Դաս 96
Ալմա 39
Նախաբան
Ալման պատվիրաններ է տալիս իր անվերահսկելի որդուն՝ Կորիանթոնին, ով թողել էր ծառայությունը և գործել էր սեռական մեղք: Ալման սովորեցրեց նրան իր արարքների լրջության մասին և հիասթափություն արտահայտեց, որ Կորիանթոնը գործել էր նման լուրջ մեղք: Ալման պատվիրեց իր որդուն դադարեցնել իր աչքերի տենչանքների ետևից գնալը և ապաշխարել: (Այլ առարկաների շուրջ Ալմայի խորհուրդն ուղղված Կորիանվոնին շարունակվում է 40–42 գլուխներում:)
Ուսուցանման առաջարկներ
Ալմա 39.1–8
Ալման բացատրում է իր որդուն՝ Կորիանթոնին սեռական մեղքի լրջությունը:
Գրատախտակին գրեք հետևյալ հարցը. Ինչո՞ւ են որոշ մեղքեր ավելի լուրջ, քան մյուսները:
Հրավիրեք ուսանողներին լուռ խորհել այս հարցի պատասխանների մասին: Նշեք, որ Ալմա 39–ում գտնվող Ալմայի խորհուրդը կարող է օգնել մեզ հասկանալ որոշակի մեղքերի լուրջ բնույթը:
Հրավիրեք ուսանողներին աչքի անցկացնել գլուխ 39-ի վերնագրից անմիջապես վերև գտնվող նշումը: Խնդրեք նրանց ներկայացնել, թե ով է խոսում այս գլխում և թե ում հետ է նա խոսում (Ալման խոսում է իր որդի Կորիանթոնի հետ): Բացատրեք, որ Կորիանթոնը իր եղբայր Սիբլոնի և Ալմայի հետ քարոզում էր ավետարանը զորամացիների մեջ, սակայն նա ընկել էր մեղքի մեջ: Նշեք, որ Կորիանթոնի կատարած սխալը հասկանալը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ այս գլխում և հաջորդ երեք գլուխներում նրան տրված Ալմայի խորհուրդը:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 39.1–5: Խնդրեք դասարանին փնտրել, թե ինչ էր արել Կորիանթոնը, որը սխալ էր: (Դուք կարող եք բացատրել, որ պոռնիկ բառը հատված 3–ում վերաբերվում է անբարոյական մի կնոջ կամ մարմնավաճառի:)
-
Ի՞նչ էր արել Կորիանթոնը, որը սխալ էր: Նրա մեղքերից ո՞րն էր ամենալուրջը: (Սեռական անբարոյությունը:)
-
Զորամացիների մեջ Կորիանթոնը պարծեցել էր իր ուժով և իմաստությամբ (տես Ալմա 39.2): Ի՞նչ եղանակներով կարող է հպարտ կեցվածքը տանել դեպի այնպիսի լուրջ մեղքերի, ինչպիսին է սեռական անբարոյությունը: Որո՞նք են հպարտ կեցվածքի ժամանակակից օրինակները, որոնք մարդկանց տանում են դեպի սեռական մեղքեր: (Երբ ուսանողները քննարկեն այս հարցերը, նշեք, որ երբ մարդիկ հպարտ են, նրանք հաճախ գերագնահատում են իրենց սեփական ուժը, ներառյալ գայթակղությանը դիմանալու իրենց ունակությունը: Սրա ժամանակակից օրինակներից են վաղ տարիքում ժամադրությունները և մեկ անձնավորության հետ առանձին ժամադրությունը:)
Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 39.5, փնտրելով, թե ինչպես Ալման բացատրեց սեռական մեղքի լրջությունը: (Կարող է օգտակար լինել բացատրելը, որ պղծություն բառը վերաբերվում է մի բանի, ինչը մեղսալի է, չարամիտ կամ չափազանց վատ:)
-
Ինչպե՞ս է Տերը վերաբերվում սեռական մեղքին: (Երբ ուսանողները պատասխանեն, օգնեք նրանց ներկայացնել ճշմարտությունը, որ սեռական մեղքը պղծություն է Տիրոջ աչքում:)
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ են պոռնկությունը և շնությունը լրջության առումով դրվում սպանության կողքին:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Տիրոջ չափանիշները և խոստումները կապված սեռական անարատության հետ, հրավիրեք նրանց մտքում կարդալ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի «Սեռական անարատություն» բաժնի առաջին երկու պարբերությունները: Խնդրեք նրանց փնտրել հետևյալ հարցի պատասխանները, երբ նրանք կարդան այն: (Դուք կարող եք հարցը գրել գրատախտակին: Դուք նաև կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները գրքույկում նշեն իրենց գտած պատասխանները:)
-
Որո՞նք են սեռական անարատությունը պահպանելու օգուտները:
Երբ ուսանողները բավականաչափ ժամանակ ունենան, որ կարդան և զեկուցեն իրենց գտած պատասխանները, խնդրեք նրանց մտքում կարդալ «Սեռական անբարոյություն» բաժնի մնացած մասը՝ փնտրելով հետևյալ հարցի պատասխանները.
-
Ի՞նչ չափանիշներ է Տերը հաստատել մեզ համար, որ պահպանենք սեռական անարատությունը:
Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչ է Տերն ուզում, որ նրանք սովորեն այն ուղերձից, որը հենց նոր կարդացին: Վկայեք սեռական մեղքի լրջության և այն օրհնությունների մասին, որոնք գալիս են սեռական անարատությունից:
Նշեք, որ իր որդուն նուրբ հարցի շուրջ խորհուրդ տալով, Ալման իր ծնողական պարտքն էր կատարում: Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչպես կարող են նրանք արձագանքել սեռական անարատության վերաբերյալ իրենց ծնողների կամ Եկեղեցու ղեկավարների խորհրդին: Հրավիրեք նրանց մտքում կարդալ Ալմա 39.7–8, փնտրելով սեռկան մեղքի լրջությունը Կորիանթոնին սովորեցնելու Ալմայի նպատակը:
-
Ի՞նչ նպատակով էր Ալման սովորեցնում Կորիանթոնին իր մեղքի լրջության մասին: (Որ օգներ Կորիանթոնին ապաշխարել, որ նա մեղքի զգացումով չկանգներ Աստծո առաջ:)
-
Ինչպե՞ս պետք է մենք արձագանքենք, երբ ինչ-որ մեկը հրավիրում է մեզ ապաշխարել:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչու են Ալմայի նման ծնողները հրավիրում իրենց երեխաներին ապաշխարել, կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը.
«Ապաշխարելու հրավերը սիրո արտահայտում է: … Եթե մենք չհրավիրենք ուրիշներին փոխվել կամ չպահանջենք ապաշխարություն ինքներս մեզանից, ապա մենք չենք կատարի մեր հիմնական պարտականությունը մեկս մյուսի և ինքներս մեր հանդեպ: Զիջող ծնողը, զվարճությանը տրվող ընկերը, վախ տածող Եկեղեցու ղեկավարը, իրականում ավելի մտահոգված են իրենց համար, քան նրանց բարեկեցության և երջանկության, ում կարող էին օգնել: Այո, ապաշխարության կոչը երբեմն կարող է անհանդուրժողական կամ վիրավորական թվալ, անգամ կարող է թշնամանք առաջացնել, սակայն եթե այն ուղեկցվի Հոգով, իրականում այս խորը հոգատարության դրսևորում է» («Ապաշխարության աստվածային պարգևը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 39):
Ալմա 39.9–19
Ալման խրախուսում է Կորիանթոնին ապաշխարել:
Որպեսզի ներկայացնեք խորհուրդը, որն Ալման տվեց իր որդուն, թե ինչպես ապաշխարել և դառնալ դեպի Տերը, գրատախտակին գրեք հետևյալը. Ապաշխարությունը ներառում է …
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 39.9–13: Յուրաքանչյուր հատվածից հետո դադար առեք, որ ուսանողներին տաք հետևյալ հարցերը.
Ալմա 39.9
-
Ի՞նչ է նշանակում «թողնել քո մեղքերը»: (Այլևս չգործել դրանք:)
-
Ի՞նչ կապ կա «այլևս չգնաս քո աչքերի տենչանքների ետևից» և «խաչ քաշիր բոլոր այդ բաների վրա» արտահայտությունների և մեղքը թողնելու միջև: (Դուք կարող եք բացատրել, որ մեր օրերում «քո աչքերի տենչանքները» արտահայտությունը կարող է վերաբերվել պատկերներին և ժամանցներին, որոնք ինչ-որ կերպով պոռնոգրաֆիկ են: Պոռնոգրաֆիայի վտանգը շեշտելու համար խորհեք խնդրել ուսանողներին, որ կարդան այս խնդրի շուրջ տրված խորհուրդը Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի 12-րդ էջում: Դուք կարող եք նաև բացատրել, որ «խաչ քաշել» նշանակում է վարժեցնել ինքնակառավարում կամ ինքնատիրապետում, տես տողատակի գրառումը՝ 9բ:)
-
Ի՞նչ եղանակներով կարող են երիտասարդ Վերջին Օրերի Սրբերը գործադրել ինքնակառավարում սեռական անարատության հետ կապված հարցերում և խուսափել իրենց աչքերի տենչանքների ետևից գնալուց: (Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի մանրամասն քննարկել այս հարցը, դուք կարող եք նկարագրել որոշ իրադրություններ, որոնք ընդունված են ձեր ուսանողների մշակույթում և պայմաններում: Օրինակ, դուք կարող եք ասել նմնատիպ մի բան. Վերջին Օրերի Սուրբ մի երիտասարդ կին որոշել է «խաչ քաշել» ամեն վատ բանի վրա, սակայն երիտասարդ տղամարդը, որն իրեն դուր է գալիս, հրավիրում է նրան ոչ պատշաճ մի երեկույթի: Ի՞նչ պետք է նա պատասխանի:)
Նշեք, որ Ալմա 39.9-ը սերտման սուրբ գրության հատված է: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները նշեն այս հատվածն իրենց սուրբ գրություններում, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել այն:
Ալմա 39.10
-
Ի՞նչ եղանակներով կարող է ծնողներից, Եկեղեցու ղեկացարներից, քույրերից և եղբայրներից հոգևոր սնուցում փնտրելն օգնել մեզ ապաշխարել:
Ալմա 39.11
-
Ի՞նչ է նշանակում «քեզ թույլ մի տուր տարվել» արտահայտությունը: (Դուք կարող եք բացատրել, որ թույլ տալ բառը նշանակում է հնարավորություն տալ:)
-
Ի՞նչ «ունայն կամ հիմար» բաներ եք դուք տեսնում, որոնցով մարդիկ տարվում են այսօր:
Ալմա 39.12
-
Ի՞նչ է նշանակում ետ կանգնել անօրինությունից: (Խուսափել մեղքից:)
Ալմա 39.13
Բացատրեք, որ ապաշխարություն նշանակում է «սիրտը և կամքը դարձնել դեպի Աստված » (տես թեմաների այբբենական ցանկը, «Ապաշխարություն»): Սուրբ գրություններում «դառնալ դեպի Տերը» արտահայտությունը սովորաբար նշանակում է ապաշխարություն:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «դառնաս դեպի Տերը քո բոլոր մտքով, կարողությամբ և ուժով»:
Հիշեցրեք ուսանողներին, որ զորամացիների մեջ ծառայելու ընթացքում Կորիանթոնի վարքը տեսնելով, որոշ մարդիկ չհավատացին Ալմայի խոսքերին (տես Ալմա 39.11):
-
Երբ մեր մեղքերը ազդում են ուրիշների վրա, ի՞նչ պետք է մենք անենք որպես մեր ապաշխարության մի մաս: (Ընդունել կամ խոստովանել մեր սխալները նրանց առջև, ում մենք ցավ ենք պատճառել, և փորձենք հատուցել դրա դիմաց:)
Գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Ապաշխարությունը ներառում է մեր մեղքերն ընդունելը և թողնելը, և դեպի Տերը դառնալը մեր բոլոր մտքով, կարողությամբ և ուժով: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները գրեն այս նախադասությունն իրենց սուրբ գրություններում Ալմա 39.13–ի կողքին: Հրավիրեք ուսանողներին նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել, թե, ըստ իրենց, ինչ կցանկանար Տերը, որ նրանք անեին, որ դարձնեին իրենց սրտերը և կամքը դեպի Տերը ավելի լիարժեք ձևով:
Ապաշխարության գործընթացում Փրկչի դերը շեշտելու համար խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 39.15–16, 19: Խնդրեք դասարանին փնտրել բառը, որն այս հատվածներում կրկնվում է երեք անգամ: (Այդ բառն է «ավետիքը», որը դուք կարող եք բացատրել, որ նշանակում է «լավ լուր»:)
-
Ի՞նչ «ավետիք» էր Ալման սովորեցնում իր որդուն: (Ուսանողների տված պատասխանների մեջ պետք է լինի այն ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսը եկել էր, որ վեր առներ աշխարհի մեղքերը: Դուք կարող եք սա գրել գրատախտակին:)
-
Ինչո՞ւ էր Հիսուս Քրիստոսի գալուստը լավ լուր Կորիանթոնի համար: (Երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, դուք կարող եք ասել նրանց, որ հետագայում Կորիանթոնն ապաշխարեց իր մեղքերից և կրկին միսիոներ դարձավ [տես Ալմա 49.30]:)
Կիսվեք դասարանի հետ, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի Քավության ուղերձն «ավետիք» եղել ձեզ համար կամ նրանց համար, ում դուք ճանաչում եք: Ավելացրեք ձեր վկայությունն այն սկզբունքների վերաբերյալ, որոնք դասարանը քննարկել է Ալմա 39–ից: Խրախուսեք ուսանողներին հետևել դասի ժամանակ ստացած հուշումներին, որ պահպանեն իրենց անարատությունը և դառնան դեպի Տերը ապաշխարության միջոցով: