Տնային ուսումնասիրության դաս
Հելաման 1–9 (Մաս 22)
Նախաբան
Աճող հակառակության և ամբարշտության մեջ Նեփին ուսուցանում էր իր որդիներին, որ նրանց հավատքի հիմքը պետք է լինի Հիսուս Քրիստոսը: Ապաշխարության և Տիրոջ մարգարեների խոսքերը լսելու մասին Նեփիի ուսմունքները կարևոր էին մարդկանց երջանկության համար:
Ուսուցանման առաջարկներ
Հելաման 1–5
Նեփիացիները պարտություններ են կրում հակառակության և ամբարշտության պատճառով. շատ լամանացիներ դարձի են գալիս, երբ Նեփին ու Լեքին քարոզում են ավետարանը
Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչու որոշ շենքեր երկար ժամանակ ամուր են մնում, մինչդեռ մյուսները փլվում են: Հետո հարցրեք. ինչու՞ է կարևոր, որ շենքն ունենա ամուր հիմք:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Հելաման 5.12 հատվածը: Քանի որ սա սուրբ գրությունների սերտման հատված է, հրավիրեք մի քանի ուսանողների փորձել անգիր ասել դա: Խրախուսեք նրանց փորձել՝ չնայած որ ամբողջովին գուցե չհիշեն: Հետո տվեք հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ է խոստացված այս հատվածում, եթե մենք կառուցենք մեր կյանքը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա: (Ուսանողների պատասխանները պետք է ներառեն այն, որ, եթե մենք կառուցենք մեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա, Սատանան զորություն չի ունենա մեր վրա):
-
Ի՞նչ եք արել, ձեր կյանքը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա կառուցելու համար:
Հրավիրեք ուսանողներին պատմել այնպիսի ժամանակների մասին, երբ նրանց վկայությունները Փրկչի մասին օգնել են իրենց դիմակայել գայթակղություններին կամ համբերությամբ տանել փորձությունները: Կիսվեք ձեր վկայությամբ այն հոգևոր ուժի մասին, որ դուք ստացել եք ձեր կյանքը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա կառուցելու շնորհիվ: Խրախուսեք ուսանողներին խորհել մեկ կամ ավելի եղանակների մասին, որով նրանք կփորձեն ավելի լավ կառուցել իրենց կյանքը Քրիստոսի վեմի վրա:
Հելաման 6–7
Լամանացիներն ավելի արդար են դառնում, մինչ Նեփիացիները դառնում են ավելի ամբարիշտ. Նեփին քարոզում է ամբարիշտ Նեփիացիներին և պատվիրում է նրանց ապաշխարել
Հիշեցրեք ուսանողներին, որ մինչ շատ Լամանացիներ ապաշխարում էին և հզորանում էին ավետարանով, Նեփիացիներն ապրում էին ամբարշտության մեջ, և Սուրբ Հոգին ետ քաշվեց նրանցից: Խնդրեք ուսանողներին մտածել մի ժամանակահատվածի մասին իրենց կյանքում, երբ նրանք զգացել են, որ Հոգին ետ է քաշվել նրանցից իրենց ընտրությունների պատճառով:
Բացատրեք, որ երբ Նեփին տեսավ իր ժողովրդի վիճակը, «նրա սիրտը լցվեց վշտով» (Հելաման 7.6): Նա բարձրացավ իր պարտեզի աշտարակի վրա, որպեսզի աղոթի և ողբա իր ժողովրդի ամբարշտության համար: Նրա շուրջ մարդկանց բազմություն հավաքվեց, և Նեփին նրանց ուսուցանելու առիթն օգտագործեց:
Ուսանողներից մեկին հրավիրեք գալ դասարանի առջև և ներկայանալ որպես Նեփի իր աշտարակի վրա: Ուսանողին խնդրեք բարձրաձայն կարդալ Հելաման 7.15–22, 26–28՝ մինչ մյուսները կհետևեն նրան: Նախքան նրա կարդալը, երեխաներին բաժանեք երկու մասի: Մի մասին խնդրեք փնտրել, թե որոնք էին Նեփիացիների մեղքերն ըստ Նեփիի ուսուցանածի, իսկ մյուս մասին խնդրեք նշել Նեփիի վկայած հետևանքները, որոնք կգային, եթե Նեփիացիները հրաժարվեին ապաշխարել: Հետո ուսանողներին խնդրեք հայտնել իրենց եզրակացությունները:
Ուսանողների պատասխանելուց հետո հրավիրեք նրանց ասել այն սկզբունքները, որ մենք կարող ենք սովորել այս դեպքից: Ուսանողները կարող են կիսվել տարբեր սկզբունքներով, բայց նրանք պետք է արտահայտեն, որ, եթե մենք հրաժարվենք ապաշխարել մեր մեղքերից, մենք կկորցնենք Տիրոջ պաշտպանությունը և հավերժական կյանքի օրհնությունները:
Որպեսզի օգնեք երիտասարդներին հասկանալ այդ սկզբունքը, հրավիրեք նրանց բացատրել, թե ինչպիսի հետևանքներ կարող են առաջանալ մարդկանց մոտ հետևյալ իրավիճակներում. (1) Մի պատանի չի կամենում ապաշխարել մերկագրություն դիտելու սովորությունից: (2) Մի երիտասարդ աղջկա ամենաբարձր առաջնահերթությունը հայտնի և ճանաչված դառնալն է՝ չնայած իր ծնողների կողմից այլ կերպ ուսուցանված լինելուն: (3) Մի պատանի, չնայած լսել է մարգարեների ուսմունքները սուրբ գրություններն ուսումնասիրելու և աղոթելու վերաբերյալ՝ նա չի կամենում անել դրանցից ոչ մեկը:
Հրավիրեք ուսանողներին խորհել, արդյոք ինչ-որ բան կա, որի համար պետք է ապաշխարեն, որպեսզի ավելի լիարժեք զգան Տիրոջ զորությունն իրենց կյանքում:
Հելաման 8
Նեփին ուսուցանում է, որ բոլոր մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին
Գրատախտակի վրա գրեք ընդունել և ուրանալ բառերը: Խնդրեք ուսանողներին բացատրել այս երկու բառերի միջև եղած տարբերությունները: Ուսանողներից մեկին հրավիրեք կարդալ Հելաման 8.13 հատվածը, մինչ ուսանողները կնշեն, թե ժողովուրդն ինչ է ուրացել ըստ Նեփիի ասածի: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին նշել այն ամենը, ինչ կգտնեն:
Ուսանողներին ցույց տվեք «Մովսեսն ու պղնձե օձը» նկարը (62202; Ավետարանի արվեստի գիրք [2009], թիվ. 16): Հրավիրեք նրանց կարդալ Հելաման 8.14–15 հատվածները և նշել, թե ինչ սովորեցրեց Մովսեսը Փրկչի մասին: Հրավիրեք նրանց ասել այն, ինչ սովորեցին: Հետո հարցրեք.
-
Որո՞նք են այն եղանակները, որ մարդը կարող է հավատքով նայել Փրկչին:
-
Ի՞նչ է նշանակում «փշրված հոգի» ունենալ: (Լինել խոնարհ, ապաշխարող և Տիրոջ կամքն ընդունող:) Ինչու՞ է այս հատկանիշն անհրաժեշտ, երբ մենք նայում ենք Փրկչին:
-
Ինչպե՞ս կարող է Փրկչի Քավության մասին իմացությունն օգնել մեզ դիմակայել չարին և ապաշխարել, երբ մեղանչում ենք:
Հրավիրեք ուսանողներին ասել մի սկզբունք, որ մենք կարող ենք սովորել այս հատվածներից: Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանք պետք է արտահայտեն, որ, եթե մենք կենտրոնանանք Հիսուս Քրիստոսի վրա և հավատք գործադրենք Նրա նկատմամբ, մենք կստանանք հավերժական կյանք:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 8.16 հատվածը և խնդրեք դասարանին գտնել, թե ուրիշ ովքեր են ուսուցանել Փրկչի առաքելության մասին: Թող որ ուսանողները Հելաման 8.17–22 հատվածներում արագ փնտրեն այլ մարգարեների անուններ, ովքեր վկայել են Հիսուս Քրիստոսի մասին: Հրավիրեք ուսանողներին խորհել այն մասին, թե ինչպես են մարգարեները հին ժամանակներում, ինչպես նաև մեր օրերում, վկայել Փրկչի առաքելության և քավող զոհաբերության մասին:
Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց վկայություններով այն մասին, թե ինչ է Փրկչի Քավությունը նշանակում իրենց կյանքում: Դուք նույնպես կարող եք կիսվել ձեր վկայությամբ:
Հաջորդ մաս (Հելաման 10–16)
Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ Տերը նրանց խոստացել է անել ցանկացած բան, որ նրանք կխնդրեն Նրանից: Նեփին այնքան հավատարիմ էր, որ Տերը նրան տվեց այս խոստումը և կնքման զորությունը: Խրախուսեք ուսանողներին այս շաբաթ ուսումնասիրել Հելաման 10–11 գլուխները՝ ուշադրություն դարձնելով այն եղանակներին, որ Նեփին կիրառում էր Տիրոջ տված զորությունն իր ժողովրդին օգնելու համար: Նաև հրավիրեք նրանց ուշադրություն դարձնել, թե Հիսուս Քրիստոսի ծննդյան և մահվան քանի նշաններ կարող են նշել՝ մինչ կուսումնասիրեն Սամուել Լամանացու մարգարեությունը Հելաման 13–16 գլուխներում: