Գրադարան
Օմնի


Օմնիի գրքի նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Օմնիի գրքի ուսումնասիրության միջոցով ուսանողները կսովորեն, որ Տերը պահպանել է արդար նեփիացիներին և առաջնորդել է նրանց Զարահեմլայի երկիր (տես Օմնի 1.7, 12–13): Նրանք նաև կիմանան այլ խմբերի՝ մուղեկացիների (կամ Զարահեմլայի ժողովրդի) և Հարեդացիների մասին, ում Տերն առաջնորդել էր խոստումի երկիր:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Օմնիի գիրքը գրվել է հինգ տարբեր մարդկանց կողմից՝ Օմնիի, Ամորանի, Քեմիսի, Աբինադոմի և Ամաղեկիի: Օմնին Հարոմի որդին էր և Լեքիի և Սարիայի կոռը: Նա ինքն իրեն նկարագրում է որպես «ամբարիշտ մարդ», ով չի «պահել Տիրոջ … պատվիրանները» (Օմնի 1.2): Ամարոնը (Օմնիի որդին), Քեմիսը (Ամարոնի եղբայրը) և Աբինադոմը (Քեմիսի որդին), յուրաքանչյուրն ավելացրել են մի փոքր բան: Աբինադոմի որդի Ամաղեկին գրել է Օմնիի գրքի մեծամասնությունը և վերջին մարդն է եղել, ով գրել է Նեփիի փոքր թիթեղների վրա: Նա թիթեղները հանձնել է Բենիամին թագավորին:

Ո՞ւմ համար է գրված այս գիրքը և ինչո՞ւ:

Օմնին նշել է, որ իրեն «պատվիրված [էր իր] հոր՝ Հարոմի կողմից, որ [նա պետք է գրեր]՝ … պահպանելու համար [իրենց] տոհմաբանությունը» (Օմնի 1.1): Այս հայտարարությունը հուշում է, որ Օմնին գրել է իր սերունդների օգտի համար: Օմնիի գրքի հաջորդ երեք հեղինակները չեն դիմում որևէ հատուկ լսարանի կամ նշում իրենց գրելու նպատակը: Սակայն Ամաղեկիի հրավերն ուղղված բոլոր մարդկանց՝ «գալ Քրիստոսի մոտ … և ճաշակել նրա փրկությունից» (Օմնի 1.26), նշում է, որ նա մտահոգված էր նրանց փրկության համար, ովքեր կկարդային իր խոսքերը:

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Օմնիի գրքի մի շարք հեղինակները գրել են մոտավորապես մ.թ.ա. 361-մ. թ.ա. 130թթ. ընթացքում: Առաջին չորս հեղինակները գրել են Նեփիի երկրում: Ամաղեկին իր արձանագրությունը կատարել է Զարահեմլայի երկրում:

Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

Օմնիի գիրքը Նեփիի փոքր թիթեղների վերջին գիրքն է: Օմնին ընդգրկում է ավելի երկար ժամանակաշրջան, քան փոքր թիթեղների ցանկացած այլ գիրք: Ամբողջ Մորմոնի Գրքում միայն 4 Նեփիի և Եթերի գրքերն են, որ ավելի երկար ժամանակաշրջան են ընդգրկում, քան ընդգրկված է Օմնիի գրքում:

փոքր թիթեղների գծապատկերը

Օմնիի գիրքը նաև մանրամասներ է տալիս առաջին Մոսիա թագավորի թագավորման մասին, ով Բենիամին թագավորի հայրն էր և երկրորդ Մոսիա թագավորի պապը: Առաջին Մոսիա թագավորը արդար նեփիացիներին հանեց Նեփիի երկրից և միավորեց նրանց Զարահեմլայի ժողովրդի հետ (տես Օմնի 1.12–23): Օմնիի գիրքը պատմում է, որ Տերն առաջնորդել էր Զարահեմլայի ժողովրդին (նաև հայտնի են որպես մուղեկացիներ) Երուսաղեմից դեպի խոստումի երկիր՝ Լեքիի և իր ընտանիքի կողմից Երուսաղեմը թողնելուց ոչ շատ ժամանակ անց (տես Օմնի 1.15):

Օմնին Մորմոնի Գրքի առաջին գիրքն է, որտեղ նշվում է հարեդացիների մասին: Այն նաև նշում է, որ որոշ նեփիացիներ թողեցին Զարահեմլան, որ վերադառնան Նեփիի երկիր՝ նախանշան հանդիսանալով Մոսիա 7–24–ում արձանագրված իրադարձությունների համար: Ի վերջո, Օմնիի գիրքը ներկայացնում է Բենիամին թագավորին և բացատրում է, թե ինչու Ամաղեկին վստահեց նրան սուրբ գրությունները (տես Օմնի 1.25):

Համառոտ շարադրանք

Օմնի 1.1–3 Օմնին նկարագրում է նեփիացիների և լամանացիների միջև եղած խաղաղության և պատերազմի ժամանակաշրջանները:

Օմնի 1.4–11 Ամարոնը, Քեմիսը և Աբինադոմը գրում են Նեփիի փոքր թիթեղների վրա: Այդ ժամանակ նեփիացիները ուխտադրուժ վիճակում էին:

Օմնի 1.12–30 Ամաղեկին գրում է գլխավոր իրադարձությունների մասին, որոնք տեղի էին ունենում Մոսիա թագավորի և Բենիամին թագավորի թագավորման ընթացքում: Նա հրավիրում է բոլորին գալ դեպի Քրիստոսը: