Դաս 45
Հակոբ 3-4
Նախաբան
Հակոբ 3-ում մենք կարդում ենք իր ժողովրդին տված Հակոբի քարոզի վերջաբանը: Հակոբը սրտով մաքուրներին հակիրճ ձևով տալիս է մխիթարության խոսքեր և խոստում: Նա նաև հանդիմանում է իր ժողովրդի մեջ եղած հպարտներին և անմաքուրներին, նախազգուշացնելով նրանց հետևանքների մասին, որոնք կգան, եթե նրանք չապաշխարեն: Հակոբ 4-ը պարունակում է խոսքեր, որոնք Հակոբը ոգեշնչվեց գրի առնել այն մարդկանց համար, ովքեր մի օր կկարդային նրա հիշատակարանը: Նա վկայեց Հիսուս Քրիստոսի Քավության մասին և հորդորեց իր խոսքերը կարդացողներին հաշտվել Հայր Աստծո հետ Քավության միջոցով: Նախազգուշացնող ձայնով նա պատմեց հրեաների մասին, ովքեր կմերժեին Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանի պարզության մասին:
Ուսուցանման առաջարկներ
Հակոբ 3
Հակոբը մխիթարում և խորհուրդներ է տալիս սրտով մաքուրներին և մնացածին հորդորում է ապաշխարել
Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ խորհուրդ կտան մարդկանց հետևյալ իրավիճակներում.
-
Երիտասարդ կինը ձգտում է արդար ապրել, սակայն տառապում է, քանի որ իր հայրը կախվածություն ունի ալկոհոլից:
-
Երիտասարդ տղան անում է լավագույնը ավետարանով ապրելու համար, սակայն դժվարությունների է հանդիպում իր ծնողների բաժանության պատճառով:
-
Երիտասարդ կինը ջանասիրաբար փորձում է սիրել իր ընտանիքին, սակայն դժվարությունների է հանդիպում իր քրոջ եսասիրության և քամահրող վարքի պատճառով:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Հակոբ 3.1–ի առաջին նախադասությունը: Խնդրեք նրանց ներկայացնել, թե առաջինը ում է դիմում Հակոբը այս գլխում:
Բացատրեք, որ Հակոբը խոսում էր հենց այն մարդկանց հետ, ովքեր մեղավոր էին հպարտության և սեռական մեղքերի առումով: Ապա նա փոխեց իր ուշադրությունը արդար մարդկանց վրա, ովքեր դժվարությունների էին հանդիպում ուրիշների ամբարշտության պատճառով: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Հակոբ 3.1–2: Խնդրեք նրանց փնտրել չորս բաներ, որոնք Հակոբը խնդրեց, որ սրտով մաքուրներն անեն:
-
Ի՞նչ չորս բաներ Հակոբը խնդրեց սրտով մաքուրներին անել: («Նայեք առ Աստված մտքի կայունությամբ, … աղոթեք նրան խիստ մեծ հավատքով, … բարձրացրեք ձեր գլուխները և ընդունեք Աստծո հաճելի խոսքը և վայելեք նրա սերը»:) Ի՞նչ խոստացավ Հակոբը սրտով մաքուրներին, եթե նրանք հավատարիմ մնան: (Սփոփանք չարչարանքների մեջ և պաշտպանություն թշնամիներից:)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ կարող ենք մենք անել Աստծո խոսքը ստանալու համար:
Սրտով մաքուրներին տրված Հակոբի խոստումների վերաբերյալ հարցի հետ կապված համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ Աստված կսփոփի սրտով մաքուրներին իրենց չարչարանքների մեջ: Դուք կարող եք բացատրել, որ սփոփել բառը նշանակում է մխիթարել որևէ մեկին, ով տխուր կամ անհանգիստ է: Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել և կիրառել այս ճշմարտությունը, հարցրեք.
-
Ինչպե՞ս է Տերը սփոփել ձեզ:
-
Ինչպե՞ս է հավատքով աղոթելն օգնել ձեզ փորձության պահին:
-
Ե՞րբ է Աստծո խոսքն օգնել ձեզ զգալ Նրա սերը:
Բացատրեք, որ սրտով մաքուրների հետ խոսելուց հետո, Հակոբը կրկին խոսեց նրանց հետ, ովքեր սրտով մաքուր չէին:
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հակոբ 3.3–4: Խնդրեք դասարանին ներկայացնել, թե ինչ հորդորեց Հակոբն անմաքուրներին անել:
-
Ի՞նչ կպատահեր, եթե Հակոբի ժողովուրդը չապաշխարեր:
Նշեք, որ Հակոբը հայտարարեց, որ լամանացիրերն ավելի արդար էին, քան որոշ նեփիացիներ այս ժամանակահատվածում: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Հակոբ 3.5–7, փնտրելով բաներ, որոնցում լամանացիներն ավելի արդար էին, քան որոշ նեփիացիները:
-
Ինչո՞վ էին լամանացիներն ավելի արդար, քան որոշ նեփիացիները:
-
Ի՞նչ սկզբունքներ եք սովորում Հակոբ 3.7–ում ընտանեկան հարաբերությունների մասին: (Ամուսիններն ու կանայք պետք է սիրեն միմյանց, և ծնողները պետք է սիրեն իրենց երեխաներին:)
-
Ի՞նչ հետևանքներ կարող են առաջ գալ, երբ ընտանիքի անդամները չեն սիրում իրար և չեն կատարում իրենց ընտանեկան պարտականությունները:
Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Հակոբ 3.10, փնտրելով նախազգուշացումը, որը Հակոբը առանձնակիորեն տվեց նեփիացի հայրերին:
-
Ի՞նչ նախազգուշացրեց Հակոբը նեփիացի հայրերին:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ ընտանիքի անդամները լավ օրինակ ծառայեն մեկը մյուսի համար:
Ուսանողների համար բարձրաձայն կարդացեք Հակոբ 3.11–12: Դուք կարող եք բացատրել, որ հատված 11-ում «արթնացրեք ձեր հոգիների ունակությունները» արտահայտությունը վերաբերվում է հոգևորապես արթնանալու կարիքին: Հակոբ 3.12-ում «պոռնկություն և հեշտասիրություն» արտահայտությունը վերաբերվում է սեռական մեղքերին: Երբ դուք կարդաք այս հատվածները, նշեք սեռական մեղքերի «սոսկալի հետևանքները»: Ուսանողներին նաև հիշեցրեք սրտով մաքուրներին տրված Հակոբի խոստումները (տես Հակոբ 3.1–2): Օգնեք ուսանողներին հասկանալ, որ այդ խոստացված օրհնությունները ստանալու լավագույն միջոցը միշտ սրտով մաքուր լինելն է: Այնուամենայնիվ, մարդիկ, ովքեր գործել են սեռական մեղքեր, կարող են օգնություն ստանալ իրենց եպիսկոպոսից կամ ճյուղի նախագահից, ովքեր կօգնեն նրանց ապաշխարել, մաքրվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով և ստանալ սրտով մաքուրներին խոստացված օրհնությունները:
Հակոբ 4
Հակոբը վկայում է, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք հաշտվել Աստծո հետ
Նախքան դասի սկսվելը գրատախտակի կենտրոնում տեղադրեք Հիսուս Քրիստոսի նկարը: Նկարի շուրջը գրեք մի քանի բառեր, որոնք ներկայացնում են բաներ, որոնք կարող են շեղել մարդկանց Փրկչից և Նրա ավետարանից: Օրինակ, դուք կարող եք ներառել որոշ լավ բաներ, ինչպես կրթությունը, սպորտաձևերը և ընկերները, որոնք կարևոր են, սակայն չպետք է դառնան մեր կյանքի հիմնական կենտրոնը: Դուք կարող եք նաև նշել այլ բաներ, ինչպես օրինակ՝ պոռնոգրաֆիան, ոչ պատշաճ երաժշտությունը և թմրադեղերը, որոնք վնասակար են մեր հոգու համար և մեզ հեռացնում են Փրկչից:
Խնդրեք ուսանողներին անդրադառնալ Հակոբ 4.14–ին: Բացատրեք, որ այս հատվածը ներառում է «նշանակետից այն կողմ նայելուց» արտահայտությունը: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելն ուսուցանել է, որ այս հատվածում «նշանակետը Քրիստոսն է» (“Jesus of Nazareth, Savior and King,” Ensign, Dec. 2007, 45): Դուք կարող եք խրախուսել ուսանողներին գրել այս նախադասությունը իրենց սուրբ գրություններում Հակոբ 4.14–ի կողքին:
Այս բացատրությամբ կիսվելուց հետո հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հակոբ 4.14–15:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ կարող է նշանակել նշանակետից այն կողմ նայելը: (Կենտրոնացնել մեր կյանքը բացի Փրկչից և Նրա ավետարանից ցանկացած այլ բանի վրա:)
-
Համաձայն Հակոբի, ո՞ր մոտեցումները և արարքներն արգելք հանդիսացան հրեաների համար, որ ընդունեին Հիսուս Քրիստոսին:
Բացատրեք, որ մինչ Հակոբը անդրադառնում էր որոշ հրեաների որոշակի մեղքերի, Հակոբ 4.14–15-ի որոշ հատվածները կարող են վերաբերվել մեզ նույնպես և կարող են մեզ համար ծառայել որպես նախազգուշացում: Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել այս կապը, տվեք հետևյալ հարցերը.
-
Ինչո՞ւ են մարդիկ երբեմն մերժում «պարզության խոսքերը» և դրա փոխարեն փնտրում բաներ, որոնք նրանք չեն կարող հասկանալ: Որո՞նք են ավետարանի պարզ ճշմարտություններից այն կողմ նայելու որոշ վտանգները:
-
Ի՞նչ կարող ենք ավելացնել գրատախտակին որպես Փրկչից և Նրա ավետարանից ուշադրությունը շեղելու այլ օրինակներ: (Ավելացրեք ուսանողների պատասխանները այն բառերին, որոնք դուք արդեն գրել եք գրատախտակին:)
Ջնջեք գրատախտակին ձեր գրած բառերը և գրեք հետևյալ հարցը. Ի՞նչ կարող ենք մենք անել, որ չնայենք նշանակետից այն կողմ, այլ կենտրոնացած մնանք Հիսուս Քրիստոսի վրա:
Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները. Հակոբ 4.4–5, Հակոբ 4.6–7, Հակոբ 4.8–9, Հակոբ 4.10, Հակոբ 4.11–13: Բացատրեք, որ Հակոբ 4-ում Հակոբը կիսվում է սկզբունքներով, որոնք կարող են օգնել մեզ կենտրոնացած մնալ Հիսուս Քրիստոսի վրա: Հանձնարարեք ուսանողներին աշխատել զույգերով և փնտրել այս սկզբունքները գրատախտակին նշված սուրբ գրությունների հղումներից մեկում: (Կախված ձեր դասարանի ուսանողների քանակից, դուք կարող եք հանձնարարել յուրաքանչյուր հղումը ավելի քան ուսանողների մեկ զույգի: Կամ՝ դուք կարող եք խնդրել ուսանողների մի զույգին կարդալ ավելի քան մեկ հղում:)
Մի քանի րոպե անց հրավիրեք ուսանողներին զեկուցել իրենց պատասխանները: Երբ նրանք անեն դա, դուք կարող եք հարցեր տալ, որպեսզի օգնեք նրանց ավելի խորությամբ մտածել այն մասին, թե ինչ են սովորել այդ հատվածներից: Այս քննարկումը վարելու հարցում ձեզ օգնելու նպատակով հանձնարարված հատվածներին համապատասխան կազմված են հետևյալ հարցերը.
-
Հակոբ 4.4-5: Մարգարեների վկայություններն ինչպե՞ս են ձեզ օգնել կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա: Ինչպե՞ս են ձեզ ամրացրել Փրկչի վերաաբերյալ ուրիշների վկայությունները: Հակոբն ասել է, որ իր ժողովրդի հնազանդությունը Մովսեսի օրենքին արդյունավետ է եղել, քանի որ այն «ուղղում է [նրանց] հոգիները դեպի» Տերը: Ինչպե՞ս կարող են քահանայության արարողությունները ստանալու և պատվիրանները պահելու ջանքերն ուղղել մեր հոգիները դեպի Տերը:
-
Հակոբ 4.6–7: Ինչպե՞ս է մարգարեներին տրված հայտնությունն օգնում մեզ հույս և հավատք ձեռք բերել առ Հիսուս Քրիստոսը: Ինչպե՞ս են անձնական հայտնությունը կամ ձեր ստացած հոգևոր վկայությունները ամրացրել ձեր հավատքը: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հիշել, որ միայն Տիրոջ շնորհի միջոցով է, որ մենք կարող ենք անել Նրա աշխատանքը:
-
Հակոբ 4.8–9: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր գիտակցելը, որ Տիրոջ գործերը «մեծ ու զարմանալի են»: Որպես Երկրի Արարիչ Փրկչի աշխատանքը ինչպե՞ս է ազդում Նրա վերաբերյալ ձեր վկայության վրա: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «մի արհամարհեք Աստծո հայտնությունները»: Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Աստծուն, որ մենք գնահատում ենք Նրա տված հայտնությունները:
-
Հակոբ 4.10: Ի՞նչ օրինակներ կան այն բանի վերաբերյալ, թե ինչպես մարդը կարող է չփնտրել «խորհուրդ տալ Տիրոջը, այլ խորհուրդ վերցնել նրա ձեռքից»:
-
Հակոբ 4.11–13: Ինչպես նշվել է դաս 35-ում, հաշտվել բառը նշանակում է ներդաշնակության բերել: Ինչպե՞ս է Քավությունն օգնում մեզ ներդաշնակ լինել մեր Երկնային Հոր հետ: Հակոբը մեզ հիշեցնում է Քավության մասին սովորեցնելու կարևորության մասին, հարցնելով. «Ինչո՞ւ չխոսել Քրիստոսի Քավության մասին …»: Ինչպե՞ս մենք կարող ենք հետևել այս սկզբունքին, երբ կիսվում ենք մեր վկայություններով ուրիշների հետ և երբ ունենք ավետարանը սովորեցնելու այլ հնարավորություններ: Երբ մենք կիսվում ենք մեր վկայություններով, ինչո՞ւ է կարևոր դա այնպես անել, որ մարդիկ կարողանան հասկանալ: Ինչպե՞ս է Հոգին օգնում մեզ իրականացնել դա:
Որպես այս քննարկման արդյունք, համոզվեք, որ հետևյալ ճշմարտությունը պարզաբանված է. Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք լցվել հույսով և հաշտվել Աստծո հետ:
Կիսվեք ձեր երախտագիտության զգացմունքներով Փրկչի և Նրա Քավության համար: Վկայեք, որ Հիսուս Քրիստոսը այն «նշանակետն է», որի վրա մենք պետք է կենտրոնացնենք մեր կյանքը: Դասի վերջում խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչ կանեն նրանք, որ կենտրոնանան Փրկչի վրա հաջորդ մի քանի օրերի ընթացքում: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք իրենց ծրագրերը գրեն իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Կարող եք նրանցից մի քանիսին հրավիրել ասել դասարանին, թե իրենք ինչ են ծրագրում անել: