Դաս 99
Վարդապետություն և Ուխտեր 94-96
Նախաբան
1833 թվականի օգոստոսի 2-ին Տերը տվեց Վարդապետություն և Ուխտեր 94 բաժնում գրանցված հայտնությունը և ուղղորդեց Սրբերին հիմնել Կիրթլենդ քաղաքն այնպես, ինչպես Նա հրահանգեց նրանց հիմնել Սիոն քաղաքը Միսսուրիում: Տերը Սրբերին պատվիրեց նաև տուն կառուցել նախագահության համար (Եկեղեցու նախագահության շենք) և մի տուն` տպարանի համար` ի լրումն տաճարի, որը Նա նախկինում պատվիրել էր Սրբերին կառուցել: Երկու ամիս առաջ 1833 թվականի հունիսի 1-ին, Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 95 բաժնում, որտեղ Տերը խրատում էր Սրբերին` տաճարի շինարարությունը ձգձգելու համար: Վարդապետություն և Ուխտեր 96 բաժինն ընդգրկում է Տիրոջ հրահանգը` նշանակել Նյուել Ք. Ուիթնիին «այդ վայրի պատասխանատու» (ՎևՈւ 96.2), որի վրա Կիրթլենդի տաճարը պիտի կառուցվեր:
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 94
Տերը պատվիրում է Սրբերին կառուցել երկու տուն և վերահաստատում է տաճար կառուցելու անհրաժեշտությունը
Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք հնարավորություն ունեն ճամփորդել որևէ երկրով` անցնելով շատ քաղաքներ: Երբ նրանք ճամփորդում են` նկատում են, որ յուրաքանչյուր քաղաքի կենտրոնում կա սպորտային հրապարակ:
-
Ի՞նչ կարող է հուշել այն այդ երկրի մարդկանց մասին:
-
Եթե դուք պատրաստվեիք նախագծել մի մեծ քաղաք, ի՞նչ կնախատեսեիք կառուցել այդ քաղաքի կենտրոնում: Ինչո՞ւ:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 94.1, 3,10 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան և գտնել այն երեք կառույցները, որոնք Տերը պատվիրեց Սրբերին կառուցել Օհայոյի նահանգի Կիրթլենդ քաղաքում: Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ գտան նրանք:
-
Այս երեք կառույցները ցույց են տալիս, թե ի՞նչն է կարևոր Տիրոջ համար: (Տաճարային արարողությունները, Առաջին Նախագահության աշխատանքը` հայտնություններ ստանալու և Եկեղեցուն ծառայելու գործում, սուրբ գրությունների տպագրությունը և այլ աշխատանքներ, որոնք Տերը պատվիրում է:)
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 93.13-17 հատվածները` բացատրելով, որ Տերը հրահանգեց Հայրում Սմիթին, Ռեյնոլդս Քահունին և Ջարեդ Քարտերին` ձևավորել շինարարական կոմիտե այն շենքերի համար, որոնք նշված են Վարդապետություն և Ուխտեր 94:
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 94.16 և գտնել, թե Տերը ի՞նչ ասաց Սրբերին նախագահության և տպարանի շենքերի շինարարության վերաբերյալ: Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ գտան նրանք:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր կարևոր, որ տաճարը կառուցվեր նախքան մյուս երկու շենքերի կառուցումը: Ի՞նչ կարող է սա սովորեցնել մեզ տաճարների կարևորության մասին: (Գուցե դուք ցանկանաք տեղեկացնել ուսանողներին, որ մյուս երկու շինությունները այլևս չկառուցվեցին:)
Վարդապետություն և Ուխտեր 95
Տերը խրատում է Սրբերին` տաճարի կառուցումը հետաձգելու համար
Հիշեցրեք ուսանողներին, որ Տերը նախ տվեց Կիրթլենդի Տաճարը կառուցելու պատվիրանը` տրված Վարդապետություն և Ուխտեր 88.119 հատվածում, որը գրանցվեց 1832 թվականի դեկտեմբերի 27-ին և 28-ին: (Գրեք այս տարեթիվը գրատախտակին:) Խնդրեք ուսանողներին ուշադիր կարդալ Վարդապետություն և Ուխտեր 95 բաժնի նախաբանը, փնտրելով ամսաթիվը, երբ այս հայտնությունը տրվեց: Խնդրեք նրանց հաշվել, թե մոտավորապես ինչքան ժամանակ անցավ այս երկու ամսաթվերի միջև: Բացատրեք, որ այս ընթացքում Եկեղեցու ղեկավարները ձեռք բերեցին հողակտոր Կիրթլենդում, որի վրա պետք է կառուցվեր տաճարը: Սակայն, մինչև 1833 թվականի հունիսի 1-ը Սրբերը դեռ չէին սկսել տաճարի կառուցումը և նույնիսկ չէին պատրաստել հիմքը:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 95.1-3 հատվածները: Դասարանին խնդրեք փնտրել, թե ի՞նչ ասաց Տերը Սրբերին տաճարի կառուցման հետաձգման վերաբերյալ։ Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ գտան նրանք:
-
Ի՞նչ է Տերը անում նրանց համար, ում Նա սիրում է: (Ուսանողները պետք է գտնեն հետևյալ ճշմարտությունը. Աստված խրատում է նրանց, ում Նա սիրում է:) Կարող եք առաջարկել, որ ուսանողներն իրենց սուրբ գրություններում նշեն բառերը, որոնք ուսուցանում են այս ճշմարտությունը։)
-
Ի՞նչ է նշանակում խրատել: (Կարգի հրավիրել կամ ուղղել:) Ըստ այդ հատվածների` ինչո՞ւ է Աստված խրատում նրանց, ում Նա սիրում է։
Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչպես են նրանք հակված պատասխանել, երբ ինչ-որ մեկը նրանց խրատում կամ ուղղում է: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ պատմությունը: Դասարանին խնդրեք գտնել այն ուղիները, որով Սրբերից մի քանիսը պատասխանեցին Տիրոջ խրատին:
Երբ Ջոզեֆ Սմիթը ստացավ այս հայտնությունը, որը տրված է Վարդապետություն և Ուխտեր 95 բաժնում, Եկեղեցու ղեկավարները կազմակերպեցին համաժողով` քննարկելու տաճարի շինարարությունը: «Ոմանք կողմ էին փայտե շրջանակով տուն կառուցելուն, իսկ մյուսները ցանկանում էին կառուցել այն գերաններով: Ջոզեֆը հիշեցրեց նրանց, որ նրանք տունը կառուցում էին ոչ թե մարդու, այլ Աստծո համար, և նա հարցրեց. «Եղբայրներ, իսկ մենք պետք է գերանի՞ց տուն կառուցենք Աստծո համար: Ոչ, ես ավելի լավ միտք ունեմ, քան դա: Ես ունեմ Տիրոջ տան նախագիծը, որը տրվել է Նրա կողմից»: Երբ Ջոզեֆը բացատրեց տաճարի ամբողջական մոդելը, բոլոր եղբայրները հուզված էին: Նրանք ուղևորվեցին շինարարության վայրը, հեռացրին ցանկապատը և հավասարեցրին ցորենի դաշտը, որը նախկինում տնկվել էր Սմիթների ընտանիքի կողմից: Երբ հացահատիկը մաքրվեց, Հայրում Սմիթը «սկսեց փոս փորել պատի համար»: (Տես Lucy Mack Smith, History of Joseph Smith by His Mother, ed. Preston Nibley [1958], 230, 231:)
-
Ի՞նչ կարող ենք մենք սովորել այս Սրբերից այն մասին, թե ինչպե՞ս պատասխանել խրատին:
Նշեք, որ հատված 3-ում Տերը նկարագրեց Սրբերի կողմից տաճարի կառուցման հետաձգումը «որպես ցավագին մեղք»: Հանձնարարեք ուսանողներին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 95.5-6 հատվածները, որպեսզի հասկանան, թե Տերը ինչի հետ համեմատեց շատ ցավագին մեղքը։ Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ սովորեցին նրանք:
-
Ինչպե՞ս կարող է տաճար կառուցելու Տիրոջ պատվիրանի անտեսումը նման լինել «կեսօրին խավարի մեջ քայլելուն»: Ինչպե՞ս կարող ենք մենք «կեսօրին քայլել խավարի մեջ», եթե մենք ընտրում ենք անտեսել այլ պատվիրանները:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 95.4, 8-9 հատվածները զուգընկերոջ հետ: Խնդրեք նրանց գտնել պատճառները, թե ինչու Տերը պատվիրեց, որ Սրբերը կառուցեն Կիրթլենդի Տաճարը: (Դուք կարող եք բացատրել, որ հետևյալ արտահայտությունը «որ կարողանամ իրագործել իմ տարօրինակ գործը» [հատված 4-ում] կարող է վերաբերել, թե ինչպես այն մարդիկ, ովքեր չեն հավատում հայտնությանը, երկնային այցելություններին և այլ հոգևոր նշաններին, կարող են վերաբերվել ավետարանի Վերականգնմանը որպես մի տարօրինակ երևույթի:)
-
Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե ինչո՞ւ Տերը պատվիրեց մեզ կառուցել տաճարներ։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին. Տաճարներում Տերը պատրաստում է Իր ծառաներին` անելու Իր աշխատանքը և օժտում է նրանց ուժով:)
Բացատրեք, որ օժտել նշանակում է շնորհ տալ ինչ-որ մեկին: Տաճարում օժտում ստանալը նշանակում է ստանալ հոգևոր ուժ և գիտելիք: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ խոսքերը.
«Եթե չեք մտել Տիրոջ տուն և չեք ստացել բոլոր օրհնությունները, որ սպասում են ձեզ այնտեղ, դուք ձեռք չեք բերել այն ամենը, ինչ Եկեղեցին առաջարկում է: Եկեղեցու անդամության ամենակարևոր և գլխավոր օրհնությունները Աստծո տաճարներում ստացվող օրհնություններն են» («Սուրբ տաճար` աշխարհի փարոսը» Ensign կամ Լիահոնա մայիս 2011, 93):
-
Որո՞նք են այն երկու փրկարար արարողությունները, որոնք մենք կարող ենք ստանալ միայն Աստծո տաճարներում: (Տաճարային օժտում և ամուսնության կնքում:)
-
Որո՞նք են այն մի քանի քայլերը, որ մենք կարող ենք կատարել, որպեսզի ստանանք այս արարողություններն ու օրհնությունները տաճարում: (Պատասխանները կարող են ներառել. հավատարիմ լինել այն արարողություններին և ուխտերին, որոնք նրանք արդեն ստացել են և միշտ ապրել տաճարային երաշխավորագրին արժանի կյանքով:)
Բացատրեք, որ Կիրթլենդի Տաճարի կառուցումը շատ մեծ խնդիր էր Սրբերի համար: 1833 թվականի սկզբում Օհայոյի Եկեղեցին ուներ 200-ից պակաս անդամներ, և նրանց մեծ մասը աղքատ էր: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 95.11-12 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան` փնտրելով, թե ի՞նչ էր խոստանում Տերը, եթե Սրբերը պահեին Իր պատվիրանները։
-
Ի՞նչ էր խոստանում Տերը, եթե Սրբերը պահեին Իր պատվիրանները:
Տեղեկացրեք դասարանին, որ Օհայոյի Սրբերը հավատքով առաջ շարժվեցին Տիրոջ խոստմանը համաձայն և կառուցեցին տաճարը:
-
Մենք ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել հատված 11-ից: (Ուսանողները պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք պահենք պատվիրանները, մենք ուժ կունենանք կատարել այն ամենը, ինչ Տերն է խնդրում մեզնից:)
-
Որո՞նք են այն մի քանի իրավիճակները, որոնց հետ դուք կարող եք բախվել, որտեղ կարելի է կիրառել այս սկզբունքը: Ե՞րբ եք զգացել, որ ստացել եք Տիրոջ օգնությունը ինչ-որ բան անելիս, քանի որ պահել եք պատվիրանները:
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 95․13-17` բացատրելով, որ Տերը հրահանգներ տվեց Կիրթլենդի Տաճարի հատուկ սենյակների մեծության և նշանակության վերաբերյալ: Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ հատված 14-ը: Դասարանին խնդրեք հետևել նրան` փնտրելով մի ուղի, որով Տերը ցույց տվեց, որ կկատարի Իր խոստումը` ուժ տալ նրանց տաճարը կառուցելու համար։ Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ գտան նրանք: (Դուք կարող եք նշել, որ Տերը խոստացավ ցույց տալ երեք մարդկանց` ինչպես պետք է կառուցվի տաճարը: Այդ երեքը Առաջին Նախագահության անդամներն էին:)
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես իրականացավ այս խոստումը, հրավիրեք մի ուսանողի` կարդալ հետևյալ պարբերությունը բարձրաձայն:
Ջոզեֆ Սմիթը, Սիդնի Ռիգդոնը և Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը աղոթեցին միասին և տեսան տաճարը տեսիլքում: Արտաքինը մանրամասնորեն զննելուց հետո «կառույցը կարծես թե հայտնվեց նրանց գլխավերևում», և նրանք տեսան շենքի ներքնամասը. կարծես թե նրանք գտնվում էին շենքի ներսում (տես Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 271): Ավելի ուշ, երբ տաճարի շինարարությունը մոտ էր ավարտին, Ֆրեդերիկ Գ. Վիլյամսն ասաց, որ այն նման էր այն մոդելին, որ ինքը տեսել էր տեսիլքում` մանրուքներով հանդերձ, , և նա չէր կարողանում ասել տարբերությունը տեսիլքի և կառուցված տաճարի միջև:
-
Այս օրինակում ինչպե՞ս Տերը ուժ տվեց Սրբերին անել այն, ինչ Նա խնդրել էր նրանց կատարել:
Վարդապետություն և Ուխտեր 96
Նյուել Ք. Ուիթնին նշանակվեց որպես պատասխանատու Եկեղեցու ամբողջ սեփականության համար:
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 96 բաժնում Տերը հրահանգեց, որ Նյուել Ք. Ուիթնին պետք է պատասխանատու լինի Եկեղեցուն պատկանող սեփականության համար։ Տաճարը պետք է կառուցվեր Տիրոջ նշած տեղում, իսկ Եպիսկոպոս Ուիթնին պետք է բաժաներ սեփականության մնացորդը կտորների` նրանց համար, ովքեր կձգտեին ժառանգության: Այս հողակտորներից մի քանիսը նախորոշված էին Եկեղեցու ղեկավարների համար, ովքեր պատասխանատու էին հայտնությունների հրատարակման համար: Այս ժառանգության ստանալը կօգներ նրանց` իրենց ժամանակը նվիրել Տիրոջ գործի կատարմանը, որը ներառում էր Աստծո խոսքի հրատարակումը: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 96.4-5 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով, թե ինչպե՞ս Աստծո խոսքի հրատարակումը կօգներ Սրբերին։ Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ սովորեցին նրանք:
Բացատրեք, որ այս հայտնության մեջ Տերը նաև պատվիրեց, որ Ջոն Ջոնսոնը պետք է ընդունվի որպես Միացյալ Միաբանության անդամ, որը հսկում էր Եկեղեցու ֆինանսական, հրատարակչական և առևտրական գործողությունները:
Հանձնարարեք ուսանողներին ամփոփել այն, ինչ նրանք սովորեցին այս դասից։ Խրախուսեք նրանց` գործել ըստ իրենց սովորած ճշմարտությունների։