Գրադարան
Դաս 35. 2 Նեփի 25


Դաս 35

2 Նեփի 25

Նախաբան

Շարունակելով շեշտել Եսայիայի մարգարեությունների կարևությունը, Նեփին բացատրում է, որ յուրաքանչյուրը, ով ունի մարգարեության ոգին, կարող է հասկանալ և գնահատել Եսայիայի խոսքերը: Նա կիսվեց իր գրությունների նպատակով՝ «համոզելու մեր զավակներին, և նաև մեր եղբայրներին, հավատալու Քրիստոսին և հաշտվելու Աստծո հետ» (2 Նեփի 25.23): Նա հրավիրեց բոլորին հավատալ Հիսուս Քրիստոսին և «երկրպագել նրան [իրենց] ողջ զորությամբ, մտքով, և ուժով, և ողջ [իրենց] հոգով» (2 Նեփի 25.29):

Ուսուցանման առաջարկներ

2 Նեփի 25.1-8:

Նեփին ուսուցանում է, որ մենք կարող ենք հասկանալ Եսայիայի խոսքերը, եթե ունենք մարգարեության ոգի:

Ցուցադրեք կողպեք, որը հնարավոր չէ բացել առանց բանալու (կամ նկարեք գրատախտակին կողպեք և բանալի): Նշեք, որ երբ մարդիկ ցանկանում են արժեքավոր իրերը ապահով պահել, նրանք հաճախ կողպում են դրանք: Նրանք կարող են պահել կողպեքը բացող միայն մեկ բանալի, կամ կարող են բանալու մեկ օրինակ տալ վստահված ընկերոջ կամ ընտանիքի անդամի:

կողպեք և բանալի

Բացատրեք, որ Նեփին գիտեր, որ Եսայիայի մարգարեությունները «մեծ արժեք» ունեին (2 Նեփի 25.8): Սակայն նա չպահեց դա գաղտնի: Նա ուսուցանեց բանալին բոլորին, ովքեր կցանկանային բացել Եսայիայի խոսքերի գաղտնիքը: Ուսանողներից մեկին խնդրեք կարդալ 2 Նեփի 25.4-ի առաջին նախադասությունը: Դասարանին խնդրեք գտնել Եսայիայի խոսքերը հասկանալու բանալին:

  • Ի՞նչ բանալի դուք գտաք: («Մարգարեության ոգին»:)

Օգնելու համար ուսանողներին հասկանալ, թե ինչ է նշանակում «մարգարեության ոգին», կարդացեք հետևյալ բացատրությունը սուրբ գրությունների ուղեցույցից.

«Մարգարեությունը բաղկացած է աստվածայնորեն ոգեշնչված խոսքերից կամ գրվածքներից, որը մարդը ստանում է Սուրբ Հոգուց հայտնության միջոցով: Հիսուսի մասին վկայությունը մարգարերության ոգին է (Հայտնություն 19.10): Մարգարեությունը կարող է վերաբերել անցյալին, ներկային կամ ապագային: Երբ անձը մարգարեանում է, նա խոսում կամ գրում է այն, ինչ Աստված ցանկանում է, որ նա իմանա, իր անձնական կամ ուրիշների բարօրության համար: Անհատները կարող են ստանալ մարգարեություն կամ հայտնություն իրենց անձնական կյանքի վերաբերյալ» (Guide to the Scriptures, “Prophecy, Prophesy,” scriptures.lds.org):

Օգնեք ուսանողներին տեսնել, որ Եսայիայի խոսքերի իրենց հասկացողությունը կխորանա, եթե նրանք (1) փնտրեն Սուրբ Հոգու առաջնորդությունը, և (2) ունենան վկայություն Հիսուս Քրիստոսի մասին և Նրա մասին սովորելու ցանկություն: Եթե նրանք մոտենան Եսայիայի խոսքերին այդ ձևով, միշտ աշխատելով տեսնել, թե ինչպես են նրա մարգարեությունները վկայում Փրկչի մասին, նրանք կկարողանան սովորել, թե ինչ է Աստված ցանկանում, որ իրենք իմանան իրենց և մյուսների բարօրության համար:

Նշեք, որ Նեփին կիսվել է այլ մտքերով, որոնք կարող են խորացնել Եսայիայի խոսքերի մեր հասկացողությունը: Ուսանողներին խնդրեք մտքում կարդալ 2 Նեփի 25.1, և գտնել պատճառը, թե ինչու էին Նեփիի ժողովրդից շատերը դժվարությամբ հասկանում Եսայիայի մարգարեությունները:

  • Ի՞նչ դուք գտաք: (Նրանք չգիտեին «մարգարեանալու ձևի մասին հրեաների մեջ»:)

  • Հիմնվելով Եսայիայի խոսքերից ձեր կարդացածի վրա, որո՞նք են հին օրերի հրեաների մարգարեությունների որոշ հատկանիշները: (Հնարավոր պատասխաններ. Եսայիան և այլ մարգարեներ օգտագործում էին լեզվի խորհրդանշական և բանաստեղծական ոճը:)

  • Երբ կարդում եք Եսայիայի խոսքերը, ինչո՞ւ է օգտակար տեղյակ լինել մարգարեության այս ոճից:

Բացատրեք, որ մեկ այլ օգտակար միտք կարելի է գտնել 2 Նեփի 25.5–6-ում: Հրավիրեք մի ուսանողի կարդալ այդ տողերը բարձրաձայն: Դասարանին խնդրեք գտնել Նեփիի այն փորձառությունները, որոնք օգնել են իրեն հասկանալ Եսայիայի խոսքերը:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ դա օգնեց Նեփիին ապրել Երուսաղեմում: Հիմնվելով ձեր կարդացած Եսայիայի խոսքերի վրա, ինչո՞ւ էր առավելություն Նեփիի համար «հրեաների արածները» տեսնելը և Երուսաղեմի «մոտակա շրջանների մասին» իմանալը:

  • Ի՞նչ կարող ենք մենք անել այդ բաների մասին որոշ գիտելիք ձեռք բերելու համար: (Մենք կարող ենք ուսումնասիրել հնադարյան Իսրայելի մշակույթը, պատմությունը և աշխարհագրությունը:)

Ուսանողների համար կարդացեք 2 Նեփի 25.7–8: Կարդալիս նշեք, որ Եսայիայի մարգարեությունները մեծ արժեք կունենան մեզ համար, երբ մենք տեսնենք, թե ինչպես են դրանք իրականացվում: Այս ճշմարտությունը լուսաբանելու համար հարցրեք.

  • Վերջին մի քանի օրերին մեր սովորած մարգարեություններից որո՞նք են արդեն կատարվել: (Ուսանողները կարող են հիշել մարգարեությունները Սոլթ Լեյքի Տաճարի մասին [տես 2 Նեփի 12.2–3], Հիսուս Քրիստոսի ծննդի մասին [տես 2 Նեփի 19.6], և Ջոզեֆ Սմիթի մասին [տես 2 Նեփի 21.1, 10]:) Ի՞նչ եղանակներով են այս մարգարեությունները դառնում ավելի իմաստավորված, երբ տեսնում եք, որ դրանք իրականանում են:

Դասի այս մասն ավարտելու համար, արտահայտեք ձեր վստահությունը, որ Եսայիայի խոսքերը հասկանալու ուսանողների ունակությունը կարող է աճել, եթե նրանք փնտրեն մարգարեության ոգին: Նշեք, որ նրանք կարող են խորացնել իրենց հասկացողությունը՝ հնադարյան հրեաների մարգարեության ոճը և հին օրերի Իսրայելի մշակույթը, պատմությունը և աշխարհագրությունը ուսումնասիրելու միջոցով:

2 Նեփի 25.9–19

Նեփին մարգարեանում է հրեաների ցրման և հավաքման մասին

Ամփոփեք 2 Նեփի 25.9–19, ասելով, որ Նեփին մարգարեացել էր հրեաների, Երուսաղեմի իրենց հայրենիքի և շրջակա տարածքների մասին: Նա ասաց, որ հրեաները, ովքեր գերի են վերցվել Բաբելոն Երուսաղեմի կործանումից հետո, կվերադառնան «իրենց ժառանգության երկիր» (տես 2 Նեփի 25.9–11): Հիսուս Քրիստոսը՝ Մեսիան, կապրի նրանց մեջ, բայց շատերը կմերժեն Նրան և Նրան կխաչեն (տես 2 Նեփի 25.12–13): Փրկչի մահից և Հարությունից հետո, Երուսաղեմը կրկին կկործանվի, և հրեաները կցրվեն և կհալածվեն այլ ազգերի կողմից (տես 2 Նեփի 25.14–15): Նրանք, ի վերջո, կհավատան Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությանը, և Տերը կվերականգնի նրանց «իրենց կորած և ընկած վիճակից» (տես 2 Նեփի 25.16–19):

2 Նեփի 25.20, 30

Նեփին վկայում է Հիսուս Քրիստոսի մասին

Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են պատասխանել ինչ-որ մեկին, ով հայտարարում է, որ Վերջին Օրերի Սրբերը չեն հավատում Հիսուս Քրիստոսին: Կարող եք խնդրել մեկ կամ երկու ուսանողի համառոտ պատմել իրենց փորձառությունների մասին, երբ այլ մարդիկ հարցականի տակ են դրել Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքը: Երբ ուսանողները կարդում և քննարկում են 2 Նեփի 25.20–30, խնդրեք նրանց գտնել հատվածներ, որոնք կօգնեն իրենց նման իրավիճակներում:

Խնդրեք ուսանողներին գտնել «ճիշտ ճանապարհը» արտահայտությունը 2 Նեփի 25.28–29-ում: Նրանից հետո, երբ նրանք հայտնաբերեն, որ «ճիշտ ճանապարհը Քրիստոսին հավատալն է և նրան չուրանալը», գրեք գրատախտակին. Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսին հավատալը ճիշտ ճանապարհը հանդիսանում: Ապա խնդրեք ուսանողներին ուսումնասիրել 2 Նեփի 25.20, 23–26, փնտրելով պատճառներ, թե ինչու է Հիսուս Քրիստոսին հավատալը ճիշտ ուղի: Հրավիրեք նրանց գրել իրենց պատասխանները գրատախտակին՝ ձեր գրած վերնագրի տակ: Պատասխանները կարող են ընդգրկել.

Փրկությունը գալիս է միայն Հիսուս Քրիստոսի միջոցով:

Հիսուս Քրիստոսի միջոցով մենք կարող ենք փրկվել շնորհով նրանից հետո, երբ արել ենք այն, ինչ կարող էինք անել:

Փրկչի Քավության միջոցով մենք կարող են ստանալ մեր մեղքերի թողությունը:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 25.23 և 2 Նեփի 10.24: Նշեք, որ այս հատվածներում հանդիպում է հաշտվել բառը, որը նշանակում է բերել մարդկանց, կամ առարկաները, ներդաշնակության կամ համաձայնության միմյանց հետ:

  • Այս երկու հատվածներում մարգարեները խրախուսում են մեզ հաշտվել Աստծո հետ: Ձեր կարծիքով, ի՞նչ է դա նշանակում:

Բացատրեք, որ երկու հատվածներն էլ ներառում են շնորհբառը: Շնորհը պարգև է Երկնային Հոր կողմից՝ տրված Իր Որդի Հիսուս Քրիստոսի միջոցով: Շնորհ բառը, ինչպես այն օգտագործվում է սուրբ գրություններում, հիմնականում, նշանակում է զորություն և հոգևոր բժշկում, որն առաջարկվում է Հիսուս Քրիստոսի ողորմածության և սիրո միջոցով:

  • Ի՞նչ է ուսուցանվում 2 Նեփի 10.24 և 25.23-ում շնորհի և մեր ջանքերի միջև կապի մասին:

Խնդրեք ուսանողներին կիրառել իրենց սովորածը՝ գրելով հետևյալ հարցի պատասխանը սուրբ գորւթյունների ուսումնասիրության իրենց օրագրերում կամ դասարանային տետրերում: Կարող եք գրել հարցը գրատախտակին:

  • Ի՞նչ է նշանակում փրկվել շնորհով:

Օգնելու համար ուսանողներին հասկանալ Նեփիի հայտարարությունը 2 Նեփի 25.24–25-ում, որ օրենքը դարձել է մեռած իր ժողովրդի համար, բացատրեք, որ նա ի նկատի ուներ Մովսեսի օրենքը: Օրենքը՝ արարողությունների, ծեսերի, խորհրդանիշերի և պատվիրանների հետ մեկտեղ, ներառյալ կենդանիների զոհաբերությունները, դեռ կիրառվում էր Նեփիի ժամանակ: Նեփին և մյուսները գիտեին, որ օրենքը պետք է իրականացվեր Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Քավությունից հետո Փրկչի աշակերտները այլևս պարտավոր չէին պահել Մովսեսի օրենքը: Սակայն հավատարիմ Նեփիացիները շարունակում էին պահել օրենքը այդ ժամանակ, անգամ իմանալով, որ ներկա օրենքը մի օր փոխարինվելու է մեկ ուրիշով:

Երբ Նեփին ասում էր, որ օրենքը դարձել է մեռած իր և մյուսների համար, նա ի նկատի ուներ, որ օրենքը չէր փրկի նրանց: Նրանք պահում էին օրենքը, որովհետև ցանկանում էին հնազանդ լինել, և որովհետև գիտեին, որ օրենքն ուղղում էր իրենց դեպի Հիսուս Քրիստոսը, ով իրենց փրկություն պետք է բերեր:

  • Ի՞նչ մենք կարող ենք սովորել 2 Նեփի 25.23–26-ից այն պատճառների մասին, թե ինչու մենք պետք է պահենք պատվիրանները:

  • Ի՞նչ դուք կանեք, որպեսզի «խոսեք Քրիստոսի մասին» և «հրճվեք Քրիստոսով»: 2 Նեփի 25.26: Ի՞նչ կանեք դուք օգնելու համար ուրիշներին հավատալ Քրիստոսին:

Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած հատվածներով, որոնք կարող են օգնել իրենց պատասխանել այն պնդումներին, որ Վերջին Օրերի Սրբերը չեն հավատում Հիսուս Քրիստոսին: Խնդրեք նրանց պատմել, թե ինչու են իրենք սիրում այդ հատվածները:

Բերեք ձեր վկայությունը այսօր քննարկված ճշմարտությունների մասին: Կարող եք նաև ուսանողներին հնարավորություն տալ կիսվելու այդ ճշմարտությունների մասին իրենց վկայություններով:

սերտման սուրբ գրությունՍուրբ գրությունների սերտում—2 Նեփի 25.23, 26

Նշում. Կարող եք օգտագործել ուսուցանման հետևյալ միտքը այս դասի եզրափակիչ մասում: Եթե ժամանակ չունեք այս միտքը այս դասին օգտագործելու համար, կարող եք այն օգտագործել մեկ այլ դասի ընթացքում՝ որպես կրկնություն:

Օգնելու համար ուսանողներին անգիր սովորել 2 Նեփի 25.26՝ սուրբ գրությունների սերտման հատվածներից մեկը, գրեք հետևյալը գրատախտակին.

Խոսել

Հրճվել

Քարոզել

Մարգարեանալ

Գրել

Որ մեր զավակները…

Ինչ աղբյուրի …

… թողության համար

Հրավիրեք ուսանողներին, օգտվելով գրատախտակին գրված բանալի բառերից, անգիր արտասանել 2 Նեփի 25.26-ը: Այս հատվածը մի քանի անգամ կրկնելուց հետո, հարցրեք, թե արդյոք որևէ մեկը դասարանում ցանկանում է փորձել անգիր արտասանել այդ հատվածը: Ապա հրավիրեք մնացած ուսանողներին միասին արտասանել հատվածը՝ առանց նայելու գրատախտակին: Եզրափակելով, կարող եք ասել, որ ուշադիր լսելու մեջ մեծ արժեք կա, երբ ծնողները, ղեկավարները և ուսուցիչները աշխատում են համոզել մեզ նայել Փրկչին:

Թուղթ տվեք յուրաքանչյուր ուսանողի: Խնդրեք ուսանողներին նամակ գրել իրենց ապագա երեխաներին, խրախուսելով նրանց կենտրոնացնել իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի շուրջ: Ուսանողները կարող են դնել իրենց նամակները իրենց սուրբ գրությունների մեջ, որ պահպանեն դրանք դրանք ապագայի համար:

Բացատրական և պատմական տեղեկություն

2 Նեփի 25.23: Շնորհի վարդապետությունը

«[Շնորհ] բառի հիմնական գաղափարը օգնության կամ ուժի աստվածային գործիք լինելն է, որը տրվել է Հիսուս Քրիստոսի լիառատ ողորմածության և սիրո շնորհիվ:

Տեր Հիսուսի շնորհի միջոցով է, որ հնարավոր է դարձել նրա քավող զոհաբերության միջոցով, որ մարդկությունը կբարձրանա դեպի անմահություն, յուրաքանչյուր մարդ ստանա իր մարմինը գերեզմանից՝ հավիտենական կյանք ստանալու պայմանով: Նմանապես, Տիրոջ շնորհի միջոցով է, որ անհատները, Հիսուս Քրիստոսի քավության հանդեպ հավատքի և իրենց մեղքերն ապաշխարելու միջոցով, ստանում են ուժ և օգնություն՝ անելու բարի գործեր, ինչը, այլապես, չէին կարողանա անել, եթե ինքնուրույն մնային: Այդ շնորհը զորություն է, որը թույլ է տալիս տղամարդկանց և կանանց ակնկալել հավիտենական կյանք և վեհացում նրանից հետո, երբ գործադրել են իրենց լավագույն ջանքերը:

Աստվածային շնորհը հարկավոր է յուրաքանչյուր հոգու՝ Ադամի անկման արդյունքում, և նաև մարդու թուլությունների և թերությունների պատճառով: Ինչևէ, շնորհը չի կարող գործել առանց ստացողի կողմից գործադրվող լիարժեք ջանքի: «Շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել» (2 Նեփի 25.23): Դա իսկապես Հիսուս Քրիստոսի շնորհն է, որ հնարավոր է դարձնում փրկությունը» (Bible Dictionary, “Grace”):

Երեց Մ. Ռասսել Բալլարդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ասել է.

«Իմ վկայությունն է ձեզ, որ ապահովությունը, խաղաղությունը, ուրախությունը և անվտանգությունը, որ մենք փնտրում ենք, կարելի է գտնել միայն ընդունելով և անկեղծորեն հավատալով Հիսուս Քրիստոսի՝ Ամենազորի Որդու կյանքին և առաքելությանը: Ըմբռնելով Նրա ուսմունքները, մենք հրաժարվում ենք մեր բոլոր մեղքերից, մենք ապաշխարում ենք և անում այն ամենը, ինչ մեր ուժերի սահմաններում է, որ գանք դեպի Նա աշակերտության ճշմարիտ ոգով, կատարելապես իմանալով, որ Նրա շնորհով է, որ մենք փրկվում ենք այն ամենից հետո, ինչ մենք արել ենք: Եվ երբ մենք մեզ նվիրենք Քրիստոսին, լիովին և ամբողջապես, մենք կգտնենք ապահովություն, խաղաղություն, ուրախություն և անվտանգություն Նրանում» (in “Latter-day Counsel,” Ensign, June 2001, 74):

2 Նեփի 25.26: «Մենք հրճվում ենք Քրիստոսով»

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին նշել է, որ Վերականգնման միջոցով ձեռք բերած գիտելիքը թույլ է տալիս մեզ իրապես հրճվել Փրկչով.

«Որպես Եկեղեցի մենք ունենք քննադատներ, այն էլ շատ: Նրանք ասում են, որ մենք չենք հավատում ավանդական Քրիստոնեության Քրիստոսին: Նրանց ասածում որոշ իմաստ կա: Մեր հավատքը, մեր գիտելիքը հիմնված չեն հին ավանդույթի վրա՝ համոզմունքի, որը բխում է մարդկանց սահմանափակ հասկացողությունից և գրեթե անսահման քննարկումներից, որոնք փորձում են հանգել հարություն առած Քրիստոսի սահմանմանը: Մեր հավատքը, մեր գիտելիքը գալիս է այս տնտեսության մարգարեի վկայությունից, ով իր առաջ տեսել է տիեզերքի մեծ Աստծուն և Նրա Սիրելի Որդուն՝ հարություն առած Տեր Հիսուս Քրիստոսին: Նրանք խոսել են նրա հետ: Նա խոսել է Նրանց հետ: Նա վկայել է բացեիբաց, հստակ և անկեղծ այդ մեծ տեսիլքի մասին: Դա Ամենազորի և աշխարհի Քավիչի տեսիլքն էր, փառավոր՝ մեր հասկացողությունից վեր, սակայն որոշակի և անկասկած այն գիտելիքի առումով, որը դա բերում է: Այդ գիտելիքից է, խոր արմատավորված ժամանակակից հայտնության հողի մեջ, որ մենք, Նեփիի խոսքերով, «խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոով, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին, և մենք գրում ենք մեր մարգարեությունների համաձայն, որ [մենք և] մեր գզավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի [մենք] կարող ենք ապավինել [մեր] մեղքերի թողության համար» (2 Նեփի 25.26)» (“We Look to Christ,” Ensign, May 2002, 90–91):