Դաս 11
1 Նեփի 7
Նախաբան
1 Նեփի 7 ներառում է օրինակներ այն բանի վերաբերյալ, որ Նեփին նվիրված էր Աստծուն: Նեփին հնազանդվեց, երբ Տերը պատվիրեց նրան և նրա եղբայրներին վերադառնալ և խնդրել Իսմայելին և նրա ընտանիքին միանալ իրենց անապատում, որպեսզի նրանք կարողանային ամուսնանալ և երեխաներ մեծացնել: Նույնիսկ, երբ Լամանը և Լեմուելը ապստամբեցին Նեփիի դեմ և փորձեցին սպանել նրան, նա մնաց հավատարիմ և փորձեց օգնել նրանց նույնպես հավատարիմ լինել:
Ուսուցանման առաջարկներ
1 Նեփի 7.1–5
Տերը պատվիրում է Նեփիին վերադառնալ Երուսաղեմ՝ Իսմայելին և նրա ընտանիքին բերելու
Ցուցադրեք ամուսնացած զույգի և նրանց երեխաների մի նկար: (Դուք կարող եք օգտագործել ձեր իսկ ընտանիքի նկարը:)
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 7.1–2:
-
Ի՞նչ պատվիրեց Տերը Լեքիի որդիներին անել: Ի՞նչ ճշմարտություն մենք կարող ենք սովորել այս պատվիրանից: (Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ Տերը պատվիրում է մեզ ամուսնանալ և զավակներ մեծացնել Նրա համար:)
Հիշեցրեք ուսանողներին, որ մի քանի օրերի դժվար ճամփորդություն էր պահանջվում անապատում, որպեսզի Նեփին ու իր եղբայրները վերադառնային Երուսաղեմ:
-
Ինչու՞ էր ամուսնությունը և ընտանիքը բավականաչափ կարևոր Նեփիի և նրա եղբայրների համար, որպեսզի հետ վերադառնային Երուսաղեմ, որ հանդիպեին Իսմայելի և նրա ընտանիքի հետ:
Նախքան շարունակելը դուք կարող եք յուրաքանչյուր ուսանողի տալ «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» ուղերձի օրինակը կամ թող նրանք անդրադառնան հայտարարության օրինակին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:
Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» ուղերձի հետևյալ մասը: Հրավիրեք ուսանողներին ուշադիր լսել և ներկայացնել, թե ինչ են վերջին օրերի մարգարեները հայտարարել ամուսնության կարևորության վերաբերյալ:
«Մենք՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Խորհուրդը, պաշտոնապես հայտարարում ենք, որ տղամարդու և կնոջ ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից և, որ ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում՝ Իր զավակների հավերժական ճակատագրի համար» («Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին», Լիահոնա, նոյեմբեր 2010, 129):
Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ են նրանք սովորում այս հայտարարությունից: Համոզվեք, որ նրանք հասկանում են, որ ընտանիքը ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում մեր հավերժական ճակատագրի համար: Շեշտեք, որ սա էր պատճառը, որ Տերը պատվիրեց Նեփիին և նրա եղբայրներին հրավիրել Իսմայելի ընտանիքին գնալ իրենց հետ: Նաև բացատրեք, որ ամուսնության ամենակարևոր պատճառներից մեկը երեխաներ լույս աշխարհ բերելն է:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում սերունդ աճեցնել «Տիրոջ համար» (1 Նեփի 7.1):
Այն բանից հետո, երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, խրախուսեք նրանց լսել այլ մտքեր, մինչ դուք կկարդաք ընտանիքի վերաբերյալ հայտարարության հետևյալ մասը: Եթե նրանք ունեն հայտարարության իրենց օրինակները, դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք նշեն իրենց համար կարևոր բառերն ու արտահայտությունները:
«Մենք հայտարարում ենք, որ դեռևս ուժի մեջ է Իր զավակներին տված շատանալու և երկիրը լցնելու վերաբերյալ Աստծո պատվիրանը: …
…Ծնողների սուրբ պարտականությունն է՝ դաստիարակել երեխաներին սիրո և առաքինության մթնոլորտում, ապահովել նրանց նյութական և հոգևոր կարիքները, ուսուցանել նրանց սիրել և ծառայել մեկը մյուսին, պահել Աստծո պատվիրանները և օրինապաշտ քաղաքացիներ լինել, որտեղ էլ, որ ապրեն» («Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին», 129):
Հրավիրեք ուսանողներին բարձրաձայն կարդալ 1 Նեփի 7.3–5:
-
Ինչպե՞ս են 1 Նեփի 7.3–5 հատվածները օրինակ հանդիսանում 1 Նեփի 3.7 հատվածի ճշմարտության վերաբերյալ: (Օգնեք ուսանողներին տեսնել, որ Տերը ուղի պատրաստեց Նեփիի և նրա եղբայրների համար, որ հնազանդվեն ամուսնանալու և երեխաներ ունենալու պատվիրանին:)
-
Ինչպե՞ս կարող են երիտասարդները պատրաստվել այժմ, որ ամուսնանան և երեխաներ «մեծացնեն» ավետարանում:
1 Նեփի 7.6–15
Հանդիպելով Լամանի և Լեմուելի ապստամբությանը, Նեփին վկայում է դեպի խոստումի երկիր առաջնորդելու Տիրոջ զորության վերաբերյալ
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 7.6–7:
-
Ինչու՞ Լամանը, Լեմուելը և Իսմայելի զավակներից մի քանիսը ապստամբեցին անապատում իրենց ճամփորդության ընթացքում:
Խրախուսեք ուսանողներին մտածել այն մասին, թե ի՞նչ կարող էին նրանք ասել Լամանին, Լեմուելին և Իսմայելի ապստամբ որդիներին ու դուստրերին, որ համոզեին նրանց շարունակել իրենց ճամփորդությունը դեպի խոստումի երկիր: Ապա խնդրեք նրանց լուռ կարդալ 1 Նեփի 7.8–12 և ներկայացնել հարցերը, որոնք Նեփին տվեց Լամանին և Լեմուելին:
-
Ի՞նչ ճշմարտություններ կիսեց Նեփին, մինչ նա տալիս էր այս հարցերը: (Նա հիշեցրեց իր եղբայրներին օրհնությունների մասին, որոնք նրանք արդեն իսկ ստացել էին Տիրոջից և այն մասին, որ Տերը կարող էր շարունակել օրհնել նրանց համաձայն իրենց հավատքի:)
-
Ինչու՞ է կարևոր մեզ համար հիշել այս ճշմարտությունները:
Հրավիրեք ուսանողներին կարդալ 1 Նեփի 7.13–15 և ներկայացնել հետևանքները, եթե Լամանը, Լեմուելը և Իսմայելի ապստամբ որդիներն ու դուստրերը վերադառնային Երուսաղեմ:
1 Նեփի 7.16–22
Նեփին ազատվում է Տիրոջ միջոցով
Բացատրեք, որ այն բանից հետո, երբ Նեփին հիշեցրեց Լամանին և Լեմուելին կործանման վերաբերյալ, որը կգար Երուսաղեմում ապրողների վրա, նրանք բարկացան նրա վրա:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ 1 Նեփի 7.16: Դասարանին խնդրեք պատկերացնել, թե իրենք Նեփիի իրավիճակում են:
-
Ինչպե՞ս ձեզ կզգայիք, եթե դուք լինեիք Նեփիի իրավիճակում: Ի՞նչ կանեիք դուք:
Նշեք, որ Նեփին արձագանքեց այս իրադրությանը օգնության համար աղոթելով: Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 7.17–18-ում Նեփիի աղոթքը:
-
Ինչի՞ համար էր Նեփին աղոթում: Նրա աղոթքում, ձեր կարծիքով, ի՞նչ նշանակալի բան կա:
Մինչ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, համոզվեք, որ նրանք հասկանում են, որ Նեփին խնդրեց ազատվել «համաձայն [իր] հավատքի»: Նաև նշեք, որ մինչ նա խնդրում էր ազատվել իր եղբայրներից, նա խնդրեց Աստծուն այնքան ուժ տալ իրեն, որ նա կարողանար լուծել խնդիրը: Բացատրեք, որ հավատքով աղոթելը նշանակում է, որ մենք աղոթում ենք Տիրոջ հանդեպ վստահությամբ և գործելու ցանկությամբ: Հրավիրեք մի ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը.
«Նեփին օրինակ է մեկի, ով գիտեր և հասկանում էր և հույսը դնում էր Փրկչի հնարավորություն տվող զորության վրա:… Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք 17 հատվածում Նեփիի աղոթքի վրա. «Ո~վ Տեր, համաձայն իմ հավատքի, որը քո հանդեպ է, ազատիր ինձ իմ եղբայրների ձեռքից. այո, տուր ինձ այնքան ուժ, որ կարողանամ կտրել այս կապերը, որոնցով ես կապված եմ» (նշումներն ավելացված են):
… Ինձ համար հատկապես հետաքրքրական է այն, որ Նեփին չաղոթեց,… որ իր պայմանները փոխվեին: Դրա փոխարեն նա աղոթեց ուժ ստանալու համար, որ փոխեր իր պայմանները: Եվ թույլ տվեք ինձ հուշել, որ նա աղոթեց այս ձևով անշուշտ այն պատճառով, որ գիտեր և հասկանում էր և փորձառություն ուներ Փրկչի Քավության հնարավորություն տվող զորության հետ կապված» (“In the Strength of the Lord” [Brigham Young University devotional address, Oct. 23, 2001], 4, speeches.byu.edu):
Կիսվեք ձեր վկայությամբ, որ Աստված պատասխանում է մեր աղոթքներին մեր հավատքի համաձայն: Նշեք, որ այս իրավիճակում Աստված պատասխանեց Նեփիի աղոթքին գրեթե անմիջապես: Այնուամենայնիվ, աղոթքները միշտ չէ, որ պատասխանվում են այս կերպ: Երկնային Հայրը աղոթքներին պատասխանում է Իր իսկ ժամանակին, Իր իսկ ձևով և Իր կամքի համաձայն: Ուսանողներին հնարավորություն տվեք վկայել աղոթքի զորության վերաբերյալ՝ տալով նրանց հետևյալ հարցը.
-
Ե՞րբ եք դուք հավատքով աղոթել և ստացել ուժ կամ օգնություն Տիրոջից՝ անմիջապես կամ որոշ ժամանակ անց: (Դուք կարող եք կիսվել փորձառությամբ, որն ունեցել այս սկզբունքի հետ կապված:)
Ասեք ուսանողներին, որ իր կապերից ազատվելուց հետո Նեփիի եղբայրները կրկին փորձեցին վնասել նրան: Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 7.19–20:
-
Ո՞վ համոզեց Լամանին և Լեմուելին դադարեցնել Նեփիին սպանելու փորձ կատարելը:
Նշեք, որ մեր աղոթքները հաճախ պատասխանվում են և մեր կարիքների համար հոգ է տարվում ուրիշների հավատարիմ գործերի միջոցով: Մինչ դասարանը ուսումնասիրի 1 Նեփի 7-ի մնացած հատվածները, հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ինչպես Նեփին արձագանքեց իր եղբայրներին, նույնիսկ այն ամենից հետո, ինչ նրանք արել էին նրա հանդեպ: Խնդրեք նրանց մտածել հետևյալ հարցի շուրջ՝ առանց բարձրաձայն պատասխանելու.
-
Ինչպե՞ս եք դուք պատասխանել, երբ ուրիշները փորձել են վնասել ձեզ:
Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 7.21: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները նշեն ներողամտության վերաբերյալ Նեփիի խոսքերը:
-
Ի՞նչ է նշանակում անկեղծորեն ներել: (Եթե ուսանողները վստահ չեն, բացատրեք, որ անկեղծորեն նշանակում է իսկապես և ազնվորեն:)
-
Ինչ՞ հորդորեց Նեփին, որ իր եղբայրները անեն: Ինչու՞ էր այս խորհուրդը կարևոր:
Վկայեք, որ ներողամտություն փնտրելը և ուրիշներին ներելը բերում է միություն և խաղաղություն: Հրավիրեք ուսանողներին մտածել իրենց ընտանիքներում եղած իրավիճակների մասին, որոնք ներողամտություն են պահանջել:
-
Ինչու՞ է ներողամտությունը հատկապես կարևոր մեր ընտանիքներում:
-
Մտածեք այն պահերի մասին, երբ դուք ներել եք ընտանիքի անդամի կամ երբ ընտանիքի անդամը ներել է ձեզ: Ինչպե՞ս է դա ազդել ձեր հարաբերությունների և ձեր տանը տիրող հոգու վրա:
Եզրափակեք դասը, հիշեցնելով ուսանողներին, որ Տերը պատվիրեց Նեփիին և նրա եղբայրներին ամուսնանալ և ունենալ ընտանիքներ, և որ Տերը նույնը պահանջում է այսօր: Նաև վկայեք, որ Տերը պատասխանում է մեր աղոթքներին և տալիս է մեզ ուժ հաղթահարելու մեր դժվարությունները համաձայն Նրա հանդեպ ունեցած մեր հավատքի: Հրավիրեք նրանց խորհել, թե ինչպես նրանք կարող են կիրառել այսօրվա դասի սկզբունքներից մեկը, որ օգնեն իրենց ընտանիքներին: