Դաս 12
1 Նեփի 8
Նախաբան
1 Նեփի 8 Լեքին պատմում է կենաց ծառի մասին իր տեսիլքը: Տեսիլքում Լեքին ճաշակում է ծառի պտուղը, որը ներկայացնում է Աստծո սերը և օրհնությունները, որոնք մենք կարող ենք ստանալ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Լեքիին ցույց են տրվում մի քանի խումբ մարդիկ: Որոշները կորչում են և չեն հասնում ծառին: Մյուսները ամաչում են այն բանից հետո, երբ ճաշակում են ծառի պտղից, և նրանք ընկնում են արգելված ուղիների վրա և կորչում: Ուրիշներն էլ ամուր բռնում են երկաթյա ձողից, ճաշակում են պտղից և մնում են ազնիվ ու հավատարիմ: Մեկ այլ խումբ ընտրում է ընդհանրապես չփնտրել կենաց ծառի ուղին:
Ուսուցանման առաջարկներ
1 Նեփի 8.1–18
Լեքին տեսիլք է տեսնում, որտեղ նա ճաշակում է կենաց ծառի պտղից և հրավիրում է իր ընտանիքին նույնն անել
Հրավիրեք ուսանողներին մտածել ժամանակների մասին, երբ նրանք զգացել են Երկնային Հոր սերը իրենց հանդեպ: Խնդրեք նրանց լուռ խորհել, թե ինչպես են իրենց կատարած ընտրությունները ազդում Աստծուն մոտ լինելու և Նրա սերը զգալու կարողության վրա: Մտածելու համար նրանց ժամանակ տալուց հետո կիսվեք ձեր վկայությամբ, որ Երկնային Հայրը սիրում է նրանցից յուրաքանչյուրին: Մինչ դասարանն ուսումնասիրում է 1 Նեփի 8, խրախուսեք ուսանողներին ուշադրություն դարձնել այն բաների վրա, որոնք նրանք կարող են անել, և այն բաների վրա, որոնցից նրանք պետք է խուսափեն, եթե ուզում են ավելի մոտենալ Աստծուն և զգալ Նրա սերը ավելի առատորեն իրենց կյանքում: (Որպեսզի օգնեք ուսանողներին նախապատրաստվել այս դասին, դուք կարող եք հրավիրել նրանց դասի սկզբում երգել «Երկաթե ձողը» [Օրհներգեր, հ. 274]:)
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 8.2: Խնդրեք դասարանին ներկայացնել, թե ինչ փորձառություն ունեցավ Լեքին արույրե թիթեղների հետ՝ Երուսաղեմից իր որդիների վերադարձից կարճ ժամանակ անց: Թող մի քանի ուսանողներ հերթով բարձրաձայն կարդան 1 Նեփի 8.5–12:
-
Ո՞ր առարկաներն էին գտնվում Լեքիի տեսիլքի կենտրոնում: (Կենաց ծառը և դրա պտուղը:)
-
Ի՞նչ բառեր և արտահայտություններ օգտագործեց Լեքին պտուղը նկարագրելու համար: (Տես 1 Նեփի 8.10–11; դուք կարող եք նաև խնդրել ուսանողներին կարդալ 1 Նեփի 11.8–9 տեսնելու համար, թե ինչպես էր Նեփին նկարագրում ծառը:)
Բացատրեք, որ Տերը հաճախ օգտագործում է ծանոթ առարկաները որպես խորհրդանիշներ, որպեսզի օգնի մեզ հասկանալ հավերժական ճշմարտությունները: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ են ներկայացնում Լեքիի երազի ծառն ու պտուղը, հրավիրեք մի ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելի հետևյալ խոսքերը: Խնդրեք դասարանին ուշադիր լսել և ներկայացնել, թե ինչ են խորհրդանշում ծառը և պտուղը:
«Կենաց ծառը … Աստծո սերն է (տես 1 Նեփի 11.25): Իր զավակների հանդեպ Աստծո սերը ամենահիմնավոր ձևով արտահայտվել է Հիսուսին որպես մեզ Փրկիչ Նրա պարգևի շնորհիվ. «Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ» (Հովհաննես Գ.16): Աստծո սերը ճաշակելը նշանակում է ճաշակել Քրիստոսի Քավությունից և իրավահավասարությունից ու երջանկությունից, որն այն կարող է բերել» (“Lessons from Laman and Lemuel,” Ensign, Nov. 1999, 8):
-
Համաձայն Երեց Մաքսվելի, կենաց ծառը ներկայացնում է մեր հանդեպ ցուցաբերած Աստծո սերը հատկապես ո՞ր պարգևի միջոցով: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը Իր զավակների հանդեպ Աստծո սիրո ամենամեծ արտահայտումն է: Երբ մարդիկ Լեքիի տեսիլքում ճաշակեցին կենաց ծառի պտղից, դա նշանակում էր, որ նրանք ճաշակում էին Քավության օրհնություններից):
-
Իրավահավասարություն նշանակում է ազատագրում կամ ազատություն: Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի Քավությունը ազատում մեզ գերությունից և ուրախություն բերում մեզ:
Որպեսզի օգնեք ուսանողներին ներկայացնել 1 Նեփի 8.10–12 լուսաբանված սկզբունքներից մեկը, խնդրեք նրանց ներկայացնել 1 Նեփի 8.11 բառերը, որոնք նկարագրում են, թե ինչ արեց Լեքին («Ես առաջ գնացի և ճաշակեցի պտղից»): Այնուհետև թող նրանք փնտրեն նրա արարքի արդյունքները 1 Նեփի 8.12 («այն լցրեց իմ հոգին չափազանց մեծ ուրախությամբ»): Դուք կարող եք նաև ցույց տալ ուսանողներին, որ 1 Նեփի 8.10 Լեքին նկարագրում էր պտուղը որպես «բաղձալի՝ մարդուն երջանիկ դարձնելու համար»: (Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները նշեն այս արտահայտությունները իրենց սուրբ գրություններում:)
-
Ի՞նչ զգացմունքներ ունեցավ Լեքին պտուղը ճաշակելուց հետո:
-
Ինչպե՞ս մենք կարող ենք «ճաշակել» Քավությունից: (Ապաշխարության միջոցով:)
-
Ինչու՞ է Քավությունից ճաշակելը լցնում մեր հոգիները «չափազանց մեծ ուրախությամբ»:
Կիսվեք ձեր վկայությամբ, որ Հիսուս Քրիստոսի մոտ գալը և Քավությունից ճաշակելը բերում է ուրախություն և երջանկություն: (Դուք կարող եք այս սկզբունքները գրել գրատախտակին:)
-
Ե՞րբ է Փրկչի Քավությունը ուրախություն և երջանկություն բերել ձեր կյանքում: (Հիշեցրեք ուսանողներին, որ նրանք կարիք չունեն կիսվել փորձառություններով, որոնք շատ անձնական կամ գաղտնի են:)
1 Նեփի 8.19–35
Իր տեսիլքում Լեքին տեսնում է մի քանի խումբ մարդկանց և կենաց ծառին հասնելու նրանց հաջողությունը կամ անհաջողությունը
Ցուցադրեք Լեքիի երազը նկարը (62620; Gospel Art Book [2009], no. 69) և ցույց տվեք խորհրդանիշները, որոնք դասարանը արդեն իսկ քննարկել է՝՝ ծառը և պտուղը: Բացատրեք, որ այս տեսիլքում Տերը օգտագործել է նաև այլ խորհրդանիշներ, որ սովորեցնի Լեքիին, թե ինչպես գալ դեպի Հիսուս Քրիստոսը և ճաշակել Նրա Քավությունից: Հարցրեք ուսանողներին, թե ինչ այլ խորհրդանիշներ են նրանք տեսնում նկարում: (Պատասխանները կարող են ներառել՝ գետը, երկաթյա ձողը, խավարի մեգը և մեծ ու ընդարձակ շենքը:)
Հիշեցրեք ուսանողներին, որ Տերը ցույց տվեց Նեփիին նույն տեսիլքը: Նեփին ավելի ուշ գրի առավ տեսիլքի մի շարք խորհրդանիշների և պատկերների իմաստները (տես 1 Նեփի 11, 12 և 15):
Հետևյալ ցուցակը նախապատրաստեք բաժանելու համար կամ գրեք այն գրատախտակին նախքան դասի սկսվելը: (Աջ կողմը ազատ թողեք՝ բացառությամբ սուրբ գրությունների հղումներից:) Հրավիրեք ուսանողներին օգտագործել նախապատրաստած հղումները՝ Լեքիի տեսիլքի յուրաքանչյուր տարրը ներկայացնելու համար: Դասարանի հետ միասին կրկնեք առաջին խորհրդանիշը՝ սպիտակ պտղով ծառը: Ուսանողներին տվեք մի քանի րոպե, որ անձամբ ներկայացնեն մնացած չորս խորհրդանիշների իմաստները: (Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք իրենց պատասխանները գրեն իրենց սուրբ գրություններում 1 Նեփի 8 համապատասխան հատվածների կողքին:)
Լեքիի տեսիլքի խորհրդանիշը |
Նեփիի տված մեկնաբանությունը |
1 Նեփի 8.10–12. Սպիտակ պտղով ծառը |
1 Նեփի 11.21–25 (Աստծո սերը; Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունները) |
1 Նեփի 8.13. Պղտոր ջրերով գետը |
1 Նեփի 12.16, 15.26–29 (Պղտորություն; դժոխքի խորքերը) |
1 Նեփի 8.19. Երկաթյա ձողը |
1 Նեփի 11.25 (Աստծո խոսքը) |
1 Նեփի 8.23. Խավարի մեգը |
1 Նեփի 12.17 (Դևի գայթակղությունները) |
1 Նեփի 8.26. Մեծ և ընդարձակ շենքը |
1 Նեփի 11.35–36, 12.18 (Աշխարհի հպարտությունը և սին երևակայությունները) |
Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց բացահայտած բացատրություններով: Որպեսզի օգնեք նրանց տեսնել 1 Նեփի 8 առնչությունը իրենց կյանքում, խնդրեք մի ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բոյդ Ք. Փաքերի հետևյալ խոսքերը: Հրավիրեք դասարանին ուշադրություն դարձնել այն բանի վրա, թե ինչու է կարևոր նրանց համար ուսումնասիրել Լեքիի տեսիլքը.
«Դուք միգուցե կարծեք, որ Լեքիի երազը կամ տեսիլքը ձեր համար առանձնահատուկ նշանակություն չունի, սակայն դա այդպես չէ: Դուք կաք այնտեղ. մենք բոլորս էլ այնտեղ ենք: …
Լեքիի երազը կամ տեսիլքը … իր մեջ պարունակում է ամեն ինչ, որ Վերջին Օրերի Սուրբը պետք է հասկանա կյանքի փորձաշրջանում» (“Finding Ourselves in Lehi’s Dream,” Ensign, Aug. 2010, 22):
Մինչ ուսանողները ուսումնասիրեն տեսիլքի մնացած մասը, խրախուսեք նրանց տեսիլքում գտնել այն մարդկանց, ովքեր կարող են ներկայացնել իրենց: Վստահեցրեք նրանց, որ անկախ այն բանից, թե տեսիլքում նրանք իրենց որտեղ են տեսնում, նրանցից յուրաքանչյուրը զորություն և կարողություն ունի ընտրելու Քավության օրհնությունները ստանալու իրավունքը:
Ուսանողներին բաժանեք երկու խմբի: Բացատրեք, որ յուրաքանչյուր խումբ փնտրելու է տարբեր բաներ, մինչ դասարանը միասին կկարդա 1 Նեփի 8.21–33:
Առաջին խմբին խնդրեք փնտրել հետևյալ հարցերի պատասխանները: (Նախքան դասը այս հարցերը գրեք գրատախտակին կամ առանձին թերթիկների վրա և բաժանեք:)
-
Ի՞նչ դժվարությունների հանդիպեցին մարդիկ Լեքիի տեսիլքում:
-
Ի՞նչ են ներկայացնում այդ դժվարությունները:
-
Ի՞նչ տեսքով են հանդես գալիս այդ դժվարությունները այսօր:
-
Ի՞նչ սկզբունքներ եք դուք տեսնում այս հատվածներում:
Հրավիրեք երկրորդ խմբին փնտրել հետևյալ հարցերի պատասխանները: (Նախքան դասը սկսելը հարցերը գրեք գրատախտակին կամ թերթիկների վրա և բաժանեք:)
-
Ի՞նչը օգնեց մարդկանց հասնել ծառին և ճաշակել պտուղը:
-
Ինչո՞վ է երկաթյա ձողը նման Աստծո խոսքին:
-
Ինչպե՞ս է Աստծո խոսքը օգնում մեզ հաղթահարել հավերժական կյանքի ճանապարհին եղած դժվարությունները:
-
Ի՞նչ սկզբունքներ եք դուք տեսնում այս հատվածներում:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 1 Նեփի 8.21–33: Այնուհետև հրավիրեք առաջին խմբի ուսանողներին կիսվել իրենց հանձնարարված հարցերի իրենց պատասխաններով: Նաև խնդրեք նրանց կիսվել սկզբունքներով, որոնք նրանք տեսնում են այս հատվածներում: Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ հպարտությունը, աշխարհիկ լինելը և գայթակղություններին տեղի տալը կարող է մեզ հեռացնել Քավության օրհնությունները ստանալուց: Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես կարող են այս դժվարությունները խոչընդոտել իրենց հոգևոր զարգացմանը:
Թող երկրորդ խմբի ուսանողները կիսվեն իրենց հանձնարարված հարցերի իրենց պատասխաններով: Նրանց մտքերի քննարկումից հետո հրավիրեք նրանց կիսվել սկզբունքներով, որոնք նրանք տեսնում են 1 Նեփի 8.21–33: Նրանց ներկայացրած սկզբունքները կարող են ներառել հետևյալը.
Եթե մենք ամուր բռնենք Աստծո խոսքից, դա կօգնի մեզ հաղթահարել փորձությունը և աշխարհի ազդեցությունները:
Աստծո խոսքից ամուր բռնելը օգնում է մեզ ավելի մոտենալ Տիրոջը և ստանալ Քավության օրհնությունները:
-
1 Նեփի 8.24 և 30-ում ո՞ր բառերն են նկարագրում երկաթյա ձողից կառչելու և ծառին հասնելու մարդկանց ջանքերը:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «առաջ մղվել»:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում կառչել և անընդհատ ամուր բռնել Աստծո խոսքից: (Դուք կարող եք բացատրել, որ 1 Նեփի 8.30 -ում ամուր նշանակում է պինդ կպած:)
-
Ինչու՞ մենք պետք է ուսումնասիրենք սուրբ գրությունները ամեն օր:
Այս հարցերը քննարկելուց հետո դուք կարող եք նշել, որ տեսիլքում որոշ մարդիկ, ինչպես օրինակ Լամանը և Լեմուելը, չճաշակեցին պտղից (տես 1 Նեփի 8.22–23, 35–38): Սա ներկայացնում էր նրանց մերժումը, որ ապաշխարեին և ճաշակեին Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունները: Որոշ մարդիկ հեռացան նույնիսկ պտուղը ճաշակելուց հետո (տես 1 Նեփի 8.25, 28): Սա հիշեցնում է մեզ, որ այն բանից հետո, երբ մենք սկսում ենք ստանալ Քավության օրհնությունները, մենք պետք է ջանասեր լինենք և հավատարիմ, ապաշխարենք մեր մեղքերից և ձգտենք պահել մեր ուխտերը: Խրախուսեք ուսանողներին հետևել այն մարդկանց օրինակին, ովքեր ճաշակեցին պտղից և մնացին ծառին մոտ (տես 1 Նեփի 8.33):
Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել, թե ինչպես են Լեքիի տեսիլքի սկզբունքները օրհնել նրանց կյանքը, հրավիրեք նրանց պատասխանել հետևյալ հարցերից մեկին իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:
-
Ե՞րբ է Աստծո խոսքը առաջնորդել ձեզ կամ օգնել ձեզ հաղթահարել փորձությունը, հպարտությունը կամ աշխարհիկ լինելը:
-
Ե՞րբ եք դուք զգացել Աստծո սերը ձեր հանդեպ, մինչ կարդացել կամ լսել եք Նրա խոսքը:
Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց պատասխանով դասարանի հետ:
Խրախուսեք ուսանողներին գործել համաձայն այն ամենի, ինչ նրանք սովորեցին և զգացին, մինչ ուսումնասիրում էին 1 Նեփի 8, իրատեսական նպատակ դնելով սկսել կամ շարունակել սուրբ գրությունները ամեն օր անձամբ ուսումնասիրելու սովորություն զարգացնելը: Ուսանողների հետ կիսվեք օրհնություններով, որոնք եկել են ձեր կյանք ամեն օր սուրբ գրությունները անձամբ կարդալու արդյունքում:
Բացատրական և պատմական տեղեկություն
Անդրադառնալով կենաց ծառի տեսիլքին, Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ասել է. «Քրիստոսի և ծառի կերպարները անխզելիորեն փոխկապված են:… Մորմոնի Գրքի հենց սկզբում … Քրիստոսը ներկայացվում է որպես հավերժական կյանքի և երջանկության աղբյուր, աստվածային սիրո կենդանի վկայություն և միջոց, որի օգնությամբ Աստված կիրագործի իր ուխտերը Իսրայելի տան հետ և նաև ողջ մարդկային ընտանիքի հետ, վերադարձնելով նրանց իրենց բոլոր հավերժական խոստումները» (Christ and the New Covenant [1997], 160, 162):
Հետևյալ ցանկը լրացուցիչ մանրամասներ է տալիս այն մասին, թե ինչ սովորեց Նեփին կենաց ծառի տեսիլքից.
Խորհրդանիշ Լեքիի տեսիլքից (1 Նեփի 8) |
Նեփիին տրված մեկնաբանությունը (1 Նեփի 11–12) |
---|---|
1 Նեփի 8.10–12. Սպիտակ պտղով ծառը |
1 Նեփի 11.21–25 (Աստծո սերը; Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունները) |
1 Նեփի 8.13. Կեղտոտ ջրով գետը |
1 Նեփի 12.16 (Կեղտոտություն; դժոխքի խորքերը) |
1 Նեփի 8.19. Երկաթյա ձողը |
1 Նեփի 11.25 (Աստծո խոսքը) |
1 Նեփի 8.23. Խավարի մեգը |
1 Նեփի 12.17 (Դևի գայթակղությունները) |
1 Նեփի 8.26. Մեծ և ընդարձակ շենքը |
1 Նեփի 11.35–36, 12.18 (Հպարտությունը և աշխարհի սին երևակայությունները) |
1 Նեփի 8.21–23. Մարդիկ, որքեր սկսում են քայլել արահետով դեպի ծառը, սակայն կորչում են մեգի մեջ |
Նեփին իր տեսիլքում տեսավ հետևյալ տեսակի մարդկանց.
|
1 Նեփի 8.24–25, 28. Մարդիկ, ովքեր հասան ծառին (և ճաշակեցին պտուղը), բռնելով ձողից, սակայն հեռացան, երբ ծաղրի ենթարկվեցին մեծ ու ընդարձակ շենքի մարդկանց կողմից | |
1 Նեփի 8.26–27, 31–33. Մարդիկ, ովքեր ցանկացան մեծ ու ընդարձակ շենքն ավելի, քան ծառն ու դրա պտուղը | |
1 Նեփի 8.30, 33. Մարդիկ, ովքեր բռնում են ձողից, ճաշակում են պտուղը և չեն հեռանում |
1 Նեփի 15.24, 36 (Նրանք, ովքեր ամուր բռնում են Աստծո խոսքը, հաղթահարում են հակառակորդի գայթակղությունները և ճաշակում են Աստծո պարգևներից ամենամեծը) |
1 Նեփի 8․19 Աստծո խոսքը ամուր բռնելու օրհնությունները
Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը ուսուցանել է օրհնությունների մասին, որոնք գալիս են Աստծո խոսքը ամուր բռնելուց.
«[Լեքին] տեսավ, որ եթե մարդիկ ամուր բռնեին այդ ձողից, նրանք կարող էին խուսափել կողտոտ ջրերից, հեռու մնալ արգելված ուղիներից, դադարել արտասովոր արահետներում թափառել, որ տանում են կործանման:… Աստծո խոսքը մեզ ոչ միայն կառաջնորդեր դեպի պտուղը, որը ամենաբաղձալին էր բոլոր պտուղներից, այլ Աստծո խոսքում և դրա միջոցով մենք կարող ենք գտնել զորություն փորձություններին դիմակայելու համար, զորություն Սատանայի գործը և նրա արձակած նետերը խափանելու համար:… Աստծո խոսքը, ինչպես որ տրված է սուրբ գրություններում, ապրող մարգարեների խոսքերում և անձնական հայտնության մեջ, զորություն ունի ամրացնելու Սրբերին և զինելու նրանց Հոգով, որպեսզի նրանք կարողանան դիմակայել չարին, ամուր բռնել բարուց և ուրախություն գտնել այս կյանքում» (“The Power of the Word,” Ensign, May 1986, 80):
1 Նեփի 8․26–27 «Մեծ ու ընդարձակ շենքը»
Մեծ ու ընդարձակ շենքը հակադրվում է կենաց ծառին, որը ներկայացնում է Աստծո սերը և Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունները: Յոթանասունականներից Երեց Գլեն Լ. Փեյսը հակադրել է Աստծո չափանիշները մեծ ու ընդարձակ շենքի մարդկանց վարքագծին.
«Ձեզանից նրանց համար, ովքեր դանդաղորեն ավելի ու ավելի են մոտենում այդ մեծ ու ընդարձակ շենքին, թույլ տվեք ինձ ամբողջությամբ պարզաբանել, որ այդ շենքի մարդիկ բացարձակապես ոչինչ չունեն առաջարկելու, բացի ակնթարթային, կարճատև գոհունակություն պատճառելուց՝ անխուսափելիորեն կապված երկարատև վշտի և տառապանքի հետ: Պատվիրանները, որոնք դուք պահում եք, չեն տրվել անսիրատենչ Աստծո կողմից, ով արգելում է ձեզ ուրախանալ, այլ սիրող Երկնային Հոր կողմից, ով ուզում է, որ դուք լինեք երջանիկ ինչպես այս երկրի վրա ապրելու ժամանակ, այնպես էլ այս կյանքից հետո» (“They’re Not Really Happy,” Ensign, Nov. 1987, 40):