարող եք ցույց տալ մեծ քարտեզ, որի վրա երևում է հեռավորությունը Նյու Յորքից Միսսուրի, ԱՄՆ:
-
Որտե՞ղ էին կանչվել քարոզելու ավետարանը Օլիվեր Քաուդերին և Պիտեր Ուիթմերը: (Եթե ուսանողները չեն հիշում, հրավիրեք նրանց անդրադառնալ Վարդապետություն և Ուխտեր 28.8–9, 30.5-ին: Այդ միսիոներները կանչված էին քարոզելու լամանացիներին Միսսուրիի արևմտյան սահմանի վրա: Օգնեք ուսանողներին գտնել այդ տարածքը քարտեզի վրա:)
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 32-ի նախաբանը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն հարցին, որն առաջացել էր Եկեղեցու մի քանի երեցների մոտ՝ կապված միսիայի հետ, որին կանչվել էին Օլիվեր Քաուդերին և Պիտեր Ուիթմեր կրտսերը:
-
Ի՞նչ հարց ունեին Եկեղեցու որոշ երեցներ լամանացիների մեջ միսիայի հետ կապված: (Նրանք ուզում էին իմանալ, թե արդյոք կարող էին լրացուցիչ միսիոներներ կանչվել լամանացիներին ուսուցանելու համար:)
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 32.1-3 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ կանչվեցին անել Փարլի Պ․ Պրատը և Զիբա Պիտերսոնը, և թե ինչ նրանց խոստացավ Տերը:
-
Ի՞նչ պետք է անեին Փարլին և Զիբան:
-
Ի՞նչ Տերը խոստացավ նրանց:
Կարող եք նշել նմանությունը այն խոստումների, որոնք տրված են Վարդապետություն և Ուխտեր 32.3-ում, և գրատախտակին գրված սկզբունքի. Եթե մենք հավատարիմ ենք մինչև վերջ, Տերը մեզ հետ կլինի:
Կարող եք բացատրել, որ 1830թ. աշնան և 1830–31թթ. ձմռան ընթացքում միսիոներների մի փոքր խումբ (որին հետագայում միացավ Օհայոյից Ֆրեդերիկ Գ․ Վիլյամս անունով մի նորադարձ) անցան մոտ 2400 կմ Ֆայեթից, Նյու Յորք, մինչև Ինդիփենդենս, Միսսուրի, հիմնականում ոտքով: Այս չորս միսիոներները հասան Ինդիփենդենս 1831թ. հունվարի կեսերին: Ճամփորդության ժամանակ նրանք դիմացել են ուժգին սառնամանիքի, քամիների, գերհոգնածության, սնվելով հիմնականում եգիպտացորենի սառած հացով և վայրի խոզի մսով: Որոշ տեղերում ձյունը, որի միջով նրանք անցնում էին, հասնում էր երեք ֆուտ բարձրության: Չնայած այդ դժվարություններին, միսիոներները հաջողությամբ ներկայացրեցին ավետարանը Ամերիկյան հնդկացիներին, ովքեր ապրում էին Հնդկացիների տարածքում՝ Միսսուրիի արևմտյան սահմանների մոտ: Նրանք նաև քարոզեցին ավետարանը Մենտորում և Կիրթլենդում, Օհայո, մի համայնքի, ովքեր փնտրում էին Նոր Կտակարանի Քրիստոնեության վերականգնումը: (Ուսանողները ավելին կսովորեն այդ մարդկանց և նրանց ղեկավարի՝ Սիդնի Ռիգդոնի մասին, երբ ուսումնասիրեն Վարդապետություն և Ուխտեր 35:) Տերը կատարեց Իր խոստումը. Նա եղավ այդ միսիոներների հետ և ոչինչ չխանգարեց նրանց: (Sես Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 84–85:)
Կարող եք ավարտել այս դասը՝ վկայելով այս դասին քննարկված ճշմարտությունների մասին։