Գրադարան
Դաս 138. Մորմոն 3-4


Դաս 138

Մորմոն 3-4

Նախաբան

Լամանացիներից իրենց հողերը ետ վերցնելուց հետո Նեփիացիները կրկին պատրաստվեցին ճակատամարտի: Մորմոնը խնդրում էր Նեփիացիներին ապաշխարել: Փոխարենը, նրանք պարծեցան իրենց սեփական ուժերով և երդվեցին վրեժխնդիր լինել իրենց ընկած եղբայրներից: Որովհետև Տերն արգելել էր Իր ժողովրդին վրեժխնդրություն փնտրել, Մորմոնը հրաժարվեց առաջնորդել Նեփիացիների զորքերը, և նրանք պարտվեցին: Նեփիացիները շարունակում էին մնալ ամբարշտության մեջ, և Աստված թափեց իր դատաստանները նրանց վրա, և Լամանացիները սկսեցին բնաջնջել նրանց երկրի երեսից:

Ուսուցանման առաջարկներ

Մորմոն 3.1-8

Տերը խնայում է Նեփիացիներին պատերազմում, որպեսզի նրանց ապաշխարելու հնարավորություն տա, սակայն նրանք կարծրացնում են իրենց սրտերը

Դասից առաջ գրատախտակին գրեք հետևյալ հարցը. Դուք երբևէ զգացե՞լ եք, որ Տերը փորձում է գրավել ձեր ուշադրությունը և խրախուսել ձեզ ինչ-որ բան փոխել ձեր կյանքում:

Սկսեք, խնդրելով ուսանողներին կիսվել գրատախտակին գրված հարցի իրենց պատասխանով: (Հետևեք, որ նրանք իրենց պարտավորված չզգան կիսվելու անձնական կամ մասնավոր պատմություններով:) Դուք նույնպես կարող եք կիսվել ձեր փորձառությամբ:

Բացատրեք, որ Տերը ցանկանում էր գրավել Նեփիացիների ուշադրությունը, որպեսզի նրանք փոխեին իրենց ամբարիշտ ուղիները: Սակայն Նեփիացիները կարծրացրել էին իրենց սրտերը և չէին հասկանում, որ Տերն օրհնում էր իրենց Լամանացիների հետ ճակատամարտում: Այն բանից հետո, երբ Նեփիացիները դաշինք կնքեցին Լամանացիների և Գադիանթոնի ավազակների հետ (տես Մորմոն 2.28), Տերը պաշտպանեց նրանց, թույլ տալով ապրել 10 տարի առանց տարաձայնությունների: Այդ տարիների ընթացքում Մորմոնն օգնեց Նեփիացիներին պատրաստվել ապագա հարձակումների համար (տես Մորմոն 3.1):

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Մորմոն 3.2–3 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել, փնտրելով, թե ինչ էր Տերը ցանկանում, որ Նեփիացիները անեին խաղաղության ժամանակ, որը Նա տվել էր նրանց:

  • Ի՞նչ ուղերձ պատվիրեց Տերը, որ Մորմոնը տար Նեփիացիներին: Հասկացա՞ն Նեփիացիներն այդ ուղերձը: Ինչպե՞ս Նեփիացիներն արձագանքեցին:

  • Համաձայն Մորմոն 3.3-ի, ինչո՞ւ Տերը փրկեց Նեփիացիներին վերջին ճակատամարտերի ժամանակ, չնայած նրանց ամբարշտությանը:

  • Ի՞նչ ճշմարտություն դուք կարող եք առանձնացնել Նեփիացիների հետ Տիրոջ գործերի մասին, որը գրված է Մորմոն 3.2–3: (Ուսանողները կարող են տարբեր պատասխաններ տալ: Ամփոփեք նրանց պատասխանները, գրելով հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Տերը մեզ բավարար քանակով հնարավորություններ է տալիս մեր մեղքերից ապաշխարելու համար: Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այս ճշմարտությունը իրենց սուրբ գրքերում:)

Ամփոփեք Մորմոն 3.4–8, բացատրելով, որ Տերը կրկնակի անգամ ավել պաշտպանեց Նեփիացիներին պատերազմում, չնայած նրանց ամբարշտությանը և դեպի Իրեն շրջվել չկամենալուն:

  • Նեփիացներին պաշտպանելու Տիրոջ ցանկությունը ի՞նչ է ձեզ ուսուցանում Նրա բնավորության մասին: (Պատասխանները կարող են ներառել Տիրոջ գթասիրտ և համբերատար լինելը:)

Շեշտեք, որ Տերը մեզ բոլորիս տվել է «ապաշխարության հնարավորություն» (Մորմոն 3.3): Այնուհետև խնդրեք ուսանողներին մտքում խորհել հետևյալ հարցերի շուրջ.

  • Դուք պատրա՞ստ եք եղել ապաշխարել և կատարել այն փոփոխությունները, որոնք Աստված ցանկացել է, որ կատարեք: Կա՞ն արդյոք փոփոխություններ, որոնք դուք կարող եք կատարել այժմ, դառնալու համար այն անձը, որն Աստված ցանկանում է, որ դառնաք:

Վկայեք ապաշխարելու հնարավորություններ մեզ տալու հարցում Աստծո բարության և համբերատարության մասին: Խնդրեք ուսանողներին փնտրել հնարավորություններ և հրավերներ՝ փոփոխություններ կատարելու իրենց կյանքում, և խրախուսեք նրանց արագ կատարել դրանք:

Մորմոն 3.9–22

Նեփիացիների ամբարշտությունն աճում է, և Մորմոնը հրաժարվում է առաջնորդել նրանց բանակը

Բացատրեք, որ Նեփիացիները չարձագանքեցին ապաշխարելու Տիրոջ հրավերին, այլ կարծրացրեցին իրենց սրտերը: Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Մորմոն 3.9–10 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել, փնտրելով, թե ինչպես Նեփիացիները վարվեցին Լամանացիների հանդեպ իրենց բազմակի հաղթանակներից հետո: (Կարող եք ասել ուսանողներին, որ վրեժխնդիր բառը հատված 9-ում նշանակում է վրեժ փնտրել:)

  • Ինչպե՞ս Նեփիացիները վարվեցին Լամանացիների հանդեպ իրենց բազմակի հաղթանակներից հետո:

  • Ինչո՞ւ էր սխալ նեփիացիների համար պարծենալը իրենց սեփական ուժով: Ի՞նչ է այդ պարծենկոտությունը ցույց տալիս Աստծո հետ նրանց հարաբերությունների մասին:

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Մորմոն 3.11–13 հատվածները: Խնդրեք դասարանին գտնել Մորմոնի պատասխանը, երբ նեփիացիները երդվեցին վրեժ լուծել:

  • Ի՞նչ արեց Մորմոնը, երբ նեփիացիները ցանկություն հայտնեցին վրեժ լուծել լամանացիներից:

  • Դուք երբևէ ցանկացե՞լ եք վրեժ լուծել որևէ մեկից: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է վրեժխնդրությունը բնական արձագանք հանդիսանում շատ մարդկանց համար:

  • Մորմոնն առաջնորդում էր նեփիացիների բանակները ավելի քան 30 տարի, չնայած նրանց ամբարշտությանը: Բանակն առաջնորդելու Մորմոնի մերժումը ի՞նչ է ուսուցանում վրեժխնդրության լրջության մասին:

Ուսանողներից մեկին խնդրեք կարդալ Մորմոն 3.14–16, և խրախուսեք դասարանին գտնել, թե ինչ էր Տերն ուսուցանում Մորմոնին վրեժխնդրության մասին:

  • Ի՞նչ է Տերը զգում վրեժխնդրության մասին: (Ուսանողների պատասխանները կարող են տարբեր լինել: Ամփոփեք նրանց պատասխանները, գրելով հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Տերն արգելում է մեզ վրեժ լուծել:)

Օգնելու համար ուսանողներին ավելի լավ հասկանալ Տիրոջ խորհուրդը հատվածներ 14–16-ում, խնդրեք ուսանողներին իրենց սեփական խոսքերով վերաձևակերպել Մորմոն 3.15-ի առաջին մասը («Վրեժն իմն է, և ես կհատուցեմ») :

  • Ինչո՞ւ է կարևոր չփնտրել վրեժ: Ինչպե՞ս մենք կարող ենք հաղթահարել վրեժխնդրության մեր ցանկությունները:

Օգնելու համար ուսանողներին սովորել, թե ինչպես հաղթահարել վրեժխնդրության զգացումները, խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ խորհուրդը՝ Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստից: Հնարավորության դեպքում յուրաքանչյուր ուսանողի տվեք մեջբերման մեկական օրինակ:

Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստ

«Մենք պետք է ճանաչենք և զանազանենք բարկության զգացումները: Դա խոնարհություն է պահանջում, սակայն եթե մենք ծնկի իջնենք և խնդրենք Երկնային Հորը ներման զգացում ունենալու համար, Նա կօգնի մեզ: Տերը պահանջում է մեզանից «ներել բոլոր մարդկանց» [ՎևՈւ 64.10] մեր իսկ օգտի համար, քանի որ «ատելությունը կասեցնում է հոգևոր աճը» [Orson F. Whitney, Gospel Themes (1914), 144]: Երբ մենք ազատվենք ատելության և նենգության զգացումից, միայն այդ ժամանակ Տերը կարող է հանգստություն տալ մեր սրտերին: …

… Երբ դժբախտություն է պատահում, մենք պետք է ոչ թե արձագանքենք անձնական վրեժխնդրությամբ, այլ թույլ տանք, որ արդարությունը գործի, և մոռանանք դրա մասին: Հեշտ չէ մոռանալ և դատարկել մեր սրտերը քայքայիչ ատելությունից: Փրկիչը բոլորիս թանկարժեք խաղաղություն է առաջարկել Իր Քավության շնորհիվ, սակայն այն կարելի է ձեռք բերել միայն, եթե դուրս գցենք բարկության, ատելության և վրեժխնդրության բացասական զգացումները» («Ներման ապաքինող ուժը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 69):

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մորմոն 3.17, 20–22, իսկ դասարանին խնդրեք գտնել, թե ինչ էր ցանկանում Մորմոնը, որ մենք իմանայինք: Կարող եք խնդրել ուսանողներին նշել Մորմոնի խորհուրդը՝ «ապաշխարել և պատրաստվել՝ կանգնելու Քրիստոսի ատյանի առջև» (Մորմոն 3.22):

Մորմոն 4

Լամանացիները սկսում են բնաջնջել նեփիացիներին երկրի երեսից

Խնդրեք ուսանողներին բարձրացնել իրենց ձեռքերը, եթե գիտեն որևէ մեկին, ով սխալ է կատարել, սակայն դա դեռ չի բացահայտվել կամ նա դեռ չի ստացել իր սխալի հետևանքները: Հրավիրեք ուսանողներին լուռ խորհել հետևյալ հարցի շուրջ.

  • Դուք երբևէ մտածե՞լ եք, թե երբ սխալ ընտրությունների հետևանքները բաժին կհասնեն մեկին, ով գիտակցաբար սխալ ընտրություն է կատարում:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մորմոն 4.1–2, փնտրելով, թե ինչ պատահեց նեփիացի բանակի հետ, երբ նրանք ցանկացան վրեժխնդիր լինել լամանացիներից: Այնուհետև խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Մորմոն 4.4, փնտրելով, թե ինչու նեփիացիների բանակները հաջողության չհասան: Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածի մասին:

Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Մորմոն 4.5: Խնդրեք դասարանին հետևել, փնտրելով ճշմարտություններ, որոնք ուսուցանում են ամբարշտության մեջ մնալու արդյունքների մասին: Երբ ուսանողները կիսվեն իրենց գտածով, գրեք գրատախտակին հետևյալ ճշմարտությունը Մորմոն 4.5-ից. «Աստծո դատաստանները վրա կհասնեն ամբարիշտներին»: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել այդ ճշմարտությունն իրենց սուրբ գրություններում:

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Մորմոն 4.10–12, փնտրելով նեփիացիների ամբարշտության նկարագրությունները: Խնդրեք ուսանողներին զեկուցել իրենց գտածը:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մորմոն 4.13-14, 18, 21-22: Խնդրեք դասարանին հետևել, փնտրելով, թե ինչպես Աստծո դատաստանները թափվեցին Նեփիացիների վրա:

  • Ձեզ համար ո՞րն է այս պատմության առավել տխուր մասը:

Խնդրեք ուսանողներին անդրադառնալ գրատախտակի վրա գրված սկզբունքներին: Հրավիրեք նրանց խորհել այն մասին, թե ինչպես իրենք կարող են կիրառել այդ ճշմարտություններն իրենց կյանքում: Խրախուսեք նրանց գործել Սուրբ Հոգու հուշումներին համաձայն:

Վկայեք Տիրոջ բարության և սիրո մասին, որը մեզ բավարար հնարավորություններ է տալիս ապաշխարելու համար: Նաև վկայեք, որ հետևանքները միշտ կգան նրանց, ովքեր շարունակում են մեղք գործել:

Բացատրական և պատմական տեղեկություն

Մորմոն 3.9–10 Երդվելը

Մորմոնն ասաց, որ Նեփիացիները «երդվեցին երկնքով, և նաև Աստծո գահով», որ վրեժխնդիր կլինեին Լամանացիներից (տես Մորմոն 3.9–10): Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մաքկոնկիի հետևյալ խոսքերը բացատրում են Մորմոնի Գրքի ժամանակներում երդվելու կարևորությունը, դրանով տալով մեզ հասկացողություն Աստծուն իրենց վրեժխնդրության մեջ ներգրավվելու Նեփիացիների փորձի անհարգալից էության մասին:

«Հին օրերում այս տեսակի երդումն ավելի մեծ կարևորություն ուներ, քան մեզանից շատերը գիտակցում են:

Օրինակ, Նեփին և նրա եղբայրները փորձում էին ձեռք բերել արույրե թիթեղները Լաբանից: Նրանց կյանքը վտանգի տակ էր։ Ինչևէ, Նեփի երդում տվեց․ «Ինչպես կենդանի է Տերը, և ինչպես կենդանի ենք մենք, մենք ետ չենք գնա անապատ մեր հոր մոտ, մինչև չիրագործենք այն, ինչ Տերը պատվիրել է մեզ»։(1 Նեփի 3․15)

Այսպիսով Նեփին Աստծուն իր գործընկերը դարձրեց: Եթե նա չկարողանար բերել թիթեղները, կնշանակեր, որ Աստված էր անհաջողության մատնվել: Իսկ քանի որ Աստված անհաջողություն չի ունենում, Նեփին կամ պետք է բերեր թիթեղները, կամ այդ փորձի արդյունքում զրկվեր իր կյանքից» (“The Doctrine of the Priesthood,” Ensign, May 1982, 33):