Գրադարան
Դաս 64. Մոսիա 23–24


Դաս 64

Մոսիա 23–24

Նախաբան

Այն բանից հետո, երբ Ալման և իր ժողովուրդը փախան Նոյ թագավորի զորքից, նրանք հիմնեցին արդար քաղաք: Չնայած, որ նրանք դարձի եկան առ ավետարանը, նրանք ունեցան տառապանքներ և դժվարություններ: Լամանացիները նրանց ճորտության բերեցին: Երբ Ալման և նրա ժողովուրդը գործադրեցին հավատք և համբերություն, Տերը թեթևացրեց նրանց բեռները և ի վերջո ազատեց նրանց ճորտությունից: (Նշեք, որ Մոսիա 23–24–ը ընդգրկում է մոտավորապես Մոսիա 19–22–ի նույն ժամանակահատվածը:)

Ուսուցանման առաջարկներ

Մոսիա 23.1–20

Տերն օգնում է Ալմային և նրա ժողովրդին փախչել Նոյ թագավորի զորքերից և հիմնել արդար քաղաք

Ուսանողներին ցույց տվեք Ալման մկրտում է Մորմոնի ջրերում նկարը (62332; Gospel Art Book [2009], no. 76): Հրավիրեք ուսանողներից մեկին պատմել դասարանին, թե ինչ նա գիտի այն մարդու մասին, ով նկարում մկրտում է ուրիշներին: (Եթե ուսանողները դժվարանան պատասխանել, դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք կարդան Մոսիա 18 գլխի ամփոփումը, որ հիշեցնեք նրանց Ալմայի և իր ժողովրդի պատմությունը Մորմոնի ջրերի մոտ:)

Ուսանողներին զույգերի բաժանեք: Հրավիրեք յուրաքանչյուր զույգին հերթով միմյանց համար կարդալ Մոսիա 23.1–5, 19: Խնդրեք նրանց փնտրել արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Տերն օրհնում Ալմային և նրա ժողովրդին, երբ նրանք ապաշխարում են և ընտրում արդար ապրել: (Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք նշեն այս արտահայտությունները:) Խնդրեք ուսանողներին զեկուցել, թե ինչ են իրենք գտել:

Հրավիրեք ուսանողներին նայել իրենց գծապատկերներին, որոնք ցույց են տալիս Մոսիա 7–24-ի ճամփորդությունների ընդհանուր պատկերը: Հանձնարարեք նրանց իրենց գծապատկերի վրա համապատասխան տեղում նկարել Հելամի երկիրը: Նաև թող նրանք սլաք գծեն Մորմոնի ջրերից դեպի Հելամի երկիրը, և թող այս սլաքին տրվի «Ալման և իր ժողովուրդը հեռանում են» անունը: (Վերջնական գծապատկերը կարող եք տեսնել այս ձեռնարկի վերջում գտնվող ցուցիչում:)

Մոսիա 7–24 ճամփորդությունների ամփոփում

Մոսիա 7–24-ի ճամփորդությունները

Հակիրճ ձևով բացատրեք, որ Մոսիա 23.6–14-ում մենք կարդում ենք, որ Ալման մերժեց նրանց թագավորը դառնալու ժողովրդի առաջարկը: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 23.9–10, 12: Խնդրեք դասարանին փնտրել Ալմայի նկարագրությունը, թե ինչ ազդեցություն էր գործել Նոյ թագավորն իր և նրա ժողովրդի վրա: Խնդրեք ուսանողներին զեկուցել, թե ինչ են իրենք գտել:

  • Ի՞նչ են սովորեցնում «ծուղակն ընկել» և «կապված էիք անօրինության կապանքներով» արտահայտությունները մեղքի ազդեցությունների մասին:

  • Ինչո՞ւ է մեզ համար օգտակար գիտակցել ազդեցությունները, որոնք մեզ անցյալում տարել են մեղսագործության:

  • Ապաշխարելուց հետո ինչո՞ւ է կարևոր հիշելը, թե որքան «դառը» այն կարող է լինել:

Խնդրեք ուսանողներին բարձրաձայն կարդալ Մոսիա 23.13: Նշեք «հաստատուն կանգնեք այս ազատության մեջ, որով դուք ազատ եք դարձվել» Ալմայի խորհուրդը:

  • Ի՞նչ առնչություն ունի այս խորհուրդը ապաշխարության գործընթացի հետ: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ երբ Տերն ազատում է մեզ մեղքից և մենք ճաշակում ենք ներման ազատությունը, մենք պետք է արդար ընտրություններ կատարենք, որ պահենք այդ ազատությունը:)

Հրավիրեք ուսանողներին լուռ ուսումնասիրել Մոսիա 23.14–18, փնտրելով որոշ բաներ, որոնք Ալման սովորեցրեց ժողովրդին անել, որ պահեն իրենց ազատությունը: Խնդրեք մի քանի ուսանողների զեկուցել, թե ինչ են իրենք գտել:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 23.19–20: Խնդրեք դասարանին ներկայացնել այն արտահայտությունը, որը նշում է, որ Տերը օրհնեց ժողովրդին, երբ նրանք ընտրեցին արդար ապրել («չափազանց բարգավաճել»):

  • Ինչպե՞ս դուք կամփոփեք այն, ինչ սովորել եք Ալմայի և նրա ժողովրդի փորձառությունից: (Այլ ճշմարտությունների հետ միասին ուսանողները պետք է ասեն, որ երբ մենք ապաշխարում ենք և ընտրում արդար ապրել, Տերը կօրհնի մեզ և կազատի անօրինության կապանքներից:)

  • Ե՞րբ եք դուք տեսել, որ այս սկզբունքն իրագործվի ձեր կյանքում կամ մի ընկերոջ կամ ընտանիքի անդամի կյանքում: (Հիշեցրեք ուսանողներին, որ նրանք չպետք է կիսվեն փորձառություններով, որոնք խիստ անձնական են կամ գաղտնի:)

Alma Baptizes in the Waters of Mormon

Մոսիա 23.21–29

Լամանացիների բանակը և Նոյի ամբարիշտ քահանաները ճորտության են բերում Ալմային և նրա ժողովրդին

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ նրանք, ովքեր արդար են, պետք է այնուամենայնիվ դժվարություններ ունենան, խնդրեք ուսանողներին մտածել իրենց կյանքի այն պահերի մասին, երբ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ միտքը կարող է վերաբերվել իրենց.

Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Փորձելն … անհրաժեշտ է, նույնիսկ այն ժամանակ, երբ դուք ապրում եք արժանի, արդար կյանքով և հնազանդ եք [Աստծո] պատվիրաններին: Երբ կարծես ամեն բան լավ է ընթանում, դժվարությունները հաճախ գալիս են բազմակողմանիորեն և միաժամանակ» (“Trust in the Lord,” Ensign, Nov. 1995, 16):

Խնդրեք ուսանողներին ուսումնասիրել Մոսիա 23.21–22-ը, որպեսզի բացահայտեն, թե ինչու է Տերը թույլ տալիս, որ նրանք, ովքեր ընտրում են արդար ապրել, ունենան դժվարություններ և անհաջողություններ: Երբ ուսանողները զեկուցեն իրենց գտածը, օգնեք նրանց հասկանալ, որ Տերը կփորձի մեր համբերությունը և հավատքը, որ օգնի մեզ մեծացնել Նրա հանդեպ մեր վստահությունը:

Հրավիրեք ուսանողներին գրել հետևյալ հարցերն իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում: Խնդրեք նրանց խորհել այս հարցերի շուրջ, երբ նրանք ուսումնասիրեն Մոսիա 23–ի մնացած մասը: Նրանք չպետք է գրեն իրենց պատասխանները, մինչև որ դուք հուշեք նրանց անել դա ավելի ուշ դասի ընթացքում:

  • Ի՞նչ դժվարությունների առաջ եք դուք այժմ կանգնած:

  • Ինչպե՞ս դուք կարող եք հավատք և վստահություն գործադրել առ Աստված ձեր դժվարությունների պահին:

Ուսանողներին խնդրեք կարդալ Մոսիա 23.23–29: Հրավիրեք նրանց գտնել, թե ինչպես էին Ալման և իր ժողովուրդը փորձվել, և ինչ էին նրանք արել, որ ցույց տային իրենց վստահությունն առ Աստված:

  • Ինչպես կարող են աղոթելը և մարգարեի խորհրդին հետևելն օգնել մեզ փորձության պահին: (Դրանք կարող են օգնել մեզ մեծացնել մեր համբերությունը և հավատքը: Դրանք կարող են նաև օգնել մեզ ստանալ ուժ, անձնական հայտնություն, խաղաղություն և վստահություն, որպեսզի մենք կարողանանք տանել մեր փորձությունները կամ ազատում գտնենք դրանցից:)

Մոսիա 23.30–24.25

Ալման և նրա ժողովուրդը հալածանքներ են տանում, սակայն Տերը թեթևացնում է նրանց բեռները և հրաշքով ազատում է նրանց

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ կապ ունեին լամանացիները և նրանց թագավորը Ամուղոնի հետ, ամփոփեք Մոսիա 23.30–39 և 24.1–7-ը: Բացատրեք, որ Ամուղոնը Նոյ թագավորի ամբարիշտ քահանաների առաջնորդն էր, ով Ալմային դուրս էր գցել Աբինադիին աջակցելու համար: Ամուղոնը միացել էր լամանացիներին՝ մյուս ամբարիշտ քահանաների և նրանց լամանացի կանանց հետ միասին: Ամուղոնը ձեռք էր բերել լամանացի թագավորի հավանությունը, ով այդ ժամանակ նշանակեց նրան, որ կառավարեր Հելամի երկրի բոլոր լամանացիներին՝ ներառյալ Ալմայի ժոովրդին:

Հրավիրեք ուսանողներից մեկին կանգնել դասարանի առջև, և խնդրեք նրան կրել դատարկ ուսապարկ: (Ուսանողին պետք կգան նրա սուրբ գրությունները:) Հարցրեք ուսանողին, թե որքան հեշտ կլինի կրել դատարկ ուսապարկը օրվա մնացած ժամերին: Հրավիրեք այս ուսանողին բարձրաձայն կարդալ Մոսիա 24.8–11: Ամեն անգամ, երբ ուսանողը կարդա որևէ բանի մասին, որը փորձություն էր Ալմայի և նրա ժողովրդի համար, ուսապարկի մեջ քար դրեք կամ որևէ այլ ծանր առարկա: Երբ ուսանողը ավարտի կարդալը, հարցրեք նրան, թե որքան հեշտ կլինի կրել բեռնավորված ուսապարկը օրվա մնացած ժամերի ընթացքում: (Ուսանողը պիտի մնա դասարանի առջև կանգնած և կրի ծանր ուսապարկն այնքան ժամանակ, մինչև ասվի նրան, որ նստի:) Հարցրեք դասարանին.

  • Ի՞նչ կարող են ներկայացնել ուսապարկի քարերը կամ ծանր առարկաները մեր կյանքում:

  • Ինչպե՞ս են այդպիսի բեռներն ազդում մեզ վրա:

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 24.10-12: Հրավիրեք դասարանին փնտրել, թե ինչ արեցին Ալմայի մարդիկ, որ օգնություն ստանան իրենց բեռների հետ կապված: Հրավիրեք ուսանողներին բացատրել, թե ինչ են գտել:

  • Ինչպե՞ս կարող է աղոթքն օգնել մեզ, երբ մենք դժվար բեռներ ունենք:

  • Փորձությունների ժամանակ ինչո՞ւ է սփոփում այն գիտելիքը, որ Աստված գիտի «մտքերը [մեր] սրտերի»:

Հրավիրեք ուսանողներին կարդալ Մոսիա 24.13–15, որպեսզի պարզեն, թե ինչ պատահեց Ալմայի ժողովրդի հետ, երբ նրանք շարունակեցին աղոթել օգնության համար:

  • Ի՞նչ խոստացավ Տերն անել Ալմայի ժողովրդի համար: (Երբ ուսանողները պատասխանեն, դուք կարող եք խնդրել մեկ այլ ուսանողի կամ երկու ուսանողների տակից բարձրացնել ուսապարկը, որպեսզի թեթևացնեն այն ուսանողի բեռը, ով կրում է այն, որը կխորհրդանշի, թե ինչպես Տերը կարող է թեթևացնել մեր բեռները:) Ինչպե՞ս է այս խոստումը կապված այն ուխտի հետ, որը նրանք կապել են Մորմոնի ջրերում: (Sես Մոսիա 18.8-10:)

  • Ինչո՞ւ է օգտակար իմանալը, որ Տերը միշտ չէ, որ անմիջապես հեռացնում է մեր բեռները կամ մեր դժվարությունները:

  • Ի՞նչ կարող ենք մենք սովորել այն բանից, թե ինչպես Ալման և նրա ժողովուրդը արձագանքեցին իրենց դժվարություններին:

  • Ե՞րբ եք դուք զգացել, որ Տերը ձեզ ուժ է տվել համբերելու դժվարությանը կամ տանելու բեռը:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 24.16–17, 21: Խնդրեք նրանց գտնել բառեր և արտահայտություններ, որոնք շարունակում են նկարագրել, թե ինչպես ժողովուրդն արձագանքեց իր դժվարություններին և ինչպես Տերն օգնեց նրանց: Հրավիրեք մեկ կամ երկու ուսանողների բացատրել իրեց սեփական բառերով ցանկացած կապ, որ նրանք տեսնում են մարդկանց գործողությունների և Տիրոջ գործողությունների միջև: Գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Երբ մենք համբերությամբ ենթարկվենք Տիրոջ կամքին, Նա կուժեղացնի մեզ և կազատի մեզ մեր փորձություններից Իր ժամանակին:

Հրավիրեք դասարանի առաջ կանգնած ուսանողին հեռացնել ուսապարկը: Խնդրեք նրան նկարագրել, թե ինչ զգացողություններ ունի բեռից ազատվելուց հետո: Հրավիրեք նույն ուսանողին կարդալ Մոսիա 24.21–22: Դուք կարող եք խնդրել ուսանողին կիսվել, թե ինչպես նա կարող է հասկանալ այն, ինչ մարդիկ արեցին այս հատվածներում:

Ամփոփեք Մոսիա 24.18–25, բացատրելով, որ Ալման և իր մարդիկ կարողացան փախչել, քանի որ Տերը խորը քուն բերեց լամանացիների վրա: Տերն այնուհետև առաջնորդեց Ալմային Զարահեմլա, որտեղ Մոսիա թագավորը ուրախությամբ ողջունեց նրանց: Ալման և նրա ժողովուրդը «դուրս թափեցին իրենց զորությունն առ Աստված», իմանալով, որ «ոչ ոք չէր կարող ազատել իրենց, բացի Տիրոջից՝ իրենց Աստծուց» (Մոսիա 24.21, տես նաև Մոսիա 25.16):

Իրենց գծապատկերներում, որոնք ներկայացնում են Մոսիա 7–24–ի ճամփորդությունների ընդհանուր պատկերը, ուսանողները թող սլաք գծեն Հելամի երկրից դեպի Զարահեմլայի երկիրը: Հրահանգեք նրանց այս ճամփորդությանը տալ «Ալմայի մարդիկ փախչում են» անունը:

Մոսիա 7–24-ի ճամփորդությունները

Վերջում հրավիրեք ուսանողներին գրել երկու հարցերի պատասխանները, որոնք նրանք դասի սկզբում գրել էին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Խնդրեք նրանց անդրադառնալ իրենց դժվարություններին և թե ինչպես նրանք կարող են հավատք և վստահություն գործադրել առ Աստված, որը կօգնի նրանց համբերել: Կիսվեք ձեր վկայությամբ, որ եթե մենք համբերությամբ ենթարկվենք Տիրոջ կամքին, Նա կուժեղացնի մեզ և կազատի մեզ մեր փորձություններից Իր ժամանակին: Դուք կարող եք նաև հրավիրել ուսանողներին կիսվել օրինակներով, թե ինչպես է Տերն ուժեղացրել նրանց իրենց փորձությունների մեջ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Մոսիա 21–24: Հակադրել Լիմքիի ժողովրդի ճորտությունը Ալմայի ժողովրդի ճորտությանը

Լեմքիի ժողովուրդը

Ալմայի ժողովուրդը

Նրանք ճորտության բերվեցին մեծ արյունահեղությունից հետո (տես Մոսիա 21.5–13):

Նրանք ճորտության բերվեցին առանց արյունահեղության (տես Մոսիա 23.35–38):

Տերը դանդաղ էր նրանց աղաղակները լսելիս նրանց անօրինությունների պատճառով (տես Մոսիա 21.15):

Տերն արագ պատասխանեց նրանց աղոթքներին (տես Մոսիա 23.10–13):

Նրանց բեռները թեթևացան, քանի որ Տերը փափկացրեց լամանացիների սրտերը (տես Մոսիա 21.15):

Տերն ուժեղացրեց նրանց, որպեսզի նրանք կարողանային հեշտությամբ տանել իրենց բեռները (տես Մոսիա 24.14–15):

Գեդեոնը փախուստի ծրագիր մտածեց (տես Մոսիա 21.36, 22.1–9):

Տերն ասաց նրանց. «Հանգիստ եղեք, քանզի էգուց ես ազատելու եմ ձեզ ճորտությունից» (Մոսիա 24.16):

Նրանք հարբեցնում են պահակներին (տես Մոսիա 22.10):

Տերը քուն բերեց պահակների վրա (տես Մոսիա 24.19):

Մոսիա 23.21: Ինչպե՞ս կարող են մեր դժվարություններն օգտակար լինել մեզ համար:

Չնայած, որ մարդիկ, ովքեր հետևում էին Ալմային, ապաշխարել էին և հավատարիմ էին, Տերը թույլ տվեց նրանց ժամանակավորապես ճնշվել լամանացիների կողմից, որպես նրանց համբերության և հավատքի փորձություն:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Օրսոն Ֆ. Ուիթնին ուսուցանել է, որ մեր յուրաքանչյուր փորձառությունն ուսուցանում է մեզ արժեքավոր դասեր.

«Մեր տարած ոչ մի ցավը, մեր ունեցած ոչ մի դժվարությունն իզուր չի անցնում: Այն ծառայում է մեր գիտելիքների ավելացմանը, այնպիսի որակների զարգացմանը, ինչպիսիք են՝ համբերությունը, հավատքը, տոկունությունը և համեստությունը: Այն ամենը, ինչը մենք տանում ենք և այն ամենը, ինչի համար մենք տոկում ենք, հատկապես երբ մենք տոկում ենք համբերությամբ, զորացնում է մեր բնավորությունը, մաքրում է մեր սրտերը, մեծացնում է մեր հոգիները և մեզ դարձնում է ավելի քնքուշ և գթասիրտ, ավելի արժանի կոչվելու Աստծո զավակներ … և վշտի ու տառապանքի, ծանր աշխատանքի և դժվարությունների միջոցով է, որ մենք ձեռք ենք բերում գիտելիք, որի համար մենք գալիս ենք այստեղ և որը մեզ ավելի կդարձնի մեր Երկնային Հոր և Մոր նման» (in Spencer W. Kimball, Faith Precedes the Miracle 1972, 98):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը հետո բացատրել է դժվարությունների արժեքն ու նպատակը.

«Երբ այդ դժվարությունները ձեր անհնազանդության հետևանքները չեն, դրանք վկայում են այն մասին, որ Տերը զգում է, որ դուք պատրաստ եք ավելի շատ զարգանալու (տես Առակաց Գ.11–12): Ուստի, Նա ձեզ այնպիսի փորձառություններ է տալիս, որոնք խթանում են զարգացմանը, հասկացողությանը և կարեկցանքին, որոնք կատարելագործում են ձեզ ձեր հավերժական բարօրության համար: Որպեսզի ձեր այժմյան վիճակից ձեզ հասցնի այնտեղ, որտեղ Նա է ուզում, որ դուք լինեք, մեծ ձգում է պահանջվում, և դա սովորաբար անհանգստություն և ցավ է պատճառում» (“Trust in the Lord,” Ensign, Nov. 1995, 16–17):

Մոսիա 24.15–16: Ինչպե՞ս կարող է մեր վերաբերմունքն ազդել մեր անձնական աճի վրա դժվարությունների միջոցով:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը խրախուսել է մեզ վստահել Տիրոջը, երբ մենք դժվարությունների ենք հանդիպում.

«Տերը մտահոգվում է ձեր անձնական զարգացման և աճի համար: Այդ զարգացումն արագ է ընթանում, երբ դուք հոժարակամ թույլ եք տալիս Նրան առաջնորդել ձեզ յուրաքանչյուր զարգացման փորձառության ժամանակ, որին դուք հանդիպում եք, անկախ այն բանից, թե ի սկզբանե այն ձեր սրտով է, թե ոչ: Երբ դուք վստահում եք Տիրոջը, երբ դուք հոժար եք թույլ տալ ձեր սրտին և ձեր մտքին, որ կենտրոնանան Նրա կամքի վրա, երբ դուք խնդրում եք, որ առաջնորդվեք Հոգով՝ Նրա կամքը կատարելու համար, դուք կարող եք վստահ լինել, որ կունենաք ամենամեծ երջանկությունը ողջ ճանապարհին և ամենագոհացուցիչ ձեռքբերումներն այս մահկանացու փորձառությունից: Եթե դուք կասկածի եք ենթարկում յուրաքանչյուր բան, ինչը խնդրվում է ձեզանից անել, կամ համառում եք յուրաքանչյուր անհաճո դժվարության ժամանակ, դուք ավելի եք դժվարացնում Տիրոջ համար, որ օրհնի ձեզ» (“Finding Joy in Life,” Ensign, May 1996, 25):