Գրադարան
Դաս 29. 2 Նեփի 9.1–26


Դաս 29

2 Նեփի 9.1–26

Նախաբան

Նեփիացիներին տրված առակում Հակոբը սկսեց Եսայիայի մարգարեություններից որոշները մեջբերելով, որոնք այն մասին էին, թե ինչպես է Տերը փրկում Իր ուխտյալ ժողովրդին: Հակոբի քարոզի այս մասը գտնվում է 2 Նեփի 6–8-ում (տես այս ձեռնարկի 28 դասը): Այս երկու օրվա քարոզի շարունակությունը գտնվում է 2 Նեփի 9–10-ում: Եսայիայից մեջբերում անելուց հետո Հակոբը կիսվեց իր իսկ վկայությամբ Հիսուս Քրիստոսի Քավության, Անկման ազդեցություններից և մեր մեղքերի հետևանքներից մեզ ազատելու Փրկչի զորության մասին: Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ուսուցանել է, որ 2 Նեփի 9 պարունակում է «քավության վերաբերյալ երբևէ տրված ամենալուսավորող ճառերից մեկը»: Նա ասել է. «Այն պետք է ուշադիր կարդա յուրաքանչյուր անձնավորություն, ով փնտրում է փրկություն» (Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. [1957–66], 4:57):

Ուսուցանման առաջարկներ

2 Նեփի 9.1–9

Հակոբը բացատրում է Անկման ազդեցությունները

Նախքան դասի սկսվելը գրատախտակի կենտրոնում գրեք սարսափելի հրեշ:

Սկսեք դասը՝ բացատրելով, որ 2 Նեփի 9 պարունակում է քարոզի շարունակությունը, որն ուսանողները սկսեցին ուսումնասիրել նախորդ դասին: Հիշեցրեք ուսանողներին, որ քարոզի առաջին մասում, որը գտնվում է 2 Նեփի 6–8–ում, Հակոբը մեջբերեց Եսայիայի խոսքերը, որ ուսուցանի Փրկչի ողորմության և Իր ուխտի ժողովրդին իրենց կորած ու ցրված վիճակից ազատելու Նրա զորության մասին: Մինչ Հակոբը շարունակեց իր քարոզը, նա ուսուցանեց, թե ինչպես է Փրկիչն ազատում մեզ մեր ընկած և մեղքերով լի վիճակից:

Ուսանողների ուշադրությունը հրավիրեք արտահայտության վրա, որը դուք գրել եք գրատախտակին:

  • Ի՞նչ եք պատկերացնում, երբ մտածում եք սարսափելի հրեշի մասին:

Այս հարցին ի պատասխան ուսանողները կարող են նշել երևակայական էակների: Եթե նրանք անեն դա, բացատրեք, որ որոշ բաներ, որոնք իրական են, կարող են ավելի սարսափելի լինել, քան երևակայական էակները, քանի որ նրանք ի վիճակի են առաջ բերել երկարատև վնասներ: Տեղեկացրեք ուսանողներին, որ Հակոբն օգտագործում էր «սարսափելի հրեշ» արտահայտությունը, որ նկարագրեր պայմանները, որոնց մենք բոլորս էլ հանդիպում ենք, և հավերժական վնասը, որ կարող է առաջ գալ դրա արդյունքում: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 9.10, փնտրելով հրեշի երկու տարրերը, որոնք նկարագրել է Հակոբը: Երբ ուսանողները կիսվեն իրենց գտածով, պատասխաններն ավելացրեք գրատախտակի վրա ինչպես ցուցադրված է ներքևում.

Awful Monster

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Հակոբի կողմից մահ և դժոխք, տերմինների օգտագործումը, բացատրեք, որ երկու տերմիններն էլ վերաբերվում են բաժանման մի տեսակի: Երբ Հակոբն այս քարոզում օգտագործեց մահ բառը, նա նկատի ուներ «մահը մարմնի», որը ֆիզիկական մարմնի բաժանումն է հոգուց: Երբ նա օգտագործեց դժոխք բառը, նա նկատի ուներ «մահը հոգու», որը անձի բաժանումն է Աստծո ներկայությունից: Սուրբ գրություններում այս բաժանումը հաճախ նկարագրվում է որպես «հոգևոր մահ»:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 9.6: Խնդրեք նրանց փնտրել ֆիզիկական մահվան և հոգևոր մահվան պատճառները:

  • Ո՞ր իրադարձությունը ֆիզիկական մահ և հոգևոր մահ բերեց մեզ բոլորիս: (Դուք կարող եք բացատրել, որ որպես Անկման արդյունք, բոլոր մարդիկ կտրված են Աստծո ներկայությունից և բոլոր մարդիկ էլ ի վերջո պետք է ֆիզիկապես մահանան:)

Բացատրեք, որ 2 Նեփի 9.7–9-ում Հակոբն ուսուցանում է, թե ինչ կպատահեր մեզ հետ, եթե չլիներ Քավությունը և Անկման հետևանքները հավերժ մնային: Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին ուսումնասիրել այս հատվածները, դուք կարող եք տալ 7–րդ հատվածի որոշ տերմինների սահմանումները: Երբ Հակոբը խոսում էր «առաջին դատաստանի [վերաբերյալ], որը եկավ մարդու վրա», նա նկատի ուներ Ադամի և Եվայի Անկման հետևանքները: Երբ նա խոսում էր «ապականության» մասին, նա նկատի ուներ մեր մահկանացու մարմինները, որոնք կմահանան: Երբ նա խոսում էր «անապականության» մասին, նա նկատի ուներ մեր հարություն առած մարմինները, որոնք հավերժ կապրեն:

Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 9.7–9: Հրավիրեք դասարանին փնտրել արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչ կպատահեր մեր մարմինների և հոգիների հետ, եթե ֆիզիկական և հոգևոր մահը հավերժ մնար:

  • Եթե չլիներ Քավությունը, ի՞նչ կպատահեր մեր մարմինների հետ:

  • Եթե չլիներ Քավությունը, ի՞նչ կպատահեր մեր հոգիների հետ:

Որպեսզի շեշտեք, թե ինչպիսին կլիներ մեր հավատքն առանց Հիսուս Քրիստոսի Քավության, խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը:

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Եթե Աստծուց բաժանվելը և մեր ֆիզիկական մահը հարատև լիներ, բարոյական ազատությունը ոչ մի իմաստ չէր ունենա: Այո, մենք ազատ կլինեինք կատարելու ընտրություններ, սակայն ո՞րը կլիներ դրա նպատակը: Վերջնական արդյունքը միշտ էլ նույնը կլիներ՝ անկախ մեր գործերից՝ մահ առանց հարության հույսի և ոչ մի հույս երկնքի համար: Որքան լավ կամ որքան վատ էլ մենք ընտրեինք լինել, մենք բոլորս էլ ի վերջո կդառնայինք «դևի համար հրեշտակներ»: [2 Նեփի 9.9]» (“Moral Agency,” Ensign, June 2009, 50):

2 Նեփի 9.10–26

Հակոբն ուսուցանում է, որ Քավության շնորհիվ Փրկիչն ազատում է մեզ Անկման հետևանքներից և առաջարկում է մեզ ներում մեր մեղքերից

Խնդրեք մի ուսանողի կարդալ 2 Նեփի 9.10:

  • Համաձայն այս հատվածի, ի՞նչ է Աստված պատրաստել մեզ համար:

Նշեք, որ այս քարոզում Հակոբի հիմնական ուղերձն այն է, որ Աստված «մեր փախուստի համար ուղի է պատրաստում … մահի ու դժոխքի» ճանկից: Անկման բերած ֆիզիկական և հոգևոր մահից փախուստը հնարավոր է դարձվում Հիսուս Քրիստոսի փրկող զոհաբերության շնորհիվ:

Երեխաներին երկու խմբի բաժանեք: Հրավիրեք առաջին խմբին մտքում կարդալ 2 Նեփի 9.5, 19–21, փնտրելով մեզ համար կատարած Փրկչի զոհաբերության նկարագրությունները: Հրավիրեք երկրորդ խմբին մտքում կարդալ 2 Նեփի 9.11–12, 15, 22, փնտրելով արտահայտություններ, որտեղ նկարագրվում է, որ Հիսուս Քրիստոսը փրկում է մեզ ֆիզիկական մահից: (Այս արտահայտությունները գրատախտակին գրելը կարող է օգտակար լինել:)

Կարդալու համար ուսանողներին ժամանակ տրամադրելուց հետո առաջին խմբին տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ էր պատրաստ զոհաբերել Փրկիչը, որ Նա կարողանար ազատել մեզ ֆիզիկական և հոգևոր մահից: Ի՞նչ նկարագրություններ դուք գտաք, որոնք իմաստալից են ձեզ համար:

  • Հակոբը նշում է, որ Հիսուս Քրիստոսը կրեց բոլոր մարդկանց ցավերը: Ի՞նչ է սա նշանակում ձեզ համար: Ինչպե՞ս է այս գիտելիքն ազդում Փրկչի հանդեպ ունեցած ձեր զգացմունքների վրա: (Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել Փրկչի զոհաբերության կարևորության վերաբերյալ, դուք կարող եք դադարեցնել քննարկումը և նշել, որ Փրկիչը կրեց բոլորի ցավերը, ովքեր ապրել են և դեռ կապրեն աշխարհում: Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել Փրկչի զոհաբերության էության վերաբերյալ, հրավիրեք նրանց գրել իրենց անունները 2 Նեփի 9.21–ի կողքի լուսանցքում որպես հիշեցում, որ Փրկիչը կրեց նրանց ցավերը:)

Երկրորդ խմբին տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ արտահայտություններ դուք գտաք այն բանի վերաբերյալ, որ Հիսուս Քրիստոսը փրկել է մեզ ֆիզիկական մահից:

  • Համաձայն 2 Նեփի 9.22-ի, ո՞վ հարություն կառնի և ետ կբերվի Աստծո ներկայություն:

Կրկին անդրադարձեք գրատախտակին գրված «սարսափելի հրեշ» արտահայտությանը: Հրավիրեք ուսանողներին իրենց սեփական բառերով ասել, թե ինչ է Հակոբն ուսուցանել այն բանի վերաբերյալ, թե ինչպես մենք կարող ենք փրկվել այս «հրեշից»: Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ Քավության շնորհիվ Հիսուս Քրիստոսը ազատում է ողջ մարդկությանը ֆիզիկական և հոգևոր մահից, որ բերել էր Անկումը: Հրավիրեք մի ուսանողի գրատախտակին գրել այս ճշմարտությունը:

Հիշեցրեք ուսանողներին, որ Անկման պատճառով առաջ եկած ֆիզիկական և հոգևոր մահից բոլոր մարդկանց ազատելուց բացի Հիսուս Քրիստոսը կարող է ազատել մեզ հոգևոր մահից, որն առաջ է գալիս մեր սեփական մեղքերի պատճառով:

Բացատրեք, որ Հակոբը նկարագրել է այն մարդկանց վիճակը, ովքեր հայտնվում են Աստծո առաջ իրենց մեղքերում: Հրավիրեք ուսանողներին փնտրել այդ նկարագրությունները, մինչ մի ուսանող բարձրաձայն կարդում է 2 Նեփի 9.15–16, 27:

  • Ինչպե՞ս էր Հակոբը նկարագրում այն մարդկանց վիճակը, ովքեր կհայտնվեն Աստծո առաջ իրենց մեղքերում:

Բացատրեք, որ Հակոբը նաև նկարագրում է այն մարդկանց վիճակը, ովքեր հայտնվում են Աստծո առաջ մաքուր վիճակում: Հրավիրեք ուսանողներին փնտրել այդ նկարագրությունները, մինչ մի ուսանող բարձրաձայն կարդում է 2 Նեփի 9.14, 18:

  • Ինչպե՞ս էր Հակոբը նկարագրում այն մարդկանց վիճակը, ովքեր մաքուր կհայտնվեն Աստծո առաջ:

Նշեք, որ մինչդեռ Անկումից ազատվելը բոլոր մարդկանց պարգևն է, մեր մեղքերի հետևանքներից ազատվելը մասամբ կախված է մեր ցանկություններից և արարքներից: Գրատախտակին գրեք հետևյալը. Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք հաղթահարել մեր մեղքերի հետևանքները, եթե մենք …

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 9.21, 23–24: Խնդրեք դասարանին փնտրել արտահայտություններ, որ լրացնեն գրատախտակին գրված նախադասությունը:

  • Համաձայն այս հատվածների, դուք ինչպե՞ս կլրացնեիք այս նախադասությունը: (Ուսանողների պատասխանները պետք է արտացոլեն նախադասության հետևյալ լրացումը. Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք հաղթահարել մեր մեղքերի հետևանքները, եթե մենք հավատանք Հիսուս Քրիստոսին, ապաշխարենք, մկրտվենք և համբերենք մինչև վերջ: Երբ նրանք կիսվեն իրենց պատասխաններով, լրացրեք գրատախտակին գրված նախադասությունը:)

Այս դասն ավարտեք ընտրելով հետևյալ վարժություններից մեկը: Երկու վարժություններն էլ օգնում են ուսնողներին անդրադառնալ այն բանին, թե ինչ նշանակություն ունի իրենց համար Փրկչի Քավությունը և կիսվել Նրա հանդեպ իրենց զգացմունքներով:

  1. Խնդրեք ուսանողներին աչքի անցկացնել 2 Նեփի 9.1–22 և գտնել բոլոր հատվածները, որոնք սկսվում են Օհ բառով: Հրավիրեք ուսանողներին բարձրաձայն կարդալ այդ հատվածների առաջին նախադասությունները:

    Հրավիրեք ուսանողներին գրել նմանատիպ նախադասություններ իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում՝ նկարագրելով Փրկչի և իրենց համար Նրա կատարած զոհաբերության հանդեպ երախտագիտության իրենց անձնական զգացմունքները: Խնդրեք նրանց հետևել Հակոբի օրինակին, յուրաքանչյուր նախադասությունը սկսելով Օհ բառով և երկարացման նշանով: Խնդրեք մի քանի ուսանողների հարմարության դեպքում կիսվել իրենց նախադասություններով: Համոզվեք, որ նրանք հասկանում են, որ իրենք պարտավոր չեն կիսվել զգացմունքներով կամ փորձառություններով, որոնք խիստ անձնական են կամ գաղտնի:

  2. Ամբողջ դասարանով երգեք կամ կարդացեք «Ես մնում եմ զարմացած» (Օրհներգեր, հ. 193) օրհներգի կամ մեկ այլ օրհներգի բառերը Հիսուս Քրիստոսի Քավության վերաբերյալ: Հրավիրեք ուսանողներին օրհներգից ընտրել տողեր, որոնք արտացոլում են իրենց զգացմունքները Փրկչի և Նրա քավիչ զոհաբերության վերաբերյալ: Նրանց թույլ տվեք դասարանի հետ կիսվել իրենց ընտրած տողերով և բացատրել, թե ինչու են նրանք երախտապարտ այդ տողերի համար:

Բացատրական և պատմական տեղեկություն

2 Նեփի 9.7: Ի՞նչ է «անսահման քավությունը»:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնը հետևյալ մեջբերման մեջ բացատրում է Քավության հավերժական բնույթը և Փրկչի առանձնահատուկ ունակությունը Քավությունը իրագործելու համար.

«Նրա Քավությունն անսահման է՝ առանց վերջի: [Տես 2 Նեփի 9.7, 25.16, Ալմա 34.10, 12, 14:] Այն նաև անսահման էր այն առումով, որ ողջ մարդկությունը կարող էր փրկվել անվերջանալի մահից: Այն անսահման էր Նրա ահռելի տառապանքի առումով: Այն անսահման էր ժամանակի առումով, վերջ դնելով կենդանիների զոհաբերությանը: Այն անսահման էր գործունեության շրջանակով. այն պետք է կատարվեր մեկ անգամ՝ բոլորի համար: [Տես Եբրայեցիս Ժ.10:] Եվ Քավության ողորմածությունը տարածվում է ոչ միայն անսահման քանակությամբ մարդկանց վրա, այլ նաև Նրա կողմից ստեղծված անսահման քանակությամբ աշխարհների վրա: [Տես ՎևՈՒ 76.24, Մովսես 1.33:] Այն անսահման էր ցանկացած մարդկային չափման միավորից կամ մահկանացու ըմբռնողությունից:

Հիսուսը միակն էր, որ կարող էր առաջարկել այսպիսի անսահման քավություն, քանի որ Նա ծնվել էր մահկանացու մորից և անմահ Հորից: Այդ յուրօրինակ ծնունդի պատճառով Հիսուսն անսահման Էակ էր» (“The Atonement,” Ensign, Nov. 1996, 35):

«Համաձայն հավիտենական օրենքի, այդ քավությունը պահանջում էր անձնական զոհաբերություն անմահ մի էակի կողմից, ով ենթակա չէր մահվան: Սակայն Նա պետք է մահանար և կրկին ետ վերցներ Իր իսկ մարմինը: Փրկիչը միակն էր, ով կարող էր իրագործել սա: Իր մորից Նա ժառանգել էր մահանալու զորությունը: Իր Հորից Նա ժառանգել էր զորություն մահվան վրա» (“Constancy amid Change,” Ensign, Nov. 1993, 34):

2 Նեփի 9.7: Ի՞նչ հետևանքներ կունենար Անկումը առանց Քավության:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը բացատրել է, թե ինչպիսին կլիներ մեր ճակատագիրը առանց Հիսուս Քրիստոսի Քավության.

«Ճիշտ ինչպես մահը կկործաներ մեզ և կդարձներ մեր ազատ ընտրությունն անիմաստ, եթե Քրիստոսը չազատեր մեզ, նմանապես, առանց Նրա շնորհի մեր մեղքերը և վատ ընտրությունները մեզ հավերժ կորած կթողնեին: Չէր լինի ոչ մի ուղի մեր սխալներից լիովին ազատվելու համար, և լինելով անմաքուր, մենք երբեք չէինք կարողանա ապրել [Աստծո] ներկայության մեջ:

Մեզ հարկավոր է Փրկիչ, Միջնորդ, ով կարող է հաղթահարել մեր մեղքերի և սխալների հետևանքները, որպեսզի դրանք ճակատագրական չլինեն: Քրիստոսի Քավության շնորհիվ է, որ մենք կարող ենք ազատվել վատ ընտրություններից և արդարացվել օրենքի ներքո, կարծես թե մենք չէինք էլ մեղանչել» (“Moral Agency,” Ensign, June 2009, 50):

2 Նեփի 9. 10: «Օհ, որքան մեծ է մեր Աստծո բարությունը»

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին երախտագիտություն է հայտնել Քավության իրագործման մեջ Փրկչի դերի համար.

«Շնորհակալություն Աստծուն Իր հավերժական ծրագրի հրաշքի և փառահեղության համար: Շնորհակալություն և փառք Նրա Սիրելի Որդուն, ով աննկարագրելի տառապանքով տվեց Իր կյանքը Գողգոթայի խաչի վրա մահկանացու մեղքի պարտքը տալու համար: Նա էր, որ Իր քավող զոհաբերության շնորհիվ կոտրեց մահվան կապանքները և աստվածային զորությամբ հաղթականորեն հարություն առավ գերեզմանից: Նա մեր Քավիչն է, ողջ մարդկության Քավիչը: Նա աշխարհի Փրկիչն է: Նա Աստծո Որդին է, մեր փրկության Հեղինակը» (“The Victory over Death,” Ensign, May 1985, 51):

2 Նեփի 9.22: «Որ բոլորը կարողանան կանգնել նրա առջև»

Բոլոր մարդիկ հեռանում են Աստծո ներկայությունից Ադամի և Եվայի Անկման արդյունքում: Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ բոլոր մարդիկ կվերադառնան Աստծո ներկայություն, որպեսզի դատվեն: Այս թեմայի շուրջ լրացուցիչ մտքերի համար տես հետևյալ հատվածները. 2 Նեփի 2.9–10, 9.15, 22, 38, Ալմա 11.43–44, 12.12–15, 24, 42.23, Հելաման 14.15–17, 3 Նեփի 26.4, Մորմոն 9.12–13: