Գրադարան
Հակոբ


Հակոբի գրքի նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Ուսումնասիրելով Հակոբի գիրքը, ուսանողները կարող են սովորել կարևոր դասեր մի մարդուց, ով ուներ անսասան հավատք առ Հիսուս Քրիստոսը: Հակոբը շարունակաբար վկայել է Փրկչի մասին և ապաշխարության է հրավիրել իր ժողովրդին և նրանց, ովքեր կկարդան իր խոսքերը: Նա ուսուցանել է և ցույց տվել, թե որքան կարևոր է ջանասիրաբար իրականացնել Տիրոջից ստացած կոչումները: Նա նախազգուշացրել է իր ժողովրդին հպարտության, հարստությունների և անբարոյականության վտանգների մասին: Հակոբը նաև մեջբերել և մեկնաբանել է Զենոսի այլաբանությունը ձիթենիների մասին, որը ցույց է տալիս Փրկչի անխոնջ ջանքերը Աստծո բոլոր զավակներին փրկություն բերելու համար և պատկերացում է տալիս Իսրայելի տան հետ Աստծո գործերի մասին: Սերեմի՝ հակաքրիստոսի հետ իր հանդիպման ժամանակ Հակոբը ցույց է տալիս, թե ինչպես պետք է արդարացիորեն պատասխանել նրանց, ովքեր կասկածում կամ քննադատում են մեր հավատքը:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Այս գիրքը գրել է Հակոբը՝ Սարայի և Լեքիի հինգերորդ որդին: Նա ծնվել է անապատում՝ դեպի խոստումի երկիր իր ընտանիքի ճամփորդության ընթացքում: Իր պատանեկության տարիներին Հակոբը «տարել է չարչարանքներ և շատ վիշտ՝ [իր] եղբայրների կոպտության պատճառով» (2 Նեփի 2.1): Այնուամենայնիվ, Լեքին խոստացավ Հակոբին, որ Աստված «կնվիրագործի [իր] չարչարանքները [իր] օգտի համար» և որ նա իր օրերը կանցկացնի «[իր] Աստծո ծառայության մեջ» (2 Նեփի 2.2–3): Իր պատանեկության տարիներին Հակոբը տեսավ Փրկչի փառքը (տես 2 Նեփի 2.3–4): Նեփին նվիրաբերեց Հակոբին՝ լինելու քահանա և ուսուցիչ նեփիացիների համար (տես 2 Նեփի 5.26), իսկ ավելի ուշ նրան հանձնեց Նեփիի փոքր թիթեղները (տես Հակոբ 1.1–4): Որպես հավատարիմ քահանայության ղեկավար և ուսուցիչ Հակոբը ջանասիրաբար աշխատում էր, որ համոզեր իր ժողովրդին հավատալ Քրիստոսին (տես Հակոբ 1.7): Նա ստացավ հայտնություններ Փրկչի վերաբերյալ, փորձառություն ունեցավ հրեշտակների ծառայության հետ կապված, լսեց Տիրոջ ձայնը (տես Հակոբ 7.5) և տեսավ իր Քավչին (տես 2 Նեփի 11.2–3): Հակոբը Ենովսի հայրն էր, և նա հանձնեց թիթեղները Ենովսին իր մահից առաջ:

Ո՞ւմ համար է գրված այս գիրքը և ինչո՞ւ:

Նեփին հանձնարարեց Հակոբին գրի առնել սրբազան ուսմունքներ, հայտնություններ և մարգարեություններ «ի սեր Քրիստոսի և ի սեր մեր ժողովրդի» (Հակոբ 1.4): Հակոբը հնազանդվեց այս հրահանգին և պահպանեց գրությունները, որոնք նա «համարում էր ամենաարժեքավորը» (Հակոբ 1.2): Նա գրել է. «Մենք տքնում ենք ջանասիրաբար, փորագրելով այս խոսքերը թիթեղների վրա, հուսալով, որ մեր սիրելի եղբայրները և մեր զավակները կստանան դրանք երախտապարտ սրտով: … Քանզի, այս միտումով ենք մենք գրել այս բաները, որպեսզի նրանք կարողանան իմանալ, որ մենք գիտեինք Քրիստոսի մասին, և մենք ունեինք նրա փառքի մի հույս՝ նրա գալստից շատ հարյուրավոր տարիներ առաջ» (Հակոբ 4.3–4): Հակոբը մեկնաբանել է իր գրառումների առանցքային թեման, երբ ակնարկել է. «Ինչո՞ւ չխոսել Քրիստոսի Քավության մասին և չհասնել նրա մասին կատարյալ գիտության…» (Հակոբ 4.12):

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Հակոբի գիրքը սկսվում է մոտավորապես Ք. ծ. ա. 544թ., երբ Նեփին Հակոբին հանձնեց փոքր թիթեղները: Այն ավարտվում է մոտավորապես Հակոբի կյանքի վերջին մոտ, երբ նա փոխանցեց թիթեղները իր որդի Ենովսին: Հակոբը գրեց այս հիշատակարանը, մինչ ապրում էր Նեփիի երկրում:

Որո՞նք են այս գրքի առանձնահատկությունները:

Հակոբի գիրքը տեղեկություն է տալիս Նեփիի մահից հետո նեփիացիների կառավարման մասին: Նեփին օծեց մի մարդու, որ փոխարիներ իրեն որպես ժողովրդի թագավոր և ղեկավար, մինչ Հակոբը և նրա եղբայր Հովսեփը շարունակեցին լինել նեփիացիների հոգևոր ղեկավարները: Այս գրքի մեկ այլ առանձնահատուկ գծերից մեկը չթույլատրված բազմակնության կիրառումը Հակոբի կողմից դատապարտելն է: Մորմոնի Գրքում այս թեմայի շուրջ միակ հղմանը հանդիպում ենք Հակոբ 2 –ում: Հակոբի գիրքը նաև ներառում է Մորմոնի Գրքի ամենաերկար գլուխը՝ Հակոբ 5, որը պարունակում է ձիթենիների վերաբերյալ Զենոսի այլաբանությունը: Բացի դրանից Հակոբի գրքում է հիշատակված, որ Մորմոնի Գրքի մարգարեն առաջին անգամ ուղղակիորեն նախազգուշացնում է նեփիացիներին հպարտության վերաբերյալ՝ մեղք, որը պատճառ կդառնա նրանց վերջնական կործանմանը (տես Հակոբ 2.12–22, Մորոնի 8.27): Այնտեղ նաև հիշատակվում է նեփիացիների մեջ առաջին հակաքրիստոսի ի հայտ գալու մասին:

Համառոտ շարադրանք

Հակոբ 1 Հակոբը հնազանդվում է սուրբ հիշատակարան պահելու Նեփիի պատվերին: Հակոբը և Հովսեփը ծառայում են ժողովրդին՝ ուսուցանելով նրանց Աստծո խոսքը:

Հակոբ 2–3 Խոսելով տաճարում Հակոբը նախազգուշացնում է նեփիացիներին հպարտության, հարստություններ սիրելու և անբարոյականության մասին:

Հակոբ 4–6 Հակոբը վկայում է Քրիստոսի մասին և մեջբերում է Զենոսի այլաբանությունը ձիթենիների վերաբերյալ: Նա խրախուսում է իր ժողովրդին ապաշխարել, ստանալ Տիրոջ ողորմությունը և նախապատրաստվել դատաստանին:

Հակոբ 7 Տիրոջ օգնությամբ Հակոբը ապշեցնում է Սերեմին՝ հակաքրիստոսին: Նա նշում է նեփիացիների և լամանացիների միջև եղած հակամարտությունների մասին և փոքր թիթեղները փոխանցում է Ենովսին: