Գրադարան
Դաս 136. 4 Նեփի 1


Դաս 136

4 Նեփի

Նախաբան

Լեքիի հետնորդների մեջ Հիսուս Քրիստոսի ծառայությունից հետո մարդիկ կիրառում էին Նրա ուսմունքները և վայելում միասնության, բարգավաճման և երջանկության 100 տարի: Նրանք միավորվեցին որպես «Քրիստոսի զավակներ» և այլևս չէին կոչում իրենց նեփիացիներ կամ լամանացիներ (4 Նեփի 1.17): Սակայն, ի վերջո, նրանք դառնում են հպարտ և ավելի ու ավելի ամբարիշտ, և կրկին սկսում են բաժանել իրենց նեփիացիների և լամանացիների: Փրկչի այցից մոտ 300 տարի անց գրեթե բոլոր մարդիկ ամբարիշտ են դառնում:

Ուսուցանման առաջարկներ

4 Նեփի 1.1–18

Բոլոր մարդիկ դարձի են եկել և խաղաղության ու երջանկության մեջ են ապրում:

Դասից առաջ, եթե հնարավոր է, պատրաստեք թղթի երկու մաքուր թերթիկ յուրաքանչյուր ուսանողի համար՝ մեկը սպիտակ, մյուսը այլ գույնի (բավական է երկու մասի բաժանել թերթիկները): Սպիտակ թերթիկները դրեք ուսանողների սեղաններին կամ աթոռներին՝ նրանց գալուց առաջ: Գունավոր թերթիկները պահեք դասի ժամանակ օգտագործելու համար: Գրեք գրատախտակին հետևյալ հարցը. Ի՞նչն է ձեզ իսկապես երջանիկ դարձնում: Երբ ուսանողները ժամանեն, հրավիրեք նրանց գրել գրատախտակին հարցի իրենց պատասխանները:

Սկսեք դասը, քննարկելով պատասխանները, որոնք նրանք գրել են գրատախտակին: Տվեք ուսանողներին հետևյալ հարցը.

  • Ո՞րն է տարբերությունը այն բաների, որոնք մեզ ժամանակավորապես երջանիկ են դարձնում, և այն բաների միջև, որոնք տանում են դեպի մշտական երջանկություն: (Երբ ուսանողները պատասխանեն, կարող եք շեշտել, որ իսկական երջանկությունը չի կարող գտնվել աշխարհիկ բաների մեջ, ինչպիսին են՝ ժողովրդականությունը, հարստությունը և նյութական ունեցվածքը:)

Բացատրեք, որ 4 Նեփին Լեքիի մի քանի սերունդների հիշատակարանն է, ովքեր ապրել են Հիսուս Քրիստոսի այցից հետո: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 4 Նեփի 1.16, փնտրելով, թե ինչպես Մորմոնը նկարագրեց մարդկանց, ովքեր ապրում էին Փրկչի այցից 100 տարի անց: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել «անկասկած, ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել» արտահայտությունը: Խնդրեք ուսանողներին գրել Ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել արտահայտությունը ձեր բաժանած սպիտակ թերթիկների վերին մասում: Այնուհետև թող նրանք մեծ շրջան նկարեն իրենց թղթերի մեջտեղում:

շրջան

Խնդրեք ուսանողներին կարդալ 4 Նեփի 1.1–2, և գտնել, թե ինչ արեցին մարդիկ, որն ապահովեց այդ երջանկությունը: Հրավիրեք նրանց գրել իրենց գտածը շրջանի ներսում: (Պատասխանները պետք է ընդգրկեն. Մարդիկ ապաշխարեցին, մկրտվեցին, ստացան Սուրբ Հոգին և «ամբողջ ժողովուրդը դարձի էր եկել դեպի Տերը»):

  • Ի՞նչ է նշանակում դարձի եկած լինել:

Օգնելու համար ուսանողներին հասկանալ, որ դարձի գալն ավելի խոր գաղափար է, քան պարզապես վկայություն ունենալը կամ Եկեղեցու անդամ լինելը, հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ խոսքերը: Եթե հնարավոր է, բաժանեք ուսանողներին այս խոսքերի կրկնօրինակները և խրախուսեք նրանց գտնել բառեր և արտահայտություններ, որոնք սահմանում են դարձի ընթացքը:

«Ձեր երջանկությունը այժմ և հավիտյան պայմանավորված է ձեր դարձի և փոխակերպման աստիճանով, որ այն բերում է ձեր կյանք: Ապա ինչպե՞ս դուք կարող եք դառնալ ճշմարիտ դարձի եկած: Նախագահ [Մերիոն Գ.] Ռոմնին նկարագրում է այն քայլերը, որոնց դուք պետք է հետևեք.

Երեց Ռիչարդ Գ. Սքոտ

««Եկեղեցու անդամությունը և դարձը, պարտադիր չէ, որ հոմանիշներ լինեն: Դարձի գալը և վկայություն ունենալը նույնպես նույն բանը չէ: Վկայությունը գալիս է, երբ Սուրբ Հոգին ջանասեր փնտրողին վկայություն է տալիս ճշմարտության մասին: Հուզող վկայությունը սնուցում է հավատքը: Այն առաջ է բերում ապաշխարություն և հնազանդություն պատվիրաններին: Դարձը ապաշխարության և հնազանդության պտուղ է կամ վարձատրություն»: [In Conference Report, Guatemala Area Conference 1977, 8–9.]

Պարզ ասած, ճշմարիտ դարձը հավատքի, ապաշխարության և հետևողական հնազանդության պտուղ է: …

Իրական դարձը բերում է մշտական երջանկության պտուղ, որը կարելի է վայելել անգամ, երբ աշխարհը խառնաշփոթի մեջ է և շատերը երջանիկ չեն» (“Full Conversion Brings Happiness,” Ensign, May 2002, 25, 26):

  • Դարձը սահմանող ի՞նչ բառեր և արտահայտություններ դուք լսեցիք:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ կլիներ, եթե ձեր շուրջը բոլորը դարձի գային դեպի Տերը:

Գրատախտակին գրեք սուրբ գրության հետևյալ հղումը. 4 Նեփի 1.2–3, 5, 7, 10–13, 15–18: Հրավիրեք մի քանի ուսանողի հերթով բարձրաձայն կարդալ այդ հատվածները: Խնդրեք դասարանին հետևել, փնտրելով խոսքեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչ փորձառություններ ունեցան մարդիկ նրա շնորհիվ, որ բոլորը դարձի էին եկել դեպի Տերը: Խնդրեք ուսանողներին գրել այդ խոսքերը և արտահայտությունները իրենց թերթիկների վրա շրջանի շուրջ: (Պատասխանները կարող են ընդգրկել հետևյալը. չկային հակասություններ կամ հակառակություններ, նրանք արդար էին վարվում միմյանց հետ, ամեն բան ընդհանուր էր նրանց համար, շատ հրաշքներ կատարվեցին Հիսուս Քրիստոսի անունով, Տերը բարգավաճեցրեց մարդկանց, նրանք վերականգնեցին քանդված քաղաքները, նրանք ամուսնացան և ընտանիքներ կազմեցին, նրանք բազմացան և ուժեղ դարձան, Աստծո սերը նրանց սրտերում էր, և նրանք երջանիկ և միասնական էին:)

Խնդրեք ուսանողներին գտնել երջանկության մասին մի սկզբունք, որոնք իրենք սովորել են 4 Նեփի 1-ի առաջին կեսից: Թեև ուսանողները, հնարավոր է, գտնեն մի քանի սկզբունքներ, հետևեք, որ նրանք հնչեցնեն այս մեկը. երբ մարդիկ միասին աշխատում են դարձի գալ դեպի Տերը, նրանք միավորված են դառնում և ավելի մեծ երջանկություն են զգում: Կարող եք գրել այս սկզբունքը գրատախտակին:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ օրհնություններ կստանա մեր դասարանը, եթե մենք բոլորս ապրենք այնպես, ինչպես ապրում էին այդ մարդիկ: Ձեր կարծիքով, ի՞նչ օրհնություններ կստանա ձեր ընտանիքը: Ձեր կարծիքով, ի՞նչ օրհնություններ կստանա ձեր ծուխը կամ ճյուղը:

Հրավիրեք ուսանողներին պատմել այն ժամանակի մասին, երբ իրենք եղել են մի խմբում, որը միավորված է եղել արդարակեցությամբ, օրինակ՝ իրենց ընտանիքները, քվորումը կամ դասարանը, կամ ընկերների խումբը: Կարող եք կիսվել ձեր փորձառությամբ:

  • Ինչպե՞ս կարող են արդարակյաց լինելու ձեր ջանքերը ազդել ձեր շուրջը գտնվողների երջանկության և բարեկեցության վրա: (Հետևեք, որ ուսանողները հասկանան, որ մեր դարձը և արդար արարքները նպաստում են ոչ միայն մեր անձնական երջանկությանը, այլ նաև մյուսների երջանկությանը և բարեկեցությանը: Երբ ընտանիքի, քվորումի, դասարանի կամ որևէ այլ խմբի անդամները միավորվում են արդարակեցությամբ, նրանք կարողանում են ավելի մեծ երջանկություն վայելել, քան կարող էին անհատապես զգալ:)

  • Ինչպե՞ս կարող են մեկ մարդու մեղքերն ազդել ամբողջ խմբի վրա, որն աշխատում է արդարակյաց լինել:

Խրախուսեք ուսանողներին ամրացնել իրենց դարձը դեպի Տերը և օգնել իրենց շուրջը գտնվողներին անել նույնը: Այս առաջադրանքում ուսանողներին օգնելու համար, նրանց խնդրեք կրկին կարդալ այն խոսքերը և արտահայտությունները, որոնք գրել են իրենց թերթիկների վրա: Հրավիրեք նրանց ընտրել մեկ կամ երկու արտահայտություն, որոնք նկարագրում են այն ապրելաձևը, որն իրենք կցանկանային վարել: Նրանց մի քանի րոպե տվեք, որ իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում գրեն, թե ինչպես կփորձեն ապրել այդ եղանակով: Վկայեք այն երջանկության մասին, որը գալիս է իրական դարձի գալուց և արդարակեցությամբ միավորված լինելուց:

4 Նեփի 1.19–49

Նեփիացիները ավելի ու ավելի ամբարիշտ էին դառնում, մինչև որ մնացին մի քանի արդարակյաց մարդիկ

  • Ձեր կարծիքով, ի՞նչը կարող է կործանել հասարակությունը, ինչպես 4 Նեփի 1.1–18-ում:

Թող ուսանողները մտքում կարդան 4 Նեփի 1.20, 23–24, ուշադրություն դարձնելով այն ամենին, ինչը սպառնում էր մարդկանց միասնությանը և երջանկությանը: Կարող եք առաջարկել, որ նրանք ընդգծեն իրենց գտած տողերը: Նրանից հետո, երբ նրանք հաղորդեն իրենց գտած տեղեկությունը, գրատախտակին գրեք Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ խոսքերը: (Այս մեջբերումը կարելի է գտնել «Մեր սրտերը հյուսված են միմյանց» ելույթում, Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 70:) Կարող եք առաջարկել, որ ուսանողներն արտագրեն այս մեջբերումն իրենց սուրբ գրությունների մեջ՝ 4 Նեփի 1.24-ի կողքին:

«Հպարտությունը միասնության մեծ թշնամին է» (Նախագահ Հենրի Բ. Այրինգ):

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է հպարտությունը միասնության թշնամին:

Մի ուսանողի հրավիրեք բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերը: Խնդրեք դասարանին լսել, թե ինչպես կարող է հպարտությունը կործանել միասնությունը:

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Իր բուն էությամբ հպարտությունը համեմատության մեղք է, քանզի՝ թեև այն հաճախ սկիզբ է առնում «Տեսեք, թե որքան հրաշալի եմ ես և թե ինչ մեծ բաներ եմ արել» խոսքերով, միշտ ավարտվում է «Հետևաբար, ես ձեզանից ավելի լավն եմ» խոսքերով:

Երբ մեր սրտերը լցված են հպարտությամբ, մենք լուրջ մեղքի մեջ ենք ընկնում, քանզի խախտում ենք երկու մեծ պատվիրանները [տես Մատթեոս ԻԲ.36–40]: Աստծուն երկրպագելու և մեր մերձավորին սիրելու փոխարեն մենք բացահայտում ենք մեր երկրպագության և սիրո իրական առարկան՝ պատկերը, որը տեսնում ենք հայելու մեջ» («Հպարտությունը և Քահանայությունը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 56):

  • Ելնելով Նախագահ Ուխդորֆի խոսքերից, ինչպե՞ս կարող է հպարտությունը կործանել միասնությունը:

Հրավիրեք մի քանի ուսանողների բարձրաձայն կարդալ 4 Նեփի 1.24–35, 38-45: Խնդրեք դասարանին հետևել, փնտրելով մարդկանց մեջ հպարտության հետևանքները: Կարող եք առաջարկել ուսանողներին ընդգծել իրենց գտած տեղեկությունը: (Պատասխանները կարող են ընդգրկել հետևյալը. թանկարժեք հագուստ կրելը, հասարակական դասակարգերի կամ ընկերների բացառիկ խմբերի բաժանվելը, շահադիտական նպատակով եկեղեցիներ կառուցելը, ճշմարիտ եկեղեցին մերժելը, հավատացյալներին հալածելը, գաղտնի խմբակցություններ կազմելը և ամբարշտությունը:)

Մեկ առ մեկ յուրաքանչյուր ուսանողի խնդրեք հաղորդել մի միտք, որը նա գտել է: (Ուսանողները կարող են կրկնել մեկը մյուսի պատասխանները:) Յուրաքանչյուր ուսանողի պատասխանից հետո գրեք նրա պատասխանը գունավոր թղթի վրա, որը առանձին դրել եք դասարանի առաջ: Տվեք գունավոր թուղթը ուսանողին, փոխանակելով այն նրա սպիտակ թղթի հետ, որի վրա նկարագրվում են մարդկանց երջանկությունը և միասնությունը: Կրկնեք այդ գործընթացը, մինչև բոլոր ուսանողները դասարանում փոխանակեն իրենց սպիտակ թղթերը գունավոր թղթերով:

Խնդրեք ուսանողներին նայել իրենց շուրջը և տեսնել, որ բոլորը դասարանում ունեն գունավոր թղթեր, որոնք ներկայացնում են հպարտությունը: Հրավիրեք նրանց խորհել այն մասին, թե ինչպես պետք է իրենց զգային Քրիստոսի երեք աշակերտները, երբ տեսան հպարտությունը և ամբարշտությունը, որ տարածվել էր այն ժողովրդի մեջ, որը մի ժամանակ շատ երջանիկ և միասնական էր:

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք մենք սովորել այս հատվածներից: (Թեև ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, նրանք պետք է առանձնացնեն հետևյալ սկզբունքը. Հպարտության մեղքը ստեղծում է պառակտում և տանում է դեպի ամբարշտություն: Կարող եք գրել այս ճշմարտությունը գրատախտակին:)

  • Ինչպե՞ս կարող է մի քանի մարդկանց հպարտությունն ազդել ամբողջ խմբի երջանկության վրա:

Ուսանողներին հրավիրեք մտածել, թե հետևյալ օրինակներում ինչպես կարող է մեկ անձի հպարտությունն ազդել մյուսների վրա.

  1. Չնայած իր ընտանիքի քաջալերմանը, ավագ եղբայրը որոշում է հետապնդել իր եսասեր շահերը միսիա ծառայելու փոխարեն:

  2. Երիտասարդ Կանանց դասարանի կամ Ահարոնյան Քահանայության քվորումի անդամը միտումնավոր խանգարում է, հրաժարվում է մասնակցել դասին և չի հետևում հրահանգներին:

  3. Երիտասարդ տղամարդը կամ կինը համառորեն ծաղրում կամ նվաստացնում է իր ընկերների խմբի մեկ այլ անդամի:

Խնդրեք ուսանողներին մտածել այն ժամանակների մասին, երբ ականատես են եղել, թե ինչպես է հպարտությունը վնասել երջանկությանը և միասնությանը:

Հրավիրեք ուսանողներին մտածել իրենց դերերի մասին տարբեր խմբերում, որոնց իրենք պատկանում են, օրինակ՝ ընտանիքներում, քվորումներում կամ դասարաններում, ծխերում կամ ճյուղերում, և սեմինարիայի դասարանում: (Կարող եք նշել այլ խմբեր, որոնց պատկանում են ձեր ուսանողները:) Խնդրեք նրանց խորհել այն մասին, թե արդյոք արել կամ անում են որևէ բան, որն արտահայտում է հպարտություն այդ խմբերում այլ մարդկանց հետ իրենց հարաբերություններում: Խրախուսեք նրանց ապաշխարել և մտածել ճանապարհների մասին, որոնցով իրենք կարող են հաղթահարել հպարտությունը և խթանել միասնություն և արդարակեցություն այդ խմբերում: Նաև խրախուսեք նրանց մտածել, թե ինչ են գրել իրենց ծրագրերի մասին, ապրելու Լեքիի հետնորդների նման, ովքեր դարձի եկան դեպի Տերը:

Վկայեք, որ երբ մենք ձգտում ենք ավելի շատ դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսը և ապրել մյուսների հետ միասնության մեջ, մենք կարող ենք զգալ այն երջանկությունը, որը նկարագրված է 4 Նեփի 1.1–18-ում:

Բացատրական և պատմական տեղեկություն

4 Նեփի 1.1–2 «Ամբողջ ժողովուրդը դարձի էր եկել դեպի Տերը»:

Առաջին Նախագահությունից Նախագահ Մերիոն Գ. Ռոմնին բացատրել է դարձի գործընթացը.

«Դարձը աստվածային ներման արդյունք է, որը թողնում է մեղքերը: Հերթականությունը մոտավորապես այսպիսին է: Անկեղծ որոնողը լսում է ուղերձը: Նա աղոթքով հարցնում է Տիրոջը, թե արդյոք դա ճիշտ է: Սուրբ Հոգին նրան վկայում է: Սա վկայություն է: Եթե մարդու վկայությունը բավական ամուր է, նա ապաշխարում և հնազանդվում է պատվիրաններին: Այդ հնազանդությամբ նա ստանում է աստվածային ներում, որը թողնում է մեղքերը: Այդպես նա դարձի է գալիս դեպի նոր կյանքը: Նրա հոգին բժշկվում է» (in Conference Report, Oct. 1963, 24):

4 Նեփի 1.1–18 Միասնության կարիքը

Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգը, սովորեցրել է.

«Տիրոջ մարգարեները միշտ միասնության կոչ են արել: Այդ պարգևը ստանալու կարիքը և այն պահպանելու խնդիրը ավելի են աճելու գալիք օրերում, երբ մենք պատրաստված կլինենք որպես ժողովուրդ մեր փառավոր ճակատագրին:…

… Մենք փորձից գիտենք, որ ուրախությունը գալիս է, երբ մենք օրհնված ենք միասնությամբ: Որպես մեր Երկնային Հոր զավակներ՝ մենք տենչում ենք այդ ուրախությունը, որը զգացել ենք, երբ Նրա հետ էինք այս կյանքից առաջ: Նրա ցանկությունն է պարգևել մեզ միասնության այդ սրբազան իղձը մեր հանդեպ Իր սիրո շնորհիվ:

Նա չի կարող պարգևել դա մեզ որպես անհատներ: Միասնության ուրախությունը, որը Նա մեծապես ցանկանում է տալ մեզ, անհատական չէ: Մենք պետք է մյուսների հետ միասին փնտրենք այն և արժանի լինենք դրան: Զարմանալի չէ, որ Աստված կոչ է անում մեզ խմբավորվել, որպեսզի օրհնի մեզ: Նա ցանկանում է, որ մենք խմբավորվենք ընտանիքներով: Նա հիմնել է դասարաններ, ծխեր և ճյուղեր, և պատվիրել է մեզ հաճախ հանդիպել: Այդ հավաքները, որոնք Աստված նախատեսել է մեզ համար, մեծ հնարավորություններ են բացում մեզ համար: Մենք կարող ենք աղոթել և աշխատել, հասնելով միասնության, որը մեզ ուրախություն կպարգևի և կբազմապատկի ծառայելու մեր զորությունը» («Մեր սրտերը միավորված են», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 68, 69):