Հարոմի գրքի նախաբան
Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:
Երբ ուսանողներն ուսումնասիրեն Հարոմի գիրքը, նրանք կտեսնեն, որ Աստված պահում է Իր խոստումը և օրհնում է նրանց, ովքեր հնազանդվում են Իր պատվիրաններին: Նրանք նաև կտեղեկանան Հարոմի ժամանակների նեփիացի թագավորների, մարգարեների, ուսուցիչների և քահանաների ջանքերի մասին, որոնք օգնում էին ժողովրդին ապաշխարել և խուսափել կործանումից:
Ո՞վ է գրել այս գիրքը:
Այս գիրքը գրել է Ենովսի որդին՝ Հարոմը: Իր հոր և իր պապու՝ Հակոբի և իր ապուպապու՝ Լեքիի պես, Հարոմն ուներ մարգարեության և հայտնության հոգին (տես Հարոմ 1.2): Երբ նա ավարտեց իր արձանագրությունը, նա փոխանցեց թիթեղները իր որդի Օմնիին:
Ո՞ւմ համար է գրված այս գիրքը և ինչո՞ւ:
Հարոմն ասել է, որ ինքը գրել է «[իր] հոր՝ Ենովսի պատվիրանների համաձայն, որպեսզի [իրենց] տոհմաբանությունը պահպանվի» (Հարոմ 1.1): Նա նաև նշել է, որ իր հիշատակարանը «[գրվել է] ի շահ [իր] եղբայրների՝ Լամանացիների» (Հարոմ 1.2, տես նաև Ենովս 1.13–18): Հարոմը չի արձանագրել իր սեփական մարգարեությունները և հայտնությունները, քանի որ նա հավատում էր, որ իր հայրերի արձանագրությունները բավականաչափ «բացահայտել [են] փրկության ծրագիրը» (Հարոմ 1.2): Դրա փոխարեն նա նկարագրել է նեփիացի առաջնորդների գործերն իր ծառայության ընթացքում: Այս առաջնորդները «զորեղ մարդիկ էին՝ Տիրոջ հավատքում» (Հարոմ 1.7), ովքեր շարունակ հորդորում էին մարդկանց ապաշխարել և հնազանդվել պատվիրաններին (տես Հարոմ 1.3–5, 10–12): Հարոմը նշում էր, որ երբ մարդիկ ընտրում էին հետևել իրենց արդար առաջնորդների խորհրդին, նրանք բարգավաճում էին և կարողանում էին պաշտպանվել լամանացիներից: Նա վկայել է. «Տիրոջ խոսքը հաստատվեց, որը նա հայտնել էր մեր հայրերին՝ ասելով, որ. Որքան որ դուք կպահեք իմ պատվիրանները, դուք կբարգավաճեք երկրում» (Հարոմ 1.9, տես նաև 1 Նեփի 2.19–20):
Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:
Հարոմի գրքում ամփոփված են մոտավորապես 59 տարիներ՝ մոտավորապես մ.թ.ա. 420-մ.թ.ա. 361թթ. (տես Ենովս 1.25, Հարոմ 1.13): Այն գրվել է Նեփիի երկրում:
Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:
Հարոմի գիրքը Մորմոնի Գրքի ամենակարճ գիրքն է: Այն մանրամասներ է տալիս նեփիացիների քաղաքակրթության զարգացման մասին, նշելով, որ նրանք «շատ բազմացան և տարածվեցին երկրի երեսին» (Հարոմ 1.8): Նրանք նաև ձեռք էին բերել բազմաթիվ բնական հարստություններ և հմտացել էին փայտագործության և մետաղագործության, շենքեր կառուցելու, սարքավորումներ ստեղծելու և գործիքներ ու զենքեր պատրաստելու մեջ (տես Հարոմ 1.8):
Համառոտ շարադրանք
Հարոմ 1.1–2 Հարոմը ստանում է թիթեղները և բացատրում է իր գրելու նպատակը:
Հարոմ 1.3–12 Հարոմն արձանագրում է Տիրոջ խոստման իրագործումը, համաձայն որի նեփիացիները կօրհնվեին և կբարգավաճեին, եթե նրանք պահեին Նրա պատվիրանները: Նա վկայել է նույնիսկ նախքան Փրկչի մահկանացու ծառայությունը՝ մարդկանց մեղքից փրկելու Նրա զորության մասին, հնարավորություն տալով մարդկանց «հավատալու [նրան] … այնպես, կարծես թե նա արդեն եկել էր» (Հարոմ 1.11):
Հարոմ 1.13–15 Հարոմը նշում է, որ նեփիացիների և լամանացիների միջև եղած պատերազմների մասին արձանագրություն է պահվում Նեփիի մեծ թիթեղների վրա: Նա փոխանցում է փոքր թիթեղները իր որդի Օմնիին: