Նեփիի Չորրորդ Գրքի Նախաբանը
Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:
4 Նեփի ուսումնասիրելիս ուսանողները կսովորեն օրհնությունների մասին, որոնք տրվում են մարդկանց, ովքեր միավորված են Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու մեջ: Լեքիի հետնորդների մեջ Փրկչի ծառայությունից հետո երկրի բոլոր մարդիկ դարձի եկան: Մինչ նրանք հնազանդվում էին պատվիրաններին, նրանք վայելում էին խաղաղություն, բարգավաճում և հոգևոր հրաշալի օրհնություններ: Մորմոնը հայտարարել է. «Անկասկած, ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնք ստեղծվել էին Աստծո ձեռքով» (4 Նեփի 1.16): Ուսանողները նաև կսովորեն կարևոր դասեր ամբարշտության մեջ մարդկանց աստիճանաբար անկման մասին:
Ո՞վ է գրել այս գիրքը:
Մորմոնը միացրել և կրճատել է չորս հեղինակների գրառումները, ստեղծելով 4 Նեփի գիրքը: Դրանցից առաջինը Նեփին էր, որի անունով կոչվեց գիրքը: Նեփին Նեփիի որդին էր, որը տասներկու աշակերտներից մեկն էր, որոնց Տերն ընտրեց Լեքիի հետնորդների մեջ Իր ծառայության ժամանակ (տես 3 Նեփի 11.18–22, 12.1): Մյուս երեք հեղինակներն էին՝ Նեփիի որդի Ամովսը և Ամովսի որդիներ Ամովսը և Ամմարոնը (տես 4 Նեփի 1.19, 21, 47):
Ու՞մ համար է գրված այս գիրքը և ինչո՞ւ:
Մորմոնը չի հասցեագրել 4 Նեփի գիրքը որոշակի լսարանի, նաև չի հստակեցրել, թե ինչու է այն գրել: Ինչևէ, այս գիրքը ծառայում է Մորմոնի Գրքի հիմնական նպատակին, որն է՝ վկայել այն մասին, որ Հիսուսը Քրիստոսն է, և հայտնի դարձնել Տիրոջ ուխտերը (տես Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը): Եվ այն այդ նպատակին է ծառայում, նկարագրելով այն օրհնությունները, որոնք գալիս են, երբ մարդիկ ապաշխարում են, գալիս են դեպի Հիսուս Քրիստոսը և ուխտեր կապում Նրա հետ: Այն նաև ցույց է տալիս կործանարար այն հետևանքները, որոնք տեղի են ունենում, երբ մարդիկ մերժում են Փրկչին և Նրա ավետարանը և մոռանում իրենց ուխտերը:
Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:
4 Նեփի գրքի սկզբնաղբյուրները, հավանաբար, գրվել են մ.թ. 34 և մ.թ. 321 թվականների ընթացքում: Մորմոնը կրճատեց այդ գրառումները մոտավորապես մ.թ. 345 և մ.թ. 385 թվականների ընթացքում: Մորմոնը չի նշել, թե որտեղ էր, երբ կազմում էր այդ գիրքը:
Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:
Միայն 49 հատվածներում 4 Նեփի գիրքը պատմում է մոտ 300 տարիների պատմությունը՝ Մորմոնի Գրքում տրված Նեփիացիների պատմության գրեթե մեկ-երրորդ մասը: 4 Նեփիի հակիրճությունը ավելի զորեղ է դարձնում այդ գիրքը: Այն համառոտ առանձնացնում է հակասությունը, որն ի հայտ է գալիս Փրկչի ծառայությանն անմիջապես հետևող մարդկանց արդարակեցության և սերունդներ հետո նրանց ամբարշտության միջև: Գրքի առաջին 18 հատվածները նկարագրում են օրհնությունները, որոնք վայելում է այն հասարակությունը, որը կառուցված է Հիսուս Քրիստոսի ավետարանի վրա: Հետագա հատվածները վկայում են հպարտության կործանարար բնույթի մասին, ցույց տալով, թե ինչպես այդ հասարակությունը աստիճանաբար թուլանում է, մինչև որ ամբողջովին կլանվում է մեղքի կողմից:
Համառոտ շարադրանք
4 Նեփի 1.1–18 Հիսուս Քրիստոսի ծառայությունից հետո բոլոր մարդիկ ամբողջ երկրով մեկ դարձի եկան և մկրտվեցին: Նրանք այլևս չէին բաժանում իրենց նեփիացիների և լամանացիների: «Նրանց մեջ բոլոր բաներն ընդհանուր էին» (4 Նեփի 1.3), նրանք տեսան շատ հրաշքներ, բարգավաճեցին և միասնության և երջանկության մեջ ապրեցին 110 տարի:
4 Նեփի 1.19–34 Նեփին մահանում է և նրա որդի Ամովսն է վարում հիշատակարանը: Հետագայում Ամովսը փոխանցում է իր գրառումներն իր որդի Ամովսին: Շատ մարդիկ թույլ էին տվել, որ Սատանան «ազդեցություն ձեռք բերեր նրանց սրտերի վրա» (4 Նեփի 1.28): Պառակտումները, հպարտությունը և կեղծ եկեղեցիները գլուխ բարձրացրեցին մարդկանց մեջ: Ամբարիշտները սկսեցին հալածել ճշմարիտ Եկեղեցու անդամներին և Հիսուսի աշակերտներին, որ մնացել էին նրանց հետ (4 Նեփի 1.30):
4 Նեփի 1.35–49 Մարդիկ կրկին բաժանում են իրենց նեփիացիների և լամանացիների: Լամանացիները իրենց կամքով ապստամբում են ավետարանի դեմ և կազմում Գադիանթոնի գաղտնի խմբակցություններ: Ի վերջո, նեփիացիները նույնպես դարձան ամբարիշտ: Ամովսը մահանում է, և նրա եղբայր Ամմարոնը վարում է գրառումներն այնքան ժամանակ, մինչև որ Սուրբ Հոգին պատվիրում է նրան թաքցնել դրանք: