Դաս 53
Մոսիա 3
Նախաբան
Շարունակելով իր ժողովրդին ուղղված ելույթը՝ Բենիամին թագավորը հաղորդեց հրեշտակի խոսքերը, որոնք ասվել էին իրեն Հիսուս Քրիստոսի ծառայության մասին: Բենիամին թագավորը վկայեց, որ առ Հիսուս Քրիստոսը հավատքի և ապաշխարության միջոցով, նրանք, ովքեր մեղք են գործել, կարող են փրկություն ստանալ: Նա նաև ուսուցանեց, որ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով, անհատը, ով ենթարկվում է Սուրբ Հոգու հորդորներին, «հանում է բնական մարդուն և դառնում սուրբ» (Մոսիա 3.19):
Ուսուցանման առաջարկներ
Նշում. Եթե նախորդ դասին դուք խրախուսել էիք ուսանողներին անգիր սովորել և կիրառել Մոսիա 2.17-ը, խորհեք նրանց հնարավորություն տալու մասին, որ նրանք այսօր ինչ-որ պահի կիսվեն իրենց փորձառություններով: Զգուշացեք, որ շատ ժամանակ չծախսեք այս վերստուգման վրա: Բավականաչափ ժամանակ թողեք, որ քննարկեք Մոսիա 3–ի վարդապետությունները և սկզբունքները:
Մոսիա 3.1–10
Բենիամին թագավորը փոխանցում է Հիսուս Քրիստոսի Քավության մասին հրեշտակի խոսքերը
Ցուցադրեք դատարկ բաժակ և ջրով լի տարա: Հրավիրեք ուսանողներից մեկին ցուցադրել, թե որքան ջուր նա կլցնի բաժակի մեջ մեկի համար, ով ուզում է միայն փորձել ջրի համը: Ապա թող ուսանողը ցուցադրի, թե որքան նա կլցնի մեկի համար, ով ուզում է հագենալ: Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի շուրջ.
-
Եթե ջուրը ներկայացնում է ուրախությունը, որքա՞ն ջուր կցանկանաք ունենալ ձեր բաժակում:
Բացատրեք ուսանողներին, որ Մոսիա 3–ի ուսմունքները կօգնեն իրենց տեսնել, թե ինչպես նրանք կարող են լցվել ուրախությամբ:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 3.2–5: Խնդրեք դասարանին ներկայացնել Բենիամին թագավորի ուղերձի աղբյուրը Մոսիա 3–ում:
Նշեք, որ Մոսիա 3-ը պարունակում է «մեծ ուրախության ավետիք»-ի հրեշտակի հայտարարությունը (Մոսիա 3.3): Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մոսիա 3.5–10: Խնդրեք դասարանին փնտրել բառեր կամ արտահայտություններ, որոնք օգնում են նրանց ավելի շատ գնահատել Հիսուս Քրիստոսի առաքելությունը: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք նշեն այս խոսքերը և արտահայտությունները: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գտած բառերով և արտահայտություններով:
-
Ինչպե՞ս է Մոսիա 3.7 օգնում ձեզ հասկանալ Փրկչի առաքելությունը:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ հրեշտակն ասաց, որ այս ուղերձը կբերի մեծ ուրախություն:
Հրավիրեք ուսանողներին մեկ նախադասությամբ ամփոփել Մոսիա 3.5–10-ը և այն գրի առնել իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում: Գրելու համար նրանց բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք նրանցից մի քանիսին կիսվել, թե ինչ են իրենք գրել: Ուսանողների ամփոփումները պետք է ցույց տան, որ նրանք հասկանում են հրեշտակի ուսուցանածը, որ Հիսուս Քրիստոսը տառապեց, որպեսզի մենք կարողանանք փրկվել մեր մեղքերից:
Դուք կարող եք ստուգել ուսանողների պատասխանները հետևյալ հարցերով.
-
Ի՞նչ եք զգում, երբ մտածում եք այն մասին, թե ինչ է Փրկիչն արել ձեզ համար:
Որպեսզի օգնեք ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը Փրկչի տառապանքների մասին, կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմեյջի հետևյալ մտքերով.
«Քրիստոսի չարչարանքը պարտեզում անիմանալի է սահմանափակ մտքի համար՝ դրա թե ուժգնությունը և թե նպատակը: … Նա տառապեց և հառաչեց այնպիսի մի բեռի տակ, որը ոչ մի այլ արարած, ով ապրել է երկրի վրա, չէր կարող երբևէ հնարավոր համարել: Դա զուտ ֆիզիկական ցավ կամ մտավոր տառապանք չէր, որը ստիպեց Նրան տանել նման տանջանք, որի հետևանքով արյուն հոսեց յուրաքանչյուր ծակոտիից, այլ հոգու այնպիսի հոգևոր տառապանք, որը միայն Աստված կարող էր տանել: … Տառապանքի այդ ժամին Քրիստոսը հանդիպեց և հաղթահարեց բոլոր սարսափները, որոնք Սատանան՝ «այս աշխարհի իշխանը», կարող էր պատճառել: … Ինչ որ ձևով՝ իսկական և ահավոր կերպով իրական՝ չնայած մարդու համար անհասկանալի, Փրկիչն Իր վրա վերցրեց մարդկության մեղքերի բեռը՝ սկսած Ադամից մինչև աշխարհի վերջը» (Jesus the Christ, 3rd ed. [1916], 613):
Մոսիա 3.11–27
Բենիամին թագավորը վկայում է, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք հանել բնական մարդուն և դառնալ սրբեր
Ասեք ուսանողներին, որ Բենիամին թագավորը կիսվեց հրեշտակի տարբեր խմբերի մարդկանց նկարագրությամբ և թե ինչպես է Հիսուս Քրիստոսի Քավությունը վերաբերվում յուրաքանչյուր խմբին: Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 3.11–13, 16՝ փնտրելով հետևյալ հարցերի պատասխանները.
Բավականաչափ ժամանակ անց խնդրեք ուսանողներին կիսվել այս հարցերի իրենց պատասխաններով: (Որպեսզի օգնեք նրանց պատասխանել առաջին հարցին, դուք կարող եք հրավիրել նրանց կարդալ Վարդապետություն և Ուխտեր 137.7–10: Որպեսզի օգնեք պատասխանել երրորդ հարցին, դուք կարող եք հրավիրել նրանց կարդալ Մորոնի 8.8, 17 և Վարդապետություն և Ուխտեր 29.46–47:)
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ ելույթը՝ Երկնային Հոր բոլոր զավակների վրա Քավության ազդեցության մասին.
«Մենք … կարդում ենք, որ «նրա արյունը քավում է նրանց մեղքերը, ովքեր մահացել են՝ չիմանալով Աստծո կամքն իրենց վերաբերյալ, կամ ովքեր անգիտակցորեն են մեղք գործել» (Մոսիա 3.11): Նմանապես, «Քրիստոսի արյունը քավում է [փոքր երեխաների] մեղքերը» (Մոսիա 3.16): Այս ուսմունքները, որ Քավության հարություն տվող և մաքրող զորությունը բոլորի համար է, հերքում են այն հիմնավորումը, որ Աստծո ողորմությունը փրկում է միայն մի քանի ընտրյալների: Նրա ողորմությունը բոլորի համար է: Մորմոնի Գրքի այս ուսմունքները մեծացնում են մեր խորաթափանցությունը և հասկացողությունը բոլորին ընդգրկող Աստծո սիրո և ամենուր գտնվող բոլոր մարդկանց վրա Նրա Քավության համընդհանուր ազդեցության մասին» (“All Men Everywhere,” Ensign or Liahona, May 2006, 77):
-
Ի՞նչ սկզբունք ենք մենք սովորում Մոսիա 3.12-ից այն մասին, թե ինչ ազդեցություն ունի մեզ վրա Քավությունը: (Մենք կփրկվենք մեր մեղքերից, երբ մենք հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոսը և ապաշխարենք:)
-
Համաձայն այս հատվածի, ի՞նչ կպատահի նրանց հետ, ովքեր չեն ընտրում հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոսը և չեն ապաշխարում:
Նշեք, որ Մոսիա 3.19-ը սերտման սուրբ գրություն է: Դուք կարող եք քաջալերել ուսանողներին նշել այս հատվածը առանձնահատուկ ձևով, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ գտնել այն: Նաև ուշադրություն հրավիրեք Մոսիա 3.19-ում հրեշտակի օգտագործած «բնական մարդ» տերմինի վրա: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս արտահայտությունը, Սուրբ Գրքերի Ուղեցույցում կարդացեք հետևյալ բացատրությունը.
Բնական մարդը «անձնավորություն է, որը նախընտրում է ղեկավարվել զգացումներով, ցանկություններով, հակումներով և մարմնական կրքերով, քան Սուրբ Հոգու հուշումներով: Այդպիսի անձնավորությունը կարող է ըմբռնել ֆիզիկական բաները, բայց ոչ հոգևոր բաները: Ադամի և Եվայի անկման հետևանքով բոլոր մարդիկ մարմնական կամ մահկանացու են: Յուրաքանչյուր մարդ պետք է վերստին ծնվի, Հիսուս Քրիստոսի քավության միջոցով:» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Բնական մարդ», scriptures.lds.org):
Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը: Ուսանողները թող փնտրեն հարցերի պատասխանները, մինչ նրանք լուռ կուսումնասիրեն Մոսիա 3.19-ը:
Նշեք, որ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մարդն անում է ավելին, քան լոկ դադարելը «բնական մարդ» լինելը: Նա «դառնում է սուրբ»: Բացի մեր մեղքերից մեզ փրկելը, Փրկիչը փոխում է մեզ և դարձնում ավելի լավ մարդ, քան մենք երբևէ կարող էինք ինքնուրույն դառնալ: Նա օգնում է մեզ ավելի նմանվել Իրեն: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս վարդապետությունը, կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ ելույթը.
«Տիրոջ սարը վեր ելնելու և Նրա սրբության տեղում կանգնելու համար պահանջվում են մաքուր ձեռքեր և անարատ սիրտ» [տես Սաղմոս ԻԴ.3–4]:
«Թույլ տվեք առաջարկել ձեռքերը մաքրել, հանելով բնական մարդուն և հաղթահարելով մեղքը և մեր կյանքի չար ազդեցությունները Փրկչի Քավության միջոցով: Սրտերը մաքրվում են, երբ մենք ստանում ենք Նրա ամրացնող զորությունը բարին անելու և ավելի լավը դառնալու համար: Մեր բոլոր արժանի ցանկությունները և բարի գործերը, որքան էլ անհրաժեշտ լինեն, երբեք մեզ չեն ապահովի մաքուր ձեռքերով և սրտով: Հիսուս Քրիստոսի Քավությունն է, որ ապահովում է և մաքրող ու քավող զորությունը մեղքը հաղթահարելու համար, և սրբագործող ու ամրացնող զորությունը ավելի լավը դառնալու համար, ինչին չենք կարող հասնել, եթե ապավինենք միայն մեր սեփական ուժին: Մեղանչողի և սրբի համար անսահման Քավությունը մեզանից յուրաքանչյուրի մեջ է» («Սուրբ ձեռքեր և անարատ սիրտ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2007, 80):
Որպեսզի օգնեք ուսանողներին ամփոփել վարդապետությունները, որոնք նրանք սովորել են Մոսիա 3.19-ից, հարցրեք.
-
Ավետարանի ի՞նչ ճշմարտություններ եք դուք գտել Մոսիա 3.19–ում:
Ուսանողները կարող են թվարկել մի քանի վարդապետություններ այս հատվածից, ներառյալ հետևյալը.
Բնական մարդն Աստծո մի թշնամի է:
Երբ մենք ենթարկվում ենք Սուրբ Հոգու հորդորներին, մենք հանում ենք բնական մարդուն:
Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մենք կարող ենք հանել բնական մարդուն և սուրբ դառնալ:
Հրավիրեք ուսանողներին պատասխանել հետևյալ հարցերից մեկին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: (Դուք կարող եք այս հարցերը գրել գրատախտակին նախքան դասը, պատրաստել հարցաթերթիկներ, կամ դանդաղ կարդալ հարցերը, որպեսզի ուսանողները կարողանան գրել դրանք իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:)
-
Ի՞նչ կարող եք դուք անել, որ ավելի լիարժեք ձևով ենթարկվեք «Սուրբ Հոգու հորդորներին»: Հաջորդ շաբաթվա ընթացքում ի՞նչ կանեք դուք, որ կատարելագործեք ձեր կյանքի այս ոլորտը:
-
Մոսիա 3.19-ում թվարկված երեխայի ո՞ր հատկանիշը դուք պետք է զարգացնեք: Հաջորդ շաբաթվա ընթացքում ի՞նչ կանեք դուք, որը կօգնի ձեզ զարգացնել այդ հատկանիշը:
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի մեծ երախտագիտություն զգալ Փրկչի Քավության համար, նրանց համար կարդացեք Մոսիա 3.23–26: Բացատրեք, որ հատված 26-ում «Աստծո ցասման գավաթ» արտահայտությունը վերաբերվում է նրանց վերջնական տառապանքին, ովքեր կամավոր կերպով մեղանչում են և չեն ապաշխարում: Ապա խնդրեք ուսանողներից մեկին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 19.16–19: Խնդրեք ուսանողներին լսել բաժակ բառը հատված 18–ում:
-
Ի՞նչ է արել Հիսուս Քրիստոսը, որպեսզի մենք ստիպված չլինենք խմել «Աստծո ցասման գավաթից»: (Նա Ինքն է խմել այդ գավաթը, Իր վրա վերցնելով մեր մեղքերի պատիժը: Եթե մենք իսկապես ապաշխարենք, մենք կարիք չենք ունենա կրել այդ պատիժը:)
Վերջում կիսվեք այս դասին քննարկված ճշմարտությունների վերաբերյալ ձեր վկայությամբ: