Տնային ուսումնասիրության դաս
Ալմա 33–38 (Մաս 19)
Նախաբան
Ամուղեկը սովորեցրեց զորամացիներին, որ Քավությունն «անսահման և հավերժական» է (Ալմա 34.10): Ուսանողները սովորեցին այս ճշմարտությունը շաբաթվա ընթացքում կատարած ուսումնասիրությունների ժամանակ, և այս դասը նրանց կտա ևս մեկ հնարավորություն, որ հասկանան և գնահատեն Հիսուս Քրիստոսի Քավությունը:
Ուսուցանման առաջարկներ
Ալմա 33–35
Ալման և Ամուղեկը սովորեցնում են զորամացիներին Հիսուս Քրիստոսի Քավության մասին:
Հարցրեք. Ինչո՞ւ էր Հիսուս Քրիստոսը միակը, ով կարող էր քավել աշխարհի մեղքերը:
Հիշեցրեք ուսանողներին, որ որպես իրենց շաբաթական հանձնարարություններ, նրանք կարդացել էին Ալմա 34.10–14-ը և նշել էին արտահայտությունները, որոնք ներառում էին անսահման և հավերժական բառերը: Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ այս հատվածները, հետո խնդրեք ուսանողներին կիսվել արտահայտություններով, որոնք նրանք ընդգծել են:
Հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը, որ օգնեք նրանց հասկանալ, թե ինչու է Հիսուս Քրիստոսի Քավությունն անսահման և հավերժական.
«Նրա Քավությունն անսահման է՝ առանց վերջի: Այն նաև անսահման էր այն առումով, որ ողջ մարդկությունը կարող էր փրկվել անվերջանալի մահից: Այն անսահման էր Նրա ահռելի տառապանքի առումով: … Այն անսահման էր գործունեության շրջանակով. այն պետք է կատարվեր մեկ անգամ՝ բոլորի համար: Եվ Քավության ողորմածությունը տարածվում է ոչ միայն անսահման քանակությամբ մարդկանց վրա, այլ նաև Նրա կողմից ստեղծված անսահման քանակությամբ աշխարհների վրա: Այն անսահման էր ցանկացած մարդկային չափման միավորից կամ մահկանացու ըմբռնողությունից:
Հիսուսը միակն էր, որ կարող էր առաջարկել այսպիսի անսահման քավություն, քանի որ Նա ծնվել էր մահկանացու մորից և անմահ Հորից: Այդ առանձնահատուկ ծնունդի շնորհիվ Հիսուսն անսահման Էակ էր» (“The Atonement,” Ensign, Nov. 1996, 35):
Հարցրեք. Ինչպե՞ս են Ամուղեկի ուսմունքները և Երեց Նելսոնի այս բացատրություններն օգնում մեզ հասկանալ, թե ինչու էր Հիսուս Քրիստոսը միակը, ով կարող էր քավել աշխարհի մեղքերը:
Ուսանողներին խնդրեք ամփոփել, թե ինչ են իրենք մինչ այժմ սովորել Ալմա 34-ից Հիսուս Քրիստոսի Քավության մասին: Բացատրեք, որ այս բաժնից մենք կարող ենք սովորել այն կարևոր սկզբունքը, որ Հիսուս Քրիստոսի անսահման և հավերժական Քավությունը արվել է բոլոր մարդկանց համար:
Գրեք հետևյալ արտահայտությունը գրատախտակին կամ թերթիկի վրա. Պատկերացրեք կյանքն առանց …
Ցուցադրեք մի առարկա, որը շատ երիտասարդներ արժևորում են (օրինակ՝ բջջային հեռախոս): Հարցրեք. Ինչպիսի՞ն կլիներ կյանքն առանց այս առարկայի:
Հաջորդը, ցուցադրեք ջրով մի շիշ կամ բաժակ (կամ մեկ ուրիշ բան, որը կենսական կարևոր նշանակություն ունի): Հարցրեք. Ինչպիսի՞ն կլիներ կյանքն առանց ջրի:
Երբ ուսանողները պատասխանեն այս հարցերին, լրացրեք գրատախտակի նախադասությունը. Պատկերացրեք կյանքն առանց Հիսուս Քրիստոսի Քավության:
Տվեք հետևյալ հարցերը.
-
Ըստ ձեզ, ինչպե՞ս են մարդիկ նայում կյանքին, եթե նրանք չգիտեն Հիսուս Քրիստոսի մասին կամ եթե նրանք չեն հավատում, որ կա Աստված:
-
Ըստ ձեզ, ի՞նչ կփոխվեր կյանքում ձեզ համար՝ առանց Հիսուս Քրիստոսի Քավության: (Նախքան պատասխաններ հարցնելը, ուսանողներին խորհելու համար ժամանակ տվեք:)
Բացատրեք, որ Ամուղեկը սովորեցրեց զորամացիներին, որ նրանք պետք է ապաշխարեին, որպեսզի իրենց կյանքում ունենային Քավության օրհնությունները (տես Ալմա 34.15–17): Հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանք երբևէ հետաձգել են ապաշխարելը, քանի որ վախեցել են խոստովանել իրենց մեղքերը կամ վախեցել են, որ իրենք բավականաչափ ուժեղ չեն լինի փոխվելու համար: Ապա հարցրեք. Ինչո՞ւ է վտանգավոր հետաձգել ապաշխարությունը:
Հրավիրք ուսանողներին հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 34.30–35, փնտրելով, թե ինչ է Ամուղեկը սովորեցրել այն մասին, թե ինչու մենք չպետք է հետաձգենք ապաշխարելը: Քննարկեք այս հատվածները՝ տալով հետևյալ հարցերը.
-
Աչքի անցկացրեք Ալմա 34.32: Ինչո՞ւ մենք պետք է այսօր ապաշխարենք: (Երբ ուսանողները պատասխանեն, օգնեք նրանց հասկանալ այս սկզբունքը. Մեզ համար այս կյանքն է ժամանակը նախապատրաստվելու՝ հանդիպելու Աստծուն:)
-
Աչքի անցկացրեք Ալմա 34.33: Ո՞րն է այս կյանքի նպատակը: Ի՞նչ կպատահի նրանց, ովքեր կհետաձգեն ապաշխարելը:
-
Աչքի անցկացրեք Ալմա 34.31: Ի՞նչ խոստում է տրվում նրանց, ովքեր այժմ են ապաշխարում:
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ խոսքերը.
«Դուք կարիք չունեք իմանալու ամեն բան, նախքան Քավության զորությունը կգործի ձեզ համար: Հավատք ունեցեք առ Քրիստոս. այն սկսում է գործել այն օրը, երբ դուք խնդրում եք» (”Washed Clean,” Ensign, May 1997, 10):
Հարցրեք. Ի՞նչ են ձեզ սովորեցնում Նախագահ Փաքերի այս խոսքերը: Ինչպե՞ս են դրանք ձեզ օգնում:
Ալմա 36
Ալման խորհուրդ է տալիս իր որդի Հելամանին
Ձեր ուսանողներն ուսումնասիրել են Ալմայի խորհուրդը, որը նա տվել է իր որդի Հելամանին, որը գտնվում է Ալմա 36-ում, և իմացել են այն ուրախության մասին, որ Ալման զգացել է, երբ անկեղծորեն ապաշխարել է իր մեղքերից: Ուսանողներին հանձնարարվել էր կարդալ Ալմա 36.19–22-ը և հետո գրել իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում, թե ինչ են այս հատվածները սովորեցրել իրենց Քավության զորության մասին (օր 2, առաջադրանք 3): Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ են իրենք գրել: Վերջում բերեք ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի Քավության և երջանկության մասին, որ գալիս է ապաշխարությունից:
Հաջորդ Մաս (Ալմա 39–44)
Խնդրեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես կարող է հոգատար և սիրող ծնողը ուղղել որդուն կամ դստերը, ով գործել է լուրջ սեռական օրինազանցություններ: Ալման հայտնվել էր նման իրավիճակում և սովորեցրել կարևոր ճշմարտություններ իր որդի Կորիանթոնին, ով մեղանչել էր, մինչ ծառայում էր միսիայում: