Մորմոնի Գրքի Նախաբանը
Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:
Ուսումնասիրելով այս գիրքը՝ ուսանողները կսովորեն արժեքավոր դասեր Մորմոնից՝ Հիսուս Քրիստոսի աշակերտից, որը հավատարիմ է ապրել, թեև իր կյանքը շրջապատված է եղել «ամբարշտության և պղծությունների մի անընդմեջ տեսարանով» (Մորմոն 2.18): Ուսանողները նաև օգուտ կքաղեն, ուսումնասիրելով Մորոնիի խոսքերը, որը վկայել է վերջին օրերի ընթերցողներին, որ «Հիսուս Քրիստոսը ձեզ ցույց է տվել ինձ, և ես գիտեմ ձեր արարքները» (Մորմոն 8.35): Երբ ուսանողները կարդան կործանման մասին, որը տեղի ունեցավ Նեփիացիների ամբարշտության հետևանքով, նրանք կսովորեն պատվիրաններով և Հիսուս Քրիստոսի ավետարանի ուխտերով ապրելու կարևորության մասին:
Ո՞վ է գրել այս գիրքը:
Մորմոնը գրել է այս գրքի առաջին յոթ գլուխները որպես համառոտ պատմություն իր ժամանակներում Նեփիացիների և Լամանացիների ամբարշտության և նրանց պատերազմների մասին: Նա նաև տվել է իր կյանքի իրադարձությունների ամբողջական պատմությունը Նեփիի մեծ թիթեղների վրա (տես Մորմոն 2.18, 5.9): Երբ Մորմոնը մոտ 10 տարեկան էր, հիշատակարան վարող Ամմարոնը, տարիքն առնելով, հանձնարարեց նրան ստանձնել սուրբ գրառումների պատասխանատվությունը: Նա պետք է գրի առներ այն բաները, ինչ կտեսներ մարդկանց մասին (տես Մորմոն 1.4): 15 տարեկանում Տերն այցելեց Մորմոնին, և նա «ճաշակեց ու իմացավ Հիսուսի բարության մասին» (Մորմոն 1.15): Նույն տարում Նեփիացիները նշանակեցին Մորմոնին՝ ղեկավարելու իրենց բանակները (տես Մորմոն 2.1): Հնազանդվելով Ամմարոնի խորհրդին՝ նա հետագայում ձեռք է բերում Նեփիի մեծ թիթեղները և սկսում վարել իր հիշատակարանը: Նա նաև կրճատում է Նեփիի մեծ թիթեղները, որոնք ներառում էին մարգարեների և հիշատակարանը գրողների գրառումները Լեքիից մինչև Ամմարոնը, և ներառեց Նեփիի փոքր թիթեղները այդ կրճատման մեջ: Իր կյանքի ավարտին մոտ Մորմոնը թաղեց բոլոր գրառումները Կումորա Բլրի վրա, բացի մի քանի թիթեղները, որոնք նա տվեց իր որդի Մորոնիին (տես Մորմոն 6.6): Այնուհետև նա առաջնորդեց Նեփիացիներին իրենց վերջին մեծ ճակատամարտում Լամանացիների դեմ: Մահանալուց առաջ Մորմոնը պատվիրեց Մորոնիին ավարտել իր հիշատակարանը: Մորոնին ավելացրեց իր խոսքերը, որոնք կազմեցին այս գրքի 8-9 գլուխները:
Ու՞մ համար է գրված այս գիրքը և ինչու՞:
Մորմոնը գրում էր վերջին օրերի հեթանոսներին և Իսրայելի տան անդամներին, ցանկանալով «համոզել աշխարհի բոլոր ծայրերին՝ ապաշխարել և պատրաստվել կանգնելու Քրիստոսի ատյանի առջև» (Մորմոն 3.22): Երբ Մորոնին ավարտեց իր հոր գիրքը, նա ուղղակիորեն դիմեց նրանց, ովքեր կկարդային իր խոսքերը: Նա նախազգուշացրեց նրանց իրենց մեղքերի հետևանքների մասին և հրավիրեց գալ «Տիրոջ մոտ [իրենց] ամբողջ սրտով» (Մորմոն 9.27):
Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:
Մորմոնը, հավանաբար, գրել է այս գրքի 1–7 գլուխները մ.թ. 345 և մ.թ. 401 տարիների միջև (տես Մորմոն 2.15–17, 8.5–6): Նա ավարտեց իր գրառումները Կումորայում Նեփիացիների և Լամանացիների վերջին ճակատամարտից հետո՝ մ.թ. 385 թվականին (տես Մորմոն 6.10–15; 7.1): Մորոնին, հավանաբար, գրել է 8-9 գլուխների բովանդակությունը մ.թ. 401 և մ.թ. 421 տարիների միջև, երբ մտածում էր իր կյանքի անվտանգության մասին (տես Մորմոն 8.4–6, Մորոնի 1.1–3):
Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:
Այս գիրքը նկարագրում է Նեփիի, Ալմայի, Սամուել Լամանացու և Հիսուս Քրիստոսի մարգարեությունները Նեփիացիների կործանման մասին (տես 1 Նեփի 12.19, Ալմա 45.9–14, Հելաման 13.8–10, 3 Նեփի 27.32): Մորմոնը իր գրառումների մի մասը կոչում է «հիշատակարանս իմ ժողովրդի կործանման մասին» (Մորմոն 6.1): Նա ցույց տվեց, որ Նեփիացիների անկումը իրենց ամբարշտության հետևանքն էր (տես Մորմոն 4.12, 6.15–18):
Համառոտ շարադրանք
Մորմոն 1 Ամմարոնը հանձնարարում է Մորմոնին վարել իր օրերի ժողովրդի հիշատակարանը: Նեփիացիները հաղթում են Լամանացիներին: Ամբարշտությունը գերակշռում է երկրում, երեք Նեփիացի աշակերտներ դադարում են իրենց ծառայությունը ժողովրդի մեջ և Հոգու պարգևները հիմնականում վերցվում են երկրի վրայից: Ինչևէ, «Տերն այցելեց» Մորմոնին:
Մորմոն 2–3 Նեփիացիները նշանակում են Մորմոնին իրենց բանակների առաջնորդ: Ավելի քան 30 տարի նա ղեկավարում է նրանց Լամանացիների դեմ պատերազմներում: Չնայած մեծ կործանմանը և տառապանքներին, Նեփիացիները հրաժարվում են ապաշխարել: Մորմոնը հանում է Նեփիի թիթեղները Սիմ բլրից և սկսում իր հիշատակարանը: Մի քանի հաղթանակներից հետո մարդիկ սկսում են մեծամտանալ և պարծենալ իրենց ուժով և Լամանացիների դեմ վրեժխնդրության երդումներ են տալիս: Մորմոնը հրաժարվում է շարունակել առաջնորդել նրանց: Նա գրում է համոզելու համար վերջին օրերում բոլոր մարդկանց պատրաստվել կանգնելու Քրիստոսի դատաստանի առաջ:
Մորմոն 4 Առանց Մորմոնի առաջնորդության Նեփիացիների զորքերը շարունակում են ճակատամարտել Լամանացիների դեմ: Երկու կողմերը հազարավոր զոհեր են տալիս: Լեքիի հետնորդները դառնում են իրենց պատմության մեջ առավել ամբարիշտ ժողովուրդը, և Լամանացիները սկսում են ոչնչացնել Նեփիացիներին: Մորմոնը ստանձնում է Նեփիացիների բոլոր գրառումների պատասխանատվությունը և տեղափոխում դրանք Սիմ կոչված բլրից Կումորա բլուր:
Մորմոն 5–7 Մորմոնը կրկին իր վրա է վերցնում Նեփիացի զորքերի հրամանատարությունը, թեև գիտի, որ նրանք կոչնչացվեն: Նա մարգարեանում է Մորմոնի Գրքի առաջ գալու մասին: Նա հավաքում է Նեփիացիներին Կումորայում՝ Լամանացիների դեմ վերջին ճակատամարտի: Ճակատամարտից հետո նա ողբում է իր ժողովրդի կործանման համար: Մորմոնը գրում է՝ համոզելու Լամանացիների հետնորդներին հավատալ Հիսուս Քրիստոսին և մկրտվել:
Մորմոն 8–9 Մորմոնի մահից հետո Մորոնին շարունակում է իր հիշատակարանը: Նա մարգարեանում է այն մասին, որ Մորմոնի Գիրքը առաջ է գալու Աստծո զորությամբ անհավատության և ամբարշտության օրը: Նա վկայում է Հիսուս Քրիստոսի մասին և ուսուցանում, որ հրաշքները և նշանները ուղեկցում են Նրա հանդեպ հավատքին: Նա հորդորում է նրանց, ովքեր կկարդան իր խոսքերը, գալ դեպի Տերը և փրկվել: