Դաս 54
Վարդապետություն և Ուխտեր 46
Նախաբան
1830թ. մարտին, եկեղեցու կազմակերպումից մոտավորապես մեկ տարի անց, Տերը հիշեցրեց սրբերին, որ ժողովները պետք է անցկացվեն Սուրբ Հոգով: Նույն հայտնությամբ Նա կարևորեց, որ մարդիկ, ովքեր եկեղեցու անդամներ չեն, չպետք է դուրս հրավիրվեն հասարակական ժողովներից: Անհավատներին ժողովներից դուրս հանելու երևույթը շտկելուց բացի Տերն ուսուցանեց Հոգու պարգևների մասին:
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 46․1-6
Տերը հրահանգում է սրբերին եկեղեցու ժողովների վերաբերյալ
Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե նրանց հանձնարարված է ծրագրել հաղորդության ժողովը:
-
Ինչպե՞ս կիմանաք, թե ինչ է պետք ընդգրկել ժողովին: Ինչպե՞ս կընտրեք երաժշտությունը և կորոշեք, թե ովքեր ելույթ ունենան:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 46.1–2 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչ հրահանգ է տալիս Տերը եկեղեցու ժողովները վարելու վերաբերյալ: Կարող եք նշել, որ ժողովները վարելու պարտականության մեջ է մտնում ժողովներին պատրաստվելը: Հրավիրեք ուսանողներին ասել այն, ինչ իմացան: Նրանց պատասխանները կարող են տարբեր լինել, սակայն նրանք պետք է ներկայացնեն հետևյալ սկզբունքը. Եկեղեցու առաջնորդները ժողովները վարելիս պետք է առաջնորդվեն Սուրբ Հոգով:
-
Զգացե՞լ եք արդյոք որևէ ժողովի ժամանակ, որ ղեկավարներն առաջնորդվում են Սուրբ Հոգով:
-
Ինչպե՞ս կարող են եկեղեցու անդամները Սուրբ Հոգու ազդեցությունը հրավիրել եկեղեցու ժողովներին:
Հրավիրեք ուսանողներին իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել, թե ինչպես կարող են բարելավել եկեղեցու ժողովների իրենց մասնակցությունը:
Գրատախտակին գրեք հետևյալը. Այցելուների համար դռները բաց են: Խնդրեք ուսանողներին մտաբերել, թե որտեղ են տեսել այսպիսի ցուցանակ: Հարցրեք, թե արդյոք տեսել են նման ցուցանակ եկեղեցու հավաքատներից դուրս: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 46 բաժնի նախաբանը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել գրքում, թե ում էին ընդունում իրենց ժողովներին վաղեմի սրբերը: Խնդրեք նրանց ասել, թե ինչ գտան: Այնուհետև խնդրեք նրանց մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45.3-6 հատվածները, գտնելով արտահայտություններ, որոնք շտկում են այս նախկին վարվեցողությունը:
-
Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից` թե Տերն ինչպես է ցանկանում, որ վերաբերվենք մյուսներին: (Ուսանողները պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Տերը պատվիրել է մեզ ընդունել բոլոր մարդկանց մեր հասարակական ժողովներում:)
-
Ինչպե՞ս կարող ենք օգնել մյուսներին իմանալ, որ մեր եկեղեցու ժողովներին նրանց համար դռները բաց են:
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի խորն իմանալ այս ճշմարտության մասին, պատմեք հետևյալ օրինակը.
Եկեղեցու մի երիտասարդ անդամ իր ընտանիքի հետ առաջին անգամ այցելում է նոր ծուխ: Հաղորդության ժողովից հետո այդ ծխի անդամներից մեկը ողջունում է նորեկ ընտանիքին և ցույց տալիս, թե ուր գնալ կիրակնօրյա դպրոցին մասնակցելու համար: Նա ուղեկցում է երիտասարդ աղջկան դասարան և` ծանոթացնում ուսուցչի հետ: Դասարանի երիտասարդ տղամարդիկ և կանայք թռուցիկ ծանոթանում են նրա հետ և, ապա, շարունակում են այցելել միմյանց, անտեսելով նրան:
-
Ինչպիսի՞ն կարող էր լինել այս իրավիճակը, եթե կիրակնօրյա դպրոցի դասարանի անդամները հետևեին Վարդապետություն և Ուխտեր 46․3-6 հատվածներին:
Քաջալերեք ուսանողներին ողջունել եկեղեցու ժողովների, դասարանների և միջոցառումների այցելուներին:
Վարդապետություն և Ուխտեր 46․7-33
Տերը բացատրում է Հոգու պարգևների նպատակները:
Հիշեցրեք ուսանողներին, որ 1831թ. փետրվարին Ջոզեֆ Սմիթը միացավ Կիրթլենդի սրբերին (տես այս ձեռնարկի դաս 50-ը): Ժամանելուն պես նա հայտնաբերեց, որ այս եկեղեցու անդամները որոշ սխալ երևույթներ են գործադրում: Սխալ երևույթներից մեկը` մարդկանց եկեղեցու ժողովներից դուրս հանելն էր, ինչպես բացատրվել է այս դասի սկզբում: Մեկ ուրիշ սխալ երևույթ էր, երբ որոշ անդամներ տարօրինակ վարքագիծ էին ցուցաբերում եկեղեցու ժողովների ժամանակ: Նրանք պնդում էին, որ իրենց գործողությունները ոգեշնչված են Սուրբ Հոգուց: Անդամներից ոմանք հավատում էին նրանց, իսկ մյուսները զգում էին, որ վարքագիծը Աստծուց չէ: Վարդապետություն և Ուխտեր 46 բաժնում տեղ գտած հայտնությամբ Տերն ուսուցանել է սկզբունքներ, որոնք կօգնեն սրբերին խուսափել խաբվելուց և կօգնեն նրանց հասկանալ Հոգու ճշմարիտ պարգևները:
-
Ի՞նչ է նշանակում խաբված լինել: (Մոլորեցված լինել կամ խաբեությամբ հավատալ մի բանի, ինչը ճշմարիտ չէ): Կարո՞ղ եք մտաբերել, թե երբ եք խաբված եղել:
Ուսանողներին խնդրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 46.7–8 հատվածները մտքում, տեսնելով, թե ինչ է Տերը խորհուրդ տվել Իր ժողովրդին անել, որպեսզի նրանք խուսափեն խաբված լինելուց: Կարող եք առաջարկել ուսանողներին գրքում նշել այն, ինչ գտան:
-
Ի՞նչ են ուսուցանում այս հատվածները` խաբված լինելուց խուսափելու մասին: (Օգնեք ուսանողներին ճանաչել հետևյալ սկզբունքը. Խաբված լինելուց խուսափելու եղանակներից մեկը` Սուրբ Հոգու հուշումներին հետևելն է ողջ սրբությամբ):
-
Համաձայն 8 հատվածի, ինչի՞ն պետք է մենք հետամուտ լինենք: (Լավագույն պարգևներին):
Գրատախտակին գրեք հետևյալը. Եթե հետամուտ լինենք լավագույն պարգևներին…
Ուսանողներին ներգրավելով` խնդրեք նրանց գտնել այն օրհնությունները, որոնք կհետևեն Հոգու պարգևներին հետամուտ լինելու արդյունքում: Կարող եք բացատրել, որ Հոգու պարգևները «օրհնություններ կամ ունակություններ են, որոնք տրվում են Սուրբ Հոգու զորությամբ: Աստված տալիս է եկեղեցու հավատարիմ անդամներին այդ պարգևներից առնվազն մեկը» (True to the Faith: A Gospel Reference [2004], 165):
Նախքան դասը թղթի մի կտորի վրա կամայական տեղերում գրեք 13-ից մինչև 25 և 27 թվերը: Ապա կտրտեք թուղթը` փազլի տասնչորս կտորների, որպեսզի փազլի յուրաքանչյուր կտորի վրա մի թիվ լինի:
Բաժանեք փազլի կտորները ուսանողներին: Դասարանի անդամների քանակից ելնելով, կարող եք փազլի մեկական կտոր տալ ուսանողների փոքր խմբերին, կամ մեկից ավել կտոր տալ` յուրաքանչյուր ուսանողին: Հրավիրեք դասարանի անդամներին փազլը միասին հավաքելու:
-
Ինչո՞ւ է փազլի մեջ կարևոր ամեն մի կտորը:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 46.8–12, 26 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչ նպատակով է Աստված տալիս մեզ պարգևները:
-
Ի՞նչ նպատակով են տրվում Հոգու պարգևները: («Աստծո զավակների օգտի համար»):
-
Համաձայն 9 հատվածի, ո՞ւմ են տրված Հոգու պարգևները: (Նրանց, ովքեր սիրում են Աստծուն ու պահում են Նրա պատվիրանները և նրանց, ովքեր «փնտրում են այդպես վարվել»):
-
Համաձայն 11 հատվածի, մեզանից քանիսի՞ն է տրված Հոգու որևէ պարգև:
-
Ելնելով այս հատվածներից, ինչպես կավարտեք գրատախտակին գրված նախադասությունը: (Թեև ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, նրանց պատասխանները պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք հետամուտ լինենք լավագույն պարգևներին, Աստված կշնորհի մեզ դրանք մյուսների օգտի համար: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել իրենց սուրբ գրություններում այն խոսքերը, որոնք ուսուցանում են այս ճշմարտությունը):
Ուսանողների ուշադրությունը հրավիրեք նրանց հավաքած փազլի վրա: Հիշեցրեք նրանց, որ փազլում ամեն մի կտորը կարևոր է:
-
Ինչո՞ւ է կարևոր յուրաքանչյուր անդամը Տիրոջ եկեղեցում: (Յուրաքանչյուրը մի պարգև ունի, որը կարող է օգտակար լինել մյուսներին):
Քանդեք փազլը և մասերը հետ բաժանեք ուսանողներին: Բացատրեք, որ թղթի կտորների վրա գրված թվերը ներկայացնում են Վարդապետություն և Ուխտեր 46 բաժնի հատվածները, և որ այդ հատվածներից յուրաքանչյուրում ասվում է Հոգու որևէ պարգևի մասին: Հրավիրեք ուսանողներին բարձրաձայն կարդալ հատվածները, որոնք համապատասխանում են իրենց տրված թվերին:
Երբ բոլոր հատվածները կարդացվեն, խնդրեք ուսանողներին առաջարկներ անել, թե այդ պարգևն ինչպես կարող է օգուտ բերել Աստծո զավակներին: Ուսանողները հնարավոր է դժվարությամբ հասկանան որոշ պարգևները: Պարգևներից մի քանիսի հետևյալ բացատրությունները կարող են օգտակար լինել ձեր քննարկման համար.
Պաշտոնավարության տարբերությունները իմանալու պարգևը հաճախ դրսևորվում է ղեկավարների մոտ, ովքեր իմանում են, թե մարդկանց պարգևներն ինչպես կարող են օգտակար լինել ծառայության այս կամ այն կոչման մեջ:
Ներգործությունների տարբերությունը գիտենալու պարգևը դրսևորվում է մարդկանց ունակությամբ` տեսնել տարբերությունները Սուրբ Հոգու իսկական պարգևների կամ ներգործությունների և կեղծ հոգիների, վարդապետությունների, կամ պատվիրանների միջև:
Իմաստության խոսքի պարգևը կապ չունի որպես Իմաստության Խոսք հայտնի պատվիրանի հետ: Ավելի շուտ, այն վերաբերում է իմաստության օրհնությանը, որ ստանում են նրանք, ովքեր խնդրում են «Աստվածանից, որ ամենին տալիս է առատությամբ» (Հակոբոս Ա.5):
Հոգիներ զանազանելու պարգևը թույլ է տալիս մարդուն ճանաչել կամ հասկանալ մյուսների ճշմարիտ մտադրությունները և թաքնված շարժառիթները: Այս պարգևն օգնում է անձին հայտնաբերել թաքնված չարիքը և տեսնել բարին մյուսների մեջ:
Լեզուներով խոսելու և լեզուներ թարգմանելու պարգևը հաճախ դրսևորվում է միսիոներների մոտ, ովքեր ընդունակ են լեզուներն արագ սովորելու և հասկանալու: Այս պարգևները կարող են նաև վայելել այն մարդիկ, ովքեր ավետարանը սովորելու և քարոզելու համար պետք է լեզվական խոչընդոտներ հաղթահարեն:
-
Ինչո՞ւ մենք պետք է ձգտենք ունենալ հոգևոր պարգևներ: Ձեր կարծիքով, ի՞նչ կարող ենք անել դրանք ունենալու համար: (Օգտակար կլիներ նշել, որ Տերը կարող է հոգևոր պարգևները բացահայտել հայրապետական օրհնության կամ այլ քահանայության օրհնության միջոցով):
-
Ե՞րբ եք տեսել, որ ինչ-որ մեկը հոգևոր պարգև է ստանում մյուսների օգտի համար:
Խնդրեք ուսանողներին ինքնուրույն ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 46.30–33 հատվածները և չորս գործոն հայտնաբերել, որ մենք պետք է անենք` օգտագործելով մեր հոգևոր պարգևները: (Պատասխանները կարող են ներառել, որ մենք պետք է խնդրենք, որ Աստծո կամքը կատարվի, գործենք Հիսուս Քրիստոսի անունով, գոհություն հայտնենք մեր ստացած օրհնությունների համար, առաքինություն և սրբություն գործադրենք):
Երախտագիտություն արտահայտեք Հոգու պարգևների համար և ձեր կյանքում դրանց ազդեցության համար: Ուսանողներին հնարավորություն տվեք նույնը անելու: Վկայեք Տիրոջ ցանկության մասին` որ բոլոր մարդիկ իմանան, որ նրանք ցանկալի են ու կարևոր Իր եկեղեցում: