Դաս 18
1 Նեփի 17
Նախաբան
Անապատում ութ տարի ճամփորդելուց հետո Լեքիի ընտանիքը ժամանեց ծովեզրյա մի տարածք, որը նրանք անվանեցին Լիառատ: Այն բանից հետո, երբ նրանք հաստատվեցին Լիառատում, Տերը պատվիրեց Նեփիին նավ կառուցել: Երբ նրա եղբայրները իմացան, թե նա ինչ էր փորձում անել, նրանք ծաղրեցին նրան, ապա դժգոհեցին և հրաժարվեցին օգնել: Նեփին սովորեցրեց իր եղբայրներին, որ չնայած Տերը փնտրել է խոսել նրանց հետ Հոգու մեղմ, հանդարտ ձայնով, նրանց անօրինությունը խանգարել է, որ նրանք զգան Նրա խոսքերը: Նա հանդիմանեց նրանց իրենց ամբարշտության համար և հորդորեց նրանց ապաշխարել:
Ուսուցանման առաջարկներ
1 Նեփի 17.1–51
Լեքիի ընտանիքի ճամփորդությունները դեպի Լիառատ երկիր, որտեղ Նեփիին պատվիրվում է նավ կառուցել
Գրատախտակին նկարեք հետևյալ գծապատկերը:
Խնդրեք ուսանողներին խորհել, թե արդյոք նրանք ներկայումս կնկարագրեն իրենց կյանքը որպես հեշտ, թե դժվար, և ինչու: (Դուք կարող եք խորհուրդ տալ ուսանողներին քննարկել իրենց պատասխանները զուգընկերոջ հետ: Կամ հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց մտքերով ամբողջ դասարանի հետ: Հիշեցրեք նրանց, որ կարիք չկա կիսվելու որևէ բանով, որը շատ անձնական է կամ գաղտնի:)
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 17.1, 4, 6: Մինչ նա կարդում է, թող դասարանը փնտրի բառեր և արտահայտություններ, որոնք նշում են, թե ժամանակը, որ Նեփին և նրա ընտանիքը անցկացրեցին անապատում, հեշտ էր, թե դժվար:
-
Անապատում անցկացրած ժամանակը Նեփին բնորոշում էր որպես հեշտ, թե՞ դժվար: Ո՞ր բառերն են ակնարկում, որ այն դժվար էր:
Բացատրեք, որ Նեփին և նրա ընտանիքը նաև առատորեն օրհնվեցին այս ժամանակահատվածում: Հրավիրեք ուսանողներին ընթերցել 1 Նեփի 17.2, 5, 12−13 և գտնել, թե ինչով էին օրհնված Նեփին ու իր ընտանիքը իրենց ճամփորդության ընթացքում: Խնդրեք մի քանի ուսանողների բացատրել այն, ինչ իրենք գտել են:
Ասեք ուսանողներին, որ Նեփին ուսուցանեց մի սկզբունք, որը բացատրեց, թե ինչու իր ընտանիքը կարող էր օրհնված լինել այս դժվար ժամանակահատվածում: Հրավիրեք ուսանողներին լուռ կարդալ 1 Նեփի 17.3 և ներկայացնել սկզբունքը, որ սկսվում է եթե բառով: Հակիրճ բացատրեք, որ սուրբ գրություններում սկզբունքները երբեմն ներկայացվում են «եթե-ապա» ձևով: Եթե բառը ներկայացնում է գործողություն, և ապա բառը ներկայացնում է հետևանքը (դրական կամ բացասական), որը մենք կունենանք որպես այդ գործողության արդյունք:
Չնայած 1 Նեփի 17.3-ը չի պարունակում ապա բառը, այն նկարագրում է գործողություն, ներառյալ մի քանի օրհնություններ, որոնք կլինեն արդյունքում: Խնդրեք ուսանողներին նշել իրենց ներկայացրած սկզբունքի «եթե-ապա» բաղադրիչները: Նրանք պետք է ասեն նմանատիպ մի բան. Եթե մենք պահենք պատվիրանները, ապա Տերը կուժեղացնի մեզ և միջոցներ կապահովի մեր համար, որ իրագործենք այն, ինչ նա պատվիրել է: (Դուք կարող եք գրատախտակին գրել այս սկզբունքը:) Հրավիրեք ուսանողներին փնտրել այս սկզբունքի վերաբերյալ վկայություն, մինչ նրանք ուսումնասիրում են Նեփիի փորձառությունը և մինչ նրանք անդրադառնում են իրենց իսկ կյանքին:
Բաժանեք թերթիկներ, որոնք պարունակում են հետևյալ հարցերը (կամ գրեք հարցերը գրատախտակին նախքան դասը).
-
Ի՞նչ պատվիրեց Տերը, որ Նեփին աներ: (1 Նեփի 17.7–8) Ինչպե՞ս արձագանքեց Նեփին: (1 Նեփի 17.9–11, 15–16) Ինչպե՞ս արձագանքեցին նրա եղբայրները: (1 Նեփի 17.17–21)
-
Ինչպե՞ս էր օգնել Տերը Մովսեսին իրագործել այն, ինչ պատվիրվել էր նրան անել: (1 Նեփի 17.23–29)
-
Ինչո՞վ էին Նեփիի եղբայրները նման Իսրայելի զավակներին: (1 Նեփի 17.30, 42)
-
Ի՞նչ է պատվիրել Տերը, որ կարող է դժվար լինել ինձ համար:
-
Ինչպե՞ս ես կարող եմ արձագանքել Նեփիի և Մովսեսի պես: Ինչպե՞ս ես կարող եմ խուսափել սխալներից, որ կատարեցին Նեփիի եղբայրները և Իսրայելի զավակները:
Ներկայացրեք վերևում տրված հարցերը, բացատրելով, որ դրանք կօգնեն ուսանողներին տեսնել, թե ինչպես Նեփին շարունակեց ապրել 1 Նեփի 17.3 սկզբունքի համաձայն Լիառատ ժամանելուց հետո: Հարցերը նաև կօգնեն ուսանողներին կիրառել սկզբունքը իրենց իսկ կյանքում: Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 17.7–8: Խնդրեք դասարանի մյուս անդամներին ներկայացնել, թե ինչ էր պատվիրվել Նեփիին անել: Թող ուսանողները պատասխանը գրեն թերթիկի առաջին հարցի տակ կամ իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:
-
Ինչո՞վ կարող էր այս պատվիրանը դժվար լինել Նեփիի համար:
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 17.9–11 և մեկ այլ ուսանողի կարդալ 1 Նեփի 17.15–16: Նախքան նրանց կարդալը խնդրեք դասարանին ուշադիր լսել, թե ինչպես Նեփին արձագանքեց նավ կառուցելու պատվիրանին:
-
Ի՞նչն է ձեզ վրա տպավորություն թողնում Նեփիի պատասխանի մեջ:
Թող ուսանողները թերթիկների վրա կամ իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում ամփոփ ձևով գրեն Նեփիի պատասխանը առաջին հարցի տակ:
Խնդրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 1 Նեփի 17.17–21: Թող դասարանը փնտրի բառեր կամ արտահայտություններ, որոնք հայտնում են Լամանի և Լեմուելի վերաբերմունքը: Թող ուսանողները համառոտ ձևով գրի առնեն Լամանի և Լեմուելի արձագանքը ի պատասխան նավ կառուցելու պատվիրանին: Հրավիրեք մեկ կամ երկու ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց գրառումներով:
Բացատրեք, որ Նեփին արձագանքեց իր եղբայրների դժգոհություններին, հիշեցնելով նրանց, որ Տերը օգնել էր Մովսեսին իրագործել Իսրայելի զավակներին գերությունից ազատելու դժվարին հանձնարարությունը: Նեփին նաև համեմատեց իր եղբայրների կարծրասրտությունը Իսրայելի զավակների կարծրասրտության հետ: Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել սուրբ գրությունների հատվածները և գրի առնել իրենց պատասխանները երկրորդ և երրորդ հարցերի վերաբերյալ: Ելնելով ձեր ուսանողների կարիքներից, դուք կրող եք հրավիրել նրանց անել դա անհատապես կամ զուգընկերոջ հետ:
Նրանից հետո, երբ ուսանողները կլրացնեն 2-րդ և 3-րդ հարցերը, հարցրեք.
-
Ինչպե՞ս էր օգնում Տերը Մովսեսին իրագործել այն, ինչ պատվիրված էր նրան անել:
-
Ձեր կարծիքով, Մովսեսի օրինակը ինչպե՞ս էր օգնում Նեփիին:
-
Ինչո՞վ էին Նեփիի եղբայրները նման Իսրայելի զավակներին:
Նշեք, որ երբ Տերը մեզ տալիս է դժվարին առաջադրանքներ կամ պատվիրաններ, մենք կարող ենք ընտրել արձագանքել Նեփիի պես, կամ մենք կարող ենք արձագանքել ինչպես Լամանը և Լեմուելը: Բացատրեք, որ չնայած Աստված մեզ չի պատվիրել կատարել այնպիսի առաջադրանքներ, ինչպիսին է նավ կառուցելը կամ Կարմիր ծովը բաժանելը, Նա տվել է պատվիրաններ և պատվիրել է մեզ իրագործել բաներ, որոնք որոշ մարդիկ դժվար են կարծում: Օրինակ, նա պատվիրել է մեզ ունենալ առաքինի մտքեր և Հանգստյան օրը սուրբ պահել: Նա ակնկալում է, որ մենք կկատարենք Եկեղեցու կոչումները (օրինակ որպես քվորումի կամ դասարանի նախագահ) և ծառայել ուրիշներին: Նա նաև ակնկալում է, որ մենք պահենք մեր ուխտերը և ակտիվ մնանք Եկեղեցում, նույնիսկ դժվարությունների հանդիպելիս: Ուսանողներին ժամանակ տվեք 4-րդ և 5-րդ հարցերի պատասխանները գրի առնելու համար: Խրախուսեք նրանց 4-րդ հարցին պատասխանելիս գրել որևէ բանի մասին, որ Տերը պատվիրել է և որը դժվար է նրանց համար:
Այն բանից հետո, երբ ուսանողները բավականաչափ ժամանակ կունենան գրելու համար, բարձրաձայն կարդացեք Նեփիի հավատքի արտահայտությունը 1 Նեփի 17.50-ում: Ապա ուսանողներին խնդրեք լուռ կարդալ 1 Նեփի 17.51 և խորհել, թե ինչպես է դա վերաբերվում իրենց կյանքին: Խրախուսեք նրանց ավելացնել իրենց անունը ինձ բառից հետո և նավ կառուցել արտահայտությունը փոխարինել առաջադրանքով կամ պատվիրանով, որը նրանք դժվար են համարում: Խորհեք այն բանի վերաբերյալ, որ հրավիրեք այն ուսանողներին, ովքեր հարմար կգտնեն դա անել, բարձրաձայն կարդալ 1 Նեփի 17.51 իրենց կատարած փոփոխություններով: Կրկին անդրադարձեք գրատախտակին գրված սկզբունքին:
-
Ի՞նչ փորձառություն էր Նեփին արդեն իսկ ունեցել այս սկզբունքի հետ կապված, որ տալիս էր նրան վստահություն, որ Տերը կօգներ իրեն կատարել ցանկացած պատվիրան:
-
Ի՞նչ փորձառություն եք ունեցել դուք, որը ձեզ վստահություն է տալիս, որ Աստված կօգնի ձեզ իրագործել ցանկացած բան, ինչ Նա կպահանջի ձեզանից:
Կիսվեք ձեր վկայությամբ, որ երբ մենք պահում ենք պատվիրանները, Տերը ուժեղացնում է մեզ և ճանապարհներ է պատրաստում մեր համար իրագործելու այն ամենը, ինչն Ինքը պատվիրում է:
1 Նեփի 17.45–55
Նեփին հանդիմանում է Լամանին և Լեմուելին իրենց ամբարշտության համար
Ցուցադրեք Նեփին հնազանդեցնում է իր ըմբոստ եղբայրներին (62044; Gospel Art Book [2009], no. 70) նկարը: Հրավիրեք ուսանողներին ամփոփել այն, ինչը տեղի ունենում նկարում: Եթե ուսանողները պատասխան չունեն, հրավիրեք նրանց գտնել պատասխանը 1 Նեփի 17.48, 53–54-ում:
-
Համաձայն 1 Նեփի 17.53-ի, ինչո՞ւ Տերը ցնցեց Նեփիի եղբայրներին: (Դուք կարող եք ուսանողների ուշադրությունը հրավիրել 53 ա տողատակի ծանոթագրության վրա, որ օգնեք նրանց հասկանալ, որ ցնցել բառը այս ենթատեքստում նշանակում է «այնպես անել, որ ցնցվեն կամ դողան»:)
Բացատրեք, որ ցնցումը, որ Տերը տվեց Լամանին և Լեմուելին, բազմաթիվ ճանապարհներից մեկն է, որոնցով Տերը հաղորդակցվել է նրանց հետ: Հրավիրեք ուսանողներին կարդալ 1 Նեփի 17.45 և ներկայացնել մի քանի ճանապարհներ, որոնցով Տերը հաղորդակցվել է Լամանի և Լեմուելի հետ անցյալում:
-
Ի՞նչ ճանապարհներով է Տերը հաղորդակցվել Լամանի և Լեմուելի հետ: Դրանցից ո՞րն է այն ճանապարհը, որով Տերը ամենաշատն է փնտրում հաղորդակցվել մեզ հետ:
Դուք կարող եք առաջարկել ուսանողներին նշել 1 Նեփի 17.45-ի հետևյալ մասը. «Նա խոսել է ձեզ հետ՝ մեղմ, հանդարտ ձայնով»: Խնդրեք ուսանողներին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ խոսքերը.
«Սուրբ Հոգին խոսում է այնպիսի ձայնով, որ դուք ավելի շատ զգում եք, քան լսում: Այն նկարագրվում է որպես «մեղմ, հանդարտ ձայն» [ՎևՈՒ 85.6]: Եվ մինչ մենք խոսում ենք Հոգու հուշումներին «լսելու» մասին, ավելի հաճախ մարդիկ նկարագրում են հոգևոր հուշումը՝ ասելով. «Ես զգացողություն եմ ունեցել …»» (“Personal Revelation: The Gift, the Test, and the Promise,” Ensign, Nov. 1994, 60):
Դուք կարող եք հրավիրել ուսանողներին գրել հետևյալ ճշմարտությունը իրենց սուրբ գրություններում 1 Նեփի 17.45 հատվածի կողքին. Սուրբ Հոգին խոսում է մեղմ, հանդարտ ձայնով, որը մենք ավելի շատ զգում ենք, քան լսում: (Այս սկզբունքը շեշտելու համար դուք կարող եք խնդրել ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 8.2–3:)
-
Ե՞րբ եք դուք զգացել, որ Սուրբ Հոգին խոսել է ձեզ հետ մեղմ, հանդարտ ձայնով:
-
Ի՞նչ եք դուք անում, որն օգնում է ձեզ զգալ և ճանաչել Սուրբ Հոգու մեղմ, հանդարտ ձայնը:
Այն բանից հետո, երբ ուսանողները պատասխանեն, դուք կարող եք խրախուսել նրանց ընդգծել 1 Նեփի 17.45-ի հետևյալ արտահայտությունը. «Բայց դուք անզգայացած էիք, որպեսզսի կարողանայիք զգալ նրա խոսքերը»: Թող ուսանողները կարդան 1 Նեփի 17.45 հատվածի առաջին նախադասությունը և ներկայացնեն, թե ինչու էին Լամանը և Լեմուելը դարձել «անզգայացած»: Հրավիրեք նրանց ներկայացնել իրենց գտածը:
-
Ինչո՞ւ «անօրինություն գործելիս սրընթաց լինելը» կարող էր պատճառ դառնալ, որ Լամանը և Լեմուելը դառնային «անզգայացած»:
-
Ինչպե՞ս կարող են մեր մեղքերը ազդել Սուրբ Հոգու ազդեցությունը զգալու մեր կարողության վրա:
Ուսանողների պատասխաններից հետո կարդացեք Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստի հետևյալ մտքերը, ով ծառայել է որպես Առաջին Նախագահության անդամ.
«Մեր օրերում հաղորդակցվելու համար հիմնականում օգտագործում են բջջային հեռախոսներ: Երբեմն, ինչևիցե, մենք գտնվում ենք այնպիսի վայրերում, որտեղ բջջային հեռախոսի ազդանշանը չի գործում: Սա կարող է պատահել, երբ բջջային հեռախոս օգտագործողը գտնվում է թունելում կամ կիրճում կամ երբ կան այլ խանգարող ռադիոազդանշաններ:
Այդպես է նաև աստվածային հաղորդակցության դեպքում: … Մենք հաճախ դնում ենք ինքներս մեզ հոգևոր առումով անհասանելի տեղերում՝ վայրեր և իրադրություններ, որոնք սահմանափակում են աստվածային ուղերձները: Այս անհասանելի տեղերից են բարկությունը, պոռնոգրաֆիան, հանցանքը, եսասիրությունը և այլ իրավիճակներ, որոնք վիրավորում են Հոգուն» (“Did You Get the Right Message?” Ensign կամ Liahona, May 2004, 67):
Որպես վերջաբան հրավիրեք ուսանողներին խորհել ուղերձների մասին, որոնք Տերը հաղորդել է նրանց վերջերս: Խրախուսեք նրանց խորհել, թե արդյոք նրանք գտնվում են որևէ «հոգևորապես անհասանելի վայրում», որ կարող է խանգարել նրանց նման հաղորդակցություն ստանալ: (Դուք կարող եք հրավիրել ուսանողներին գրել այդ մասին իրենց սուրբ գրությունների օրագրերում:) Վկայեք, որ Սուրբ Հոգին խոսում է մեղմ, հանդարտ ձայնով, որը մենք ավելի շատ զգում ենք, քան լսում: Նաև վկայեք, որ մենք կարող ենք ունենալ այս հաղորդակցության փորձառությունը, եթե ձգտենք լինել արժանի այս նուրբ հուշումներին: