Գրադարան
Հիմնական վարդապետություններ


Հիմնական վարդապետություններ

Հիմնական վարդապետությունները պետք է ընդգծվեն և սեմինարիայի, և ինստիտուտի դասերին: Ուսուցիչները պետք է օգնեն ուսանողներին ներկայացնել, հասկանալ, հավատալ, բացատրել և կիրառել ավետարանի այս վարդապետությունները: Սա կօգնի ուսանողներին ամրացնել իրենց վկայությունները և մեծացնել իրենց երախտագիտությունը առ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը: Այս վարդապետություններն ուսումնասիրելը նաև կօգնի ուսանողներին ավելի լավ նախապատրաստված լինել այս կարևոր ճշմարտություններն ուրիշներին ուսուցանելու համար:

Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների կողմից ընտրված 100 սերտման սուրբ գրությունների հատվածները ընտրվել են ուսանողներին օգնելու համար, որ հասկանան Հիմնական վարդապետությունները: Ստորև թվարկված սուրբ գրությունների հղումներից շատերը վերաբերվում են սերտման սուրբ գրությունների հատվածներին: Դրանք ներառվել են, որ ցույց տան, թե ինչպես են դրանք կապված Հիմնական վարդապետությունների հետ:

1. Աստվածագլուխ

Աստվածագլուխն ընդգրկում է երեք առանձին անձնավորություններ. Աստված՝ Երկնային Հայրը, Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.15-20):Հայրը և Որդին ունեն շոշափելի մարմիններ մսից և ոսկորից, իսկ Սուրբ Հոգին հոգևոր էակ է (տես ՎևՈՒ 130.22-23): Նրանք մեկ են նպատակով և վարդապետությամբ:Նրանք կատարելապես միասնական են՝ Երկնային Հոր փրկության աստվածային ծրագիրն իրականցնելու գործում:

Հայր Աստված

Հայր Աստվածը տիեզերքի Գերագույն Կառավարիչն է: Նա մեր հոգիների հայրն է (տես Եբրայեցիս ԺԲ.9): Նա կատարյալ է, ունի ողջ զորությունը և գիտի բոլոր բաները: Նա նաև կատարյալ ողորմության, բարության և գթության Աստված է:

Հիսուս Քրիստոս

Հիսուս Քրիստոսը Հոր Առաջնեկն է հոգում և Հոր Միածինը՝ մարմնում: Նա Հին Կտակարանի Եհովան է և Նոր Կտակարանի Մեսիան:

Հիսուս Քրիստոսն ապրեց առանց մեղք գործելու և կատարյալ Քավություն կատարեց բոլոր մարդկանց մեղքերի համար (տես Ալմա 7.11-13): Նրա կյանքը ապրելաձևի կատարյալ օրինակ է, որով պետք է մարդիկ ապրեն (տես Հովհաննես ԺԴ.6, 3 Նեփի 12.48): Նա առաջին անձնավորությունն էր այս երկրի վրա, որ պիտի հարություն առներ (տես Ա Կորնթացիս ԺԵ.20-22): Հիսուս Քրիստոսը կրկին կգա զորությամբ և փառքով, և կթագավորի երկրի վրա Հազարամյակի ժամանակ:

Բոլոր աղոթքները, օրհնություները և քահանայության արարողությունները պետք է կատարվեն Հիսուս Քրիստոսի անունով (տես 3 Նեփի 18.15, 20-21):

Առնչվող հղումներ. Հելաման 5.12, ՎևՈՒ 19.23, ՎևՈՒ 76.22-24

Սուրբ Հոգի

Սուրբ Հոգին Աստվածագլխի երրորդ անդամն է: Նա հոգևոր անձնավորություն է՝ առանց մսից և ոսկորից մարմնի: Նրան հաճախ կոչում են Հոգի, Սուրբ Հոգի, Աստծո Հոգի, Տիրոջ Հոգի և Մխիթարիչ:

Սուրբ Հոգին վկայություն է տալիս Հոր և Որդու մասին, հայտնում բոլոր բաների ճշմարտությունը և սրբագործում նրանց, ովքեր ապաշխարում են և մկրտվում (տես Մորոնի 10.4-5):

Առնչվող հղումներ. Գաղատացիս Ե.22-23, ՎևՈՒ 8.2-3

2. Փրկության Ծրագիր

Նախաերկրային գոյության մեջ Երկնային Հայրը ներկայացրեց մի ծրագիր, որը մեզ հնարավորություն կտար դառնալ Նրա նման և ձեռք բերել անմահություն ու հավերժական կյանք (տես Մովսես 1.39): Սուրբ գրություններում այդ ծրագիրը կոչվում է փրկության ծրագիր, երջանկության մեծ ծրագիր, փրկագնման ծրագիր և ողորմածության ծրագիր:

Փրկության ծրագիրը ընդգրկում է Արարումը, Անկումը, Հիսուս Քրիստոսի Քավությունը և ավետարանի բոլոր օրենքները, ծեսերը և վարդապետությունները: Կամքի բարոյական ազատությունը, որը ինքնուրույն ընտրելու և գործելու ընդունակություն է, նույնպես կարևոր դեր ունի Երկնային Հոր ծրագրում (տես 2 Նեփի 2.27): Այդ ծրագրի շնորհիվ մենք կարող ենք կատարելագործվել Քավության միջոցով, ստանալ ուրախության լիություն և հավերժ ապրել Աստծո ներկայության մեջ (տես 3 Նեփի 12.48): Ընտանեկան մեր կապերը կարող են տևել հավերժ:

Առնչվող հղումներ. Հովհաննես ԺԷ.3, ՎևՈՒ 58.27

Նախաերկրային կյանք

Երկրի վրա ծնվելուց առաջ մենք ապրում էինք մեր Երկնային Հոր ներկայության մեջ որպես Նրա հոգևոր զավակներ (տես Աբրահամ 3.22-23): Այդ նախաերկրային կյանքում Երկնային Հոր մյուս հոգևոր զավակների հետ միասին մենք մասնակցեցինք մի խորհրդի: Այդ խորհրդի ժամանակ Երկնային Հայրը ներկայացրեց Իր ծրագիրը, իսկ նախաերկրային Հիսուս Քրիստոսը Փրկիչը լինելու ուխտ կապեց:

Երկնային Հոր ծրագրին հետևելու համար մենք օգտագործեցինք մեր ազատ ընտրության իրավունքը: Մենք պատրաստվեցինք գալ երկիր, որտեղ կարող էինք շարունակել մեր զարգացումը:

Նրանք, ովքեր հետևեցին Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, թույլտվություն ստացան գալու երկիր՝ մահկանացու կյանքով ապրելու և դեպի հավերժական կյանք առաջ ընթանալու համար: Լյուցիֆերը՝ Աստծո հոգևոր որդիներից մեկը, ապստամբեց այդ ծրագրի դեմ: Նա դարձավ Սատանա, և իր հետևորդների հետ միասին վտարվեց երկնքից և զրկվեց ֆիզիկական մարմին ստանալու և մահկանացու կյանքով ապրելու արտոնությունից:

Առնչվող հղում. Երեմիա Ա.4-5

Արարում

Հիսուս Քրիստոսը ստեղծել է երկինքը և երկիրը Հոր ղեկավարության ներքո: Երկիրը չի ստեղծվել ոչնչից, այն կազմվել է գոյություն ունեցող նյութից: Հիսուս Քրիստոսը ստեղծել է անթիվ անհամար երկրներ (տես ՎևՈՒ 76.22-24):

Երկրի արարումը կարևոր էր Աստծո ծրագրում:Դա այն վայրն է, որտեղ մենք կարող ենք ստանալ ֆիզիկական մարմին, ստուգվել և փորձվել և զարգացնել աստվածային հատկանիշներ:

Մենք պետք է օգտագործենք աշխարհի ռեսուրսներն իմաստությամբ, խորաթափանցությամբ և գոհությամբ (տես ՎևՈՒ 78.19):

Ադամը երկրի վրա ստեղծված առաջին մարդն է: Աստված ստեղծեց Ադամին և Եվային Իր իսկ պատկերով: Բոլոր մարդկային արարածները՝ տղամարդիկ և կանայք, ստեղծված են Աստծո պատկերով (տես Ծննդոց Ա.26-27):

Անկում

Եդեմի Պարտեզում Աստված Ադամին և Եվային պատվիրեց չճաշակել բարու և չարի գիտելիքի ծառի պտղից. դրա հետևանքը կլիներ հոգևոր և ֆիզիկական մահը: Հոգևոր մահը բաժանումն է Աստծուց: Ֆիզիկական մահը հոգու բաժանումն է մահկանացու մարմնից: Քանի որ Ադամն ու Եվան չհնազանդվեցին Աստծո պատվիրանին, նրանք վտարվեցին Նրա ներկայությունից և դարձան մահկանացու: Ադամի և Եվայի մեղսագործությունը և դրան հետևող փոփոխությունները, ներառյալ հոգևոր և ֆիզիկական մահը, կոչվում են Անկում:

Անկման արդյունքում Ադամը և Եվան ու նրանց սերունդները կարող էին ունենալ ուրախություն և վիշտ, իմանալ բարին և չարը, և զավակներ ունենալ (տես 2 Նեփի 2.25): Որպես Ադամի ու Եվայի հետնորդներ, մահկանացու կյանքի ընթացքում մենք ժառանգում ենք անկման պայմանները: Մենք բաժանված ենք Տիրոջ ներկայութ յունից և ենթ ակա ենք ֆիզիկական մահվան: Մենք նաև փորձվում ենք կյանքի դժվարություններով և հակառակորդի գայթակղություններով: (Sես Մոսիա 3.19:)

Անկումը Երկնային Հոր փրկության ծրագրի անբաժանելի մասն է: Այն երկակի ուղղություն ունի՝ դեպի ցած, այնուամենայնիվ, դեպի առաջ: Ֆիզիկական և հոգևոր մահը առաջ բերելուց բացի, այն մեզ հնարավորություն է տվել ծնվել երկրի վրա, սովորել և զարգանալ:

Մահկանացու կյանք

Մահկանացու կյանքը սովորելու ժամանակ է, երբ մենք կարող ենք նախապատրաստվել հավերժական կյանքին և ապացուցենք, որ մենք կօգտագործենք մեր ազատ ընտրության իրավունքն՝ անելով ամեն բան, որ Տերն է պատվիրել: Այս մահկանացու կյանքի ընթացքում մենք պետք է սիրենք և ծառայենք ուրիշներին (տես Մոսիա 2.17, Մորոնի 7.45, 47-48):

Մահկանացիության ընթացքում մեր հոգիները միավորված են մեր ֆիզիկական մարմինների հետ, տալով մեզ հնարավորություններ աճելու և այնպիսի եղանակներով զարգանալու համար, որ հնարավոր չէր նախաերկրային կյանքում: Մեր մարմինները փրկության ծրագրում կարևոր մաս են կազմում և պիտի պատվեն որպես պարգև Երկնային Հոր կողմից (տես Ա Կորնթացիս Զ.19-20):

Առնչվող հղումներ. Հեսու ԻԴ.15, Մատթեոս ԻԲ.36-39, 2 Նեփի 28.7-9, Ալմա 41.10, ՎևՈՒ 58.27

Կյանք մահից հետո

Երբ մենք մահանում ենք, մեր հոգիները գնում են հոգևոր աշխարհ և սպասում Հարությանը: Արդարների հոգիները մտնում են երջանկության վիճակի մեջ, որը կոչվում է դրախտ: Հավատարիմներից շատերը շարունակում են քարոզել ավետարանը հոգևոր բանտում գտնվողներին:

Հոգևոր բանտը ժամանակավոր վայր է հետմահկանացու աշխարհում նրանց համար, ովքեր մահացել են առանց ճշմարտության գիտելիքը ստանալու կամ ովքեր անհնազանդ են եղել մահկանացու կյանքում: Այնտեղ հոգիներին ուսուցանվում է ավետարանը և հնարավորություն է տրվում ապաշխարել և ընդունել փրկության արարողությունները, որոնք կատարվում են նրանց համար տաճարներում (տես Ա Պետրոս Դ.6): Նրանք, ովքեր ընդունում են ավետարանը, մինչև Հարությունը կարող են բնակվել դրախտում:

Հարությունը մեր հոգևոր մարմնի և մսից ու ոսկորից կազմված մեր ֆիզիկական մարմնի վերամիավորումն է (տես Ղուկաս ԻԴ.36-39): Հարությունից հետո հոգին և մարմինը այլևս երբեք չեն բաժանվում և մենք կդառնանք անմահ: Երկրի վրա ծնված ցանկացած անձ հարություն կառնի, որովհետև Հիսուս Քրիստոսը հաղթահարել է մահը (տես Ա Կորնթացիս ԺԵ.20-22): Արդարները հարություն կառնեն ամբարիշտներից առաջ և առաջ կգան Առաջին Հարության ժամանակ:

Վերջին Դատաստանը տեղի կունենա Հարությունից հետո: Հիսուս Քրիստոսը կդատի յուրաքանչյուր անձի և կորոշի, թե ինչ հավերժական փառքի կարժանանա տվյալ անձը: Այդ դատաստանը հիմնված կլինի Աստծո պատվիրաններին յուրաքանչյուր անձի հնազանդության վրա (տես Հայտնություն Ի.12, Մոսիա 4.30):

Կան փառքի երեք արքայություններ (տես Ա Կորնթացիս ԺԵ.40-42): Դրանցից ամենաբարձրը սելեստիալ արքայությունն է: Նրանք, ովքեր անվեհեր են եղել Հիսուսի վկայության մեջ և հնազանդվել ավետարանի սկզբունքներին, կապրեն սելեստիալ արքայությունում Հայր Աստծո և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ (տես ՎևՈՒ 131.1-4):

Երեք արքայություններից երկրորդը թերեստրիալ արքայությունն է: Այդ արքայությունում գտնվողները կլինեն երկրի պատվելի տղամարդիկ և կանայք, ովքեր անվեհեր չէին Հիսուսի վկայության մեջ:

Թելեստիալ արքայությունը փառքի երեք արքայություններից ամենացածրն է: Նրանք կժառանգեն այս արքայությունը, ովքեր իրենց մահկանացու կյանքի ընթացքում ընտրել են ամբարշտություն արդարության փոխարեն: Այդ մարդիկ կստանան իրենց փառքը հոգևոր բանտից փրկագնվելուց հետո:

Առնչվող հղում. Հովհաննես ԺԷ.3

3. Հիսուս Քրիստոսի Քավությունը

Քավել նշանակում է պատիժ կրել մեղքի համար, դրանով վերացնելով մեղքի ազդեցությունը ապաշխարող մեղսավորի վրայից և թույլ տալով նրան հաշտվել Աստծո հետ: Միայն Հիսուս Քրիստոսը կարող էր կատարյալ Քավություն կատարել ողջ մարդկության համար: Նրա Քավությունն ընդգրկում էր Նրա տանջանքները Գեթսեմանի պարտեզում մարդկության մեղքերի համար, Նրա արյունը թափելը, Նրա տանջանքները և մահը խաչի վրա, և Նրա Հարությունը գերեզմանից (տես Ղուկաս ԻԴ.36-39, ՎևՈՒ 19.16-19): Փրկիչը կարողացավ իրականացնել Քավությունը, որովհետև Նա Իրեն մաքուր էր պահել մեղքից և զորություն ուներ մահվան վրա: Իր մահկանացու մորից նա ժառանգել էր մահանալու ունակությունը: Իր անմահ Հորից Նա ժառանգել էր Իր կյանքը կրկին վեր առնելու զորությունը:

Փրկչի քավող զոհաբերությամբ հնարավոր դարձած շնորհի միջոցով բոլոր մարդիկ հարություն կառնեն և անմահություն կստանան: Հիսուս Քրիստոսի Քավությունը նաև հնարավոր է դարձնում մեզ համար ստանալ հավերժական կյանք (տես Մորոնի 7.41): Այս պարգևը ստանալու համար մենք պետք է ապրենք համաձայն Հիսուս Քրիստոսի ավետարանի, որը ներառում է հավատք ունենալ առ Նա, ապաշխարել մեր մեղքերից, մկրտվել, ստանալ Սուրբ Հոգու պարգևը և հավատարմորեն տոկալ մինչև վերջ (տես Հովհաննես Գ.5):

Որպես Իր Քավության մի մաս, Հիսուս Քրիստոսը ոչ միայն տառապեց մեր մեղքերի համար, այլ նաև Իր վրա վերցրեց ողջ մարդկության ցավերը, հիվանդությունները և թուլությունները (տես Ալմա 7.11-13): Նա հասկանում է մեր տառապանքները, որովհետև զգացել է դրանք: Նրա շնորհը կամ հնարավորություն տվող զորությունը ամրացնում է մեզ, որ տանենք բեռներ և լուծենք խնդիրներ, որոնք չէինք կարող անել ինքնուրույն (տես Մատթեոս ԺԱ.28-30, Փիլիպպեցիս Դ.13, Եթեր 12.27):

Առնչվող հղումներ. Հովհաննես Գ.5, Գոր. 3.19-21

Հավատք առ Հիսուս Քրիստոս

Հավատքը «հույս [է] բաների համար, որոնք տեսանելի չեն, որոնք ճշմարիտ են»(Ալմա 32.21, տես նաև Եթեր 12.6): Այն պարգև է Աստծուց:

Հավատքը պետք է կենտրոնացած լինի Հիսուս Քրիստոսի շուրջ, որպեսզի մարդուն տանի դեպի փրկություն:Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ունենալը նշանակում է ամբողջովին ապավինել Նրան և վստահել Նրա անսահման Քավությանը, զորությանը և սիրուն: Դա ներառում է Նրա ուսմունքներին հավատալը և հավատալը, որ չնայած մենք չենք հասկանում բոլոր բաները, Նա հասկանում է (տես Առակաց Գ.5-6, ՎևՈՒ 6.36):

Հավատքը արտահայտվում է ոչ թե պասիվ հավատալու, այլ մեր ապրելակերպի միջոցով (տես Հակոբոս Բ.17-18): Հավատքը կարող է մեծանալ, երբ մենք աղոթում ենք, ուսումնասիրում սուրբ գրքերը և հնազանդվում Աստծո պատվիրաններին:

Վերջին Օրերի Սրբերը նաև հավատք ունեն առ Հայր Աստված, Սուրբ Հոգի, քահանայության զորություն և վերականգնված ավետարանի այլ կարևոր ուղղությունները: Հավատքը մեզ օգնում է ստանալ հոգևոր և ֆիզիկական ապաքինում, և ուժ՝ առաջ գնալու, մեր դժվարություններին դիմակայելու և գայթակղությունը հաղթահարելու համար (տես 2 Նեփի 31.19-20): Տերը մեր կյանքում հզոր հրաշքներ կկատարի համաձայն մեր հավատքի:

հիսուս Քրիստոսին հավատալու միջոցով անձնավորությունը կարող է ներում ստանալ իր մեղքերին և, ի վերջո, կարողանա ապրել Աստծո ներկայության մեջ:

Առնչվող հղում. Մատթեոս ԺԱ.28-30

Ապաշխարություն

Ապաշխարությունը մտքի և սրտի փոփոխություն է, որը մեզ նոր պատկերացում է տալիս Աստծո, մեր և աշխարհի մասին: Այն ներառում է մեղքից շրջվելը և ներման համար Աստծուն դիմելը: Այն խթանվում է Աստծո հանդեպ սիրով և Նրա պատվիրաններին հնազանդվելու անկեղծ ցանկությամբ:

Մեր մեղքերը մեզ դարձնում են ոչ մաքուր՝ անարժան վերադառնալու և բնակվելու մեր Երկնային Հոր ներկայության մեջ: Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մեր Հայրը տվել է մեզ միակ ճանապարհը, որով կարող են ներվել մեր մեղքերը (տես Եսայիա Ա.18):

Ապաշխարությունը նշանակում է զղջալ մեղք գործելու համար, խոստովանել Երկնային Հորը և անհրաժեշտության դեպքում նաև մյուսներին, հրաժարվել մեղքերից, աշխատել վերականգնել որքանով որ հնարավոր է այն վնասը, որն առաջացել է մեղքի հետևանքով, և ապրել, հնազանդվելով Աստծո պատվիրաններին (տես ՎևՈւ 58.42-43):

Առնչվող հղումներ. Եսայիա ԾԳ.3-5, Հովհաննես ԺԴ.6, 2 Նեփի 25.23, 26, ՎևՈՒ 18.10-11, ՎևՈՒ 19.23, ՎևՈՒ 76.40-41

4. Տնտեսություն, Ուրացություն և Վերականգնում

Տնտեսություն

Տնտեսությունը ժամանակաշրջան է, որի ընթացքում Տերը հայտնում է Իր ավետարանի վարդապետությունները, արարողությունները և քահանայությունը: Դա ժամանակաշրջան է, որի ընթացքում Տերը երկրի վրա ունենում է առնվազն մեկ լիազորված ծառա, որը կրում է սուրբ քահանայությունը և աստվածային հանձնարարություն է կատարում, տարածելով ավետարանը և կատարելով ավետարանի արարողությունները երկրի բնակիչների մեջ: Այսօր մենք ապրում ենք վերջին տնտեսության ժամանակաշրջանում՝ ժամանակների լրության տնտեսությունում, որը սկսվեց Ջոզեֆ Սմիթին ավետարանը հայտնելուց:

Նախորդ տնտեսությունները ներկայացվում են Ադամի, Ենովքի, Նոյի, Աբրահամի, Մովսեսի և Հիսուս Քրիստոսի միջոցով: Բացի դրանք, եղել են այլ տնտեսություններ ևս, այդ թվում նաև Նեփիացիների և Հարեդացիների ժամանակ: Փրկության ծրագիրը և Հիսուս Քրիստոսի ավետարանը հայտնվել և ուսուցանվել են բոլոր տնտեսությունների ժամանակ:

Ուրացություն

Երբ մարդիկ հեռանում են ավետարանի սկզբունքներից և այլևս չեն ունենում քահանայության բանալիները, նրանք գտնվում են ուրացության վիճակում:

Աշխարհի պատմության ընթացքում եղել են ընդհանուր ուրացության ժամանակաշրջաններ: Մեկ օրինակ է հանդիսանում Մեծ Ուրացությունը, որը տեղի է ունեցել նրանից հետո, երբ Փրկիչը հիմնեց Իր Եկեղեցին (տես Բ Թեսաղոնիկեցիս Բ.1-3): Փրկչի առաքյալների մահից հետո ավետարանի սկզբունքները խեղվեցին և Եկեղեցու կազմակերպության և քահանայության արարողություններում տեղի ունեցան անթույլատրելի փոփոխություններ: Այդ համատարած անարդարության պատճառով, Տերը երկրի վրայից վերցրեց քահանայության իշխանությունը և քահանայության բանալիները:

Մեծ Ուրացության ժամանակ մարդիկ մնացին առանց կենդանի մարգարեների կողմից տրվող աստվածային առաջնորդության: Շատ եկեղեցիներ հիմնվեցին, սակայն դրանք չունեին Սուրբ Հոգու պարգևը շնորհելու կամ քահանայության այլ արարողություններ կատարելու իշխանությունը: Սուրբ գրությունների շատ մասեր փոփոխվեցին կամ կորան, և մարդիկ այլևս չունեին Աստծո մասին ճշմարիտ գիտելիք:

Ուրացությունը տևեց մինչև այն ժամանակը, երբ Երկնային Հայրը և Նրա Սիրելի Որդին հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին և մեկնարկեցին ավետարանի լրության Վերականգնումը:

Վերականգնում

Վերականգնումը Աստծո կողմից երկրի վրա Իր ավետարանի ճշմարտությունների և սկզբունքների վերահաստատումն է Իր զավակների մեջ (տես Գոր. Գ.19-21):

Վերականգնումը պատրաստելիս Տերը բարձրացրեց ազնվաբարո տղամարդկանց Վերափոխում կոչվող ժամանակաշրջանում: Նրանք փորձեցին վերադարձնել կրոնական վարդապետությունը, սովորությունները և կազմակերպությունն այնպես, ինչպես Փրկիչն էր հիմնել դրանք: Սակայն նրանք չունեին քահանայություն, ոչ էլ ավետարանի լրիվությունը:

Վերականգնումը սկսվեց 1820 թվականին, երբ Հայր Աստվածը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին՝ ի պատասխան նրա աղոթքի (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.15-0): Վերականգնման կարևոր իրադարձություններից էին Մորմոնի Գրքի թարգմանությունը, Ահարոնյան և Մելքիսեդեկյան Քահանայությունների վերականգնումը և Եկեղեցու կազմակերպումը 1830թ. ապրիլի 6-ին:

Ահարոնյան Քահանայությունը վերականգնվեց, շնորհվելով Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Հովհաննես Մկրտչի կողմից 1829թ. մայիսի 15-ին: Մելքիսեդեկյան Քահանայությունը և արքայության բանալիները նույնպես վերականգնվեցին 1829թ., երբ Պետրոս, Հակոբոս և Հովհաննես Առաքյալները շնորհեցին դրանք Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին:

Ավետարանի լրիվությունը վերականգնվեց և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին է ողջ երկրի երեսի վրա» (ՎևՈւ 1.30): Եկեղեցին ի վերջո կլցնի ողջ երկիրը և հավերջ կգոյատևի:

Առնչվող հղումներ. Եսայիա ԻԹ.13-14, Եզեկիել ԼԷ.15-17, Եփեսացիս Դ.11-14, Հակոբոս Ա.5-6

5. Մարգարեներ և հայտնություն

Մարգարեն այն անձն է, որը կանչվում է Աստծո կողմից Նրա անունից խոսելու համար (տես Ամովս Գ.7): Մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին և ուսուցանում են Նրա ավետարանը: Նրանք հայտնի են դարձնում Աստծո կամքը և իրական էությունը: Նրանք նախազգուշացնում են մեղքի մասին և դրա հետևանքների մասին: Ժամանակ առ ժամանակ նրանք մարգարեանում են ապագա իրադարձությունների մասին (տես ՎևՈՒ 1.37-38): Երբ մենք ուսումնասիրում ենք մարգարեների խոսքերը, մենք կարող ենք սովորել ճշմարտությունը և ստանալ առաջնորդություն (տես 2 Նեփի 32.3):

Մենք հաստատում ենք Եկեղեցու Նախագահին որպես մարգարե, տեսանող և հայտնող, և երկրի վրա միակ մարդը, որը հայտնություն է ստանում ողջ Եկեղեցին առաջնորդելու համար: Մենք նաև հաստատում ենք Առաջին Նախագահության խորհրդականներին և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ:

Հայտնությունը Աստծո կողմից Իր զավակների հետ հաղորդակցություն է: Երբ Տերը հայտնում է իր կամքը Եկեղեցուն, Նա խոսում է Իր մարգարեի միջոցով: Սուրբ գրությունները՝ Աստվածաշունչը, Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը, Թանկագին Մարգարիտը, պարունակում են հայտնություններ՝ տրված հնադարյան և վերջին օրերի մարգարեների կողմից: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահը Աստծո մարգարեն է երկրի վրա այսօր:

Անհատները կարող են հայտնություն ստանալ, որը կօգնի իրենց յուրահատուկ կարիքների, պարտականությունների և հարցերի դեպքում և կօգնի ամրացնել իրենց վկայությունները: Եկեղեցու ղեկավարների և անդամների հայտնություններից շատերը գալիս են Սուրբ Հոգու կողմից տրված հուշումների և մտքերի միջոցով: Սուրբ Հոգին խոսում է մեր մտքերին և սրտերին մեղմ, ցածր ձայնով (տես ՎևՈՒ 8.2-3): Հայտնությունը կարող է նաև գալ տեսիլքների, երազների և հրեշտակների այցելությունների միջոցով:

Առնչվող հղումներ. Սաղմոս ՃԺԹ.105, Եփեսացիս Դ.11-14, Բ Տիմոթեոս Գ.15-17, Հակոբոս Ա.5-6, Մորոնի 10.4-5

6. Քահանայություն և քահանայության բանալիներ

Քահանայությունը Աստծո հավիտենական զորությունը և իշխանությունն է: Քահանայության միջոցով Աստված ստեղծել է երկինքը և երկիրը և ղեկավարում է դրանք: Այդ զորության միջոցով Նա փրկագնում և վեհացնում է Իր զավակներին՝ իրականացնելով «մարդու անմահությունը և հավերժական կյանքը» (Մովսես 1.39):

Աստված քահանայության իշխանություն է տալիս Եկեղեցու արժանի տղամարդկանց, որպեսզի նրանք կարողանան գործել Իր անունով՝ Իր զավակների փրկության համար: Քահանայության բանալիները ղեկավարելու իրավունքներն են կամ զորությունը, տրված մարդուն Աստծո կողմից, Աստծո թագավորությունը երկրի վրա ղեկավարելու և առաջնորդելու համար (տես Մատթեոս ԺԶ.15-19): Այս բանալիների միջոցով քահանայություն կրողները կարող են իշխանություն ունենալ քարոզելու ավետարանը և կատարելու փրկության արարողությունները: Բոլորը, ովքեր ծառայում են Եկեղեցուն, կանչված են մի մարդու առաջնորդությամբ, ով կրում է քահանայության բանալիներ: Այսպիսով, նրանք լիազորված են ունենալու զորություն, որն անհրաժեշտ է ծառայելու և իրենց կոչման պարտականությունները կատարելու համար:

Առնչվող հղում. ՎևՈՒ 121.36, 41-42

Ահարոնյան Քահանայություն

Ահարոնյան Քահանայությունը հաճախ կոչվում է նախապատրաստական քահանայություն: Ահարոնյան Քահանայության պաշտոններն են՝ սարկավագ, ուսուցիչ, քահանա և եպիսկոպոս: Այսօր Եկեղեցում արժանի տղամարդիկ կարող են ստանալ Ահարոնյան Քահանայություն 12 տարեկանից սկսած:

Ահարոնյան Քահանայությունը «կրում է հրեշտակների սպասավորության, ապաշխարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության բանալիները» (ՎևՈՒ 13.1):

Մելքիսեդեկյան Քահանայություն

Մելքիսեդեկյան Քահանայությունը բարձրագույն կամ մեծագույն քահանայությունն է և ծառայում է հոգևոր բաներում (տես ՎևՈՒ 107.8):Այս մեծագույն քահանայությունը տրվեց Ադամին և եղել է երկրի վրա ցանկացած ժամանակ, երբ Տերը հայտնել է Իր ավետարանը:

Սկզբում այն կոչվում էր «Սուրբ Քահանայություն ըստ Աստծո Որդու Կարգի» (ՎևՈՒ 107.3): Հետագայում այն հայտնի դարձավ որպես Մելքիսեդեկյան Քահանայություն, կոչվելով մեծ քահանայապետի անունով, որն ապրում էր մարգարե Աբրահամի ժամանակ:

Մելքիսեդեկյան Քահանայության մեջ են մտնում երեցի, քահանայապետի, հայրապետի, Յոթանասունականի և Առաքյալի պաշտոնները:Մելքիսեդեկյան Քահանայության Նախագահը Եկեղեցու Նախագահն է:

Առնչվող հղումներ. Եփեսացիս Դ.11-14

7. Արարողություններ և ուխտեր

Արարողություններ

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում արարողությունը սուրբ, պաշտոնական գործողություն է , որն ունի հոգևոր նշանակություն: Յուրաքանչյուր արարողություն ստեղծվել է Աստծո կողմից՝ հոգևոր ճշմարտություններ ուսուցանելու համար: Փրկության արարողությունները կատարվում են քահանայության իշխանությամբ և նրանց ղեկավարության ներքո, ովքեր կրում են քահանայության բանալիները: Որոշ արարողություններ էական դեր ունեն վեհացման համար և կոչվում են փրկող արարողութուններ:

Ավետարանի առաջին փրկող արարողությունը ջրի մեջ ընկղմելով մկրտությունն է, որը կատարվում է մեկի կողմից, ով ունի իշխանություն: Անհատի համար մկրտությունը կարևոր է, որ դառնա Եկեղեցու անդամ և մտնի սելեստիալ արքայություն (տես Հովհաննես Գ.5):

Մկրտություն բառը առաջացել է հուներեն բառից, որը նշանակում է սուզվել կամ ընկղմվել: Ընկղմվելը խորհրդանշում է մարդու մեղավոր կյանքի մահը և հոգևոր կյանքի վերածնունդը, որը նվիրվում է Աստծո և Նրա զավակների ծառայությանը: Այն նաև խորհրդանշում է մահը և հարությունը:

Մկրտվելուց հետո, մեկ կամ ավել Մելքիսեդեկյան Քահանայության կրողներ իրենց ձեռքերը դնում են մարդու գլխին և հաստատում նրան որպես Եկեղեցու անդամ: Որպես այս արարողության մաս, որը կոչվում է հաստատում, անձը ստանում է Սուրբ Հոգու պարգևը:

Սուրբ Հոգու պարգևը տարբերվում է Սուրբ Հոգու ազդեցությունից: Մկրտությունից առաջ ժամանակ առ ժամանակ անձը կարող է զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը և այդ ազդեցության միջոցով ստանալ ճշմարտության մասին վկայություն (տես Մորոնի 10.4-5): Սուրբ Հոգու պարգևը ստանալուց հետո անձն իրավունք ունի ունենալ Նրա մշտական ընկերակցությունը, եթե պահում է պատվիրանները:

Մյուս փրկող արարողությունները ներառում են Մելքիսեդեկյան Քահանայության կարգումը (տղամարդկանց համար), տաճարային օժտումը և ամուսնության կնքումը (տես ՎևՈՒ 131.1-4): Քահանայության բոլոր փրկող արարողությունները ուղեկցվում են ուխտերով: Տաճարում այս փրկող արարողությունները կարող են նաև կատարվել մահացածների համար: Մահացածների համար կատարվող արարողությունները հասնում են իրենց նպատակին միայն այն դեպքում, երբ մահացած անձնավորություններն ընդունում են դրանք հոգևոր աշխարհում և պատվում են դրանց հետ կապված ուխտերը:

Մյուս արարողությունները, ինչպես օրինակ հիվանդներին ծառայելը և երեխաներին անվանակոչելն ու օրհնելը, նույնպես կարևոր են մեր հոգևոր զարգացման համար:

Առնչվող հղում. Գոր. Բ.36-38

Ուխտեր

Ուխտը սուրբ համաձայնություն է Աստծո և մարդկանց միջև: Աստված տալիս է ուխտի պայմանները, իսկ մենք համաձայնվում ենք անել այն, ինչ նա խնդրում է: Ապա մեր հնազանդության համար Աստված խոստանում է մեզ որոշակի օրհնություններ (տես ՎևՈՒ 82.10):

Քահանայության բոլոր փրկող արարողությունները ուղեկցվում են ուխտերով: Մենք ուխտ ենք կապում Տիրոջ հետ մկրտության ժամանակ և նորոգում այդ ուխտը՝ ընդունելով հաղորդությունը: Մելքիսեդեկյան Քահանայություն ստացած եղբայրները մտնում են քահանայության երդման և ուխտի մեջ: Տաճարում մենք այլ ուխտեր ենք կապում:

Առնչվող հղումներ. Ելից ԺԹ.5-6, Սաղմոս ԻԴ.3-4, 2 Նեփի 31.19-20, ՎևՈՒ 25.13

8. Ամուսնություն և ընտանիք

Տղամարդու և կնոջ ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից, և ընտանիքն ամենակարևոր դերն ունի Նրա փրկության ծրագրում և մեր երջանկության համար: Ընտանեկան կյանքում երջանկության հասնելու ամենամեծ հավանականությունն այն դեպքում է, երբ ընտանիքը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա:

Ծնունդ տալու սուրբ զորությունը պետք է օգտագործվի միայն այն տղամարդու և կնոջ միջև, որոնք օրինական ձևով ամուսնացած են որպես ամուսին և կին: Ծնողները պետք է զավակներ ունենան և լցնեն երկիրը, դաստիարակեն իրենց երեխաներին սիրո և առաքինության մթնոլորտում, և ապահովեն իրենց երեխաների ֆիզիկական և հոգևոր կարիքները:

Ամուսինը և կինը սուրբ պատասխանատվություն են կրում սիրելու և հոգ տանելու միմյանց համար: Հայրերը պետք է ղեկավարեն իրենց ընտանիքները սիրով և առաքինությամբ և ապահովեն ընտանիքի կենսական կարիքները: Մայրերը, հատկապես, պատասխանատու են իրենց երեխաների դաստիարակման համար: Այս սուրբ պարտականություններն իրականացնելիս, հայրերն ու մայրերը պարտավոր են օգնել միմյանց որպես հավասար գործընկերներ:

Երջանկության աստվածային ծրագիրը հնարավորություն է տալիս, որ ընտանեկան կապերը շարունակվեն մահից հետո: Երկիրը ստեղծվել է և ավետարանը տրվել է, որպեսզի ընտանիքները կազմվեն, կնքվեն և հավերժ վեհացում ստանան: (Վերցված է «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» նյութից, Ensign, նոյեմբեր 2010, 129:)

Առնչվող հղումներ. Ծննդոց Բ.24, Սաղմոս ՃԻԷ.3, Մաղաքիա Դ.5-6, ՎևՈՒ 131.1-4

9. Պատվիրաններ

Պատվիրանները օրենքներ և պահանջներ են, որոնք Աստված տալիս է մարդկանց: Մենք ցույց ենք տալիս Նրա հանդեպ մեր սերը՝ պահելով Նրա պատվիրանները (տես Հովհաննես ԺԴ.15): Պահելով պատվիրանները՝ մենք օրհնություններ ենք ստանում Տիրոջից (տես ՎևՈՒ 82.10):

Երկու հիմնական պատվիրաններն են. «Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը և քո բոլոր մտքովը:… Եվ … սիրիր քո ընկերին քո անձի պես» (Մատթեոս ԻԲ.36-39):

Տաս Պատվիրանները ավետարանի կարևոր մասն են կազմում և հանդիսանում են հավիտենական այն սկզբունքները, որոնք անհրաժեշտ են մեր վեհացման համար (տես Ելից Ի.3-17): Տերը հայտնել է դրանք հին ժամանակներում Մովսեսին, իսկ վերջին օրերի հայտնություններում կրկին վերահաստատել է:

Մյուս պատվիրանները ներառում են ամեն օր աղոթելը (տես 2 Նեփի 32.8-9), ուրիշներին ավետարանն ուսուցանելը (տես Մատթեոս 28.19-20), մաքրաբարոյության օրենքը պահելը (տես ՎևՈՒ 46.33), լրիվ տասանորդը վճարելը (տես Մաղաքիա Գ.8-10), ծոմապահությունը (տես Եսայիա ԾԸ.6-7), ուրիշներին ներելը (տես ՎևՈՒ 64.9-11), երախտագետ հոգի ունենալը (տես ՎևՈՒ 78.19), Իմաստության Խոսքը պահելը (տես ՎևՈՒ 89.18-21):

Առնչվող հղումներ. Ծննդոց ԼԹ,9, Եսայիա ԾԸ.13-14, 1 Նեփի 3.7, Մոսիա 4.30, Ալմա 37.35, Ալմա 39.9, ՎևՈՒ 18.15-16, ՎևՈՒ 88.124

Այս թեմաների վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար այցելեք lds.org, Gospel Library, Gospel Topics կամ տես Հավատքին հավատարիմ. Ավետարանական վկայակոչում (2004):