Դաս 94
Ալմա 37
Նախաբան
Ալման շարունակեց իր որդի Հելամանին խորհուրդներ տալ և նրան հանձնեց սուրբ հիշատակարանները: Նա հիշեցրեց Հելամանին, որ սուրբ գրությունները արդեն իսկ պատճառ են դարձել, որ հազարավոր լամանացիների բերեն առ Տերը, և նա խոստացավ, որ Տերն ապագայում մեծ նպատակներ ունի հիշատակարանների հետ կապված: Ալման ցուցումներ տվեց իր որդուն, թե ինչ սովորեցնել մարդկանց: Քրիստոսի խոսքերը համեմատելով Լիահոնայի հետ, նա համոզեց Հելամանին, որ կարևոր էր հիմնվել դրանց վրա առաջնորդության համար:
Նշում. Այս դասը երեք ուսանողների հնարավորություն է տալիս ուսուցանել դասը: Որպեսզի օգնեք այս ուսանողներին պատրաստվել ուսուցանելուն, յուրաքանչյուր ուսանողի մեկ կամ երկու օր առաջ տվեք այն բաժնի օրինակը, որը նա պատք է ուսուցանի: Կամ դուք կարող եք ընտրել ինքներդ ուսուցանել այս բաժինները:
Ուսուցանման առաջարկներ
Ալմա 37
Ալման հիշատակարանները հանձնում է Հելամանին, հորդորում է նրան պահել պատվիրանները և հիշեցնում է նրան, որ Լիահոնան աշխատում էր հավատքի միջոցով:
Գրատախտակին գծեք հետևյալ գծապատկերը.
Խնդրեք ուսանողներին գրատախտակին գրել փոքր և հասարակ բաներ, որոնք իրենց կյանքում մեծ հետևանքներ են ունեցել: Դուք կարող եք խնդրել նրանց մեկնաբանել իրենց պատասխանները:
Բացատրեք, որ Ալմա 37-ը պարունակում է Ալմայի խորհուրդը, որով նա ցանկանում էր օգնել իր որդուն՝ Հելամանին, լինել սուրբ հիշատակարանների հաջորդ պահողը: Ալման ուսուցանեց նրան Տիրոջ աշխատանքում փոքր և հասարակ բաների դերը: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 37.6–7:
Ի՞նչ ենք մենք սովորում այս հատվածներից «փոքր և հասարակ բաների» արժեքի մասին: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է արտահայտեն այն ճշմարտությունը, որ Տերն աշխատում է փոքր և հասարակ միջոցներով, որ իրականացնի Իր հավերժական նպատակները:)
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 37.1–5, փնտրելով փոքր և հասարակ բանի մի օրինակ, որ կարող է մեծ հետևանք ունենալ մարդկանց կյանքում (սուրբ հիշատակարանները կամ սուրբ գրությունները): Այն բանից հետո, երբ ուսանողները կզեկուցեն, թե ինչ են իրենք գտել, գրատախտակին գրեք Սուրբ գրություններ բառը Փոքր և հասարակ բաներ–ի տակ:
Ուսանողներին խնդրեք ուսումնասիրել Ալմա 37.8–10-ը և գտնել, թե ինչ եղանակներով էին սուրբ գրությունները ներգործում Մորմոնի Գրքի մարդկանց վրա: Երբ ուսանողները զեկուցեն իրենց գտածը, դուք կարող եք գրել նրանց պատասխանները ՄԵԾ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ–ի տակ:
-
Ի՞նչ եղանակներով են սուրբ գրություններն ազդում ձեր կյանքի վրա:
Ամփոփեք Ալմա 37.11–32 հատվածները, բացատրելով, որ Ալման ուսուցանեց Հելամանին, որ Տերը ցույց կտար Իր զորությունը Մորմոնի Գիրքը մարդկանց տալով: Նա հանձնարարեց Հելամանին հետևել Տիրոջ պատվիրաններին և խնամքով պահել հիշատակարանները: Նա նաև հորդորեց Հելամանին օգտագործել հիշատակարանները ժողովրդին ուսուցանելու համար և խուսափել Հարեդացիների ամբարշտությունների և դրանց հետևանքում կատարված ավերվածությունների մանրամասներն ամբողջությամբ հրապարակելուց:
Հրավիրեք ուսանողներին լուռ ուսումնասիրել Ալմա 37.13–16, փնտրելով սկզբունքներ, որոնք Ալման ուսուցանեց Հելամանին, երբ նա հանձնեց նրան հիշատակարանները: (Ուսանողները կարող են կիսվել մի շարք սկզբունքներով, սակայն համոզվեք, որ նրանց պատասխաններն արտահայտեն այն միտքը, որ եթե մենք հնազանդվենք Տիրոջ պատվիրաններին, Նա կօգնի մեզ կատարել մեր պարտականությունները: Դուք կարող եք հարցնել, թե ինչպես է այս սկզբունքը կապված այն գաղափարի հետ, որ փոքր և հասարակ բաները կարող են մեծ հետևանքներ ունենալ:)
Նախատեսված է, որ այս դասի մնացած մասն ուսուցանվի երեք ուսանողների կողմից: Եթե դասարանը մեծ է, խնդրեք ուսանող ուսուցիչներին տեղափոխվել սենյակի երեք տարբեր մասեր: Դասարանը բաժանեք երեք խմբի: Հրավիրեք յուրաքանչյուր խմբին վերցնել իրենց սուրբ գրությունները, նոթատետրերը կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերը , գրիչներ կամ մատիտներ և հավաքվել ուսանող ուսուցիչներից մեկի մոտ: Երբ ուսանող ուսուցիչներն ավարտեն իրենց դասը, խմբերը կփոխվեն տեղերով: Եթե դասարանը փոքր է, ուսանող ուսուցիչները կարող են հերթով ուսուցանել ամբողջ դասարանին: Յուրաքանչյուր դեպքում ուսանող ուսուցիչները պետք է մոտավորապես յոթ րոպեում ներկայացնեն իրենց դասը և քննարկումներ կատարեն:
Ուսանող ուսուցիչ 1—Ալմա 37.33–34
Խնդրեք ձեր համադասարանցիներին մտածել Եկեղեցու մի տարածքային ղեկավարի կամ Բարձրագույն Իշխանավորի մասին, ով ուսուցանել է իրենց մի բան, որը փոխել է իրենց կյանքը: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ է ուսուցանել այս ղեկավարը և թե ինչպես է այն ներգործել իրենց վրա: Դուք կարող եք կիսվել մի օրինակով ձեր կյանքից:
Հրավիրեք երկու ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 37.33–34: Խնդրեք մնացած ուսանողներին հետևել, փնտրելով, թե Ալման ինչ խորհուրդ տվեց Հելամանին ուսուցանել ժողովրդին: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք կարդալու ընթացքում նշեն «սովորեցրու նրանց» և «քարոզիր նրանց» արտահայտությունները: Գրատախտակին կամ թերթիկի վրա գրեք Եկեղեցու ղեկավարների ուսմունքները: Երբ ուսանողներն ավարտեն կարդալ հատվածները, խնդրեք նրանց հաղորդել իրենց գտածը: Գրեք նրանց պատասխանները Եկեղեցու ղեկավարների ուսմունքները վերնագրի տակ: Տվեք հետևյալ հարցերը.
-
Ինչպե՞ս կարող են այս ուսմունքներն օգտակար լինել մեզ հատկապես այսօր: Ինչո՞ւ:
Խնդրեք ձեր համադասարանցիներին ուշադրություն դարձնել Ալմա 37.34-ի վերջին արտահայտության վրա, որպեսզի տեսնեն, թե ինչ օրհնություն է գալիս Եկեղեցու ղեկավարների ուսմունքներին հետևելուց: Գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Հետևելով Եկեղեցու ղեկավարների ուսմունքներին, հանգստություն կարող ենք գտնել մեր հոգիների համար: Հարցրեք նրանց, թե, իրենց կարծիքով, ինչ է նշանակում «հանգստություն գտնել իրենց հոգիների համար»: (Պատասխանները կարող են ներառել՝ մեղքի հետևանքներից ազատ լինելը, Հոգուց խաղաղություն ստանալը և դժվարությունները տանելու և հաղթահարելու համար ուժով օրհնված լինելը:)
Կիսվեք ձեր վկայությամբ, թե ինչպես է այս սկզբունքը գործել ձեր կյանքում: Եթե դուք լրացուցիչ ժամանակ ունեք, հրավիրեք ուրիշներին կիսվել այս սկզբունքի մասին իրենց վկայությամբ:
Ուսանող ուսուցիչ 2—Ալմա 37.35–37
Բացատրեք ձեր համադասարանցիներին, որ նրանք, ովքեր ծառեր են աճեցնում, սովորաբար կապում կամ ամրացնում են երիտասարդ ծառը մի ցցի և հետո հեռացնում այն, երբ ծառը մեծանում է: Հարցրեք նրանց, թե, իրենց կարծիքով, ինչու է դա արվում: Ապա կարդացեք հետևյալ պատմությունը մի ծառի մասին, որը Նախագահ Գորդոն Բ. Հինքլին տնկեց իր այգում.
Նախագահ Գորդոն Բ. Հինքլին իր ամուսնությունից անմիջապես հետո մի երիտասարդ ծառ տնկեց իր տան մոտ: Նա քիչ էր ուշադրություն դարձնում դրա վրա, մինչ տարիներ էին անցնում: Մի օր նա նկատեց, որ ծառը ծռվել էր և թեքվել դեպի արևմուտք: Նա փորձեց ուղղել այն հրելով, սակայն ծառի բունը շատ հաստ էր: Նա փորձեց օգտագործել պարան և ճախարակ այն ուղղելու համար, սակայն այն չէր ուղղվում: Ի վերջո, նա վերցրեց իր սղոցը և կտրեց արևմտյան կողմի ծանր ճյուղը՝ տգեղ մի սպի թողնելով: Նա հետագայում ասել է այդ ծառի մասին.
«Կես դարից ավելի է անցել այն օրից, երբ ես տնկեցի այդ ծառը: … Անցյալ օրը ես կրկին նայեցի ծառին: Այն մեծ է: Այն լավ տեսք ունի: Այն հրաշալի տեսք է տալիս տանը: Սակայն որքան լուրջ էր դրա երիտասարդության տարիներին ստացած վնասվածքը և որքան դաժան այն միջոցը, որը ես օգտագործեցի այն ուղղելու համար:
Երբ այն նոր էր տնկվել, մի կտոր լարը կօգներ դրան պաշտպանվել քամուց: Ես կարող էի և ես պետք է օգտագործեի այդ լարը այնքան փոքր ջանք գործադրելով: Սակայն ես չարեցի դա և այն թեքվեց այն ուժերի ազդեցությունից, որ եկան դրա վրա» (“Bring Up a Child in the Way He Should Go,” Ensign, Nov. 1993, 59):
Ուսանողները թող կարդան Հելամանին տված Ալմայի խորհուրդը Ալմա 37.35–ում: Խնդրեք նրանց մտածել այն մասին, թե ինչ կապ կարող են այս հատվածներն ունենալ ծառի հետ կապված Նախագահ Հինքլիի փորձառության հետ:
Հրավիրեք ուսանողներին իրենց բառերով ամփոփել Ալմա 37.35: (Նրանց պատասխանները պետք է արտահայտեն այն միտքը, որ մենք պետք է մեր երիտասարդության տարիներին սովորենք պահել Աստծո պատվիրանները:) Նաև հրավիրեք նրանց գրել հետևյալ հարցերի պատասխանները: (Դուք կարող եք գրել հարցերը գրատախտակին կամ դանդաղ կարդալ դրանք, որպեսզի ուսանողները կարողանան գրի առնել դրանք:)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է փոխվում մարդու կյանքում, երբ նա սովորում է պահել Աստծո պատվիրանները դեռևս երիտասարդության տարիներին:
-
Կարո՞ղ եք մտաբերել մարդկանց, ովքեր օրհնված են եղել իրենց կյանքի ընթացքում, քանի որ նրանք սովորել են հնազանդվել պատվիրաններին իրենց երիտասարդության տարիներին: Գրեք այն մասին, թե ինչպես են նրանք օրհնվել:
Հրավիրեք մի քանի ուսանողների զեկուցել, թե ինչ են իրենք գրել: Ապա հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 37.36–37: Խնդրեք ուսանողներին հետևել, փնտրելով առանձնահատուկ խորհուրդներ, որոնք կարող են օգնել նրանց պահել պատվիրանները՝ մինչ նրանք երիտասարդ են:
-
Ինչպե՞ս կարող է այս խորհրդին ամեն օր հետևելն օգնել ձեզ պահել պատվիրանները:
-
Ի՞նչ եղանակներով եք դուք փորձում Տիրոջը դնել առաջին տեղում ձեր մտքերում, խոսքերում և գործերում: (Խրախուսեք ուսանողներին խորհել, թե ինչպես նրանք կարող են առաջընթաց ունենալ:)
Կիսվեք ձեր զգացմունքներով, թե ինչպես է Տիրոջ հետ խորհուրդ անելն օգնել ձեզ պահել պատվիրանները: Խրախուսեք ձեր համադասարանցիներին խորհուրդ անել Տիրոջ հետ իրենց բոլոր գործերում:
Ուսանող ուսուցիչ 3—Ալմա 37.38–45
Ցուցադրեք Լիահոնա (62041; Gospel Art Book [2009], no. 68) նկարը: Հիշեցրեք ձեր համադասարանցիներին կողմնացույցի մասին, որը Տերն օգտագործում էր, որ օգներ Լեքիի ընտանիքին ճամփորդել դեպի խոստումի երկիրը: Ալմա 37.38-ում մենք սովորում ենք, որ կողմնացույցը կոչվում էր Լիահոնա: Բացատրեք, որ Ալման խոսում էր Լիահոնայի մասին, որ սովորեցներ Հելամանին կարևոր սկզբունք այն մասին, թե ինչպես է Տերն առաջնորդում Իր զավակներին:
Բացատրեք ձեր համադասարանցիներին, որ դուք պատրաստվում եք նրանց հարցեր տալ, ապա խնդրեք նրանց հերթով բարձրաձայն կարդալ մի քանի հատվածներ, մինչ բոլորը պատասխաններ են փնտրում: Խնդրեք նրանց պատասխանել յուրաքանչյուր հարցին համապատասխան սուրբ գրությունը կարդալուց հետո:
-
Ինչպե՞ս էր աշխատում Լիահոնան: (Տես Ալմա 37.38–40:)
-
Ինչո՞ւ էր Լիահոնան ժամանակ առ ժամանակ դադարում աշխատել: (Տես Ալմա 37.41–42:)
-
Ինչպե՞ս մենք կարող ենք համեմատել Լիահոնան Քրիստոսի խոսքերի հետ: (Տես Ալմա 37.43–45:)
Դուք կարող եք բացատրել, որ այս հատվածներում նմանություն և օրինակ բառերը վերաբերվում են «անհատի, իրադարձության կամ ծեսի, որոնք նման են մեկ այլ ավելի կարևոր անհատի, իրադարձության կամ ծեսի, որ վերաբերվում է ապագային: … Ճշմարիտ օրինակները կունենան զգալի նմանություն, աստվածային վկայություն և կմարգարեանան ապագա իրադարձությունների մասին» (Joseph Fielding McConkie, Gospel Symbolism [1985], 274): Լիահոնայի ցուցումներին հետևելու կամ չհետևելու ընտրությունը նման է մեր ընտրությանը, թե ինչպես ենք մենք արձագանքում այն ցուցումներին, որոնք տրվում են Քրիստոսի խոսքերի միջոցով:
-
Որտե՞ղ մենք կարող ենք գտնել Քրիստոսի խոսքերը: (Պատասխանները կարող են ներառել՝ սուրբ գրությունները, վերջին օրերի մարգարեների խոսքերը, հայրապետական օրհնությունները և Հոգու հուշումները:)
Հրավիրեք ձեր համադասարանցիներին ամփոփել Ալմա 37.38–45 Ալմայի խոսքերը, հատկապես՝ 44-45 հատվածները: Այս քննարկումը պետք է ներառի հետևյալ ճշմարտությունը. Եթե մենք հետևենք Հիսուս Քրիստոսի խոսքերին, դրանք կառաջնորդեն մեզ ստանալու հավերժական կյանք:
Կիսվեք, թե ինչ հոգևոր ազդեցություն են գործել ձեզ վրա Քրիստոսի խոսքերը և թե ինչպես են դրանք օգնում ձեզ առաջ ընթանալ դեպի հավերժական կյանք: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները խորհեն հայրապետական օրհնություն ստանալու մասին կամ, եթե նրանք արդեն ստացել են այն, հաճախակի և աղոթքով կարդան այն:
Նշում ուսուցչի համար.Երբ ուսանողներն ավարտեն դասի իրենց հատվածն ուսուցանելը, շնորհակալություն հայտնեք նրանց և, եթե ժամանակը թույլ է տալիս, հրավիրեք մի քանի ուսանողների վկայել այսօր սովորած սկզբունքներից մեկի մասին: Դուք կարող եք նաև կիսվել այս սկզբունքների մասին ձեր վկայությամբ: Դասի վերջում հրավիրեք դասարանին հետևել ձեզ, մինչ դուք բարձրաձայն կկարդաք Ալմա 37.46–47: