Գրադարան
Դաս 26. 2 Նեփի 4


Դաս 26

2 Նեփի 4

Նախաբան

Լեքիի մահից հետո Լամանը և Լեմուելը բարկացան Նեփիի վրա, «Տիրոջ խրատների պատճառով», որոնց վերաբերյալ Նեփին խոսել էր նրանց հետ (տես 2 Նեփի 4.13–14): Իր եղբայրների վերաբերմունքի և իր սեփական թուլությունների ու մեղքերի պատճառով անհանգստացած՝ Նեփին արձանագրում է իր զգացմունքները արտահայտիչ ու բանաստեղծական լեզվով: Նա նկարագրում է սուրբ գրությունների հանդեպ իր սերը և իր երախտագիտությունը օրհնությունների համար և ուժը, որ նա ստացել էր Տիրոջից (տես 2 Նեփի 4.15–35):

Ուսուցանման առաջարկներ

2 Նեփի 4.1–11

Լեքին խորհուրդներ է տալիս և օրհնում է իր ընտանիքին

Նախքան դասի սկսվելը հետևյալ հարցերը գրեք գրատախտակին.

Պատկերացրեք, որ դուք հավատարիմ պապիկ կամ տատիկ եք և ձեր երեխաները չեն ապրում ավետարանի չափանիշներով, ի՞նչ խորհուրդ դուք կտաք ձեր թոռնիկներին:

Դասը սկսեք՝ հրավիրելով ուսանողներին պատասխանել գրատախտակին գրված հարցին: Ուսանողների պատասխաններից հետո հարցրեք.

  • Ի՞նչ պարտականություններ ունեն ծնողները, պապիկներն ու տատիկները իրենց երեխաներին և թոռնիկներին ուսուցանելու և խորհուրդներ տալու հետ կապված:

Որպես այս զրույցի մի մաս դուք կարող եք կարդալ կամ խնդրել մի ուսանողի կարդալ հետևյալ մեջբերումը.

«Ծնողների սուրբ պարտականությունն է՝ դաստիարակել երեխաներին սիրո և առաքինության մթնոլորտում, ապահովել նրանց նյութական և հոգևոր կարիքները, ուսուցանել նրանց սիրել և ծառայել մեկը մյուսին, պահել Աստծո պատվիրանները և օրինապաշտ քաղաքացիներ լինել, որտեղ էլ, որ ապրեն: Ամուսիններն ու կանայք՝ մայրերն ու հայրերը հաշվետու կլինեն Աստծո առջև այս պարտականությունների իրականացման համար: … Անհրաժեշտության դեպքում ընտանիքները կարող են ապավինել նաև մերձավորների օգնությանը» («Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին», Լիահոնա, նոյ. 2010, 129):

Ներկայացրեք 2 Նեփի 4, բացատրելով, որ նախքան մահանալը Լեքին խորհուրդ տվեց իր ժառանգներին պահել պատվիրանները: Հրավիրեք ուսանողներին կարդալ 2 Նեփի 4.3–11, ուշադրություն դարձնելով մարդկանց վրա, ում Լեքին ուսուցանում էր և խորհրդի վրա, որը նա տալիս էր նրանց:

  • Ո՞ւմ էր ուսուցանում Լեքին: (Տես 2 Նեփի 4.3, 8, 10–11:)

  • Ի՞նչ խոստում տվեց Լեքին Լամանի և Լեմուելի զավակներին: (Տես 2 Նեփի 4.7, 9:)

  • Հիմնվելով 2 Նեփի 4.5-ի վրա, ձեր կարծիքով ո՞րն է պարտականությունը, որ Տերը տվել է ծնողներին: (Այս հարցին պատասխանելու համար ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն համոզվեք, որ նրանք հասկանում են, որ ծնողները Աստծո կողմից տրված պարտականություն ունեն ուսուցանել ավետարանը իրենց զավակներին:)

  • Ի՞նչ ճշմարտություններ եք դուք սովորել ձեր ծնողներից կամ տատիկներից ու պապիկներից:

Խրախուսեք ուսանողներին դառնալ ամուր օղակ իրենց ընտանիքների շղթաներում՝ ապրելով ավետարանով և պատրաստվելով լինել արդարակյաց ծնողներ: Դուք կարող եք ցուցադրել «Լինել ամուր օղակ» վերնագրով ազդագիրը (տես http://lds.org/liahona/2003/09/poster?lang=eng):

2 Նեփի 4.12–35

Նեփին ընդունում է իր թուլությունները և արտահայտում է իր վստահությունը առ Տերը

Գրատախտակին գրեք Հոգիս հրճվում է

Խնդրեք ուսանողներին գրել այս արտահայտությունը իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում և ավարտել նախադասությունը, գրելով բաներ, որոնցով հրճվում է իրենց հոգին:

Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 4.15–16, որ իմանան, թե ինչպես է Նեփին ավարտել այս արտահայտությունը:

  • Ի՞նչ որոշ բաներ մենք կարող ենք անել, եթե մեր հոգիները հրճվում են սուրբ գրություննեորվ:

  • Ի՞նչ է նշանակում ձեր համար հրճվել Տիրոջ բաներով:

  • Նեփին ասել է, որ իր սիրտը խորհում էր այն բաների շուրջ, որոնք նա տեսել էր ու լսել: Ի՞նչ է սա նշանակում ձեզ համար:

Նշեք, որ Նեփին մեծ ուրախություն ճաշակեց իր կյանքում: Այնուամենայնիվ, նա նաև հանդիպում էր դժվարությունների: Թող ուսանողները մտքում կարդան 2 Նեփի 4.12–13, որպեսզի տեսնեն որոշ դժվարություններ, որոնց Նեփին հանդիպում է իր կյանքի այս ժամանակաշրջանում: (Լեքիի մահը և Լամանի, Լեմուելի և Իսմայելի որդիների բարկությունը:)

Նեփիի փորձություններից շատերը առաջ էին գալիս իր ավագ եղբայրների արարքներից և վերաբերմունքից: Սակայն Նեփին նաև վշտանում է իր սեփական թուլությունների պատճառով: Գրատախտակին գրեք Սիրտս վշտանում է … պատճառով:

Հրավիրեք ուսանողներին կարդալ 2 Նեփի 4.17–18 և գտնել Նեփիի վշտանալու պատճառները:

Այս հատվածները կարդալու համար ժամանակ տրամադրելուց հետո հարցրեք նրանց, թե ինչ են գտել: Նրանց ուշադրությունը հրավիրեք այս հատվածների թշվառ, մարմին և նեղել բառերի վրա: Բացատրեք, որ թշվառ բառը նշանակում է դժբախտ կամ ցածրորակ: Սուրբ գրություններում մարմին բառը հաճախ վերաբերվում է թուլությանը, որը մենք ունենք, քանի որ ապրում ենք ընկած վիճակում: Նեղել բառը նշանակում է շրջապատել կամ սեղմել բոլոր կողմերից:

  • Ի՞նչ դժվարություններ կարող են նեղել մեզ: (Պատասխանները կարող են ներառել տանը եղած խնդիրները, հասակակիցների ազդեցությունը, դժվար տնային աշխատանքը և գայթակղությունները:)

Թող մի ուսանող կարդա 2 Նեփի 4.19: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին ընդգծել «Այնուամենայնիվ, ես գիտեմ՝ ում եմ ապավինել» նախադասությունը: Նշեք, որ 2 Նեփի 4.19-ում Նեփիի խոսքերը տխրությունից փոխվում են հույսի:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ ի նկատի ուներ Նեփին, երբ նա ասաց. «Ես գիտեմ՝ ում եմ ապավինել»:

  • Ինչպե՞ս կարող է Տիրոջը և Նրա բարությունը հիշելը օգնել մեզ հուսահատության պահերին:

Բարձրաձայն կարդացեք 2 Նեփի 4.20–25: Ուսանողներին խնդրեք հետևել իրենց սուրբ գրություններում: Հրավիրեք նրանց փնտրել բառեր և արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, որ Աստված աջակցում է նրանց, ովքեր իրենց հույսը դնում են Նրա վրա:

  • 2 Նեփի 4.20–25-ում ո՞ր բառերը կամ արտահայտություններն են իմաստալից ձեզ համար: Ինչո՞ւ:

  • Վերհիշեք այնպիսի պահեր, երբ Տերը աջակցել է ձեզ կամ օգնել դժվարության պահին: Ինչպե՞ս է Նա օգնել ձեզ: Ի՞նչ ազդեցություն է ունեցել այդ փորձառությունը ձեզ վրա:

Նմանատիպ փորձառությունների մասին մտածելու համար ուսանողներին ժամանակ տրամադրելը և իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում դրանք գրի առնելը կարող է օգտակար լինել: Ուսանողների համար նաև կարող է օգտակար լինել, եթե դուք պատմեք այն պահերի մասին, երբ Աստված օգնել և աջակցել է ձեզ:

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Նեփիի ունակությունը՝ հիշել և երախտապարտ լինել այն ամենի համար, ինչ Տերն արել է իր համար անցյալում, տվեց նրան հույս և քաջալերեց նրան դառնալ ավելի լավը: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 4.26–30, փնտրելով, թե ինչպես Նեփիի փորձառությունները ազդեցին արդարակյաց լինելու իր ցանկության վրա: Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գտածով:

Խնդրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 2 Նեփի 4.30–35: Դասարանով հանդերձ ներկայացրեք Տիրոջը տված Նեփիի խոստումները և նրա հայցած օրհնությունները:

  • Ի՞նչ կարող ենք մենք սովորել այս աղոթքից, որը կարող է օգնել մեզ մեր անձնական աղոթքներում: (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել այս հարցին պատասխանելու համար, սակայն համոզվեք, որ նրանք հասկանում են, որ անկեղծ աղոթքը կարող է զորացնել մեղքը և հուսահատությունը հաղթահարելու մեր պարտավորությունը:)

Հրավիրեք ուսանողներին հիշել մի ժամանակաշրջան, երբ աղոթքը օգնել է նրանց հաղթահարել մեղքը կամ հուսահատությունը: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք կիսվեն իրենց փորձառություններով կամ գրառեն դրանք իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:

Ուսանողներին տվեք մի պահ, որ 2 Նեփի 4–ում փնտրեն մի հատված, որը արտահայտում է իրենց ունեցած ցանկությունը: Բավականաչափ ժամանակ անց կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը, թե ինչպես կարող է աղոթքը նպաստել հոգևոր աճին.

«Մեր բնավորության, մեր պահվածքի կամ հոգևոր աճի մեջ կան պահեր, որոնց մասին մենք պետք է խորհրդակցենք Երկնային Հոր հետ առավոտյան աղոթքում: Օրհնությունների համար պատշաճ շնորհակալություն հայտնելուց հետո, մենք աղերսում ենք, որ ստանանք հասկացողություն, առաջնորդություն և օգնություն այն բաներն անելիս, որոնք չենք կարող անել միայն մեր ուժով: Օրինակ, երբ աղոթում ենք, մենք կարող ենք.

• Հիշատակել այն առիթները, երբ մենք կոպիտ կամ անպատշաճ ձևով ենք խոսել նրանց հետ, ում ամենից շատ ենք սիրում:

• Ընդունել, որ մենք ավելի շատ գիտենք, սակայն միշտ չէ, որ գործում ենք ըստ մեր իմացածի:

• Զղջալ մեր թերությունների համար և նրա համար, որ ավելի մեծ ջանքեր չենք գործադրում բնական մարդուն հանելու համար:

• Որոշել ավելի լիովին ապրել Փրկչի նման:

• Աղերսել ավելի մեծ ուժ՝ գործելու և ավելի լավը դառնալու համար» («Միշտ աղոթեք», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 41):

Վերջում անդրադարձեք դասի ընթացքում գրատախտակին գրված արտահայտություններին («Հոգիս հրճվում է …» և «Սիրտս վշտանում է … պատճառով»): Արտահայտեք ձեր վստահությունը, որ երբ նույնիսկ մենք հանդիպում ենք դժվար իրավիճակների, մենք կարող ենք ունենալ երջանկություն և խաղաղություն, երբ փնտրում ենք Տիրոջ օգնությունը:

սերտման սուրբ գրությունՍերտման սուրբ գրության կրկնություն

Նշում. Այս դասի ծավալը կարող է ժամանակ հատկացնել հետևյալ սուրբ գրության սերտման կրկնության վարժության համար: Դուք կարող եք վարժությունը կատարել դասի սկզբում, որպես ընդմիջում դասի մասերի միջև կամ դասի վերջում: Այն պետք է կատարվի հակիրճ ձևով, որպեսզի ժամանակ տրամադրվի դասին: Կրկնության այլ վարժությունների համար տես այս ձեռնարկի վերջում գտնվող ցուցիչը:

Հարցաշարերը կարող են օգնել ուսանողներին հիշել այն, ինչ իրենք սովորել են և ստուգել իրենց սովորածը: Ընտրեք մի քանի նոր սերտման սուրբ գրությունների հատվածներ, և հրավիրեք ուսանողներին կարդալ և նշել դրանք իրենց սուրբ գրություններում: Այնուհետև նրանց հարցեր տվեք այդ հատվածների և այլ սերտման սուրբ գրությունների հատվածների վերաբերյալ, որոնք նրանք արդեն սովորել են: Կարդացեք յուրաքանչյուր հատվածի գլխավոր բառը կամ արտահայտությունը սեմինարիայի էջանիշից: Այնուհետև խնդրեք ուսանողներին իրենց սուրբ գրություններում գտնել ճիշտ հատվածը:

Բացատրական և պատմական տեղեկություն

2 Նեփի 4.16-35: Հաղթահարել մեր մեղքերը և թուլությունները

Երբ մենք ուսումնասիրում ենք Նեփիի սրտառուչ աղերսանքն առ Տերը, որ օգնի իրեն հաղթահարել իր մեղքերը և թուլությունները, մենք հասկանում ենք, որ մենք կարող ենք դիմել Տիրոջը այդ նույն օգնության համար: Նեփիի խոսքերը արձագանք են գտել վերջին օրերի մարգարեների խոսքերում:

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է.

«Որքան մարդը մոտենում է կատարելությանը, այնքան պարզ է լինում նրա տեսադաշտը, և ավելի մեծ նրա բավականությունը, մինչև նա հաղթահարում է իր կյանքում տեղ գտած չարիքները և կորցնում մեղք գործելու ամեն ցանկություն» (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 210–11):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը վկայել է օրհնությունների մասին, որոնք մենք ստանում ենք, երբ ապաշխարում ենք.

«Ինչո՞ւ են մեր Հայրը և Նրա Որդին պատվիրել մեզ ապաշխարել: Քանի որ նրանք սիրում են մեզ: Նրանք գիտեն, որ մենք բոլորս էլ կխախտենք հավերժական օրենքները: Լինեն դրանք փոքր կամ մեծ, արդարադատությունը պահանջում է, որ յուրաքանչյուր խախտված օրենք բավարարվի, պահպանելով այս կյանքի ուրախության խոստումը և Երկնային Հոր մոտ վերադառնալու արտոնությունը: Եթե չբավարարվի, Դատաստանի օրը արդարադատությունը կպահանջի, որ մենք դուրս գցվենք Աստծո ներկայությունից` լինելու Սատանայի ենթակայության տակ տես 2 Նեփի 9.8–10, 2 Նեփի 2.5:

Մեր Ուսուցիչը և Նրա փրկող գործն է, որ հնարավոր են դարձնում, որ մենք խուսափենք նման մեղադրանքից: Դա կատարվում է առ Հիսուս Քրիստոս հավատքի, Նրա պատվիրաններին հնազանդվելու և մինչև վերջ արդարությամբ համբերելու միջոցով:

Դուք ձեր կյանքում լիարժեք ձևով օգտվո՞ւմ եք ապաշխարության փրկող զորությունից, որպեսզի կարողանաք ունենալ ավելի մեծ խաղաղություն և ուրախություն: Անկարգության և ճնշվածության զգացմունքները հաճախ ազդարարում են ապաշխարելու կարիքի մասին: Նաև հոգևոր առաջնորդության բացակայությունը, որը դուք փնտրում եք ձեր կյանքում, կարող է լինել օրինազանցությունների արդյունք: Անհրաժեշտության դեպքում լիարժեք ապաշխարությունը ամեն բան կշտկի ձեր կյանքում: Այն լուծում կտա բոլոր հոգևոր ցավերին, որ առաջ են գալիս օրինազանցությունից: Սակայն այս կյանքում այն չի կարող դարման հանդիսանալ որոշ ֆիզիկական հետևանքների համար, որոնք կարող են առաջ գալ լուրջ մեղքի արդյունքում: Եղեք իմաստուն և շարունակաբար ապրեք Տիրոջ կողմից սահմանված արդարկեցության սահմաններում (“The Path to Peace and Joy,” Ensign, Nov. 2000, 25):