Գրադարան
Դաս 113. Հելաման 13


Դաս 113

Հելաման 13

Նախաբան

Փրկչի ծննդից մի քանի տարի առաջ Տերը Սամուել անունով Լամանացի մի մարգարե ուղարկեց, որպեսզի Նեփիացիներին ապաշխարություն քարոզի: Նա Զարահեմլայում Նեփիացիներին հայտարարեց Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով փրկագնման ուրախ լուրը: Նա նաև նրանց հիշեցրեց մարգարեներին մերժելու և անօրինության մեջ երջանկություն փնտրելու իրենց հակվածության մասին: Նա զգուշացրեց նրանց այն կործանման մասին, որը կգար, եթե նրանք չապաշխարեին:

Ուսուցանման առաջարկներ

Հելաման 13

Սամուելը զգուշացնում է Նեփիացիներին իրենց կործանման մասին, եթե չապաշխարեն

Դասից առաջ պատրաստեք այս դասի վերջում ներկայացված հուշաթերթիկը: Կարող եք կտրել հուշաթերթիկը երեք մասի՝ յուրաքանչյուրի վրա նշելով մեկ խմբակային հանձնարարություն: Նաև դասից առաջ գրատախտակի վրա արտագրեք Հելաման 13-ի հետևյալ համառոտ շարադրանքը:

Հելաման 13.1–4Տերը կանչում է Սամուել Լամանացուն, որպեսզի քարոզի Նեփիացիներին:

Հելաման 13.5–23 Սամուելը զգուշացնում է Նեփիացիներին կործանման մասին, որը կգա նրանց վրա, եթե նրանք չապաշխարեն:

Հելաման 13:24–39 Սամուելը զգուշացնում է մարդկանց մարգարեներին մերժելու և ապաշխարելուց հրաժարվելու հետևանքների մասին:

Սամուել Լամանացին պատի վրա

Դասը սկսեք ցուցադրելով Սամուել Լամանացու նկարը պատի վրա (62370; Ավետարանի արվեստի գիրք [2009], համար 81): Հարցրեք ուսանողներին, արդյոք գիտեն, թե ինչու էին Նեփիացիներն ուզում սպանել Սամուելին: Ուսանողների պատասխանելուց հետո բացատրեք, որ Հելաման 13–16 գլուխները պարունակում է մարգարե Սամուել Լամանացու մասին պատմությունը: Այս պատմությունը եզակի է, որովհետև Մորմոնի Գրքում մենք միայն մեկ անգամ ենք տեսնում, որ Լամանացի մարգարեն Նեփիացիներին ապաշխարության է կանչում: Այս ժամանակահատվածում Լամանացիներն ավելի արդարակյաց էին, քան Նեփիացիները: Անդրադարձեք գրատախտակի վրա գրված համառոտ շարադրանքին, որպեսզի ուսանողներին տաք Հելաման 13 գլխի հակիրճ պատկերացում:

Դասարանը երեք խմբի բաժանեք: (Հնարավորության դեպքում թող որ յուրաքանչյուր խումբ ունենա հավասար թվով ուսանող:) Յուրաքանչյուր ուսանողի տվեք իր խմբի հանձնարարությունը (ներկայացված դասի վերջում:) Ասացեք ուսանողներին, որ նրանք որոշ հատվածներ կուսումնասիրեն Հելաման 13 գլխից և, այնուհետև, միմյանց կուսուցանեն այն, ինչ սովորել են: Խնդրեք յուրաքանչյուր ուսանողի իրեն հանձնարարված սուրբ գրության հատվածներից ուսուցանելու սկզբունքներ և ուղեկցող հարցերի պատասխաններ պատրաստել: Հնարավորություն տվեք ուսանողներին հարցերի պատասխանների տարբերակը գրի առնել (Այս վարժությունը թույլ կտա բոլոր ուսանողներին մասնակցել և կապահովի հուսալի միջավայր, որտեղ ուսանողները կարող են միմյանց հետ կիսվել զգացումներով, մտքերով և վկայություններով:)

Երբ ուսանողներն ունեցել են բավականաչափ ժամանակ անհատապես ուսումնասիրելու համար, հանձնարարեք նրանց աշխատել երեք հոգուց բաղկացած խմբերով: Հնարավորության դեպքում, լավ կլիներ, որ յուրաքանչյուր խումբ ընդգրկեր մեկ ուսանողի, ով ուսումնասիրել է Հելաման 13.1–7, 11 հատվածները, մյուսը, ով ուսումնասիրել է Հելաման 13.17–23 հատվածները, և երրորդը, ով ուսումնասիրել է Հելաման 13.24–33 հատվածները: Յուրաքանչյուր ուսանողի բավարար ժամանակ տրամադրեք իր պատասխաններով խմբի մյուս անդամների հետ կիսվելու համար: Փոքր խմբերի քննարկման ժամանակ քայլեք դասարանով և վերահսկեք ուսանողների պատասխանները: Անհրաժեշտության դեպքում ձեր լսած քննարկումներին ավելացրեք ձեր կարծիքը:

Երբ ուսանողներն ավարտեն միմյանց ուսուցանել, նրանցից մի քանիսին հրավիրեք ողջ դասարանի հետ կիսվել ճշմարտությամբ կամ կարծիքով, որ նրանք վարժության ընթացքում սովորեցին մեկ այլ ուսանողից:

Ամփոփեք Հելաման 13.9–14՝ բացատրելով, որ Նեփիացիները կարող էին կործանվել 400 տարի անց (տես Հելաման 13.9–10) և միակ պատճառը, որ այդ ժամանակ չկործանվեցին, այն էր, որ դեռ նրանց մեջ արդար մարդիկ էին ապրում (տես Հելաման 13.13–14): Վկայեք, որ Սամուելն ուղարկվել էր Նեփիացիների մոտ Տիրոջ կողմից, և նա խոսում էր այն, ինչ Տերը դնում էր նրա սրտի մեջ, երբ նա հրավիրում էր Նեփիացիներին ապաշխարել և Տիրոջ մոտ վերադառնալ (տես Հելաման 13.11):

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 13.27–28 հատվածները: Խնդրեք, որ երեխաները հետևեն՝ ուշադրություն դարձնելով, թե Նեփիացիներն ինչպես արձագանքեցին կեղծ մարգարեներին:

  • Ըստ Սամուելի՝ Նեփիացիներն ինչպե՞ս արձագանքեցին նրանց, ովքեր կեղծ բաներ էին ուսուցանում: Ձեր կարծիքով ինչու՞ ոմանք ընդունեցին նրա հորդորները, իսկ մյուսները մերժեցին այն:

  • Ինչպե՞ս են Հելաման 13.27 հատվածում մեր կարդացած խոսքերը և վերաբերմունքներն ակնհայտ մեր օրերում:

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ խոսքերը.

«Թե ինչպես կարձագանքենք կենդանի մարգարեի խոսքերին, երբ նա մեզ ասում է այն, ինչ պետք է իմանանք, բայց նախընտրում ենք չլսել, հանդիսանում է մեր հավատարմության ստուգումը» («Մարգարեին հետևելու տասնչորս հիմունքներ» [ԲՅՀ հոգևոր ժամի ուղերձ, Փետր. 26, 1980], 3–4, speeches.byu.edu):

  • Մարգարեների ո՞ր խորհրդին հետևելը կարող է որոշ մարդկանց համար դժվար լինել այսօր:

  • Ո՞րն է մարգարեական ուղերձին հետևելու օրինակներից մեկը, որին դուք ընտրել եք հնազանդվել: Ինչպե՞ս եք օրհնվել այս խորհրդին հետևելու շնորհիվ:

Հրավիրեք ուսանողներին իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում գրել կենդանի մարգարեների խորհրդին հետևելու մի եղանակի մասին, որը կարող են բարելավել:

Ուսանողներին գրելու համար բավականաչափ ժամանակ հատկացնելուց հետո խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 13.33–37 հատվածները: Խնդրեք երեխաներին հետևել՝ ուշադրություն դարձնելով, թե չապաշխարող Նեփիացիները վերջիվերջո ինչպիսի փորձառություն են ունենում և ինչ կասեն իրենք իրենց մասին: Այնուհետև հրավիրեք մեկ այլ ուսանողի բարձրաձայն կարդալ Հելաման 13.38 հատվածը: Խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել այն տխուր ճշմարտությանը, որ Սամուելը հայտարարեց Նեփիացիների ապագա սերունդների վերաբերյալ:

  • Ինչպիսի՞ տխուր ճշմարտություն հայտարարեց Սամուելը Նեփիացիների ապագա սերունդների մասին:

  • Ձեր կարծիքով, Սամուելն ի՞նչ ի նկատի ուներ, երբ նա ասաց, որ նրանց «փորձության օրերն անցած են»: (Նեփիացիների ապագա սերունդները կձգձգեն իրենց ապաշխարությունը մինչև դա չափազանց ուշ կլինի նրանց համար ապաշխարել: Եվ քանի որ նրանք չեն ապաշխարում, նրանց մեղքերը նրանց կտանեն դեպի իրենց կործանում:)

  • Ի՞նչ սխալ բան կա «անօրինություն անելու մեջ երջանկություն» փնտրելիս: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ ճշմարիտ երջանկությունը գալիս է միայն այն ժամանակ, երբ մենք պահում ենք Աստծո պատվիրանները:)

  • Ո՞րոնք են այն եղանակները, որ մարդիկ երջանկություն են փնտրում անօրինություն անելու մեջ:

Հիշեցրեք ուսանողներին Մորմոնի Գրքի այլ պատմությունների մասին, որտեղ անհատները համառում էին խռովության և ամբարշտության մեջ, մինչև նրանց սրտերը կարծրացան Սուրբ Հոգու ազդեցության նկատմամբ: (Օրինակներն ընդգրկում են Լամանին և Լեմուելին, ովքեր «անզգայացած» էին [1 Նեփի 17.45] և հրաժարվում էին լսել Աստծուն, և Նոյ թագավորին ու իր ժողովրդին, ովքեր հրաժարվեցին ապաշխարել՝ չնայած մարգարե Աբինադիի զգուշացումներին:) Սամուելը շեշտեց, որ Նեփիացիների հրաժարումն ապաշխարելուց կտաներ դեպի իրենց ապագա սերունդների կործանում:

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ անհատապես յուրաքանչյուր մարդու համար, ով կընտրի ապաշխարել, միշտ հույս կա: Ապաշխարության միջոցով մենք կարող ենք ստանալ Տիրոջ ներումը և թույլ չտալ, որ մեր սրտերը կարծրանան: Որպեսզի ուսանողներին օգնեք հասկանալ, որ ապաշխարության միջոցով մենք կարող ենք ուղղել մեր ընթացքը, կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերը.

Օդաչու դառնալու համար իմ ուսուցման ժամանակ ես սովորեցի ինչպես վարել օդանավը երկար տարածությունների վրա: Ահռելի մեծության օվկիանոսների, լայն անապատների վրայով և մայրցամաքների միջև թռիչքները մանրակրկիտ պլանավորում էին պահանջում, որպեսզի հնարավոր լիներ ապահով հասնել նախատեսված վայրը: Առանց կանգառի այդ թռիչքները կարող էին, երբեմն, տևել մինչև 14 ժամ և անցնել ավելի քան 14000 կմ տարածություն:

Այդ երկարատև թռիչքների ժամանակ կա որոշիչ մի կարևոր կետ, որը կոչվում է ապահով վերադարձի կետ: Մինչև այդ կետն օդանավն ունի բավական վառելիք, որպեսզի շրջվի և ապահով վերադառնա թռիչքի ելման օդանավակայան:Ապահով վերադարձի այդ կետն անցնելուց հետո օդանավի հրամանատարը կորցնում է այդ հնարավորությունը և պետք է շարունակի թռիչքը:Այդ պատճառով է այդ կետը հաճախ կոչվում կետ, որից ետադարձ չկա:

Սատանան ցանկանում է մենք մտածենք, որ երբ մեղք ենք գործում, մենք անցնում ենք «կետը, որից ետադարձի ուղի չկա», այսինքն, որ շատ ուշ է փոխել մեր ուղղությունը ….

«… Որպեսզի մենք կորցնենք մեր հույսը, նրա պես թշվառ զգանք մեզ և հավատանք, որ մեզ համար այլևս ներում չկա, սատանան կարող է անգամ սխալ օգտագործել սուրբ գրությունների խոսքերը, որոնք ընդգծում են Աստծո արդարադատությունը, որպեսզի հասկացնի, որ ողորմածություն գոյություն չունի ….

Քրիստոսը եկավ մեզ փրկելու: Եթե մենք սխալ ուղի ենք բռնում, Հիսուս Քրիստոսի Քավությունը մեզ հավաստիացում է տալիս, որ մեղքն անդառնալի կետ չէ: «Ապահով վերադարձը հնարավոր է, եթե մենք հետևենք մեր փրկության համար նախատեսված Աստծո ծրագրին» («Ապահով վերադարձի կետ», Ensign կամ Լիահոնա, Մայիս 2007, 99):

  • Ինչպե՞ս կարող են Նախագահ Ուխդորֆի նշումները հույս տալ ինչ-որ մեկին, ով մեղք է գործել:

Խրախուսեք ուսանողներին խորհել իրենց քննարկած ճշմարտությունների մասին: Խրախուսեք նրանց գործել համաձայն Սուրբ Հոգուց ստացած տպավորությունների: Վկայեք, որ երջանկությունը գալիս է նրանց, ովքեր հետևում են Տիրոջ ապաշխարելու հրավերին:

Նշում. դասի սկզբում նկարագրված երեք խմբերի համար պատրաստեք հետևյալ հուշաթերթիկները:

1 խումբ —Հելաման 13.1–7, 11

Մարգարեները հայտնում են այն ուղերձները, որ Աստված դնում է իրենց սրտում:

  1. Ձեր կարծիքով, ո՞ր հատվածներն են ուսուցանում այս ճշմարտությունը:

  2. Ի՞նչ ուղերձ էր Աստված դրել Սամուելի սրտում:

  3. Ձեր կարծիքով, ինչու՞ Սամուելի համար այս ուղերձը հաղորդելը կարող էր դժվար լինել:

  4. Սամուելն ինչպիսի՞ ազդեցություն էր ակնկալում, որ իր ուղերձը կունենար Նեփիացիների վրա:

  5. Երբևէ՞ զգացել եք, որ ծնողը կամ Եկեղեցու առաջնորդը ոգեշնչված է եղել ձեզ ուղերձ հաղորդելու համար: Ինչպե՞ս է դա ներգործել ձեր վրա:

  6. Ի՞նչ լրացուցիչ ճշմարտություններ կարող եք գտնել այս հատվածներում:

2 խումբ —Հելաման 13.17–23

Երբ մենք չենք հիշում Տիրոջը, մենք ենթարկվում ենք հպարտությանն ու անօրինությանը:

  1. Ձեր կարծիքով, ո՞ր հատվածներն են ուսուցանում այս ճշմարտությունը:

  2. Ըստ Սամուելի՝ ինչպիսի՞ անեծք կգար Նեփիացիների վրա, եթե նրանք համառեին անօրինության մեջ:

  3. Նեփիացիների սերը հարստության նկատմամբ էլ ինչպիսի՞ մեղքերի տարավ նրանց:

  4. Թվարկեք մի քանի բան, որոնց վրա իրենց սրտերը դնելու դեպքում երիտասարդները կգնան դեպի հպարտություն և մեղք:

  5. Ձեր կարծիքով, ինչու՞ է կարևոր «հիշել Տիրոջը՝ ձեր Աստծուն, այն բաների համար, որոնցով նա օրհնել է ձեզ» ( Հելաման 13.22):

  6. Ի՞նչ լրացուցիչ ճշմարտություններ կարող եք գտնել այս հատվածներում:

3 խումբ—Հելաման 13.24–33

Եթե մենք մերժենք Տիրոջ մարգարեների խոսքերը, մենք կունենանք վիշտ ու թախիծ:

  1. Ձեր կարծիքով ո՞ր հատվածներն են ուսուցանում այս ճշմարտությունը:

  2. Ըստ Սամուելի՝ ինչու՞ էին Նեփիացիները մերժում ճշմարիտ մարգարեներին:

  3. Ձեր կարծիքով ինչու՞ որոշ մարդիկ ընդունում էին կեղծ մարգարեներին, ինչպես Սամուելն էր նկարագրում:

  4. Ո՞րոնք են կենդանի մարգարեների և առաքյալների որոշ հատուկ ուսմունքները:

  5. Ո՞րոնք են որոշ «հիմար և կույր առաջնորդները» (Հելաման 13.29), որոնցից կենդանի մարգարեները և առաքյալները զգուշացրել են մեզ խուսափել:

  6. Ի՞նչ լրացուցիչ ճշմարտություններ կարող եք գտնել այս հատվածներում:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հելաման 13.3 «Ինչ բաներ որ կգար նրա սիրտը»

Մարգարե Սամուելն ինքնուրույն չէր որոշում ինչ քարոզել Նեփիացիներին: Հելաման 13.3 հատվածում մենք կարդում ենք, որ նա ուսուցանում էր «ինչ բաներ որ կգար նրա սիրտը»: Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերը բացատրել է, թե շատ հաճախ ինչպես ենք մենք ստանում նման հայտնություն:

«Հայտնությունը գալիս է, երբ մենք ավելի շատ զգում, քան լսում ենք բառերը: Իր ինքնահաճ եղբայրներին, ում այցելել էր հրեշտակը, Նեփին ասաց. «Դուք անզգայացած էիք, որպեսզի կարողանայիք զգալ նրա խոսքերը» 1 Նեփի 17.45; շեշտադրումն ավելացված է:

«Սուրբ Գրությունները լի են նման արտահայտություններով, ինչպես «Վարագույրը հեռացվեց մեր մտքերից, և մեր հասկացողության աչքերը բացվեցին», [ՎևՈւ 110.1] կամ «Ես կասեմ քեզ քո մտքում և քո սրտում», [ՎևՈւ 8.2] կամ «Ես լուսավորել եմ քո միտքը», [ՎևՈւ 6.15] «Ասեք այն մտքերը, որոնք ես կդնեմ ձեր սրտում» [ՎևՈւ 100․5]։ Կան հարյուրավոր հատվածներ, որոնք ուսուցանում են հայտնության մասին» («Անձնական հայտնություն. շնորհ, փորձություն և խոստում», Ensign, Նոյ. 1994, 60):

Հելաման 13.23–29 Հետևել կենդանի մարգարեին

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Բալլարդը շեշտադրեց կենդանի մարգարեներին և առաքյալներին հետևելու կարևորությունը.

«Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, խնդրում եմ, ուշադրություն դարձրեք այն բաներին, ինչ ուսուցանել են Եկեղեցու առաջնորդները… Կիրառեք այն ուսմունքները, որոնք կօգնեն ձեզ և ձեր ընտանիքներին: Թող որ մենք բոլորս, անկախ մեր ընտանեկան հանգամանքներից, մեր տուն բերենք կենդանի մարգարեների և առաքյալների ուսմունքները, որպեսզի ամրացնենք մեր հարաբերությունները միմյանց հետ, մեր Երկնային Հոր հետ և Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Ես խոստանում եմ ձեզ, Տիրոջ անունով, որ եթե դուք լսեք ոչ միայն ձեր ականջներով, բայց նաև ձեր սրտով, Սուրբ Հոգին ցույց կտա ձեզ Եկեղեցու Նախագահի, նրա խորհրդականների, Առաքյալների և Եկեղեցու այլ առաջնորդների կողմից հղված ուղերձների ճշմարտացիությունը: Սուրբ Հոգին ձեզ կհուշի իմանալ, թե ինչ պետք է անեք որպես անհատներ և ընտանիքներ մեր խորհրդին հետևելու համար, որպեսզի ձեր վկայություններն ամրանան և դուք ունենաք խաղաղություն և ուրախություն» («Նրա խոսքը դուք կստանաք» Ensign, մայիս 2001, 67):

Հելաման 13.38 Երջանկություն չես գտնի անօրինություն անելու մեջ

Սամուելը զգուշացրեց Նեփիացիներին, որ եթե նրանք շարունակեն փնտրել երջանկություն անօրինություն անելու մեջ, նրանք կկործանվեն: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ուսուցանել է, որ երջանկությունը գալիս է միայն արդարակեցության միջոցով.

«Նկատե՞լ եք, թե ինչպես է Սատանան աշխատում, որպեսզի առկայծող պատկերներով, բարձր երաժշտությամբ և ֆիզիկական զգայարանների չափից ավելի գրգռումով գրավի միտքն ու հույզերը: Նա ջանասիրաբար փորձում է կյանքը լցնել գործողությամբ, զվարճանքով և ոգևորմամբ, այնպես որ հնարավոր չլինի մտածել իր գայթակղիչ հրավերքների հետևանքների մասին: Մտածեք այդ մասին: Որոշ մարդիկ հրապուրվում են խախտել Աստծո ամենահիմնական պատվիրաններն ընդունելի թվացող գայթակղիչ գործողությունների պատճառով: Դրանք ներկայացվում են հրապուրիչ, նույնիսկ ցանկալի կերպով: Թվում է չկա որևէ լուրջ հետևանք, այլ կա հարատև ուրախություն և երջանկություն: Բայց իմացեք, որ այդ ներկայացումները կառավարվում են սցենարի հեղինակի և դերասանների կողմից: Կատարված որոշումների արդյունքը նույնպես ղեկավարվում է լինել այնպիսին, ինչպիսին ուզում է բեմադրողը:

«Կյանքն այդպես չէ: Այո, բարոյական ընտրությունը թույլ է տալիս ձեզ ընտրել այն, ինչ կընտրեք, բայց դուք չէք կարող վերահսկել այդ ընտրությունների հետևանքները: Ի տարբերություն մարդու խաբուսիկ ստեղծագործությունների՝ մեր Երկնային Հայրը սահմանում է մեր ընտրությունների հետևանքները: Հնազանդությունը կբերի երջանկություն, մինչ Նրա պատվիրանների խախտումը՝ ոչ» («Ինչպես լավ ապրել մեծացող չարիքի մեջ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 102):

Հելաման 13.38 «Առհավետ չափազանց ուշ»

Նախագահ Սպենսեր Վ Քիմբալն ուսուցանել է.

«Ճշմարիտ է, որ ապաշխարության մեծ սկզբունքը միշտ մատչելի է, բայց ամբարիշտների ու խռովարարների համար կան լուրջ սահմանափակումներ այս խոսքի շուրջ: Օրինակ, մեղքն ուժգին կերպով սովորություն դառնալու հակվածություն ունի, և, երբեմն, տանում է մարդկանց դեպի մի ողբերգական կետ, որից ետդարձ չկա: Ներում չի կարող լինել առանց ապաշխարության, և առանց ներման հավերժության բոլոր օրհնությունները վտանգի տակ են դրվում: Երբ մեղսագործն ավելի ու ավելի խորն է գնում իր մեղքի մեջ, և սխալն ավելի խորն արմատներ է գցում, և փոխվելու ցանկությունը նվաղում է, իրավիճակը գրեթե անհուսալի է դառնում, և նա սահում է ներքև ու ներքև, մինչև կամ ինքը չի ուզում ետ բարձրանալ, կամ կորցրել է դա անելու ուժը» (The Miracle of Forgiveness [1969], 117):