Տնային ուսումնասիրության դաս
2 Նեփի 11–25 (Մաս 7)
Նախաբան
Այս շաբաթ ուսանողները ուսումնասիրեցին ընտրված հատվածներ Եսայիայից, որոնք Նեփին ընդգրկել էր իր գրվածքների մեջ: Նախագահ Բոյդ Ք. Փաքերը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ասել է Եսայիայի այս գլուխների մասին. «Մի դադարեք կարդալ: Առաջ գնացեք Հին Կտակարանի այդ դժվար հասկանալի գլուխների միջով, եթե անգամ շատ քիչ եք հասկանում: Առաջ գնացեք, եթե անգամ միայն աչքի եք անցկացնում և պարզապես պատկերացում կազմում այս կամ այն հատվածից» (“The Things of My Soul,” Ensign, May 1986, 61):
Այս շաբաթ ուսանողների հետ հանդիպելիս, խրախուսեք նրանց համբերատար լինել Եսայիայի խոսքերը ուսումնասիրելիս: Կարող եք նաև հրավիրել նրանց կիսվել նրանով, թե ինչպես են Եսայիայի գրվածքները օգնել իրենց «բարձրացնել իրենց սրտերը և ուրախանալ» Աստծո բարությամբ (2 Նեփի 11.8):
Ուսուցանման առաջարկներ
2 Նեփի 11-25
Նեփին մեջբերում է Եսայիայի մարգարեությունները Հիսուս Քրիստոսի մասին
Ցույց տվեք խոշորացույց կամ նկարեք այն գրատախտակին: Մի ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ 2 Նեփի 25.13: Խնդրեք դասարանին գտնել, թե ինչ է «մեծարում» Նեփին: Բացատրեք, որ Եսայիայի խոսքերը գրառելու Նեփիի պատճառներից մեկը, որը գտնվում է 2 Նեփի 11–25-ում, Հիսուս Քրիստոսի անունը, ծառայությունը և քավությունը մեծարելն էր նրանց կյանքում, ովքեր կկարդային Նեփիի խոսքերը:
Մի ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ 2 Նեփի 11.4–8: Դասարանին խնդրեք գտնել արտահայտությունները, որոնք նշում են Եսայիայի խոսքերը մեջբերելու Նեփիի պատճառները:
Տնային ուսումնասիրության ժամանակ ուսանողներին խնդրվել է նշել «Քրիստոս» անունը ամեն անգամ, երբ այն հանդիպում է 2 Նեփի 25.20–30-ում: Խնդրեք նրանց բացել 2 Նեփի 25.28–29 և գտնել այդ հատվածներում կրկնվող արտահայտությունը: (Ճիշտ ճանապարհը Քրիստոսին հավատալն է և նրան չուրանալը»:)
Ուսանողներին հարցրեք. Ձեր կյանքում ի՞նչ փորառություններ եք ունեցել, որոնք սովորեցրել են ձեզ հավատալ, որ Հիսուս Քրիստոսը ապրելու ճիշտ ճանապարհն է, և հետևել դրան:
Հետևյալ ցանկը պարունակում է ճշմարտություններ, վարդապետություններ և սկզբունքներ, որոնք ուսանողները սովորել են 2 Նեփի 11–25-ից այս շաբաթ: Գրեք գրատախտակին հետևյալ ինը նախադասությունները կամ գրեք դրանք յուրաքանչյուր ուսանողի համար պատրաստած տպագիր թերթիկի վրա: Խնդրեք ուսանողներին կարդալ ցանկը և գտնել այս ճշմարտությունները, վարդապետությունները և սկզբունքները մեջբերված հատվածներում:
Եսայիայի ուսմունքները հասկանալը մեր օրերում
-
Աստված հիմնել է տաճարներ՝ ուսուցանելու մեզ Իր ճանապարհների մասին և օգնելու մեզ քայլել Իր ճանապարհներով (տես 2 Նեփի 12.2–3):
-
Մենք կարող ենք մաքրվել մեր անարժանավորությունից Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով (տես 2 Նեփի 16.5–7):
-
Աստված կլինի մեզ հետ, եթե մենք վստահենք Նրան անգամ դժվարության և վախերի ժամանակներում (տես2 Նեփի 17.4, 7, 14):
-
Հիսուս Քրիստոսը դատաստանի և ողորմածության Աստված է: Նրա ողորմությունը տարածվում է նրանց վրա, ովքեր կապաշխարեն և կպահեն Նրա պատվիրանները (տես 2 Նեփի 19.12, 17, 21; 20.4):
-
Տերը վերականգնեց Իր ավետարանը և Իր Եկեղեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, և այժմ՝ վերջին օրերում հավաքում է Իր ժողովրդին (տես 2 Նեփի 21.10, 12):
-
Հազարամյակի ժամանակ երկիրը կլինի խաղաղության վայր, որովհետև այն լցված կլինի Տիրոջ գիտելիքով (տես 2 Նեփի 21.6–9):
-
Տերը ողորմած կլինի Իր ժողովրդի հանդեպ, սակայն ամբարիշտները կկորչեն (տես 2 Նեփի 23.22):
Նեփիի ուսմունքները
-
Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք կարող ենք փրկվել շնորհով այն ամենից հետո, ինչ կարող էինք անել (տես 2 Նեփի 25.23):
-
Փրկչի Քավության միջոցով մենք կարող ենք ստանալ մեր մեղքերի թողությունը (տես 2 Նեփի 25.26):
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, տվեք հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ թեմաներ եք դուք տեսնում Եսայիայի և Նեփիի այս ուսմունքներում: (Հնարավոր թեմաներ. Երկնային Հայրն ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, Իր զավակներին փրկություն և խաղաղություն բերելու համար: Մենք կարող ենք վստահել Աստծուն ամեն իրավիճակում: Տաճարները ուսուցանում են մեզ Աստծո մասին:)
-
Այս ինը հայտարարություններից ո՞ր մեկն է առավել իմաստալից ձեզ համար: Ինչո՞ւ:
Յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք մեկ վարդապետություն կամ սկզբունք վերևում տրված ցանկից և խնդրեք ուսանողներին անել հետևյալը.
-
Կարդացեք սուրբ գրությունների հատվածը, որից վերցված է վարդապետությունը կամ սկզբունքը:
-
Պատասխանեք այս հարցին. Ինչպե՞ս կարող է այս վարդապետությունը կամ սկզբունքը օգնել ձեզ «հրճվել» Տիրոջով: (Տես 2 Նեփի 11.4–6):
-
Մտածեք այն իրավիճակների մասին, երբ այս վարդապետության կամ սկզբունքի մասին գիտելիքը կարող է ձեզ հույս և ուժ պարգևել:
Ուսանողներին խնդրեք կիսվել իրենց մտքերով: Այդ ընթացքում կարող եք հարցնել. «Էլ ո՞վ վկայություն կամ ներշնչում ունի նրա վերաբերյալ, ինչ հենց նոր ուսուցանվեց»: Երբ թույլ եք տալիս նրանց կիսվել իրենց մտքերով և վկայություններով, ճշմարտությունները կհաստատվեն նրանց սրտերում: Շնորհակալություն հայտնեք նրանց մասնակցելու համար:
Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ 2 Նեփի 25.13: Դասարանին խնդրեք հետևել, գտնելով այն պատճառները, որոնցով Նեփին հրճվում էր, մեծարելով Տիրոջ անունը: Ուսանողներին խնդրեք ասել, թե ինչ են գտել:
Մի ուսանողի խնդրեք կարդալ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ վկայությունը.
«Ես համոզված եմ, որ մեզանից ոչ մեկը չի կարող լիարժեք ընկալել նրա կարևորությունը, ինչ Քրիստոսն արեց մեզ համար Գեթսեմանիում, սակայն իմ կյանքի յուրաքանչյուր օրը ես շնորհակալ եմ Նրա քավող զոհաբերության համար:
Վերջին պահին Նա կարող է հրաժարվել: Սակայն Նա դա չարեց: Նա իջավ բոլոր բաներից ներքև, որպեսզի կարողանար փրկել բոլոր բաները: Դա անելով, Նա մեզ պարգևեց կյանք այս մահկանացու գոյությունից հետո: Նա փրկագնեց մեզ Ադամի Անկումից:
Իմ հոգու խորքից ես շնորհակալ եմ Նրան: Նա մեզ սովորեցրեց, ինչպես պետք է ապրել: Նա մեզ սովորեցրեց, ինչպես պետք է մահանալ: Նա ապահովեց մեր փրկությունը» (“At Parting,” Ensign, May 2011, 114):
Հարցրեք. Ի՞նչ նմանություններ եք տեսնում 2 Նեփի 25.13-ի Նեփիի խոսքերի և Նախագահ Մոնսոնի խոսքերի միջև:
Ավարտեք այսօրվա դասը, խնդրելով ուսանողներին նկարագրել, թե ինչ եղանակներով կարող են Վերջին Օրերի Սրբերը մեծարել Տիրոջ անունը: Նրանից հետո, երբ ուսանողները կպատասխանեն, խրախուսեք նրանց մեծարել Տիրոջ անունը ամեն օր:
Հաջորդ բաժին (2 Նեփի 26–31)
Հաջորդ բաժնում ուսանողները կուսումնասիրեն վերջին օրերի մասին Նեփիի մի քանի մարգարեություններ: Նեփին տեսավ, որ կեղծ եկեղեցիները և գաղտնի խմբակցությունները կբազմանան: Նա նաև տեսավ, որ Տերը «զարմանալիք և զարմանք» կգործի (2 Նեփի 27.26) և որ շատերը կմերժեն Մորմոնի Գիրքը, որովհետև արդեն ունեն Աստվածաշունչը: Բացի դա, Նեփին բացատրեց Քրիստոսի վարդապետությունը: