Դաս 92
Ալմա 34–35
Նախաբան
Այն բանից հետո, երբ Ալման սովորեցրեց զորամացիներին հավատալ Աստծո Որդուն, Ամուղեկը հայտարարեց իր իսկ վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին՝ հանդիսանալով որպես երկրորդ վկա: Ամուղեկը՝ Ալմայի զուգընկերը, նշեց, որ Հիսուս Քրիստոսի Քավությունն անհրաժեշտ է բոլոր մարդկանց փրկության համար և որ անհատները կարող են ստանալ Քավության բոլոր օրհնությունները, երբ նրանք հավատք գործադրեն ապաշխարության համար: Շատ զորամացիներ ականջ դրեցին ապաշխարելու Ամուղեկի հրավերին: Երբ ապաշխարած զորամացիները դուրս գցվեցին երկրից իրենց ամբարիշտ ղեկավարների և քահանաների կողմից, նեփիացիները և Ամմոնի ժողովուրդը նրանց ուտելիք, հագուստ և իրենց ժառանգության համար հողեր տվեցին: Արդյունքում լամանացիները և չապաշխարած զորամացիները սկսեցին պատերազմի պատրաստություններ տեսնել նեփիացիների և Ամմոնի ժողովրդի դեմ:
Ուսուցանման առաջարկներ
Ալմա 34.1–14
Ամուղեկը զորամացիներին սովորեցնում է Հիսուս Քրիստոսի Քավության մասին
Նախքան դասը սկսվելը հետևյալ նախադասությունները գրեք գրատախտակին: Խնդրեք ուսանողներին գրել նոթատետրերում կամ թերթիկների վրա, թե, իրենց կարծիքով, յուրաքանչյուր նախադասությունը ճիշտ է, թե՝ սխալ:
Իրենց պատասխանները գրելու համար ուսանողներին ժամանակ տրամադրելուց հետո հիշեցրեք նրանց, որ Ալման սովորեցրեց մի խումբ զորամացիների, թե ինչպես ստանալ Աստծո խոսքը և հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս (տես Ալմա 32–33): Ամփոփեք Ալմա 34.1–7, բացատրելով, որ Ամուղեկը հետևեց Ալմային, կիսվելով Փրկչի մասին իր սեփական վկայությամբ: Խնդրեք ուսանողներին լուռ ուսումնասիրել Ամուղեկի ուսմունքները Ալմա 34.8–9, 11-ում, ուշադրություն դարձնելով այն արտահայտություններին, որոնք ցույց են տալիս, թե արդյոք գրատախտակի նախադասություններից յուրաքանչյուրը ճիշտ է, թե՝ սխալ: Ապա դասարանով վերանայեք նախադասությունները: Պատասխաններն են.
-
Սխալ. «Նա պիտի քավի աշխարհի մեղքերը» (Ալմա 34.8):
-
Ճիշտ. «Պետք է մի քավություն արվի, այլապես, ողջ մարդկությունն անխուսափելիորեն պիտի կորչի» (Ալմա 34.9):
-
Սխալ. «Չկա որևէ մարդ, որ կարողանա զոհաբերել իր սեփական արյունը, որը կքավի մեկ ուրիշի մեղքերը» (Ալմա 34.11):
Այն բանից հետո, երբ ուսանողները կքննարկեն 3-րդ նախադասության պատասխանը, հարցրեք.
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը միակը, ով կարող էր քավել աշխարհի մեղքերը:
Որպեսզի օգնեք ուսանողներին պատասխանել այս հարցին, հրավիրեք նրանց մտքում կարդալ Ալմա 34.10, 14: Ապա կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը.
«Նրա Քավությունն անսահման է՝ առանց վերջի: Այն անսահման է նրանում, որ ողջ մարդկությունը կարողանար փրկվել երբեք չավարտվող մահից: Այն անսահման էր Իր վիթխարի տառապանքի առումով: … Այն անսահման հնարավորություն էր. այն պետք է կատարվեր մեկ անգամ՝ բոլորի համար: Եվ Քավության ողոմությունը հասանելի էր ոչ միայն անսահման թվով մարդկանց, այլ նաև Նրա կողմից ստեղծված անսահման թվով աշխարհներին: Այն անսահման էր ցանկացած մարդկային չափման միավորից կամ մահկանացու հասկացողությունից առավել:
Հիսուսը միակն էր, ով կարող էր առաջարկել այսպիսի անսահման քավություն, քանի որ Նա ծնվել էր մահկանացու մորից և անմահ Հորից: Այդ եզակի իրավունքի շնորհիվ Հիսուսն անսահման Էակ էր» (“The Atonement,” Ensign, Nov. 1996, 35):
«Համաձայն հավիտենական օրենքի, այդ քավությունը պահանջում էր անձնական զոհաբերություն անմահ մի էակի կողմից, ով ենթակա չէր մահվան: Սակայն Նա պետք է մահանար և կրկին ետ վերցներ Իր իսկ մարմինը: Փրկիչը միակն էր, ով կարող էր իրագործել սա: Իր մորից Նա ժառանգել էր մահանալու զորությունը: Իր Հորից Նա զորություն էր ստացել մահվան վրա» (“Constancy amid Change,” Ensign, Nov. 1993, 34):
-
Ինչպե՞ս են Ամուղեկի ուսմունքները և Երեց Նելսոնի խոսքերն օգնում մեզ հասկանալ, թե ինչու էր Հիսուս Քրիստոսը միակը, ով կարող էր քավել աշխարհի մեղքերը:
-
Ինչպե՞ս դուք կամփոփեք Ալմա 34–ից Հիսուս Քրիստոսի Քավության մասին մինչ այժմ սովորածը: (Ուսանողները կարող են առաջարկել այլ ճշմարտություններ, սակայն համոզվեք, որ նրանք հասկանում են, որ Հիսուս Քրիստոսի անսահման և հավիտենական Քավությունը փրկությունը հնարավոր է դարձնում ողջ մարդկության համար:)
Որպեսզի օգնեք ուսանողներին հետագայում գնահատել Քավության անհրաժեշտությունը Երկնային Հոր փրկության ծրագրում, խորհեք հետևյալ վարժությունն օգտագործելու մասին: Դուք կարող եք հարմարեցնել այս վարժությունը, որպեսզի այն համապատասխանի այն ուսանողների կարիքներին և հետաքրքրություններին, ում դուք ուսուցանում եք:
Գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունը. Պատկերացրեք կյանքն առանց…
Ցուցադրեք մի առարկա, որը շատ երիտասարդներ արժևորում են (ինչպես օրինակ՝ բջջային հեռախոս), և հարցրեք.
-
Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլիներ կյանքն առանց այս առարկայի:
Հաջորդը, ցուցադրեք ջրով մի շիշ կամ բաժակ (կամ որևէ այլ բան, որը կենսական նշանակություն ունի կյանքում):
-
Ինչպիսի՞ն կլիներ կյանքն առանց ջրի:
Այն բանից հետո, երբ ուսանողները կքննարկեն ջրի անհրաժեշտությունը, լրացրեք գրատախտակի նախադասությունն այնպես, որ այն կարդացվի հետևյալ կերպ. Պատկերացրեք կյանքն առանց Հիսուս Քրիստոսի Քավության:
-
Ինչպիսի՞ն կլիներ կյանքն առանց Հիսուս Քրիստոսի Քավության: (Ուսանողներին ժամանակ տվեք այս հարցի շուրջ մտածելու նախքան կխնդրեք նրանց պատասխանել: Եթե ժամանակը թույլ է տալիս, դուք կարող եք հրավիրել նրանց գրի առնել այս հարցի պատասխանը:)
Ալմա 34.15–41
Ամուղեկը սովորեցնում է զորամացիներին, թե ինչպես հավատք գործադրել ի ապաշխարություն:
Նշեք, որ չնայած Հիսուս Քրիստոսը Քավություն կատարեց բոլոր մարդկանց համար, մենք մեխանիկորեն չենք ստանում դրա բոլոր օրհնությունները: Ամուղեկն ուսուցանեց, թե ինչ պետք է մենք անենք, որ ստանանք բոլոր օրհնությունները, որ հնարավոր են դարձվել Քավության շնորհիվ: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 34.15–17 և ներկայացրեք այն արտահայտությունը, որն Ամուղեկն ասաց չորս անգամ: («Հավատք ի ապաշխարություն»:)
-
Ի՞նչ կարող ենք մենք սովորել Ալմա 34.15–17-ից այն մասին, թե ինչ պետք է մենք անենք, որ ստանանք Քավության բոլոր օրհնությունները: (Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ Քավության բոլոր օրհնությունները ստանալու համար, մենք պետք է հավատք գործադրենք ի ապաշխարություն:)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում հավատք գործադրել ի ապաշխարություն:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ է նշանակում հավատք գործադրել ի ապաշխարություն, կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերը.
«Մենք առ Քրիստոս անսասան հավատքի կարիք ունենք, որպեսզի կարողանանք ապաշխարել: … Առ Քրիստոս հավատքը կփոխի մեր մտքերը, համոզմունքները և արարքները, որոնք ներդաշնակ չեն Աստծո կամքին: … Ապաշխարություն նշանակում է մտքի ու սրտի փոփոխություն՝ մենք դադարում ենք անել այն ամենը, ինչը սխալ է, և սկսում ենք անել այն, ինչը ճիշտ է» («Ապահով վերադարձի կետ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 100):
-
Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ ապաշխարությունը պահանջում է, որ մենք ոչ միայն դադարենք անել այն, ինչը սխալ է, այլ սկսենք անել բաներ, որոնք ճիշտ են:
-
Համաձայն Ալմա 34.16-ի, ի՞նչ արդյունքներ են լինում, երբ մենք հավատք ենք գործադրում ի ապաշխարություն:
-
Ի՞նչ է պատահում, երբ մենք հավատք չենք գործադրում ի ապաշխարություն: (Դուք կարող եք բացատրել, որ «ենթակա է արդարադատության պահանջների ամբողջ օրենքին» արտահայտությունը նշանակում է տանել մեր մեղքերի բոլոր արդյունքները և զրկվել հավերժական կյանքի օրհնություններից:)
-
Համաձայն Ալմա 34.17-ի, ո՞րն է այն բաներից մեկը, որ մենք կարող ենք անել, որ հավատք գործադրենք ի ապաշխարություն:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 34.17–28: Խնդրեք նրանց փնտրել, թե զորամացիներին ինչ ուսուցանեց Ամուղեկն աղոթքի մասին, ներառյալ այն, թե երբ և ինչի համար աղոթել:
-
Ի՞նչ սովորեցրեց Ամուղեկը աղոթքի մասին, որ առնչվում է ձեր կյանքի հետ: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է աղոթքը կարևոր մաս հանդիսանում ի ապաշխարություն հավատք գործադրելու համար:
-
Ամուղեկն ասաց, որ մեր աղոթքները զուր կլինեն կամ օգտակար չեն լինի, եթե մենք չենք օգնում մեր շուրջը գտնվողներին (տես Ալմա 34.28): Ձեր կարծիքով, ինչո՞ւ է սա ճիշտ:
Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել լրացուցիչ եղանակների մասին, որոնց միջոցով մենք կարող ենք հավատք գործադրել ի ապաշխարություն, խնդրեք նրանց պատասխաններ գտնել հետևյալ օրինակների համար.
-
Երիտասարդ տղան ոչ պատշաճ լեզվով խոսելու սովորություն է զարգացրել: Ի՞նչ եղանակներով նա կարող է հավատք ցուցաբերել ի ապաշխարություն, որպեսզի ազատվի այս սովորությունից: (Պատասխանները կարող են ներառել օգնության համար աղոթելը, ընտանիքի անդամներից և ընկերներից օգնություն խնդրելը, և այնպիսի միջոցառումների մասնակցելը, որոնք հրավիրում են Հոգին:)
-
Երիտասարդ կանայք և երիտասարդ տղամարդիկ ներգրավվել են ոչ պատշաճ հարաբերությունների մեջ: Նրանք զգացել են, որ Սուրբ Հոգին հուշել է իրենց անհապաղ դադարեցնել այս հարաբերությունը: Ինչպե՞ս կարող է այս հուշմանը հետևելը ներկայացնել հավատք ի ապաշխարություն: Ի՞նչ այլ քայլեր նրանք կարիք կունենան կատարելու, որպեսզի ապացուցեն, որ գտնվում են լիարժեք ապաշխարության ուղու վրա: (Պատասխանները կարող են ներառել՝ եպիսկոպոսից կամ ճյուղի նախագահից օգնություն փնտրելը և ուժի և ներման համար աղոթելը:)
-
Ի՞նչ է նշանակում հետաձգել: Ի՞նչ պատճառներով են մարդիկ հետաձգում:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 34.33, փնտրելով, թե ինչ Ամուղեկը նախազգուշացրեց զորամացիներին չհետաձգել: Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով կարդալ Ալմա 34.32–35: Մինչ նրանք կարդում են, թող դասարանը փնտրի մեր ապաշխարությունը հետաձգելու հետևանքները: Երբ ուսանողները զեկուցեն իրենց սովորածը, գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Այս կյանքն է մեզ համար ժամանակը, որ պատրաստվենք հանդիպել Աստծուն:
-
Ինչպե՞ս դուք ինչ-որ մեկին կբացատրեք այս ճշմարտությունը:
-
Պատկերացրեք, որ դուք ունեք մի ընկեր, ով գիտակցաբար չի հնազանդվում որոշ պատվիրանների, սակայն ծրագրում է ավելի ուշ ապաշխարել: Ի՞նչ կուսուցանեք դուք այս ընկերոջը, հիմնվելով այն ամենի վրա, ինչը դուք սովորել եք Ալմա 34.32–35–ից:
Բացատրեք, որ Ամուղեկը չի նախազգուշացրել միայն ապաշխարությունը հետաձգելու հետևանքների մասին. նա նաև ուսուցանել է այժմ ապաշխարելու ուղին ընտրելու օրհնությունների մասին: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 34.30–31 և ներկայացնել այս օրհնությունները:
-
Ալմա 34.31-ում ի՞նչ հավաստիացում է տրվում նրանց, ովքեր այժմ են ապաշխարում: («Փրկագնման մեծ ծրագիրն անհապաղ պիտի իրագործվի ձեզ համար»:)
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ խոսքերը.
«Դուք կարիք չունեք իմանալու ամեն բան նախքան Քավության զորությունը կգործի ձեզ համար: Հավատք ունեցեք առ Քրիստոս. այն սկսում է գործել այն օրվանից, երբ դուք խնդրում եք» (“Washed Clean,” Ensign, May 1997, 10):
-
Ինչպե՞ս է այս հավաստիացումը հասկանալն օգնում մեզ: Ի՞նչ եղանակներով եք դուք զգացել, որ Քավությունը սկսել է գործել ձեզ համար, երբ դուք սկսել եք ձեր հույսը դնել դրա վրա:
Կարդացեք Նախագահ Հարոլդ Բ. Լիի հետևյալ խոսքերը: Խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ինչն էր Նախագահ Լին անվանում «ամենակարևոր պատվիրանը»:
«Այժմ, եթե դուք սխալներ եք գործել, այսօրը դարձրեք ձեր կյանքի փոփոխության սկիզբը: Հրաժարվեք այն բանից, ինչը դուք անում էիք, որ սխալ էր: Աստծո պատվիրաններից ամենակարևորն այն մեկն է, որն այսօր ամենադժվարն է ձեզ համար պահելը: Եթե դա անազնվությունն է, եթե դա անբարոյությունն է, եթե դա կեղծավորությունն է՝ ճշմարտությունը չասելը, այսօր է ձեզ համար այն օրը, որ աշխատեք դրա վրա, մինչև դուք կարողանաք հաղթահարել այդ թուլությունը: … Մի կողմ դրեք այն և ապա սկսեք աշխատել հաջորդի վրա, որը դժվար է ձեզ համար պահել» (Teachings of Presidents of the Church: Harold B. Lee [2000], 30):
-
Համաձայն Նախագահ Լիի, ո՞րն է ամենակարևոր պատվիրանը: Ինչո՞ւ:
Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունները: Խնդրեք ուսանողներին լրացնել դրանք նոթատետրերում կամ սուրբ գրությունների օրագրերում:
Ալմա 35
Ապաշխարած զորամացիները գնում են բնակվելու արդարների մեջ:
Ամփոփեք Ալմա 35, բացատրելով, որ շատ զորամացիներ ապաշխարեցին իրենց մեղքերից: Նրանք դուրս գցվեցին երկրից իրենց ամբարիշտ ղեկավարների և քահանաների կողմից և գնացին ապրելու Երսոնի երկրում՝ Ամմոնի ժողովրդի հետ: Ամմոնի ժողովուրդը նրանց հողեր տվեց, և նեփիացիներն ուղարկեցին իրենց բանակները՝ նրանց պաշտպանելու համար:
Վկայեք, որ մենք կարող ենք ստանալ Փրկչի Քավության օրհնությունները հենց այն պահից սկսած, երբ հավատք գործադրենք ի ապաշխարություն: Խրախուսեք ուսանողներին հետևել Ամմոնի ժողովրդի և նեփիացիների օրինակին, բարյացակամ լինելով և աջակցելով նրանց, ովքեր ապաշխարություն են փնտրում: