Տնային ուսումնասիրության դաս
Վարդապետություն և Ուխտեր 98-101.42 (Մաս 21)
Նախաբան
Այս դասը կենտրոնանում է Վարդապետություն և Ուխտեր 98 բաժնում տրված հրահանգներից մի քանիսի վրա, որոնք Տերը տվեց Սրբերին, ովքեր հալածվում էին ամբոխի կողմից: Այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպիսին պիտի լինի մեր արձագանքը դժվարին իրավիճակներում, և դա կարող է օգնել ամրացնելու նրանց վկայությունները Տիրոջ զորության և բարության մասին:
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 98
Տերը հանդիմանում է Սրբերին իրենց չարչարանքների ժամանակ
Նախքան դասի սկսվելը գրեք հետևյալ հարցերը գրատախտակին. Ինչպե՞ս կզգայիք ձեզ: Ի՞նչ կանեիք դուք։
Տեղեկացրեք ուսանողներին, որ այսօրվա դասում նրանք կսովորեն մի քանի փորձությունների և հալածանքների մասին, որոնց Սրբերը ենթարկվեցին` ապրելով Միսսուրիի նահանգի Ջեկսոն գավառում 1833 թվականի հուլիսին: Բացատրեք, որ որոշ Միսսուրիի բնակիչներ զայրացան Սրբերի վրա քաղաքական, սոցիալական, տնտեսական և կրոնական տարբերությունների պատճառով:
Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ պարբերությունը.
1833 թվականի հուլիսի 20-ին` շաբաթ օրը, Միսսուրիի 400-500 զայրացած քաղաքացիներ հանդիպեցին Ինդիփենդենս քաղաքի կառավարության շենքում: Նրանք ընտրեցին կոմիտե և կազմեցին մի նախնական փաստաթուղթ, որով ներկայացնում էին իրենց պահանջները Մորմոններին: Նրանք պահանջում էին, որ այլևս ոչ մի Վերջին Օրերի Սուրբ չպիտի տեղափոխվի Ջեկսոն գավառ, իսկ այնտեղ ապրողները պետք է խոստում տան, որ կհեռանան որքան հնարավոր է շուտ: Բացի այդ, պահանջեցին, որ Եկեղեցու լրագիրը դադարի լույս տեսնելուց: Երբ այս պահանջները ներկայացվեցին Եկեղեցու ղեկավարներին Միսսուրիում, Եկեղեցու ղեկավարները ապշել էին և խնդրեցին երեք ամիս, որպեսզի Օհայոյում քննարկեն առաջարկը և խորհրդակցեն Եկեղեցու ղեկավարների հետ: Միսսուրիի քաղաքացիները, ովքեր ներկայացրել էին պահանջները, մերժեցին Եկեղեցու ղեկավարների խնդրանքը: Հետո Սրբերը խնդրեցին 10 օր, բայց նրանց տրվեց ընդամենը 15 րոպե` պատասխանելու համար: (Sես Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 132-33:)
Խնդրեք ուսանողներին պատասխանել գրատախտակին գրված հարցերին։
Հանձնարարեք մեկ այլ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ պարբերությունը.
Ինդիփենդենսի կառավարության շենքում հավաքված միսսուրիացիները արագորեն վերածվեցին ամբոխի և որոշեցին քանդել տպագրատունը և հրատարակչությունը: Ամբոխը ներխուժեց տպագրատուն, կահույքը նետեցին փողոց ու պարտեզ, կոտրեցին տպագրահաստոցը, ցրիվ տվեցին մեքենագրված նյութը և ոչնչացրին համարյա ամբողջ տպված գործը` ներառյալ Պատվիրանների Գրքի չկապված թղթերի մեծ մասը: Ամբոխը ցանկանում էր հաջորդը քանդել Գիլբերտ և Ուիթնի խանութը: Այնուամենայնիվ, Սիդնի Գիլբերտը դիմավորեց ամբոխին` նախքան նրանք կիրականացնեին իրենց պլանը և խոստացավ, որ երեք օրում ապրանքը կփաթեթավորի և կհեռանա: (Տես Եկեղեցու պատմությունը ժամանակների լրության մեջ, 133:)
Խնդրեք ուսանողներին ընտրել գրատախտակին գրված արտահայտություններից մեկը:
Հանձնարարեք մեկ այլ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ պարբերությունը.
Երեք օր անց` հուլիսի 23-ին, ամբոխը կրկին հայտնվեց Միսսուրիի Ջեկսոն գավառում` հրացաններով, ատրճանակներով, մտրակներով և մահակներով զինված: Ամբոխը կրակի մատնեց խոտի դեզերը և հացահատիկի դաշտերը, ավերեց տներ, ամբարներ և գործող ձեռնարկություններ: Ամբոխը, ի վերջո, դեմ առ դեմ դուրս եկավ Եկեղեցու վեց ղեկավարների հետ, ովքեր տեսնելով, որ Սրբերի կյանքն ու ունեցվածքը գտնվում են վտանգի տակ, իրենց կյանքն առաջարկեցին որպես փրկագին: Մերժելով այս առաջարկը, ամբոխի առաջնորդները սպառնացին, որ յուրաքանչյուր մարդ, կին և երեխա կընկնի մտրակի տակ, եթե նրանք չհամաձայնվեն հեռանալ գավառից: Ճնշման տակ Եղբայրները ստորագրեցին համաձայնագիր Ջեկսոն գավառից հեռանալու մասին. Եկեղեցու անդամների կեսը և ղեկավարների մեծ մասը պիտի հեռանային մինչև 1834թ. հունվարի 1-ը, իսկ մնացածը` մինչև 1834 թվականի ապրիլի 1-ը: Ամբոխը թույլ տվեց, որ Ջոն Քորիլը և Սիդնի Գիլբերտը մնան, որպեսզի վաճառեն դուրս քշված Սրբերի ունեցվածքը: (Տես Եկեղեցու պատմությունը ժամանակների լրության մեջ, 134:)
Խնդրեք ուսանողներին կրկին պատասխանել գրատախտակի հարցերին:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 98 բաժնի նախաբանը: Դասարանին խնդրեք հետևել՝ փնտրելով, թե ինչ հուշեց այս հայտնությունը։ Հրավիրեք ուսանողներին հաղորդել, թե ինչ են գտել:
-
Համաձայն այս բաժնի նախաբանի, ի՞նչն է ուշագրավ այս հայտնության ամսաթվի մեջ:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 98.1-2 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով այն խորհուրդը, որ Տերը տվեց Սրբերին: (Օգտակար կլինի բացատրել, որ Սաբաովթ բառը հատված 2-ում Եբրայերեն նշանակում է զորքեր կամ բանակներ։) Բառի գործածումն այստեղ նշանակում է, որ Տերն Իր հրամանի տակ ունի հրեշտակների բանակներ, կամ զորքեր և Իսրայելի բանակներ, կամ Սրբեր: [տես Bible Dictionary, “Sabaoth.”])
-
Ի՞նչ խորհուրդ տվեց Տերը Սրբերին։ (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին:)
-
Սրբերի համար ինչո՞ւ է կարևոր գոհություն հայտնել դժվարին ժամանակներում:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում համբերությամբ սպասել Տիրոջը:
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հետևյալ խոսքերը: Դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել, թե ինչ է նշանակում համբերությամբ սպասել Տիրոջը:
«Ի՞նչ է …նշանակում սպասել Տիրոջը: Սուրբ գրություններում սպասել նշանակում է հուսալ, ակնկալել և վստահել: Աստծուն վստահելը և հույսը նրա վրա դնելը պահանջում է հավատ, համբերություն, խոնարհություն, հեզություն, երկայնամտություն, ինչպես նաև պատվիրանները պահելը և տոկալը մինչև վերջ» («Համբերությամբ սպասելով Տիրոջը» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 72):
-
Երեց Հեյլսի խոսքերը ինչպե՞ս է օգնում ձեզ հասկանալ, թե ինչ է նշանակում համբերությամբ սպասել Տիրոջը:
-
Միսսուրիի Սրբերի համար ինչո՞ւ էր կարևոր Տիրոջը համբերությամբ սպասելու խորհուրդը:
-
Մխիթարության ի՞նչ խոսքեր ասաց Տերը Սրբերին հատված 2-ում։
Գրեք հետևյալ անավարտ սկզբունքը գրատախտակին. Եթե մենք գոհություն հայտնենք և համբերությամբ սպասենք Տիրոջը, ապա …
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 98.3 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով, թե Տերն ի՞նչ խոստացավ Սրբերին, եթե նրանք հնազանդվեին Իր խորհրդին։
-
Հիմնվելով հատված 3-ի վրա, ինչպե՞ս կավարտեիք այս սկզբունքը: (Սկզբուքն ավարտելու ուղիներից մեկը հետևյալն է. Եթե մենք գոհություն հայտնենք բոլոր բաների համար և համբերությամբ սպասենք Տիրոջը, ապա Տիրոջ խոստմամբ մեր չարչարանքները կգործեն մեր բարիքի համար:)
Հրավիրեք ուսանողներին մտածել ձեր ճանաչած մարդկանցից մեկի մասին, ով համբերությամբ սպասել է Տիրոջը դժվար ժամանակներում և հայտնաբերել է պատճառներ գոհություն հայտնելու համար:
-
Մարդու կյանքում ի՞նչ ուղիներով են չարչարանքները գործում նրա բարիքի համար:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 98.18 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով այն օրհնությունը, որ կստանան արդարները:
Եզրափակեք` բերելով ձեր վկայությունը այսօրվա դասին քննարկված սկզբունքի մասին:
Հաջորդ Մասը (Վարդապետություն և Ուխտեր 101.43-101, 102-105)
Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե նրանք ինչպես կարձագանքեին, եթե կանչվեին Տիրոջ կողմից` մի քանի ամիս հարյուրավոր կիլոմետրեր քայլելու, որ օգնեին կարիքի մեջ գտնվող Եկեղեցու անդամներին: Բացատրեք, որ երբ նրանք հաջորդ շաբաթվա ընթացքում ուսումնասիրեն Վարդապետություն և Ուխտեր 101 բաժնի մնացած մասը և 102-ից 105 բաժինները, նրանք կիմանան մարդկանց այն խմբի մասին, ովքեր կամավոր կերպով ճամփորդեցին Օհայոյից մինչև Միսսուրիի, որպեսզի օգնեն Եկեղեցու անդամներին: Այս խումբը հայտնի էր որպես Սիոնի Ճամբար: