Գրադարան
Դաս 139. Մորմոն 5-6


Դաս 139

Մորմոն 5-6

Նախաբան

Մորմոնը մարգարեացավ, որ իր գրվածքները առաջ կգան վերջին օրերում, որպեսզի համոզեն նրանց, ովքեր կկարդան դրանք, որ Հիսուսը Քրիստոսն է: Նա խրախուսեց իր գրվածքներն ընթերցողներին ապաշխարել և պատրաստվել իրենց սեփական դատաստանին Աստծո առաջ: Իր սեփական ժողովրդի մեջ Մորմոնը վերանայեց Նեփիացիների զինվորական զորավարը չլինելու իր որոշումը, համաձայնելով կրկին առաջնորդել նրանց կռվի դաշտում: Ինչևէ, մարդիկ հրաժարվեցին ապաշխարել և հալածվեցին Լամանացիների կողմից մինչև Նեփիացիների ամբողջ ազգը կործանվեց: Երբ Մորմոնը նայեց մահվան և կործանման դաշտին, նա ողբաց իր ժողովրդի անկման և Հիսուս Քրիստոսի մոտ վերադառնալու նրանց ցանկության բացակայության համար:

Ուսուցանման առաջարկներ

Մորմոն 5.1-9

Մորմոնը որոշում է կրկին առաջնորդել Նեփիացիների բանակը, սակայն Լամանացիները հաղթում են

Նշեք բնական որևէ աղետ, որը կարող է սպառնալ ձեր տարածքին, օրինակ՝ երկրաշարժ, ցունամի, հրաբխային ժայթքում կամ պտտահողմ: Ուսանողներին խնդրեք պատկերացնել, որ իրենց նախազգուշացրել են, որ այդ բնական աղետը տեղի կունենա իրենց տարածքում մի քանի օր անց:

  • Ո՞ւր դուք կդիմեք օգնության համար:

Հիշեցրեք ուսանողներին, որ Նեփիացիները կանգնած էին վտանգի նույն աստիճանի առաջ, սակայն նրանց սպառնող աղետը հոգևոր էր: Նաև հիշեցրեք ուսանողներին, որ Նեփիացիները պատերազմի մեջ էին և իրենց ամբարշտությունների պատճառով Մորմոնը հրաժարվեց առաջնորդել նրանց բանակը (տես Մորմոն 3.16):

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Մորմոն 5.1–2: Խնդրեք դասարանին հետևել, տեսնելով, թե ով պետք է ազատեր Նեփիացիներին իրենց տառապանքներից, ինչպես իրենք հավատացած էին:

  • Թեև ճիշտ է, որ Մորմոնը կարող էր առաջնորդել Նեփիացիներին ճակատամարտում, ինչո՞ւ էր նա հավատացած, որ մարդիկ չէին ազատվի իրենց տառապանքներից:

  • Ի՞նչ մենք կարող ենք սովորել Մորմոն 5.1–2-ից այն մասին, թե ուր պետք է դիմենք առաջին հերթին մեր դժվարությունների ժամանակ: (Առաջին հերթին մենք պետք է դիմենք Աստծուն, ով պատասխանում է նրանց, ովքեր ապաշխարում են և կանչում առ Նա իրենց դժվար պահին օգնություն ստանալու համար:)

Ամփոփեք Մորմոն 5.3–7, բացատրելով, որ Մորմոնի ղեկավարությամբ Նեփիացիները դիմակայեցին Լամանացիների մի քանի հարձակումների: Սակայն, ի վերջո, Լամանացիները «Նեփիացիներին ոտնակոխ արեցին» (Մորմոն 5.6): Այն Նեփիացիները, ովքեր արագ չէին փախչում, նահանջելիս կործանվեցին:

Ուսանողներից մեկին խնդրեք կարդալ Մորմոն 5.8–9: Խնդրեք դասարանին գտնել այն պատճառները, որոնցով Մորմոնը չի տվել իր տեսած բաների ամբողջական պատմությունը:

  • Ինչո՞ւ Մորմոնը խուսափեց տալ այն պատկերի ամբողջական նկարագիրը, որի ականատեսը եղավ:

Մորմոն 5.10-24

Մորմոնը բացատրում է, որ Մորմոնի Գրքի նպատակն է՝ համոզել մարդկանց հավատալ Հիսուս Քրիստոսին:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Մորմոն 5.10-11: Խնդրեք դասարանին հետևել և գտնել այն բառը, որը Մորմոնն օգտագործեց երեք անգամ՝ նկարագրելու համար, թե ինչպես իրենց կզգան մարդիկ վերջին օրերում, երբ իմանան Նեփիացի ազգի անկման մասին: (Նա ասաց, որ մենք «կվշտանանք»:)

  • Ըստ ձեզ այս պատմության մեջ ի՞նչն է մտահոգիչ:

Ուսանողների ուշադրությունը հրավիրեք Մորմոնի խոսքերին Մորմոն 5.11-ում, համաձայն որոնց, եթե մարդիկ ապաշխարեին, նրանք կկարողանային «գրկվել Հիսուսի բազուկներում»:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «գրկվել Հիսուսի բազուկներում»: (Կարող եք նշել, որ գրկվել բառը նշանակում է ամուր կամ ապահով բռնված կամ շրջապատված լինել:)

  • Ի՞նչ է այս արտահայտությունը ուսուցանում մեզ մեր ապաշխարության արդյունքի մասին: (Օգնեք ուսանողներին գտնել հետևյալ սկզբունքը. Ապաշխարության միջոցով մենք կարող ենք «գրկվել Հիսուսի բազուկներում»: Գրեք այդ սկզբունքը գրատախտակին:)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս սկզբունքը, հրավիրեք նրանցից մեկին կարդալ Յոթանասունից Երեց Քենթ Ֆ. Ռիչարդսի խոսքերը.

«Ամենը, ինչ կպատահի, կարող է «գրկվել Հիսուսի բազուկներում» [Մորմոն 5.11]: Բոլոր հոգիները կարող են բժշկվել Նրա զորությամբ: Բոլոր ցավերը կարող են թեթևանալ: Նրանում մենք կարող ենք գտնել հանգիստ մեր հոգիների համար [տես Մատթեոս 11.29]: Մեր մահկանացու հանգամանքները, միգուցե, անմիջապես չփոխվեն, բայց մեր ցավը, անհանգստությունը և վախը կարող է կլանվել Նրա խաղաղության և բժշկող ուժի մեջ» («Քավությունը ծածկում է բոլոր ցավերը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 16):

Հրավիրեք ուսանողներին գրել պատասխան հետևյալ հարցերից մեկի համար իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: (Կարող եք գրել այդ հարցերը գրատախտակին կամ կարդալ դանդաղ, որպեսզի ուսանողները գրի առնեն:)

  • Ե՞րբ եք զգացել, որ «գրկվել [եք] Հիսուսի բազուկներում»:

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ավելի լիարժեք ստանաք Տիրոջ մխիթարությունը, պաշտպանությունը և ներումը:

Բացատրեք, որ Մորմոն 5.12–13 հատվածները պարունակում են Մորմոնի մարգարեությունն այն մասին, որ նրա գրվածքները կթաքցվեն, ապա առաջ կգան, որպեսզի բոլոր մարդիկ կարդան դրանք: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մորմոն 5.14–15, գտնելով, թե ինչ էր Տերը ցանկանում, որ Մորմոնի գրվածքներն անեին մարդկանց համար վերջին օրերում: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել այն արտահայտությունները, որոնք կարևոր են իրենց համար:

  • Համաձայն Մորմոն 5.14–15-ի, որո՞նք են Մորմոնի Գրքի նպատակները: (Հետևեք, որ ուսանողներն արտահայտեն հետևյալ միտքը՝ Մորմոնի Գիրքը գրվել է համոզելու բոլոր մարդկանց, որ Հիսուսը Քրիստոսն է, օգնելու Աստծուն իրականացնել Իսրայելի տան հետ կապած Իր ուխտը և օգնելու Լամանացիների սերունդներին ավելի լիարժեքորեն հավատալ ավետարանին:)

Երբ ուսանողները պատասխանեն, որ Մորմոնի գրվածքները միտված են համոզելու մարդկանց, որ Հիսուսը Քրիստոսն է, կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, որ դա Մորմոնի Գրքի կենտրոնական նպատակն է:

  • Ի՞նչպես է Մորմոնի Գրքի այս կենտրոնական նպատակը օգնում նրանց, ովքեր կարդում են այն:

  • Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրությունն ինչպե՞ս է օգնում ձեզ ավելի լիարժեք հավատալ և սիրել Հիսուս Քրիստոսին:

Նշեք, որ Մորմոնի Գիրքը ներկայումս օգնում է շատերին ապաշխարել և «գրկվել Հիսուսի բազուկներում», սակայն դեռ կան շատ մարդիկ, ովքեր հրաժարվում են հավատալ Քրիստոսին:

Այս դասի սկզբում գրված ապաշխարության սկզբունքի կողքին գրատախտակին գրեք. Եթե մենք հրաժարվում ենք ապաշխարելուց, … Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Մորմոն 5.16–19 և խնդրեք դասարանին գտնել ապաշխարելուց Նեփիացիների հրաժարվելու արդյունքները: Խնդրեք ուսանողներին օգտագործել այն, ինչ գտել են այդ հատվածներում, գրատախտակին գրված նախադասությունն ավարտելու համար: Երբ նրանք պատասխանեն, կարող եք տալ հետևյալ հարցերը, որպեսզի օգնեք նրանց հասկանալ այդ հատվածների խոսքերը և արտահայտությունները.

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել «առանց Քրիստոսի և Աստծո աշխարհում» (Մորմոն 5.16): (Պատասխանները կարող են ներառել, որ դա նշանակում է ապրել առանց հավատքի առ Հիսուս Քրիստոս կամ առ Երկնային Հայրը, և առանց աստվածային ազդեցության և առաջնորդության:)

  • Մղեղը ցորենի հատիկի արտաքին թեթև կեղևն է: Երբ ցորենը հավաքվում է, մղեղն առանձնացվում է: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «քշվում են այս ու այն կողմ, ինչպես մղեղը քամու առաջ» արտահայտությունը (Մորմոն 5.16):

  • Ինչպե՞ս կզգայիք, եթե լինեիք մի նավակի մեջ, որը չէիք կարող նավարկել կամ կանգնեցնել խարսխի օգնությամբ: (Տես Մորմոն 5.18:) Ինչո՞վ է այդ իրավիճակը նման Նեփիացիների իրավիճակին:

  • Ի՞նչ են մեզ ուսուցանում Մորմոնի խոսքերը նրանց մասին, ովքեր հրաժարվում են ապաշխարել: (Ուսանողների պատասխանները պետք է արտահայտեն այն միտքը, որ ապաշխարելուց հրաժարվելու արդյունքը Տիրոջից առաջնորդություն ստանալու կորուստն է: Լրացրեք գրատախտակին գրված նախադասությունը հետևյալ ճշմարտությամբ. Եթե մենք հրաժարվում ենք ապաշխարել, Հոգին հեռանում է, և մենք կորցնում ենք Տիրոջ առաջնորդությունը:)

Խնդրեք ուսանողներին մտքում խորհել այն մասին, թե ինչպես է այդ սկզբունքն աշխատել իրենց կամ մյուսների կյանքում:

Հրավիրեք ուսանողներին արագ վերանայել Մորմոն 5.11, 16–18 հատվածները և այն երկու սկզբունքները, որոնք գրել եք գրատախտակին:

  • Ձեր խոսքերով ինչպե՞ս կարող եք արտահայտել տարբերությունը անկեղծ ապաշխարելու արդյունքի և ապաշխարելուց հրաժարվելու արդյունքի միջև:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մորմոն 5.22–24, փնտրելով, թե ինչ հորդորեց Մորմոնը, որ մարդիկ անեն վերջին օրերում: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այն, ինչ գտել են:

Վկայեք գրատախտակին գրված երկու հակասական սկզբունքների ճշմարտության մասին:

Մորմոն 6

Մորմոնը պատմում է Նեփիացիների վերջին ճակատամարտի մասին և ողբում է իր ժողովրդի կործանման համար

Տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս կզգայիք սիրելի մարդու մահվան առիթով, ով հավատարիմ է եղել Աստծուն իր ողջ կյանքի ընթացքում:

  • Ինչպե՞ս կզգայիք սիրելի մարդու մահվան առիթով, ով անհնազանդ է եղել Աստծո պատվիրաններին իր ողջ կյանքի ընթացքում:

Բացատրեք, որ Մորմոնը մեծ վիշտ էր ապրում իր ամբողջ ժողովրդի մահվան կապակցությամբ, քանի որ գիտեր, որ նրանք պատրաստ չէին հանդիպելու Աստծուն: Ամփոփեք Մորմոն 6.1–6, բացատրելով, որ Լամանացիները թույլ տվեցին, որ Նեփիացիները հավաքվեին Կումորա երկրում՝ ճակատամարտելու համար: Մորմոնը ծերանում էր և գիտեր, որ դա պետք է լիներ «[իր] ժողովրդի վերջին պայքարը» (Մորմոն 6.6): Նա վստահեց իր սուրբ գրվածքներից մի քանիսը իր որդի Մորոնիին, իսկ մնացածը թաքցրեց Կումորա բլրի վրա: Նա իր ժողովրդի վերջնական կործանման ականատեսը դարձավ, ինչի մասին և գրի առավ: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Մորմոն 6.7–15, մտածելով այն մասին, թե ինչ էր զգում Մորմոնը՝ այդ խոսքերը գրելիս:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էին Նեփիացիները սպասում մահվան «սոսկալի վախով» (Մորմոն 6.7):

Ուսանողների համար բարձրաձայն կարդացեք Մորմոն 6.16–22, և թող նրանք հետևեն իրենց սուրբ գրություններում: Այնուհետև խնդրեք նրանց գրել իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում իրենց մտքերի և տպավորությունների մասին, որոնք ունեցել են, երբ կարդացել են և լսել այդ հատվածները: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո կարող եք նրանց հնարավորություն տալ կիսվել իրենց գրած մտքերից մի քանիսով:

Վկայեք ուսանողներին այն սիրո մասին, որն իրենց հանդեպ ունեն Երկնային Հայրը, Հիսուս Քրիստոսը, մարգարեները, ղեկավարները և ծնողները: Խրախուսեք նրանց գործի դնել Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքը և ապաշխարել իրենց մեղքերից, որպեսզի կարողանան «գրկվել Հիսուսի բազուկներում» (Մորմոն 5.11):

Բացատրական և պատմական տեղեկություն

Մորմոն 5.11: «Գրկվել Հիսուսի բազուկներում»

Երեց Ռասսել Մ. Նելսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացատրել է Քավություն բառի և «գրկվել Հիսուսի բազուկներում» արտահայտության միջև կապը.

«Խոր իմաստ է գտնվում քավություն բառի ուսումնասիրության մեջ Հին Կտակարանի ժամանակների սեմական լեզուներում: Եբրայերենով քավության հիմնական բառը՝ կաֆար, բայն է, որը նշանակում է «փակել» կամ «ներել»: Սերտորեն կապակցված արամերեն և արաբերեն կաֆաթ բառը նշանակում է «ամուր գրկել» և անկասկած առնչվում է եգիպտական արարողական գրկախառնումին: Այդ գրկախառնումին տրված հղումները առկա են Մորմոնի Գրքում: Մեկն ասում է, որ «Տերը փրկագնել է իմ հոգին … , ես տեսել եմ նրա փառքը և ես հավերժորեն օղակված եմ նրա սիրո բազուկների մեջ»:[2 Նեփի 1.15]: Մյուսն առաջարկում է Հիսուսի բազուկներում գրկված լինելու փառավոր հույսը:Մորմոն 5.11 (“The Atonement,” Ensign, Nov. 1996, 34)

Մորմոն 5.16 Երբ Տիրոջ Հոգին հեռանում է

Նախագահ Հարոլդ Բ. Լին ուսուցանել է.

«Մորմոնը նկարագրել է որոշ մարդկանց՝ իր ժողովրդին, որոնցից հեռացել էր Տիրոջ Հոգին [տես 2 Նեփի 26.11]:… Ինձ համար պարզ երևում է, որ այն, ինչի մասին նա խոսում էր, չի ներկայացնում պարզապես Սուրբ Հոգու ընկերակցությունը կամ պարգևն ունենալու ունակության բացակայությունը, այլ նա խոսում էր ճշմարտության այդ լույսի մասին [Քրիստոսի Լույսի], որի իրավունքն ունի ցանկացած էակ, ով ծնվել է այս աշխարհում, և որը երբեք չի դադարում շողալ մարդու համար, եթե նա չի կորցնում այդ լույսը իր մեղքերի հետևանքով» (in Conference Report, Apr. 1956, 108):

Մորմոն 6.16–22 Մի մերժեք Քրիստոսի բաց բազուկները

Մորմոնը ողբում էր իր ժողովրդի մահը և վշտանում, որ նրանք չփոխեցին իրենց ուղիները: Նա ասաց, որ եթե նրանք մի կողմ դնեին իրենց հպարտությունը և ապաշխարեին իրենց մեղքերից, Փրկչի հետ նրանց միավորումը կլիներ ուրախալի (տես Մորմոն 6.17): Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը՝ Առաջին Նախագահությունից, նկարագրել է այն ուրախությունը, որը մենք կզգանք, եթե պատրաստվենք կանգնել Տիրոջ առաջ Դատաստանի ժամանակ.

«Մենք երազում ենք Քավության մեծագույն օրհնությունը՝ դառնալ մեկ Նրա հետ, լինել Նրա աստվածային ներկայության մեջ, կանչվել անհատապես անունով, երբ Նա ջերմորեն ողջունի մեզ տանը պայծառ ժպիտով, կանչելով մեզ բաց ձեռքերով, որպեսզի մենք պարուրվենք Նրա անսահման սիրով: Որքան փառահեղ և վեհացուցիչ փորձառություն կլինի դա, եթե մենք մեզ զգանք բավական արժանի Նրա ներկայության մեջ լինելու համար: Յուրաքանչյուրիս տրված Նրա մեծ քավող զոհաբերության անվճար պարգևը միակ ճանապարհն է, որով մենք կարող ենք վեհացվել այնպես, որ կանգնենք Նրա առաջ և տեսնենք Նրան դեմառդեմ: Քավության մեծագույն ուղերձն է՝ Փրկչի կատարյալ սերը յուրաքանչյուրիս և բոլորիս հանդեպ: Դա սեր է, որը լի է ողորմությամբ, համբերատարությամբ, շնորհով, արդարությամբ, երկայնամտությամբ և, ամենից առաջ, ներողամտությամբ:

Սատանայի չար ազդեցությունը կկործանի ցանկացած հույս, որ մենք ունենք մեր սխալները հաղթահարելու ընթացքում: Նա կստիպի, որ մենք զգանք, կարծես, կորած ենք և հույս չկա: Ի տարբերություն դրա, Հիսուսը իջնում է մեզ մոտ, որպեսզի բարձրացնի մեզ վերև: Մեր ապաշխարության և Քավության պարգևի միջոցով մենք կարող ենք պատրաստվել արժանի լինել Նրա ներկայության մեջ կանգնելու համար» (“The Atonement: Our Greatest Hope,” Ensign, Nov. 2001, 20):