Մաս 9. Օր 3
Վարդապետություն և Ուխտեր 39–40
Նախաբան
1831թ. հունվարին Ջեյմս Քովիլ անունով Բողոքական մի սպասավոր Ֆայեթում՝ Նյու Յորք, հանդիպեց Ջոզեֆ Սմիթի հետ, և «Տիրոջ հետ ուխտեց, որ կհնազանդվի ցանկացած պատվիրանի, որը Տերն իրեն կտա Իր ծառայի [Մարգարե Ջոզեֆ Սմիթի] միջոցով» (Joseph Smith, in History of the Church, 1:143): Դրանից հետո Ջոզեֆը հայտնություն ստացավ, որն արձանագրված է Վարդապետություն և Ուխտեր 39 բաժնում։
Այդ հայտնության մեջ Տերը Ջեյմս Քովիլին պատվիրեց մկրտվել և քարոզել ավետարանի լրիվությունը Օհայոյում: Սակայն հայտնությունը թելադրելու հաջորդ օրը Ջեյմսն առանց բացատրության հեռացավ Ֆայեթից: Դրանից հետո Տերը հայտնություն տվեց Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին՝ բացատրելով, թե ինչու Ջեյմսը չհնազանդվեց իրեն տրված պատվիրանին; Այդ հայտնությունն արձանագրված է Վարդապետություն և Ուխտեր 40 բաժնում: (Տես Documents, Volume 1: July 1828–June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers [2013], 233–37):
Վարդապետություն և Ուխտեր 39․1–12
Հիսուս Քրիստոսը հրավիրում է Ջեյմս Քովիլին ընդունել Իր ավետարանը և մկրտվել
Պատկերացրեք, որ ձեր ծնողը կամ հարազատներից մեկը մի հրաշալի նվեր է տվել ձեզ: Կարո՞ղ եք մտածել որևէ պատճառ, որի համար կհրաժարվեիք ընդունել այդ նվերը:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 39.1–3 հատվածները, պարզելով, թե ինչ պարգև է տվել Երկնային Հայրն Իր զավակներին, որ ոմանք հրաժարվում են ընդունել: Տերն օգտագործում է «յուրայիններ» արտահայտությունը՝ ակնարկելով այն ժողովրդին, ում նա ծառայեց «ժամանակների գագաթնակետին»՝ մահկանացության ընթացքում:
Պարգևը, որ այդ մարդիկ ընտրեցին չընդունել, Հիսուս Քրիստոսն էր: Երբ մենք ընտրում ենք ընդունել Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության պարգևը, մենք ստանում ենք բազմաթիվ այլ օրհնություններ ու պարգևներ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 39.4, և պարզեք, թե ինչ պարգև է նշում Փրկիչը, որ կտա նրանց, ովքեր ընդունում են Իրեն:
Այդ հատվածից մենք սովորում ենք, որ եթե ընդունենք Հիսուս Քրիստոսին, Նա մեզ զորություն կտա դառնալու Իր զավակները: Գուցե ցանկանաք ընդգծել այն խոսքերը, որ ուսուցանում են այս սկզբունքը 4-րդ հատվածում:
Կարդացեք Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ հայտարարությունը, որը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում դառնալ Հիսուս Քրիստոսի որդիներն ու դուստրերը.
«Փրկիչը դառնում է մեր Հայրն այն իմաստով, որ այս եզրն օգտագործվում է սուրբ գրություններում, այսինքն՝ նա մեզ առաջարկում է կյանք՝ հավերժական կյանք, այն քավության շնորհիվ, որը նա կատարել է մեզ համար:
Այսպիսով, Նրան հնազանդվելու մեր ուխտերի միջոցով մենք դառնում ենք Հիսուս Քրիստոսի զավակները՝ որդիներն ու դուստրերը: Խաչի վրա ունեցած նրա աստվածային իշխանության ու զոհաբերության շնորհիվ, մենք հոգևոր առումով ծնվում ենք նրանից և նա դառնում է մեր Հայրը» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 1:29)։
-
Հիմնվելով Նախագահ Սմիթի ուսուցման վրա՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ձեր խոսքերով գրեք, թե ինչպես կարող ենք մենք դառնալ Հիսուս Քրիստոսի զավակները:
Ինչպես արդեն սովորեցիք, մենք պետք է ընտրենք ընդունել Հիսուս Քրիստոսին, որպեսզի ձեռք բերենք Նրա որդիներն ու դուստրերը դառնալու զորությունը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 39.5–6 հատվածները, պարզելով, թե ինչ պետք է անենք, որպեսզի ընդունենք Նրան և ձեռք բերենք Նրա որդիներն ու դուստրերը դառնալու զորությունը:
Ձեր խոսքերով ամփոփ գրեք, թե ինչ պետք է մենք անենք, որպեսզի դառնանք Հիսուս Քրիստոսի որդիներն ու դուստրերը.
Ինչպես սովորեցիք այս դասի նախաբանում, Վարդապետություն և Ուխտեր 39 բաժնի հայտնությունն ուղղված էր Ջեյմս Քովիլ անունով Բողոքական մի սպասավորի, որը Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման մասին լսելուց հետո ուխտել էր հնազանդվել Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով ստացված ցանկացած պատվիրանի:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ձեր կարծիքով Վարդապետություն և Ուխտեր 39.1–6 հատվածների ուսմունքներն ինչպես են առնչվում Ջեյմս Քովիլին: Գրեք նաև, թե ինչպես կարող են այս հատվածները կիրառվել ձեր կյանքում:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 39.7–9: Ըստ Տիրոջ խոսքերի՝ ինչպիսին էր Ջեյմս Քովիլի սիրտն այս հայտնությունը տրվելու ժամանակ: (Դուք կարող եք ձեր սուրբ գրություններում նշել այս պահին արտահայտությունը 8-րդ հատվածում:) Ի՞նչ պատճառներ է նշում Տերը, որի համար Ջեյմսը հրաժարվել էր ընդունել Նրան նախկինում: Մտածեք, թե ի՞նչ կզգայիք դուք, եթե Ջեյմսի փոխարեն ձեզ ասվեին այս խոսքերը: Ինչո՞ւ:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք հետևյալ աղյուսակը.
Եթե…
Ապա…
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 39.10–12 հատվածները: Կարդալու ընթացքում պարզեք, թե Տերը ինչ էր հրահանգել, որ անի Ջեյմս Քովիլը: Գրեք այդ հրահանգները աղյուսակի «Եթե» սյունակի տակ: Այնուհետև, պարզեք, թե Տերը ինչ էր խոստացել Ջեյմս Քովիլին, եթե նա հնազանդվեր Տիրոջը: Գրեք այդ խոստացված օրհնությունները աղյուսակի «Ապա» սյունակի տակ:
Մտածեք Ջեյմս Քովիլին առաջարկած Տիրոջ օրհնությունների մասին: Չնայած որ Ջեյմսը 40 տարի սպասավոր էր եղել, Տերը նրան առաջարկեց ավետարանի լրիվությունը, որը ներառում էր այնպիսի պատասխանատվություններ ու օրհնություններ, որոնք նա նախկինում չէր ունեցել, ինչպիսիք են՝ Սուրբ Հոգու պարգևը և քահանայության կարգումը:
Նկատեք եթե բառը Վարդապետություն և Ուխտեր 39.10–11 հատվածներում: Դուք կարող եք ձեր սուրբ գրություններում նշել այդ բառը: Խորհեք եթե բառի կարևորությունն այդ հատվածներում և թե ինչ էր ասում Տերը, որ Ջեյմս Քովիլը պիտի աներ, որպեսզի ստանար խոստացված օրհնությունները:
Այդ հատվածներից մենք կարող ենք սովորել, որ Տիրոջ խոստացված օրհնությունները կախված են Նրա ձայնին հնազանդվելուց: Դուք կարող եք գրել այս ճշմարտությունը ձեր սուրբ գրություններում՝ Վարդապետություն և Ուխտեր 39․10–11 հատվածների լուսանցքում։
-
Մտածեք ձեզ խոստացված Տիրոջ օրհնություններից մի քանիսի մասին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրի առեք այդ օրհնություններից երեքը և այն քայլերը, որ պետք է անեք դրանք ստանալու համար:
Վարդապետություն և Ուխտեր 39․13–24
Ջեյմս Քովիլը կանչվում է քարոզելու ավետարանի լրիվությունը Օհայոյում
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 39.13–14 հատվածները և պարզեք, թե որտեղ էր Տերը կանչել Ջեյմս Քովիլին քարոզել ավետարանը:
Վարդապետություն և Ուխտեր 39.15–24 հատվածներում Տերը Ջեյմս Քովիլին որոշ հրահանգներ տվեց այն մասին, թե ինչ պետք է նա ուսուցաներ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 39.22 հատվածը և մտածեք, թե ինչպես է այն առնչվում այս հայտնության մեջ ձեր սովորած սկզբունքին:
Վարդապետություն և Ուխտեր 40
Տերը հայտնի է դարձնում, թե ինչու Ջեյմս Քովիլը մերժեց Իր խոսքերը
Վարդապետություն և Ուխտեր 39 բաժնի հայտնությունը թելադրելու հաջորդ օրը Ջեյմս Քովիլն առանց բացատրության հեռացավ Ֆայեթից՝ Նյու Յորք նահանգ: Տերը Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին հայտնի դարձրեց, թե ինչու Ջեյմսը չհնազանդվեց Իր հրահանգներին և չստացավ խոստացված օրհնությունները: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 40.1–3 հատվածները, պարզելով, թե ինչու նա ուշք չդարձրեց Տիրոջ ձայնին:
Համեմատեք Վարդապետություն և Ուխտեր 39.8 և 40.1 հատվածները, որպեսզի նկատեք, թե Քովիլի սիրտն ինչպես էր փոխվել: Դուք կարող եք նշել ուղիղ էր արտահայտությունը Վարդապետություն և Ուխտեր 40.1 հատվածում:
Համեմատեք Վարդապետություն և Ուխտեր 39.9 և 40.2 հատվածները: Համաձայն այդ հատվածների՝ նշեք երեք պատճառ, որի հետևանքով Ջեյմս Քովիլը մերժել էր Տիրոջ խոսքը.
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը լրացուցիչ պարզաբանում է տվել. «[Ջեյմս Քովիլը] համոզված էր ճշմարտության մասին, քանի որ ակնհայտ է, որ Տերը նրան գիտելիքներ էր բացահայտել, որի ճշմարտության մասին գիտեին միայն ինքը և Տերը: Ինչևէ, երբ նա հեռացավ Տիրոջ Հոգու ազդեցությունից և ժամանակ տրամադրեց մտածելու այն փաստի մասին, որ կկորցնի աշխարհի ընկերակցությունը և իր տեղն ու դիրքն իր ընկերական շրջապատում, նա թերացավ և մերժեց Տիրոջ առաջարկած խոստումներն ու օրհնությունները» (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:174):
Ի՞նչը կարող է գայթակղել մեզ այսօր՝ մերժելու Աստծո խոսքերը: Դուք կարող եք գրել հետևյալ սկզբունքը ձեր սուրբ գրություններում՝ Վարդապետություն և Ուխտեր 40 բաժնի լուսանցքում և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. Աշխարհիկ մտավախություններն ու հոգսերը մեզ կարող են տանել Աստծո խոսքը մերժելու:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք աշխարհիկ մտավախություններից ու հոգսերից մի քանիսը, որոնք կարող են մեզ ետ պահել մեր ողջ սրտով Տիրոջը հետևելուց: Ապա գրեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի հավատք ունենաք հաղթահարելու աշխարհիկ այդ մտավախություններն ու հոգսերը և անկեղծորեն ընդունեք Տիրոջը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 39–40 բաժինները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.