Դաս 56
Մոսիա 7-8
Նախաբան
Բենիամին թագավորի որդու՝ Մոսիայի թագավոր դառնալուց մոտավորապես 80 տարի առաջ, Զենիֆ անունով մի մարդ մի խումբ նեփիացիների առաջնորդել էր Զարահեմլայի երկրից դուրս՝ Նեփիի երկրում ապրելու համար, որը նրանք համարում էին «իրենց ժառանգության հողը» (տես Օմնի 1.27–30): Մոսիա թագավորը թույլատրեց Ամմոն անունով մի մարդու մի փոքրիկ խումբ առաջնորդել դեպի Նեփիի երկիրը, որպեսզի տեղեկանան Զենիֆի խմբի ճակատագրի մասին: Ամմոնը և իր ընկերները գտան Զենիֆի խմբի հետնորդներին, ովքեր ճորտության էին բերվել լամանացիների կողմից: Զենիֆի թոռը՝ Լիմքին, նրանց թագավորն էր: Ամմոնի գալը հույս տվեց Լիմքիին և նրա ժողովրդին: Լիմքին հարցրեց Ամմոնին, թե արդյոք նա կարող էր թարգմանել իր ժողովրդի գտած 24 ոսկյա թիթեղների վրայի փորագրությունները: Ամմոնը բացատրեց, որ Զարահեմլայի թագավորը՝ Մոսիա թագավորը, տեսանող էր, ով կարող էր թարգմանել այդ հնադարյան հիշատակարանները:
Ուսուցանման առաջարկներ
Մոսիա 7
Ամմոնը գտնում է Լեքի-Նեփիի երկիրը և տեղեկանում է, թե ինչպես են Լիմքի թագավորի մարդիկ ճորտության բերվել
Գրատախտակին գրեք հետևյալը. սգալ՝ցավ կամ տխրություն զգալ
-
Ի՞նչ պատճառներ կան, որոնց համար մարդիկ կարող են սգալ:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 7.24, և խնդրեք դասարանին հետևել նրան: Նշեք «այս բոլորը՝ անօրինության պատճառով» արտահայտությունը: Բացատրեք, որ այս հատվածը վերաբերվում է հանգամանքներին, որոնք առաջ եկան մի խումբ մարդկանց անարդար ընտրությունների արդյունքում: Հրավիրեք ուսանողներին խորհել, թե արդյոք նրանք երբևէ սգացել են մի իրավիճակի համար, որն առաջ է եկել «անօրինության պատճառով»: Բացատրեք, որ այսօր նրանք կուսումնասիրեն Մոսիա 7–8-ը և կտեղեկանան Լիմքի անունով թագավորի և նրա ժողովրդի տառապանքի մասին: Հրավիրեք ուսանողներին փնտրել, թե ինչ խրախուսեց իր ժողովրդին անել Լիմքի թագավորը, որ հաղթահարեն իրենց տխրությունը:
Հրավիրեք ուսանողներին բարձրաձայն կարդալ Մոսիա 7.1: Խնդրեք դասարանին ներկայացնել այս հատվածում նշված երկու վայրերը: Գրատախտակին պատկերեք այս դասի առաջին գծապատկերը և հրավիրեք ուսանողներին նույնն անել իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում: Երբ դուք օգտագործեք այս գծապատկերը, բացատրեք, որ Եկեղեցին չունի պաշտոնական դիրքորոշում Մորմոնի Գրքի աշխարհագրության վերաբերյալ, բացի այն բանից, որ իրադարձությունները տեղի են ունեցել Ամերիկաներում:
Նշում. Մոսիայի գիրքն ուսումնասիրելու ընթացքում ուսանողները ավելի շատ տվյալներ կավելացնեն իրենց գծապատկերին: Համոզվելու համար, որ նրանք բավականաչափ տեղ ունեն այս մանրամասնություններն ավելացնելու համար, այնպես պատկերեք գծապատկերը գրատախտակին, ինչպես ցուցադրված է: Նշեք լրացուցիչ տեղի մասին՝ նախքան ուսանողները կսկսեն գծելը: (Վերջնական գծապատկերը գտնվում է այս ձեռնարկի վերջում գտնվող ցուցիչում:)
Բացատրեք, որ երբ Լեքիի ընտանիքը հասավ խոստացված երկիր, նրանք հաստատվեցին Նեփիի երկրում (երբեմն նշվում է որպես Լեքի-Նեփիի երկիր կամ առաջին ժառանգության երկիր): Լեքիի մահից կարճ ժամանակ անց Տերը պատվիրեց Նեփիին փախչել անապատ, վերցնելով բոլոր նրանց, ովքեր կգնային իր հետ: Նեփիի մարդիկ շարունակեցին ապրել Նեփիի երկրում, սակայն բաժանվեցին նրանցից, ովքեր հետևեցին Լամանին և Լեմուելին: Շատ տարիներ անց Տերը պատվիրեց մի խումբ նեփիացիների հեռանալ Նեփիի երկրից: Այս խումբը ի վերջո հաստատվեց Զարահեմլա կոչվող մի երկրում, որը գտնվում էր Նեփիի երկրից հյուսիս:
Մի քանի սերունդ հետո Զենիֆ անունով մի մարդ առաջնորդեց մի խումբ նեփիացիների դեպի Նեփիի երկիր, որ «տիրեր իրենց ժառանգության հողին» (տես Օմնի 1.27–30): Զենիֆը եղել է մեկ այլ խմբի մի մասը, որին չէր հաջողվել պաշտպանել երկիրը այդ մասում (տես Մոսիա 9.1–2): Հրավիրեք ուսանողներին մի սլաք գծել Զարահեմլայից դեպի Նեփիի երկիրը և անվանել այն «Զենիֆի կողմից առաջնորդվող նեփիացիների խումբ»: Այս խումբը հեռացավ Զարահեմլայից Մոսիայի թագավոր դառնալուց մոտավորապես 80 տարի առաջ:
Հրավիրեք ուսանողներին կրկին աչքի անցկացնել Մոսիա 7.1, փնտրելով, թե ինչ էր Մոսիան ուզում իմանալ: Նրանց զեկույցներից հետո, հրավիրեք նրանց կարդալ Մոսիա 7.2–3, որ պարզեն, թե ինչ արեց Մոսիան իր հարցի պատասխանը ստանալու համար: Խնդրեք ուսանողներին գծել Զարահեմլայից դեպի Նեփիի երկիր ձգվող երկրորդ սլաքը, ներկայացնելով Ամմոնի կողմից առաջնորդվող փնտրող խումբը, և համապատասխան ձևով էլ այն կոչել:
Ամփոփեք Մոսիա 7.4–11, բացատրելով, որ Ամմոնը գտավ քաղաքը, որտեղ Զենիֆի ժողովրդի հետնորդները ապրում էին Զենիֆի թոռ Լիմքիի թագավորության ներքո: Լիմքին տեսավ Ամմոնի խմբին քաղաքի պատերից դուրս: Մտածելով, որ նրանք իր մահացած հոր՝ Նոյի ամբարիշտ քահանաներից են, նա կարգացրեց իր պահակախմբին բռնել նրանց և բանտ գցել (տես Մոսիա 21.23): Երկու օր անց նա հարցաքննեց նրանց: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 7.12–15, փնտրելով, թե ինչպես արձագանքեց Լիմքին, երբ նա իմացավ, թե ով էր Ամմոնը և որտեղից էր նա:
-
Ինչո՞ւ էր Լիմքին շատ ուրախ իմանալու, որ Ամմոնը Զարահեմլայի երկրից էր:
Կրկին անդրադարձեք գրատախտակին գրված սգալ բառին: Ամփոփեք Մոսիա 7.16–19, բացատրելով, որ Լիմքի թագավորը ի մի հավաքեց իր ժողովրդին, որ նրանց ներկայացներ Ամմոնին, որ խոսեր նրանց հետ իրենց տխրության և ցավերի մասին, և որ օգներ նրանց իմանալ, թե ինչին ապավինել ազատման համար:
Գրատախտակին գրեք պատճառներ բառը սգալբառի սահմանման տակ: Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մոսիա 7.20–28: Խնդրեք դասարանին գտնել արարքներ, որ ներկայացնում է Լիմքին որպես իր ժողովրդի դժվարությունների և տառապանքի պատճառ: (Կարող է օգտակար լինել, եթե տեղեկացնեք ուսանողներին, որ Մոսիա 7.26–ում նշվող մարգարեն Աբինադին է, ով մահապատժի էր ենթարկվել կրակի միջոցով Լիմքիի հոր՝ Նոյի թագավորության ժամանակ:) Հատվածների ընթերցումից հետո հրավիրեք մի քանի ուսանողների գրատախտակի վրա պատճառներ բառի տակ հերթով գրել, թե ինչ են իրենք գտել:
-
Ի՞նչն է եղել այս ժողովրդի տառապանքի հիմնական պատճառը: (Անօրինությունը կամ մեղքը:)
Ուսանողներին խնդրեք մտքում կարդալ Մոսիա 7.29–32: Հրավիրեք նրանց ընտրել մի արտահայտություն, որը ցույց է տալիս Լիմքիի հասկացողությունն այն կապի մասին, որ կա մարդկանց մեղքերի և մարդկանց տառապանքի միջև: (Դուք կարող եք բացատրել, որ մղեղ բառը վերաբերվում է այն ոչ պիտանի մնացորդին, որը մնում է հատիկը ցորենի հասկից առանձնացնելուց հետո: Մոսիա 7.30-ում «կհնձի դրա մղեղը» նշանակում է ձեռք բերել որևէ անօգուտ բան:) Հրավիրեք մի քանի ուսանողների կարդալ և բացատրել իրենց ընտրած արտահայտությունները:
-
Ինչպե՞ս կարող է մեր մեղքերի հետևանքները գիտակցելն օգտակար լինել մեզ համար:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 7.33: Խնդրեք դասարանին փնտրել, թե Լիմքին ինչ հորդորեց իր ժողովրդին անել:
-
Ի՞նչ սկզբունքներ մենք կարող ենք սովորել Լիմքիից և նրա ժողովրդից մեր մեղքերն ընդունելու և դրանց համար զղջալու ազդեցության մասին: (Երբ ուսանողները ներկայացնեն ճշմարտություններ այս գլխից, օգնեք նրանց տեսնել, որ մեր մեղքերն ընդունելը և դրանց համար զղջալը կարող է առաջնորդել մեզ դառնալ դեպի Տերն ի ազատում: Դուք կարող եք գրել այս սկզբունքը գրատախտակին:)
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս սկզբունքը, խնդրեք նրանց պատկերացնել, որ նրանք ունեն սիրած անձնավորություն, ով խղճի խայթ է զգում իր մեղքերի համար և ով ցանկանում է ապաշխարել և դառնալ դեպի Տերը, սակայն վստահ չէ, թե ինչպես դա անել: Վկայեք, որ իր ժողովրդին ուղղված Լիմքիի խորհուրդը Մոսիա 7.33-ում պարունակում է կարևոր խորհուրդներ, թե ինչպես հաղթահարել վիշտն ու ցավը, որ ուղեկցում են մեղքին: Հրավիրեք ուսանողներին լուռ ուսումնասիրել Մոսիա 7.33, փնտրելով արտահայտություններ, որոնք կօգնեն ինչ-որ մեկին իմանալ, թե ինչպես «դառնալ դեպի Տերը»: (Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք նշեն այս արտահայտությունները:)
Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել արտահայտություններով, որոնք կարևոր են նրանց համար: Յուրաքանչյուր ուսանող թող բացատրի իր ընտրած արտահայտության իմաստը (1) արտահայտելով այն իր բառերով կամ (2) տալով մեկի արարքների կամ վերաբերմունքի օրինակներ, ով ձգտում է կիրառել արտահայտության սկզբունքը:
Ուսանողներին խնդրեք խորհել, թե արդյոք նրանք ունեն մեղքեր, որոնց համար նրանք չեն ապաշխարել, որոնք կարող են նրանց և իրենց սիրելիների համար պատճառ դառնալ վիշտ ու ցավ զգալու համար: Հրավիրեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել հետևյալ հարցի պատասխանը.
-
Ինչպե՞ս կարող եք այսօր ձեր կյանքում կիրառել Մոսիա 7.33:
Կիսվեք ձեր վկայությամբ, որ երբ մենք դառնանք դեպի Տերը մեր ողջ սրտով և մտքով, Նա կազատի մեզ սգալուց, որ առաջ է գալիս մեր մեղքերից:
Մոսիա 8
Ամմոնը տեղեկանում է 24 ոսկյա թիթեղների մասին և ասում է Լիմքիին տեսանողի մասին, ով կարող է թարգմանել դրանց պարունակած փորագրությունները
Խնդրեք երկու ուսանողների կանգնել դասարանի առջև: Կապեք ուսանողներից մեկի աչքերը և ապա հատակին դրեք գրքեր, թերթիկներ կամ այլ անվտանգ առարկաներ դասարանով մեկ: Խնդրեք երկրորդ ուսանողին հրահանգներ տալ, որ օգնի առաջին ուսանողին անցնել դասարանով մեկ առանց հատակին գտնվող որևէ առարկայի դիպչելու: Ապա թող երկրորդ ուսանողը կապի իր աչքերը: Փոխեք հատակին գտնվող առարկաների տեղերը, և թող առջին ուսանողը տա հրահանգներ: Այս անգամ, սակայն, աչքերը փակ ուսանողը թող միտումնավոր կերպով անուշադրության մատնի հրահանգները: (Նախքան դասը գաղտնի խոսեք այդ ուսանողի հետ, և խնդրեք նրան ուշադրություն չդարձնել հրահանգներին:)
-
Ինչո՞վ է օգտակար մեկին լսելը, ով կարող է տեսնել բաներ, որոնք մենք չենք կարող տեսնել:
Ամփոփեք Մոսիա 8.5–12, բացատրելով, որ Լիմքին Ամմոնի գալուց որոշ ժամանակ առաջ արշավախումբ էր ուղարկել, որ օգնություն ստանար Զարահեմլայից: Խումբը թափառել էր անապատում և Զարահեմլան գտնելու փոխարեն նրանք գտել էին կործանված քաղաքակրթության մնացորդները: Այնտեղ նրանք բացահայտեցին 24 ոսկյա թիթեղներ, որոնց վրա փորագրություններ կային: (Դուք կարող եք բացատրել, որ Լիմքիի ժողովրդի կողմից հայտնաբերված ավերակներն այն ամենն էին, ինչ մնացել էր հարեդացիների քաղաքակրթությունից:Հարեդացիների հիշատակարանը, վերցված 24 ոսկյա թիթեղներից, ներառված է Մորմոնի Գրքում որպես Եթերի գիրք:) Ավելացրեք այս ճամփորդությունը գրատախտակի գծապատկերին, ինչպես ցույց է տրված այս էջի նկարում: Ուսանողները նույնպես թող ավելացնեն այն իրենց գծապատկերների վրա: Բացատրեք, որ Լիմքի թագավորը ցանկանում էր հասկանալ գրությունները, որ փորագրված էին 24 թիթեղների վրա: Նա հարցրեց Ամմոնին, թե արդյոք նա գիտեր որևէ մեկին, ով կարող էր թարգմանել դրանք:
Հրավիրեք ուսանողներից մեկին Մոսիա 8.13–15–ում կարդալ Ամմոնի պատասխանը: Խնդրեք դասարանին փնտրել անվանումը, որը Ամմոնն օգտագործեց այն անձին մատնանշելու համար, ով զորություն ունի թարգմանելու նման հիշատակարաններ: Խնդրեք ուսանողներին լուռ ուսումնասիրել Մոսիա 8.16–19, փնտրելով տեսանողի լրացուցիչ հատկանիշները: Հարցրեք մի քանի ուսանողների, թե ինչ են նրանք գտել:
Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը. Տերը տալիս է մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ մարդկությանն օգնելու համար:
-
Քանի՞ տեսանող մենք ունենք երկրի վրա այսօր: (Տասնհինգ. Առաջին Նախագահության անդամները և Տասներկու Առաքյալների Քվորումը:)
-
Որո՞նք են այն բաները, որ մարգարեները, տեսանողները և հայտնողները մեզ հայտնի են դարձնում: (Եթե ուսանողները դժվարանում են պատասխանել, հարցրեք, թե որ տեսանողներն են հայտնել այնպիսի թեմաների մասին, ինչպես ամուսնությունը և ընտանիքը, կրթությունը, զվարճանքն ու լրատվամիջոցները կամ սեռական մաքրությունը:)
-
Ինչպե՞ս է ձեր կյանքն օրհնվել վերջին օրերի մարգարեների, տեսանողների և հայտնողների միջոցով:
Դուք կարող եք պատմել այն մասին, թե ինչպես են մարգարեները, տեսանողները և հայտնողներն օրհնել ձեր կյանքը: Հրավիրեք ուսանողներին կարդալ և ինքնուրույն խորհել վերջին համաժողովի մի ելույթի շուրջ, որը տրվել է Առաջին Նախագահության կամ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամի կողմից և հետևել այդ ելույթում տրված խորհրդին: