Մաս 16. Օր 1
Վարդապետություն և Ուխտեր 72-74
Նախաբան
1831թ. դեկտեմբերի 4-ին մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը կարելի է գտնել Վարդապետություն և Ուխտեր 72 բաժնում, որով Տերը նոր եպիսկոպոս է կանչում Օհայոյում և հայտնում նրա պարտականություններից մի քանիսը: Վարդապետություն և Ուխտեր 73 բաժնի հայտնությամբ, որը տրվել է 1832թ. հունվարին, Տերն ուղղորդել է Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին վերսկսել Աստվածաշնչի թարգմանության իրենց աշխատանքը: Նրանց թարգմանության աշխատանքի արդյունքում, Տերը տվեց հայտնություն, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 74 բաժնում, ինչը Ա Կորնթացիս Է.14-ի բացատրությունն է:
Վարդապետություն և Ուխտեր 72․1-8
Տերը կանչում է Նյուել Ք. Ուիթնիին որպես եպիսկոպոս Օհայոյում
Երբևէ ստացե՞լ եք մի կոչում, կամ դժվար առաջադրանք եկեղեցում և զգացել, որ ճնշված եք կամ անկարող եք այն կատարել: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 72.1–2 հատվածները, տեսնելով, թե ինչ կոչում պետք է նշանակվեր Օհայոյում («Տիրոջ այգու այս մասում»):
1831թ. ամռանը եպիսկոպոս Էդվարդ Պատրիջը` եկեղեցում կանչված առաջին եպիսկոպոսը, ճամփորդեց մոտ 900 մղոն տարածություն Կիրթլենդից, Օհայո, դեպի Ինդիփենդենս, Միսսուրի, Սիոնում որպես եպիսկոպոս ծառայելու համար: Արդյունքում, Տերը հայտարարեց, որ Օհայոյում նոր եպիսկոպոսի կարիք կա: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 72.3–6 հատվածները և գտեք արտահայտություններ, որոնք բացատրում են, թե ինչու Օհայոյի սրբերը, ովքեր նվիրաբերման օրենքով ապրող տնտեսներ էին, եպիսկոպոսի կարիք ունեին: (Նվիրաբերման օրենքին դուք ծանոթացել եք այս ուսումնական ձեռնարկի Վարդապետություն և Ուխտեր 42.30–42 հատվածներին նվիրված «Մաս 10․ Օր 3» դասի նյութում):
Խորհեք, թե ինչպես է ձեր եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահն այսօր օգնում ձեզ որպես Եկեղեցու անդամ հաշվետու լինել ձեր պարտականությունների համար:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 72.7–8 հատվածները և տեսեք, թե ում Տերը կանչեց որպես եպիսկոպոս Օհայոյում:
Երբ Նյուել Ք. Ուիթնին կանչվեց եպիսկոպոս լինելու Օհայոյում, նա իրեն անհամապատասխան էր զգում ծառայելու այսպիսի պաշտոնում: Նրա թոռներից մեկը` Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Օրսոն Ֆ. Ուիթնին տվել է հետևյալ տեղեկությունը, որն օգնում է մեզ հասկանալ, թե ինչպես էր զգում իրեն Նյուել Ք. Ուիթնին և ինչ նա սովորեց այն մասին, թե որտեղից էր եկել իր կոչման կանչը:
«Այս կարևոր պատասխանատվությունը (եպիսկոպոսի պաշտոնը) ստանձնելու միտքը ավելին էր, քան նա կարող էր տանել: Թեև բնատուր պարգևներով քիչ տղամարդիկ էին լավ որակավորված այսպիսի պաշտոնի համար, նա, այնուամենայնիվ, վստահ չէր իր կարողության վրա, և [զգում էր], որ անկարող է իրականացնել այս բարձր ու սուրբ վստահությունը: Տարակուսանքի մեջ, նա դիմել էր մարգարեին.
«Ես չեմ տեսնում ինձ որպես եպիսկոպոս, եղբայր Ջոզեֆ, բայց եթե դուք ասեք, որ դա Տիրոջ կամքն է, ես կփորձեմ»:
«Դուք չպետք է միայն իմ խոսքն ունենաք», - պատասխանել է մարգարեն, «Գնացեք և հարցրեք Հորը ձեր վերաբերյալ»:
Նյուելը … որոշեց անել այնպես, ինչպես մարգարեն խորհուրդ տվեց: Նրա խոնարհ, սրտանց աղոթքը պատասխանվեց: Գիշերվա լռության և իր սենյակի մենավորության մեջ նա լսեց մի ձայն երկնքից. «Քո ուժն ինձանում է»: Խոսքերը քիչ էին և պարզ, բայց դրանք աշխարհի չափ նշանակալի էին: Նրա կասկածները փարատվեցին, ինչպես ցողը լուսաբացից առաջ: Նա իսկույն գտավ մարգարեին, ասաց նրան, որ ինքը բավարարված է, և կամենում է ընդունել կոչումը, որին կանչված է» (B. H. Roberts, A Comprehensive History of the Church, 1:271)։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գնահատական տվեք հետևյալ իրավիճակին. պատկերացրեք, որ մի ընկեր կամ ընտանիքի անդամ ծառայության է կանչվում եկեղեցում և ծանրաբեռնված է զգում իրեն և անկարող` կոչումը ստանձնելու: Հիմնվելով Վարդապետություն և Ուխտեր 72 բաժնում սովորածի և կոչման հետ կապված Նյուել Ք. Ուիթնիի փորձի վրա, գրեք խորհուրդ կամ վկայություն պարունակող մի քանի նախադասություն, որ կասեիք այդ անձին, նրան օգնելու վստահ զգալ կոչումն ընդունելու և կատարելու հարցում:
Առաջին Նախագահության Նախագահ Հենրի Բ. Այրինգը նույնպես ուսուցանել է եկեղեցու ծառայության կոչումների աղբյուրի մասին.
«Յուրաքանչյուրին` տղամարդու կամ կնոջ, աղջկա կամ տղայի, ովքեր կանչվել են կամ դեռ կանչվելու են, ես տալիս եմ իմ խորհուրդը. Կան մի քանի բաներ, որոնց ճշմարտության մասին դուք պետք է իմանաք:
Առաջինը` դուք կանչված են Աստծուց: Տերը ճանաչում է ձեզ: Նա գիտի, թե ում վստահի ծառայությունն Իր եկեղեցու յուրաքանչյուր պաշտոնում: Նա ընտրել է ձեզ: Անձը, ով ոգեշնչվել է առաջարկել ձեզ այս ծառաության համար, չի կատարել դա, քանի որ նրանք հավանել են ձեզ կամ քանի որ նրանք ինչ-որ մեկի կարիքն ունեն, ով կկատարի որոշակի առաջադրանք: Նրանք աղոթել են և զգացել են պատասխանը, որ դուք եք այն մեկը, ով պիտի կանչվի:
Անձը, որ կանչել է ձեզ, չի տվել այդ կոչումն այն պարզ պատճառով, որ ձեր հետ հարցազրույց անցկացնելիս հասկացել է, որ դուք արժանի եք և կամենում եք ծառայել: Նա աղոթել է իմանալու համար Տիրոջ կամքը ձեր վերաբերյալ: Դա Տիրոջ կողմից լիազորված անձանց աղոթքն ու հայտնությունն է, որ բերել ձեզ այստեղ» (“Rise to Your Call,” Ensign, Nov. 2002, 75–76)։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. ինչպե՞ս կարող է իմանալը, որ Տիրոջ եկեղեցում ծառայելու կոչումները գալիս են Աստծուց, օգնի ձեզ ընդունել և ջանասիրաբար փորձեք կատարել ձեր կոչումները:
Վարդապետություն և Ուխտեր 72․9-26
Տերը բացատրում է եպիսկոպոսի պարտականությունները
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում թվեք եպիսկոպոսների և ճյուղերի նախագահների բոլոր այն պարտականությունները, որոնք ձեզ հայտնի են:
Վարդապետություն և Ուխտեր 72․9-26 հատվածներում Տերը հայտնել է եպիսկոպոս Նյուել Ք. Ուիթնիի պարտականություններից մի քանիսը: Պարտականությունները, որ Տերը տվել էր, հիմնականում վերաբերում էին եպիսկոպոս Ուիթնիի դերին նվիրաբերման օրենքի ներքո: Այդուհանդերձ, այսօր եկեղեցու եպիսկոպոսների և ճյուղերի նախագահների որոշ պարտականությունները կապված են եկեղեցու առաջին եպիսկոպոսների պարտականությունների հետ:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 72.10–12 հատվածները, գտնելով եպիսկոպոս Ուիթնիին Տիրոջ տված պարտականությունները: Շրջանակի մեջ վերցրեք սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում ձեր թված այն պարտականությունները, որոնք համընկնում են այս հատվածներում նկարագրվածների հետ:
Որոշ պարտականություններ, որ Տերը պատվիրել էր եպիսկոպոս Ուիթնիին կատարել, նման են այն պարտականություններին, որոնք ունեն եպիսկոպոսներն այսօր: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 72.16–18 հատվածները, տեսնելով, թե ինչ պետք է տար եպիսկոպոս Ուիթնին եկեղեցու անդամներին, ովքեր տեղափոխվում էին Միսսուրի:
Միսսուրի տեղափոխվող սրբերը պիտի մի վկայագիր տանեին եպիսկոպոս Պատրիջին` Սիոնի եպիսկոպոսին, հաստատելով, որ իրենք արժանի են Սիոնում ժառանգություն ունենոլու: Մեր օրերում տաճարի երաշխավորագրերն են ծառայում որպես մի «վկայագիր», որ եպիսկոպոսներն ու ճյուղերի նախագահները տալիս են անդամներին, վկայելով նրանց արժանավորության մասին և թույլ տալով նրանց մտնել սուրբ տաճարները:
Եպիսկոպոս Ուիթնիի պարտականություններին վերաբերող այս հայտնությունից մենք իմանում ենք, որ եպիսկոպոսները և ճյուղերի նախագահները կառավարում են եկեղեցու նյութական և հոգևոր գործերն իրենց ծխերում և ճյուղերում: (Նյութական բառը վերաբերում է ֆիզիկական կյանքին առնչվող բաներին` ինչպես, օրինակ, հագուստին, սնունդին, սեփականությանը կամ փողին):
Մտածեք, թե ինչպես է ձեր կյանքն օրհնվել, շնորհիվ նրա, որ Տերը կանչել է ձեր եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին` ծառայել ձեզ և ձեր ընտանիքին:
Վարդապետություն և Ուխտեր 73
Տերն ուղղորդում է Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին շարունակել Աստվածաշնչի թարգմանությունը:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 73 բաժնի նախաբանը և տեսեք, թե ինչով էին զբաղված մարգարե Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը 1831թ. դեկտեմբերի սկզբից սկսած:
Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը քարոզում էին, պայքարելով եկեղեցու մասին տարածած ապատեղեկատվության դեմ, որն առաջացել էր Էզրա Բութի նամակների հրատարակման արդյունքում: Վարդապետություն և Ուխտեր 73.1–2 հատվածներում Տերը հայտնել է, որ երեցները, որոնք նույնպես քարոզում էին, պիտի շարունակեին դա անել մինչև հաջորդ համաժողովը: Այս համաժողովը պիտի տեղի ունենար երկու շաբաթ հետո:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 73.3–4 հատվածները, տեսնելով, թե Տերն ինչ աշխատանքի վրա է պատվիրել կենտրոնանալ Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին: Այս «թարգմանության գործը», որի վրա կրկին պետք է կենտրոնանային Ջոզեֆ Սմիթն ու Սիդնի Ռիգդոնը` Աստվածաշնչի ոգեշնչված վերանայումն էր: Մարգարե Ջոզեֆ Սմիթի ոգեշնչված վերանայումներից շատերն այժմ կարելի է գտնել ծանոթագրություններում (ՋՍԹ)` ամբողջ Աստվածաշնչում և Աստվածաշնչի հավելվածի (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն) բաժնում: Թանկագին Մարգարիտում Մովսեսի Գիրքը և Ջոզեֆ Սմիթ-Մատթեոսը նույնպես այդ ոգեշնչված թարգմանությունից են:
Վարդապետություն և Ուխտեր 74
Տերը հայտնում է Ա Կորնթացիս Է.14-ի նշանակությունը
Պատկերացրեք, թե դուք ծառայում եք որպես եկեղեցու լիաժամկետ միսիոներ: Խոսելով մի ամուսնական զույգի հետ, ովքեր եկեղեցու լսողներից են, դուք իմանում եք, որ նրանք որդի են ունեցել, որը մի քանի ամսական հասակում մահացել է: Այդ զույգին իրենց կրոնական առաջնորդն ասել է, որ երեխան չի կարողանա գտնվել երկքնում, քանի որ մկրտված չի եղել մահանալուց առաջ: Ծնողները խորը վիշտ են ապրում իրենց երեխայի կորուստի պատճառով և այն համոզմունքի, որ երեխան զրկվել է փրկությունից:
Ի՞նչ կասեիք այս ծնողներին: (Դուք հնարավորություն կունենաք գրելու ձեր մտքերը հետագայում` այս դասի ժամանակ):
Վարդապետություն և Ուխտեր 74 բաժինը պարունակում է Ա Կորնթացիս Է.14-ի վերաբերյալ Տիրոջ բացատրությունը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 74.1 հատվածը, որտեղ Պողոս Առաքյալի խոսքերն են Ա Կորնթացիս Է.14-ից: Անհավատ բառն 1 հատվածում վերաբերում է հրեաներին, ովքեր չէին ընդունել Հիսուս Քրիստոսի ավետարանը: Պողոսը չէր ասում, որ մարդը կարող է փրկվել իր ամուսնու կամ կնոջ արդարության շնորհիվ, սակայն որ ամուսիններից մեկի դարձի գալը կարող է սրբագործող ազդեցություն բերել ընտանիք: Ա Կորնթացիս Է.14-ում ասված «ապա թէ ոչ` ձեր որդիքը պիղծ կլինեին» արտահայտությունն օգտագործվել է մանուկների մկրտության գործածումն արդարացնելու համար:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 74.2–6 հատվածները, գտնելով խնդիրները, որ առաջացել էին Պողոս Առաքյալի օրոք, երբ ամուսիններից մեկը դարձի էր եկել դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը, իսկ մյուսը` դեռ գործադրում էր Մովսեսի օրենքը:
Հիսուս Քրիստոսի Քավությունը իրականացրեց Մովսեսի օրենքը և թլփատությունն այլևս չէր պահանջվում: Այնուամենայնիվ Մովսեսի օրենքին հետևող հրեաները հավատում էին, որ արու երեխաները պիղծ են, քանի դեռ թլփատված չեն, ինչը սովորաբար արվում էր, երբ երեխան ութ օրական էր լինում: Վարդապետություն և Ուխտեր 74.2–6 հատվածներում Տերը բացատրում է, թե ինչպես է երեխաների հոգևոր վիճակի և թլփատության գործածման այս սխալ համոզմունքը խնդիրներ առաջացնում ընտանիքներում, որտեղ ծնողներից մեկը հավատում է Հիսուս Քրիստոսի ավետարանին, իսկ մյուսը` Մովսեսի օրենքին: Կրոնական համոզմունքների և գործելակերպի նույնատիպ հակառակություններ կարող են առաջանալ նաև այսօր, այն ընտանիքներում, որտեղ ամուսիններից մեկը եկեղեցու անդամ է, իսկ մյուսը` ոչ:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 74.7 հատվածը և գրքում նշեք վարդապետությունը, որը Տերն ուսուցանել է փոքր երեխաների մասին: Ապա կարդացեք Մորոնի 8.8–12: Խորհեք, թե ինչպես են այս հատվածները վերաբերում ավելի վաղ տեղի ունեցող միսիոներական իրավիճակին: Կարող եք գրել Մորոնի 8.8–12-ը որպես խաչաձև հղում Վարդապետություն և Ուխտեր 74.7 հատվածի կողքին:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ կսովորեցնեք այն ամուսնական զույգին, ովքեր հավատում են, որ իրենց մահացած երեխան չի կարող լինել երկնքում: Ինչպե՞ս կօգնեք նրանց հասկանալ այս հատվածներում ուսուցանվող վարդապետությունը, որ փոքր երեխաները սուրբ են, սրբագործված լինելով Հիսուս Քրիստոսի Քավությամբ:
Յոթանասունի Քվորումից Երեց Շեյն Մ. Բոուեն պատմել է իր փորձից, որն ունեցել է որպես լիաժամկետ միսիոներ Չիլիում: Ուշադրություն դարձրեք, թե այս ճշմարիտ վարդապետության գիտելիքը, որ փոքր երեխաները սուրբ են և սրբագործված` Հիսուս Քրիստոսի Քավությամբ, ինչպիսի ազդեցություն է ունեցել մի կնոջ վրա, ում Երեց Բոուենն ու նրա զուգընկերն ուսուցանում էին:
«Քույր Ռամիրեսն արագ առաջադիմում էր զրույցների ընթացքում: Նա անհամբեր ուզում էր սովորել ողջ վարդապետությունը, որ մենք ուսուցանում էինք: Մի երեկո, երբ մենք քննարկում էինք մանուկների մկրտությունը, մենք ուսուցանեցինք, որ փոքր երեխաներն անմեղ են և կարիք չունեն մկրտության: Մենք հրավիրեցինք նրան Մորոնիի Գրքից կարդալ [Մորոնի 8.10–12]:
Այս սուրբ գրությունը կարդալուց հետո Քույր Ռամիրեսն սկսեց հեկեկալ։ Զուգընկերս և ես շփոթվեցինք։ Ես հարցրեցի. «Քույր Ռամիրես, մենք արդյո՞ք ինչ-որ բան ասացինք կամ արեցինք, որը ձեզ վիրավորեց»։
Նա ասաց. «Օ՜, ո՛չ, երեց, դուք ոչ մի սխալ բան չեք արել։ Վեց տարի առաջ ես տղա երեխա ունեի: Նա մահացավ մինչև մենք նրան կմկրտեինք: Մեր քահանան ասաց մեզ, որ քանի որ մենք նրան չէինք մկրտել, նա դժոխքում կլինի ողջ հավերժության ընթացքում։ Վեց տարի ես կրում էի այդ ցավն ու հանցանքը։ Այս սուրբ գրությունը կարդալուց հետո, ես գիտեմ Սուրբ Հոգու զորությամբ, որ դա ճշմարիտ է։ Ես զգացի մեծ ծանրություն վերցվեց իմ վրայից և սրանք ուրախության արցունքներ են»:
Անտանելի վշտից ու ցավից գրեթե վեց տարի տառապելուց հետո, Երկնային Հոր կողմից ապրող մարգարեի միջոցով հայտնի դարձված ճշմարիտ վարդապետությունը, բերեց քաղցր խաղաղություն այս տանջված կնոջը։ Ավելորդ է ասել, որ Քույր Ռամիրեսը և նրա երեխաները, ովքեր ութ տարեկան էին և ավելի, մկրտվեցին» («Որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի կլինեք» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 15–16)։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 72-74 բաժինները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.