Սեմինարիա
Մաս 25. Օր 4, Վարդապետություն և Ուխտեր 117-120


Մաս 25. Օր 4

Վարդապետություն և Ուխտեր 117-120

Նախաբան

1838թ. հուլիսի 8-ին Ֆար Վեստում, Միսսուրի, մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ չորս հայտնություն, որոնք գրված են Վարդապետություն և Ուխտեր 117-120 բաժիններում: Այս հայտնություններից առաջինում (ՎևՈւ 117), Տերը պատվիրել է Վիլյամ Մարքսին և Նյուել Ք. Ուիթնիին կարգավորել իրենց գործերը Կիրթլենդում, Օհայո, և միանալ հավատարիմ սրբերին, ովքեր հավաքվում են Ֆար Վեստում: Տերը նաև պատվիրել է Օլիվեր Գրենջերին գնալ Կիրթլենդ որպես Առաջին Նախագահության ներկայացուցիչ: Երկրորդ հայտնությամբ (ՎևՈւ 118), Տերը կանչել է նոր առաքյալներ, լրացնելու համար նրանց տեղերը, ովքեր հեռացել են, և Նա կանչել է Տասներկուսի Քվորումի բոլոր անդամներին ծառայել Մեծ Բրիտանիայի միսիաներում: Երրորդ և չորրորդ հայտնություններում, որոնք գրված են Վարդապետություն և Ուխտեր 119 և 120 բաժիններում Տերն ուսուցանել է տասանորդի վարդապետությունը և եկեղեցու ղեկավարներին ուղեցույցներ է հայտնել, թե ինչպես պետք է օգտագործել տասանորդի ֆոնդերը:

Վարդապետություն և Ուխտեր 117․1-11

Տերը պատվիրել է Վիլյամ Մարքսին և Նյուել Ք. Ուիթնիին արագորեն կարգավորել իրենց գործերը և հեռանալ Կիրթլենդից:

Վարդապետություն և Ուխտեր 117 բաժնի առաջին մասում Տերը խոսել է Վիլյամ Մարքսի և Նյուել Ք. Ուիթնիի հետ: Վիլյամ Մարքսը Օհայո Կիրթլենդ ցցի նախագահն էր: Նա սեփական գրախանութ ուներ: Նյուել Ք. Ուիթնին եպիսկոպոս էր Կիրթլենդում: Նա բիզնեսի հաջողակ սեփականատեր էր և իր սեփականության մեծ մասը նվիրաբերել էր եկեղեցուն:

Whitney storefront

1838թ. ապրիլի 26-ին Տերը պատվիրել է սրբերին հավաքվել Ֆար Վեստում, Միսսուրի, և այլ տեղեր (տես ՎևՈւ 115.17–18): 1838թ. հուլիսի 6-ին մի խումբ, որը հայտնի էր որպես Կիրթլենդի ճամբար, որի կազմում էին 500 սրբեր Կիրթլենդի տարածքից, ճամփա ընկան դեպի Միսսուրի (տես Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 179)։ Նախագահ Մարքսը և եպիսկոպոս Ուիթնին մնացին Կիրթլենդում:

Վարդապետություն և Ուխտեր 117.1-3 հատվածներում, մենք կարդում ենք, որ Տերը պատվիրել է նախագահ Մարքսին և եպիսկոպոս Ուիթնիին արագորեն կարգավորել իրենց գործերը և հեռանալ Կիրթլենդից: Նրանք պետք է ճամփա ընկնեին նախքան Տերը ձյուն կուղարկեր այդ տարածքի վրա: Այլ խոսքերով, նրանք պետք է մեկնեին չորս ամսվա ընթացքում:

Երբ դուք կարդաք Տիրոջ խոսքերը Վարդապետություն և Ուխտեր 117.4–5 հատվածներում կտեսնեք, որ այս մարդիկ խորապես մտահոգված էին Կիրթլենդում իրենց սեփականություններով:

Ուշադրություն դարձրեք 4 հատվածի հետևյալ հարցին. «ի՞նչ է սեփականությունն ինձ համար»: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 117.5-8 հատվածները, գտնելով պատճառները, թե ինչու Տերն այդպես ասաց: (Օգտակար կլինի իմանալ, որ «Օլահա Շինեհայի դաշտերում» արտահայտությունը վերաբերում է Ադամ-օնդի-Ահմանի մերձակա տարածքին Միսսուրիում):

Պատկերացրեք, թե ձեր սիրած ըմպելիքով մի մեծ սափոր է դրված ձեր առաջ, և մի մեծ, դատարկ բաժակ: Այժմ պատկերացրեք, որ ինչ-որ մեկը ձեր բաժակի մեջ լցնում է այդ ըմպելիքից մի փոքրիկ կաթիլ: Ի՞նչ եք ըմպելու` ըմպելիքով լի բաժակ, թե միայն մի կաթիլ: Ինչո՞ւ:

Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «տենչում եք … մի կաթիլ … և անտեսում եք ավելի ծանրակշիռ բաները»: ( ՎևՈւ 117.8): Տենչալ նշանակում է ցանկանալ մի բան, որ մեկ ուրիշն ունի: Ի՞նչ առումով էին Կիրթլենդում սեփականությունները պահպանելու օգուտները միայն մի «կաթիլ»` համեմատած Միսսուրիում հավաքվելու Տիրոջ պատվերին հնազանդվելու օգուտների հետ:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ամփոփեք, թե ինչ է ուսուցանել Տերն այդ մարդկանց, թե ինչ է սեփականությունը, որին նրանք տենչում էին, համեմատած նրանց օրհնելու Իր զորության հետ:

Վարդապետություն և Ուխտեր 117.5–8 հատվածներում մենք կարող ենք հայտնաբերել մի սկզբունք, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք տենչում ենք ժամանակավոր բաներ: Այս սկզբունքն արտահայտելու մի ձև է` ասել, որ ժամանակավոր բաներ տենչալը պատճառ կդառնա, որ մենք անտեսենք ծանրակշիռ բաները:

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Որո՞նք են ձեր կյանքի այն ժամանակավոր «կաթիլները», որոնք պատճառ կարող են դառնալ, որ անտեսեք ավետարանի ծանրակշիռ բաները:

    2. Ի՞նչ կարող եք անել, որ ավելի շատ կենտրոնանաք այն բաների վրա, որոնք հավիտենական կարևորություն ունեն:

Վարդապետություն և Ուխտեր 117.10 հատվածում մենք կարդում ենք, որ Տերը կանչել է Վիլյամ Մարքսին շարունակել ծառայել որպես եկեղեցու ղեկավար, երբ նա ժամանեց Ֆար Վեստ, Միսսուրի: Տերը նաև ասաց, որ եթե նախագահ Մարքսը «քիչ բաների վրա հավատարիմ լինի», ապա «նա կառավարիչ կլինի շատ բաների վրա» (տես նաև Մատթեոս ԻԵ.23):

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 117.11 հատվածը, տեսնելով, թե ինչ կշտամբանք է Տերը տվել Նյուել Ք. Ուիթնիին: Այս հատվածում հիշատակված նիկողայոսականները հին կրոնական աղանդի անդամներ են եղել: Նրանք ասում էին, թե քրիստոնյաներ են, բայց շեղվել էին ավետարանի սկզբունքներից դեպի աշխարհիկ գործելակերպը: Օրինակ, նրանց երկրպագությունը ներառում էր սեռական մեղքեր կատարելը: (Տես Աստվածաշնչի բառարանը, «Նիկողայոսականներ», Doctrine and Covenants Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2001], 290:)

Եթե Նյուել Ք. Ուիթնին որոշեր կենտրոնանալ Կիրթլենդում ունեցած սեփականության վրա սրբերին միանալու փոխարեն, ապա ինչո՞վ նրա գործողությունները նման կլինեին նիկողայոսականների գործողություններին:

Օհայոյում եկեղեցու սեփականության մասին մտահոգվելու և Միսսուրիում հետապնդումների պատճառով Վիլյամ Մարքսը և Նյուել Ք. Ուիթնին չկարողացան միանալ սրբերին Ֆար Վեստում: Սակայն, նրանք հետևեցին Տիրոջ խորհրդին և հավատարիմ մնացին, և նրանք հետագայում միացան սրբերին Նավու քաղաքում, Իլինոյս, որտեղ Վիլյամ Մարքսը ծառայեց որպես ցցի նախագահ, իսկ Նյուել Ք. Ուիթնին` որպես եպիսկոպոս:

Վարդապետություն և Ուխտեր 117․12-16

Տերը նաև պատվիրել է Օլիվեր Գրենջերին գնալ Կիրթլենդ որպես Առաջին Նախագահության ներկայացուցիչ:

Մտածեք, թե եկեղեցու ինչ կոչումներ և հանձնարարություններ դուք կարող եք ստանալ: Այդ կոչումները և առաջադրանքները կարող են ներառել քվորումում կամ նախագահության դասին ծառայելը, հաղորդության ժողովին ելույթ ունենալը, ծառայելը որպես տնային ուսուցիչ, մեկին ընկերակցելը, կամ որպես լիաժամկետ միսիոներ ծառայելը: Ի՞նչ տեսակ զոհաբերություններ կարող են պահանջվել այս կոչումներում:

home teachers walking

Ահարոնյան Քահանայություն կրողներ երիտասարդները կարող են ծառայել որպես տնային ուսուցիչներ:

Տերը պատվիրել է Օլիվեր Գրենջեր անունով մի մարդու լքել Ֆար Վեստը, Միսսուրի, և վերադառնալ Կիրթլենդ, Օհայո, որ «լրջորեն պայքարի իմ Եկեղեցու Առաջին Նախագահության փրկագնման համար» (ՎևՈւ 117.13): Առաջադրանքը ներառում էր եկեղեցու սեփականության վաճառքը և Ջոզեֆ Սմիթի գործերը կարգավորելը: Սրա համար Օլիվերից, ով գրեթե կույր էր, կպահանջվեր զոհաբերություններ անել: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 117.12–15 հատվածները, տեսնելով, թե ինչ օրհնություններ էր Տերը խոստացել Օլիվերին, երբ կատարի այս հանձնարարությունը:

13 հատվածում ուշադրություն դարձրեք Տիրոջ այս խոսքերին. «նրա զոհաբերությունն ինձ համար ավելի սրբազան կլինի, քան նրա աճը»: Սա ցույց է տալիս, որ Տերն ավելի շատ է մտածում Օլիվերի զոհաբերության մասին, քան այն փողի, որը նա կստանար որպես այս հանձնարարության մաս: Այս հատվածից մենք սովորում ենք հետևյալ սկզբունքը. Զոհաբերությունները, որոնք մենք կատարում ենք Տիրոջը ծառայելիս, սրբազան են Նրա համար: 13 հատվածում ընդգծեք այս սկզբունքն ուսուցանող խոսքերը:

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչո՞ւ է կարևոր, որ դուք անեք, ինչ կարող եք, որպեսզի կատարեք եկեղեցու ձեր հանձնարարությունը կամ կոչումը:

    2. Ի՞նչ եք զգում, երբ մտածում եք, որ Տիրոջը ծառայելիս ձեր կատարած զոհաբերությունները սրբազան են Նրա համար:

Օլիվեր Գրենջերը մահացավ Կիրթլենդում 1841թ. օգոստոսի 25-ին: Այդ ժամանակ նա դեռ գործում էր որպես Առաջին Նախագահության ներկայացուցիչը բիզնես կապերի գծով և նաև կանչվել էր ղեկավարել եկեղեցին Կիրթլենդում: Թեև նա լիարժեք հաջողության չհասավ եկեղեցու բիզնես կապերը կարգավորելու հարցում, նա աշխատում էր պահպանել եկեղեցու առաքինությունը և բարի համբավը: Նա նվիրված էր Տիրոջը և մարգարե Ջոզեֆ Սմիթին:

Նամակ-երաշխավորագրում Ջոզեֆ Սմիթը և Առաջին Նախագահության ուրիշ անդամներ նկարագրել են Օլիվեր Գրենջերին որպես «մի բացարձակ ազնվության և բարոյական արժեքների տեր մարդ, և, ի վերջո, … Աստծո մարդ» (in History of the Church, 3:350). Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Կ. Փաքերն ասել է.

President Boyd K. Packer

«Ի՞նչ արեց Օլիվեր Գրենջերը, որ նրա անունը պիտի պահվի սրբազան հիշողության մեջ»։ Իրականում՝ ոչինչ։ Բանն այն չէր, թե ինչ արեց նա, այլ այն, թե ինչպիսի մարդ էր նա։

Տերը չէր ակնկալում, որ նա կատարյալ լիներ, առավել ևս` գործերի մեջ։

Մենք չենք կարող ակնկալել, որ միշտ հաջողության կհասնենք, բայց մենք պետք է ձգտենք դրան ամբողջ ուժով» (“The Least of These,” Ensign or Liahona, Nov. 2004, 86)։

Վարդապետություն և Ուխտեր 118

Տերը նոր Առաքյալներ է նշանակում և կանչում է բոլոր առաքյալներին ծառայել միսիայում

1838թ. հուլիսի 8-ին Տերը նոր Առաքյալներ է կանչել փոխարինելու նրանց, ովքեր դրժել էին ուխտը: Տերը նաև կանչել է Տասներկու Առաքյալներին քարոզել ավետարանը:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 118.4-5 հատվածները, տեսնելով, թե ուր է Տերն ուղղորդել Տասներկուսին` քարոզել ավետարանը: «Մեծ ջրերի մյուս կողմը» արտահայտությունը վերաբերում է Ատլանտյան օվկիանոսով դեպի Մեծ Բրիտանիա ուղևորվելուն: Վարդապետություն և Ուխտեր 118.5 հատվածում ուշադրություն դարձրեք այն տեղին, որտեղ նրանք պետք է հավաքվեին դեպի իրենց միսիաները մեկնելուց առաջ: Ուշադրություն դարձրեք նաև Տիրոջ ասած ամսաթվին, երբ նրանք պետք է հավաքվեին այդ տեղը:

Այս հայտնությանը հաջորդող ամիսների ընթացքում Միսսուրիում հալածանքները սաստկացան: Ի վերջո, սրբերին վտարեցին այդ նահանգից: Այդ պայմանները վտանգավոր դարձան Տասներկուսի համար, որպեսզի հանդիպեին Ֆար Վեստում` Տիրոջ պատվիրանն իրագործելու։ Միսսուրիի բազմաթիվ բնակիչներ բացահայտ պարծենում էին, որ կխանգարեն այդ հայտնության իրականացմանը։ Սակայն Տասներկուսը վճռել էին հնազանդվել Տիրոջ հրահանգին:

1839թ. ապրիլի 26-ին Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները հավաքվել էին տաճարի տարածքում: (Քվորումի ոչ բոլոր անդամները կարողացան լինել այնտեղ: Ոմանք բանտարկված էին): Նրանք սկսեցին գցել տաճարի հիմքը (տես ՎևՈւ 115.11)` դնելով մի մեծ քար հողատարածքի հարավային անկյունում: Նրանք Առաքյալներ կարգեցին զբաղեցնելու համար Տասներկուսի Քվորումի թափուր տեղերը: Այնուհետև նրանք թշնամիներից աննկատ հեռացան: (Այդ պատմության մանրամասների համար տես Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Վիլֆորդ Վուդրուֆ [2004], 139–41։)

temple cornerstone

Միսսուրիի Ֆար Վեստի տաճարի անկյունաքարերը դրվել են 1838թ. հուլիսին:

Վարդապետություն և Ուխտեր 119-120

Տերը հայտնում է տասանորդի օրենքը

nine coins, one coin

Վարդապետություն և Ուխտեր 119 և 120 բաժինները պարունակում են տասանորդի օրենքի վերաբերյալ երկու հայտնություն: Վարդապետություն և Ուխտեր 120 բաժնում գրված հայտնությամբ Տերը պատվիրել է, որ խորհուրդ կազմակերպվի եկեղեցու տասանորդի ֆոնդերի օգտագործումը ղեկավարելու համար: Այսօր յուրաքանչյուր ծուխ կամ ճյուղ ուղարկում է անդամների տասանորդի ֆոնդերը եկեղեցու գլխավոր գրասենյակ և այդ խորհուրդը կոչվում է Տասանորդի Տնօրինման Խորհուրդ: Տեղական ղեկավարները չեն որոշում, թե ինչպես պետք է օգտագործվեն տասանորդի ֆոնդերը:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 119.1-4: Օգտակար կլինի իմանալ, որ 4 հատվածում հանդիպող եկամուտ բառը նշանակում է շահույթ:

President Howard W. Hunter

Նախագահ Հովարդ Վ. Հանթերը բացատրել է. «Օրենքը հստակ հայտարարում է «իրենց տարեկան ամբողջ եկամտի մեկ տասներորդը»: Եկամուտ նշանակում է շահույթ, փոխհատուցում, ֆինանսական աճ: Դա վարձված մարդու աշխատավարձն է, գործարարությամբ զբաղվողի շահույթը, աճեցնողի կամ արտադրողի արդյունքը կամ մարդու եկամուտը որևէ այլ աղբյուրից: Տերն ասել է, որ դա գործող օրենք է «հավիտյան», ինչպես դա եղել է անցյալում» (in Conference Report, Apr. 1964, 35):

Կարդալով եկեղեցու նախագահների հետևյալ խոսքերը, ուշադրություն դարձրեք, թե ինչ օրհնություններ դուք կարող եք ստանալ, երբ վճարում եք տասանորդը.

Նախագահ Հարոլդ Բ. Լի

Նախագահ Հարոլդ Բ. Լին անդրադարձել է Տիրոջ խոստումին` «բանալ … երկնքի պատուհանները» օրհնելու տասանորդ վճարողներին (տես Մաղաքիա Գ.8–11): «Երկնքի պատուհանների բացումը, իհարկե, նշանակում է Աստծուց հայտնություններ, նրան, ով կամենում է այսպիսով զոհաբերել» (“The Way to Eternal Life,” Ensign, Nov. 1971, 16)։

President Heber J. Grant

Նախագահ Հեբեր Ջ. Գրանտը խոսել է հոգևոր օրհնությունների մասին, որոնք ունենում ենք, երբ վճարում ենք տասանորդը. «Բարգավաճում լինում է նրանց մոտ, ովքեր պահում են տասանորդի օրենքը: «Երբ ես ասում եմ բարգավաճում, ես նկատի չունեմ լոկ դոլարներն ու ցենտերը:… Այլ ես իսկական բարգավաճում եմ համարում այն, ինչը բոլոր բաներից ամենաարժեքավորն է յուրաքանչյուր կենդանի տղամարդու և կնոջ համար, որը Աստծո գիտության և վկայության և ավետարանով ապրելու զորության և նույնը անելու համար մեր ընտանիքներին ոգեշնչելու աճն է: Դա է իսկական բարգավաճումը» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Հեբեր Ջ. Գրանտ [2002], 124

Նախագահ Գրանտը նաև ուսուցանել է, որ մենք կարող ենք ֆինանսապես օրհնվել, երբ վճարում ենք տասանորդը. «Երբ տալիս ենք համամասնորեն մեր միջոցներից, երբ վճարում ենք մեր տասանորդը, անկախ նրանից, թե որքան փոքր է եկամուտը, Աստված` մեր Երկնային Հայրը կմեծացնի տասից մնացած ինը դոլարը, կամ յուրաքանչյուր հիսունից մնացած քառասուն հինգ ցենտը և դուք կունենաք բավարար իմաստություն, որ օգուտով օգտագործեք այն, որ ոչինչ չկորցնեք` ազնիվ լինելով» (Ուսմունքներ. Հեբեր Ջ. Գրանտ, 124–25

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ ի՞նչ օրհնություններ եք դուք ստացել տասանորդի օրենքին հնազանդվելու շնորհիվ:

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 117-120 բաժինները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.