Դաս 70
Ալմա 3–4
Նախաբան
Լամանացիների բանակին միանալուց հետո Ամղիկիացիները առանձնացան Նեփիացիներից՝ իրենց ճակատներին կարմիր նշան անելով: Ամղիկիացիները և Լամանացիները պատերազմեցին Նեփիացիների դեմ և «հազարավոր ու տասնյակ հազարավոր»-ներ մահացան այդ պատերազմի ժամանակ (տե՛ս Ալմա 3.26): Այս ճակատամարտից հետո շատ Նեփիացիներ խոնարհեցրին իրենց և «զարթնեցվեցին ի հիշողություն իրենց պարտականությունների» (Ալմա 4.3): Շուրջ 3500 հոգի մկրտվեցին և միացան Եկեղեցուն: Այնուամենայնիվ, հաջորդ տարի Եկեղեցու շատ անդամներ հպարտացան և սկսեցին հալածել մյուսներին: Այս ամբարշտություններից մտահոգված, Ալման թողնում է գլխավոր դատավորի աթոռը և շարունակում է ծառայել որպես Եկեղեցու քահանայապետ: Այս պաշտոնում նա ծրագրում է ճանապարհորդել ողջ երկրով մեկ՝ բերելով պարզ վկայություն և ապաշխարության կոչ անելով մարդկանց:
Ուսուցանման առաջարկներ
Ալմա 3.1–19
Նեփիացիները վիճում են Ամղիկիացիների և Լամանացիների հետ
Դասարանը բաժանեք երկու խմբի: Յուրաքանչյուր խմբին տվեք մեկական թուղթ հետևյալ բառերով՝ հագուստ, սանրվածք, ականջօղեր և ոսկեղեն, դաջվածքներ: Հարցրեք խմբերին, թե այս առարկաների միջոցով մարդիկ ինչ կարող են արտահայտել, լինի դա միտումնավոր, թե՝ ոչ միտումնավոր:
Հիշեցրեք ուսանողներին, որ Ամղիկիացիներն առանձնացան Նեփիացիներից և միացան Լամանացիներին (տե՛ս Ալմա 2): Հրավիրեք ուսանողներին կարդալ Ալմա 3.4-ը և բացահայտել, թե ինչպես Ամղիկիացիները փոխեցին իրենց արտաքին տեսքը:
-
Ումի՞ց էին Ամղիկիացիները ցանկանում «տարբերվել»:
-
Ինչպե՞ս կարող են մեր օրերում որոշ մարդիկ տարբերվել արդարներից իրենց արտաքին տեսքով: (Մինչ ուսանողները պատասխանում են, համոզվեք, որ հասկանալի է, որ որոշ մարդիկ միտումնավոր կերպով փոխում են իրենց արտաքին տեսքը, որպեսզի առանձնացնեն իրենց արդարներից կամ ապստամբեն Եկեղեցու չափանիշների դեմ: Մյուսները հետևում են աշխարհիկ միտումներին, առանց գիտակցելու, որ դրանով ուղերձ են փոխանցում իրենց մասին:)
Բացատրեք, որ երբ Ամղիկիացիները նշան արեցին իրենց ճակատներին, որպեսզի առանձնանային Նեփիացիներից, նրանք դրանով ցույց տվեցին, որ Լամանացիների անեծքը բերել են իրենց վրա: Մի քանի ուսանողի հրավիրեք բարձրաձայն կարդալ Ալմա 3.14–19: Օգնեք դասարանին վերլուծել այս հատվածները՝ տալով այս բոլոր կամ որոշ հարցերը.
-
Ո՞ր արտահայտությունն է Ալմա 3.18-ում նկարագրում Ամղիկիացիների գործողությունները կամ վերաբերմունքը Աստծո դեմ: («Բացահայտ ապստամբության ընդդեմ Աստծո»:)
-
Ինչպե՞ս էին Ամղիկիացիները անեծքը բերել «իրենց վրա» (Ալմա 3.19):
-
Որո՞նք են այն մի քանի ճշմարտությունները, որոնք մենք սովորում ենք այս հատվածներից: (Պատասխանները կարող են լինել, որ նրանք, ովքեր դուրս են գալիս Աստծո դեմ բացահայտ ապստամբության, բերում են բացասական հետևանքներ իրենց վրա, կամ՝ եթե մենք առանձնացված ենք Աստծուց, ապա դա նրանից է, որ մենք ենք մեզ առանձնացրել Նրանից:)
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես տարբերակել իրենց ճիշտ ձևով, տվեք հետևյալ հարցերը.
-
Որո՞նք են այն մի քանի ձևերը, որոնցով մենք կարող ենք մեր հագուստի և արտաքին տեսքի միջոցով ցույց տալ, որ մենք Հիսուս Քրիստոսի աշակերտներն ենք: (Եթե ուսանողները դժվարանան պատասխանել այս հարցին, դուք կարող եք նրանց հանձնարարել Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում կարդալ «հագուստ և արտաքին տեսք» բաժինը [2011], էջ 6–8: Շեշտեք, որ ավետարանի մասին մեր ներքին վկայությունը պետք է ներազդի հագուստի և արտաքին տեսքի վրա:)
Հորդորեք ուսանողներին իրենց ամենօրյա ընտրություններով, այդ թվում՝ իրենց հագուստի և արտաքին տեսքի ընտրությամբ, ցույց տալ, որ հետևում են Տիրոջը: Շեշտեք, որ մեր հագուստի և արտաքին տեսքի միջոցով մենք կարող ենք մեզ տարբերակել որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ:
Ալմա 3.20–27
Նեփիացիներից, Լամանացիներից և Ամղիկիացիներից շատերը սպանվեցին պատերազմի ժամանակ
Ամփոփեք Ալմա 3.20–25-ը, նշելով, որ Նեփիացիները ետ մղեցին Լամանացիներին, բայց երկու կողմերն էլ ունեցան հազարավոր զոհեր: Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 3.26–27: Հանձնարարեք դասարանին սովորել այն դասը, որը Մորմոնը ուզում էր, որ մենք հասկանայինք:
-
Համաձայն այդ հատվածների, ինչպիսի՞ վարձք են ստանում նրանք, ովքեր հնազանդվում են Տիրոջը:
-
Ինչպիսի՞ հետևանքներ են ունենում նրանք, ովքեր չեն հնազանդվում Տիրոջը:
Որպես ամփոփում, կարող եք գրել հետևյալ սկզբունքը գրատախտակին. Մենք ստանում ենք ուրախություն կամ թշվառություն կախված նրանից, թե ում ենք կամենում հնազանդվել:
Հրավիրեք ուսանողներին մտածել այն օրհնությունների մասին, որոնք գալիս են Տիրոջը հետևելու որոշումից:
-
Ինչպիսի՞ օրհնություն եք ստացել, երբ ընտրել եք հետևել Նրան:
Ալմա 4.1–14
Եկեղեցու աճի ժամանակաշրջանից հետո Եկեղեցու անդամները սկսեցին հպարտանալ և հակառակվել մեկը մյուսի դեմ:
Գրեք խոնարհ և հպարտ բառերը գրատախտակին:
-
Ի՞նչ է նշանակում լինել խոնարհ: ( Լինել խոնարհ նշանակում է լինել ընկալունակ և երախտագիտությամբ ընդունել մեր կախվածությունը Տիրոջից՝ հասկանալով, որ մենք անընդհատ Նրա աջակցության կարիքն ունենք:)
Մի քանի ուսանողի հրավիրեք բարձրաձայն կարդալ Ալմա 4.1–5: Դասարանին հանձնարարեք գտնել Նեփիացիների խոնարհ դառնալու փաստը: Երբ ուսանողները պարզաբանեն, թե ինչ են նրանք գտել, կարող եք շեշտել, որ մենք կարիք չունենք վերապրելու դժբախտություն, որպեսզի դառնանք խոնարհ. մենք կարող ենք ընտրել խոնարհ լինելը:
Շեշտեք, որ Նեփիացիների նկարագրությունը Ալմա 4.6-ում շատ տարբեր է Ալմա 4.3–5-ի նկարագրությունից: Ցույց տվեք գրատախտակին գրված հպարտ բառը:
-
Ի՞նչ է նշանակում լինել հպարտ: (Հպարտությունը խոնարհության հականիշն է: Մարդիկ, ովքեր հպարտ են, ընդդիմանում են ուրիշներին և Աստծուն: Նրանք իրենց վեր են դասում շրջապատից և Աստծո ցանկություններին հետևելու փոխարեն հետևում են իրենց ցանկություններին:)
Դասարանի կեսին հանձնարարեք մտքում կարդալ Ալմա 4.6–8, իսկ մյուս կեսին՝ Ալմա 4.9–12: Երկու խմբին էլ հանձնարարեք գտնել որոշ Նեփիացիների հպարտ արարքները, և թե ինչպիսի ազդեցություն ունեցան այս արարքները մյուսների վրա: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, թող երկու խումբն էլ ասեն, թե ինչ են բացահայտել:
-
Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում այն մասին, թե ինչպե՞ս է հպարտությունը ազդում ուրիշների հանդեպ մեր վերաբերմունքի վրա:
-
Ի՞նչ զգուշացում եք դուք տեսնում Ալմա 4.10-ում: (Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ, եթե մենք ոչ ճիշտ օրինակ ենք ցույց տալիս, մեր արարքները կարող են խանգարել ուրիշներին ընդունել ավետարանը: )
Հանձնարարեք բարձրաձայն կարդալ Ալմա 4.13–14: Դասարանին հանձնարարեք գտնել օրինակներ, որտեղ մի քանի Նեփիացիներ խոնարհ էին, երբ մյուսները հպարտ էին:
-
Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում այն մասին, թե ինչպե՞ս է խոնարհությունը ազդում ուրիշների հանդեպ մեր վերաբերմունքի վրա:
Ընդգծեք, որ խոնարհ կամ հպարտ լինելու մեր որոշումներն ազդում են ինչպես մեզ, այնպես էլ ուրիշների վրա: Ժամանակ տվեք ուսանողներին իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրելու այս սկզբունքի ճշմարտացիությունն ապացուցող փորձառությունների մասին:
Ալմա 4.15–20
Ալման հրաժարական է տալիս գլխավոր դատավորի պաշտոնից, որպեսզի կարողանա իր ժամանակը նվիրաբերել մարդկանց ապաշխարության հրավիրելու գործին:
Ուսանողներին հանձնարարեք պատկերացնել իրենց Ալմայի դերում: Նրանք գլխավոր դատավորն են, և շատ մարդիկ դարձել էին հպարտ և հալածում էին նրանց, ովքեր մնացել էին խոնարհ:
-
Ի՞նչ կանեիք դուք, որպեսզի օգնեիք մարդկանց փոխվել:
Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 4.15–19: Հանձնարարեք դասարանին գտնել, թե ինչ ընտրեց անել Ալման:
-
Ի՞նչ որոշեց անել Ալման: (Նա որոշեց թողնել գլխավոր դատավորի իր պաշտոնը, որպեսզի կարողանար նվիրել իր ժամանակը ժողովրդին ուսուցանելու գործին:)
-
Ի՞նչ է ասում «պարզ վկայությամբ» արտահայտությունն այն մասին, թե ինչպես Ալման պետք է ուսուցաներ (Ալմա 4.19):
-
Երբ եք լսել, երբ մարդիկ բերել են «պարզ վկայություն»: Ինչպե՞սի ազդեցություն է դա ունեցել ձեզ վրա:
-
Ալմա 4.19-ում ի՞նչ ճշմարտություն մենք կարող ենք սովորել Ալմայի օրինակից:
Ուսանողների պատասխանները կարող են պարունակել հետևյալը.
Մեր հոգևոր պարտականությունները կատարելիս կարող է պահանջվել զոհաբերություն:
«Պարզ վկայություն» բերելն օգնում է ուրիշներին ավելի մոտենալ Աստծուն:
Հրավիրեք ուսանողներին փնտրել Ալմայի պարզ վկայությունը, երբ նրանք իրենց անձնական ուսումնասիրության ժամանակ կարան Ալմա 5–16, որպեսզի հետագա դասերի ժամանակ քննարկեն այս գլուխները: Նրանց ուշադրությունը հրավիրեք այն բանի վրա, թե ինչ ազդեցություն ունեցավ Ալմայի վկայությունը մարդկանց վրա: