Դաս 10
1 Նեփի 6 և 9
Նախաբան
Նեփին հայտարարել է. «Իմ ողջ նպատակն է, որ ես կարողանամ համոզել մարդկանց՝ գալ դեպի Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, և փրկվել» (1 Նեփի 6.4): Նա պահել է երկու տեսակի հիշատակարաններ՝ Նեփիի փոքր թիթեղները և Նեփիի մեծ թիթեղները: Տերը պատվիրեց նրան փոքր թիթեղներում գրել Լեքիի պատմության կրճատումները (տես 2 Նեփի 5.28–31): Հետագայում Մորմոնը ոգեշնչվեց ներառել փոքր թիթեղները Մորմոնի Գրքի իր կրճատման մեջ (տես Մորմոնի Խոսքերը 1.6–7): Ոչ Նեփին, ոչ էլ Մորմոնը չգիտեին, թե ինչու, սակայն երկուսն էլ հետևեցին Տիրոջ առաջնորդությանը:
Ուսուցանման առաջարկներ
1 Նեփի 6
Նեփին գրում է, որ համոզի բոլորին գալ դեպի Հիսուս Քրիստոս
Ցուցադրեք մի քանի լավ գրքեր կամ ֆիլմեր, որոնք հայտնի են այսօր երիտասարդությանը: Հարցրեք ուսանողներին, թե, իրենց կարծիքով, որն է գրքերից կամ ֆիլմերից յուրաքանչյուրի հեղինակի նպատակը: Ցուցադրեք Մորմոնի Գրքի մի օրինակ: Ասեք ուսանողներին, որ 1 Նեփի 6-ում Նեփին բացատրում է իր հիշատակարանը գրելու իր նպատակը, որն, ի վերջո, դարձավ Մորմոնի Գրքի մի մասը:
Թող ուսանողները կարդան 1 Նեփի 6.3–6 և փնտրեն բառեր և արտահայտություններ, որոնք արտհայտում են Նեփիի մտադրությունը իր հիշատակարանը պահելու կապակցությամբ: (Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները ընդգծեն այս բառերը:)
-
Ինչու՞ է կարևոր, որ Նեփին գրեր բաներ, «որոնք հաճելի են Աստծուն», և ոչ թե բաներ, «որոնք հաճելի են աշխարհին»:
-
Ինչպե՞ս կնկարագրեք Նեփիի մտադրությունը ձեր սեփական բառերով: (Կարող է օգտակար լինել բացատրելը, որ «Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը» արտահայտությունը վերաբերվում է Հիսուս Քրիստոսին: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին իրենց սուրբ գրություններում 1 Նեփի 6.4 կողքին գրել Հիսուս Քրիստոս: Դուք նաև կարող եք բացատրել, որ Եհովա բառը նույնպես վերաբերվում է Հիսուս Քրիստոսին: [Տես 1 Նեփի 19.10, 2 Նեփի 11.4, 6–7, տես նաև Սուրբ գրությունների Ուղեցույց, «Քրիստոս», «Քրիստոս, անունները»:])
Որպեսզի օգնեք ուսանողներին երախտապարտ լինել նրա համար, որ Մորմոնի Գիրքը ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին, հրավիրեք նրանց անդրադառնալ ցուցիչին և աչքի անցկացնել Հիսուս Քրիստոսի հետ կապված բոլոր վերնագրերը: Խնդրեք նրանց ներկայացնել եղանակներից մի քանիսը, որոնցով Մորմոնի Գիրքը ուսուցանում է Փրկչի առաքելության վերաբերյալ:
Հրավիրեք մի ուսանողի գրատախտակին գրել հետևյալ ճշմարտությունը. Մորմոնի Գրքի նպատակներից մեկն է համոզել բոլոր մարդկանց գալ դեպի Հիսուս Քրիստոսը:
-
Ինչպե՞ս կարող է Նեփիի գրելու նպատակը հասկանալը ազդել այս տարի Մորմոնի Գիրքը ուսումնասիրելու ձեր պլանավորման եղանակի վրա:
Կիսվեք նրանով, թե ինչպես է Մորմոնի Գիրքը ձեզ օգնել ավելի մոտենալ Երկնային Հորը և Փրկչին: Հրավիրեք ուսանողներին կիսվել նրանով, թե ինչ ազդեցություն է թողել իրենց կյանքում Մորմոնի Գիրքը և ինչպես է այն իրենց մոտեցրել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Խրախուսեք նրանց կիսվել Մորմոնի Գրքի վերաբերյալ իրենց զգացմունքներով և Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայությամբ ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ հաջորդ մի քանի օրերի ընթացքում:
1 Նեփի 9
Նեփին պահում է երկու տեսակի թիթեղներ
Դասարանին ցույց տվեք պատմության մի գիրք և նշեք ժամանակաշրջանը, որի մասին խոսվում է գրքում: Այնուհետև դասարանին ցույց տվեք անձնական պատմություն, օրագիր կամ մատյան, որն ընդգրկում է նույն ժամանակաշրջանի որոշ հատված: (Եթե հարմար է, օրագրից կարդացեք հոգևոր որևէ փորձառություն:)
-
Ինչո՞վ են տարբերվում երկու տեքստերը պատմությունը արձանագրելու իրենց մոտեցումներով:
-
Մի տեքստը մյուսից ավելի արժեքավո՞ր է: Ինչո՞վ: (Յուրաքանչյուրն էլ արժեքավոր է տարբեր պատճառներով:)
-
Ինչո՞վ են այս տեքստերը նման Մորմոնի Գրքին:
Բացատրեք, որ 1 Նեփի 9.1–5-ում Նեփին պատմում է երկու տարբեր թիթեղների վրա հիշատակարաններ պահելու իր ջանքերի մասին:
Թիթեղներից մեկի վրա, որոնք այժմ հայտնի են որպես Նեփիի մեծ թիթեղներ, նա արձանագրել է «[իր] ժողովրդի պատմությունը» (1 Նեփի 9.2): Այս պատմությունը ներառել է «թագավորների թագավորության պատմությունը և [իր] ժողովրդի պատերազմներն ու հակառակությունները» (1 Նեփի 9.4): Դա Նեփիի կազմած առաջին հիշատակարանն էր, սակայն այն ներառված չէ այնտեղ, ինչը մենք այժմ ունենք որպես Մորմոնի Գիրք:
Մյուս թիթեղների վրա, որոնք այժմ հայտնի են որպես Նեփիի փոքր թիթեղներ, նա արձանագրել է «[իր] ժողովրդի ծառայության պատմությունը» (1 Նեփի 9.3): Դուք կարող եք բացատրել, որ ծառայություն բառը վերաբերվում է կրոնական ուսուցումներին և միջոցառումներին: Նեփիի փոքր թիթեղների արձանագրությունները այժմ գտնվում են 1 Նեփի և 2 Նեփի գրքերում:
Որպեսզի օգնեք ուսանողներին տարբերել փոքր թիթեղները մեծ թիթեղներից, մինչ նրանք կարդան 1 Նեփի 9 գրատախտակին գրեք հետևյալը. «այս թիթեղները» = փոքր թիթեղները և «մյուս թիթեղները» = մեծ թիթեղները: (Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները գրեն այս բառերը իրենց սուրբ գրությունների համապատասխան հատվածների կողքին:) 1 Նեփի 9-ում «այս թիթեղները» արտահայտությունը միշտ վերաբերվում է փոքր թիթեղներին: «Մյուս թիթեղները» արտահայտությունը վերաբերվում է մեծ թիթեղներին:
Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 9.3, 5–6:
-
Ի՞նչ պատճառներ բերեց Նեփին մեծ թիթեղներին փոքր թիթեղները ավելացնելու համար: Ինչպե՞ս են այս բացատրությունները ցույց տալիս Նեփիի հավատքը առ Տերը:
Բացատրեք, որ մոտ 1000 տարի անց Մորմոն մարգարեն կրճատում կատարեց կամ ավելի հակիրճ ձևով գրեց բոլոր հիշատակարանները, որոնք գրվել էին իր ժողովրդի կողմից: Սա դարձավ այն, ինչը մենք այսօր գիտենք որպես Մորմոնի Գիրք: Երբ նա անում էր այս կրճատումները, նա գտավ Նեփիի փոքր թիթեղները և ներառեց դրանք իր հիշատակարանում:
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Մորմոնի Խոսքերը 1.3–7: Բացատրեք, որ Մորմոնը գրել է այս խոսքերը մոտավորապես մ.թ. 385թ., նեփիացիների և լամանացիների միջև վերջին ճակատամարտի ժամանակ: Երբ ուսանողները կարդան այս հատվածները, թող փնտրեն Մորմոնի նշած պատճառները, որոնցով նա ընդգրկել էր Նեփիի փոքր թիթեղները իր կրճատման մեջ:
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մարվին Ջ. Էշթոնի հետևյալ խոսքերը.
«Երբեմն, երբ մեզ պատվիրվում է հնազանդ լինել, մենք չգիտենք, թե ինչու, բացի այն բանից, որ Տերն է պատվիրել: … Նեփին հետևեց հրահանգներին, չնայած որ նա լիարժեք ձևով չէր հասկանում իմաստուն նպատակը: Նրա հնազանդության արդյունքում աշխարհի բոլոր մարդիկ օրհնվեցին» (“Who Will Forfeit the Harvest?” Ensign, Nov. 1978, 51):
Նշեք, որ Նեփիի և Մորմոնի օրինակներից մենք սովորում ենք, որ մենք պետք է հնազանդվենք Աստծո պատվիրաններին և հետևենք Հոգու հուշումներին նույնիսկ այն ժամանակ, երբ մենք լիովին չենք հասկանում դրա պատճառները:
-
Ինչու՞ է կարևոր հնազանդվել Աստծո պատվիրաններին և հետևել Հոգու հուշումներին նույնիսկ այն ժամանակ, երբ մենք լիովին չենք հասկանում դրա պատճառները:
-
Ե՞րբ եք դուք հնազանդվել Տիրոջը կամ հետևել որոշակի հուշումների առանց պատճառները լիովին հասկանալու:
-
Ինչպե՞ս մենք կարող ենք զարգացնել ավելի մեծ վստահություն և քաջություն Աստծո առաջնորդությանը հավատարիմ լինելու համար:
Վկայեք, որ երբ մենք հնազանդվում ենք Աստծո պատվիրաններին և Սուրբ Հոգու հուշումներին, դրանց նպատակների մեր հասկացողությունը խորանում է և Տերն օրհնում է մեզ մեր հնազանդության համար:
Թող մի ուսանող բարձրաձայն կարդա հետևյալ բացատրությունը: (Դուք կարող եք յուրաքանչյուր ուսանողի տալ փոքրիկ կրկնօրինակը, որպեսզի նրանք կարողանան հետևել և զետեղել այն իրենց սուրբ գրություններում հետագայում անդրադառնալու համար:)
Նեփիի կողմից երկու տեսակի հիշատակարաններ պահելու Տիրոջ «իմաստուն նպատակի» (1 Նեփի 9.5, Մորմոնի Խոսքերը 1.7) գոնե մի մասը ակնհայտ դարձավ այն ժամանակ, երբ Ջոզեֆ Սմիթը թարգմանեց Մորմոնի Գիրքը: Ջոզեֆը սկզբում թարգմանեց Նեփիի մեծ թիթեղների Մորմոնի կրճատումը: Մարտին Հարրիսը, ով օգնում էր Ջոզեֆին, ուզում էր թարգմանությունը ցույց տալ իր կնոջն ու ընտանիքին: Մարգարեն դժկամորեն թույլ տվեց, որ Մարտինը վերցներ 116 ձեռագիր էջերը, որոնք թարգմանվել էին մինչ այդ պահը: 116 էջերը գողացան Մարտինի մոտից և, որպես արդյունք, թիթեղները, Ուրիմն ու Թումիմը և թարգմանելու պարգևը ժամանակավորապես վերցվեցին Ջոզեֆ Սմիթից (տես ՎևՈՒ 3.14):
Այն բանից հետո, երբ Ջոզեֆ Սմիթն ապաշխարեց (տես ՎևՈՒ 3.10), Տերն ասաց նրան, որ նա կրկին չպետք է թարգմաներ կորած մասը (տես ՎևՈՒ 10.30): Դրա փոխարեն Նա պատվիրեց նրան թարգմանել Նեփիի փոքր թիթեղները (տես ՎևՈՒ 10.41), որտեղ նկարագրվում էր նույն ժամանակաշրջանը: Նա տեղեկացրեց Ջոզեֆին, որ նրանք, ովքեր վերցրել էին 116 էջերը, փոփոխել էին դրանք և ծրագրել էին օգտագործել դրանք աշխատանքը կործանելու համար (տես ՎևՈՒ 10.10–19): Տերը կանխատեսել էր այս իրադարձությունները հարյուրավոր տարիներ առաջ և նախապատրաստել էր երկրորդ հիշատակարանը Սատանայի ծրագիրը խափանելու համար: (Տես History of the Church, 1:20–23, ՎևՈՒ 10.38–46:)
Հրավիրեք ուսանողներին անձամբ կարդալ 1 Նեփի 9.6: Խնդրեք նրանց ներկայացնել վարդապետությունը, որը Նեփին ուսուցանում է այս հատվածում: Թող ուսանողներից մեկը հետևյալ սկզբունքը գրի գրատախտակին. Աստված ամեն բան գիտի և ուղի է պատրաստում իր բոլոր գործերը կատարելու համար:
-
Ինչու՞ է օգտակար իմանալը, որ «Տերը գիտի բոլոր բաները՝ ի սկզբանե» (1 Նեփի 9.6, տես նաև 2 Նեփի 9.20, Մորմոնի Խոսքերը 1.7):
-
Ինչպե՞ս կարող է այս վարդապետությունը ազդել ձեր ապրելակերպի վրա: (Երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, դուք կարող եք կիսվել ձեր մտքերով այն բանի մասին, թե ինչպես է այս վարդապետությունը մեծացրել ձեր հավատքը, հույսը և վստահությունը Աստծո հանդեպ:)
-
Ինչպե՞ս կարող է այս վարդապետությունը օգնել ձեզ, երբ դուք հանդիպում եք դժվարությունների: (Հնարավոր պատասխան կարող է լինել այն, որ մենք կարող ենք հանգստություն գտնել, երբ համոզված ենք, որ Աստված կարող է տեսնել մեր փորձությունների և դժվարությունների ելքը, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք չենք կարող տեսնել: Եվ Սուրբ Հոգու միջոցով Նա կարող է մեզ տալ ուժ, մխիթարություն և ուղղություն կյանքի դժվարությունները հաղթահարելու կամ տանելու համար:)
Արտահայտեք ձեր վստահությունը այն բանի վերաբերյալ, որ Աստված գիտի ամեն բան, ներառյալ այն, թե ինչն է լավագույնը Իր յուրաքանչյուր զավակի համար: Օգնեք ուսանողներին տեսնել, որ իրենց կյանքի ընթացքում նրանք կհանդիպեն պատվիրանների և Աստծուց ոգեշնչումներ կստանան, որոնք նրանք սկզբում չեն կարողանա ամբողջությամբ հասկանալ: Տիրոջ պատվիրաններին և Սուրբ Հոգու հուշումներին հնազանդվելը կօրհնի իրենց իսկ կյանքը և ուրիշների կյանքը: