Տնային ուսումնասիրության դաս
Գործք Առաքելոց 1-5 (Մաս 17)
Ներածություն
Այս դասը կարող է օգնել ուսանողներին իմանալ, թե ինչպես կարող են համարձակ պատասխանել, երբ հնարավորություն են ունենում կիսվել ավետարանով կամ պաշտպանել այն։
Ուսուցման առաջարկներ
Գործք Առաքելոց 4․1–31
Սանհեդրինի անդամները Պետրոսին և Հովհաննեսին հրամայում են դադարել ուսուցանել Հիսուսի անունով
Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչ կանեին հետևյալ իրավիճակներում (այս սցենարները կարող եք դասից առաջ գրել գրատախտակին)․
-
Ընկերներից մեկը սոցիալական կայքում տեղադրում է Եկեղեցու վերաբերյալ մի հաղորդագրություն, որը չի համապատասխանում իրականությանը։
-
Մարզիչը ծրագրում է մի մրցաշար, որը ձեր թիմից պահանջում է խաղալ կիրակի օրը։
-
Ձեր ընկերները ձեր կարծիքն են հարցնում հասարակական մի խնդրի շուրջ, որն ընդհանուր առմամբ հայտնի է և աջակցվում է շատերի կողմից, սակայն հակասում է Եկեղեցու ուսմունքներին։
Ուսանողներին մտածելու համար բավարար ժամանակ տալուց հետո հարցրեք.
-
Ուրիշ ի՞նչ իրավիճակներ կարող են լինել, երբ մենք կարող ենք կիսվել մեր հավատով կամ պաշտպանել այն։
Մինչ ուսանողները կուսումնասիրեն Գործք Առաքելոց 4–5 գլուխները, հրավիրեք նրանց փնտրել ճշմարտություններ, որոնք կարող են ուղեցույց լինել նրանց համար նման իրավիճակներում։
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Գոր․ 4-ի ենթատեքստը, հրավիրեք նրանց ամփոփել, թե ինչ են հիշում Գոր․ 3-ի իրադարձությունների և ուսմունքների մասին։ (Տաճարի մոտ Պետրոսը և Հովհաննեսը բժշկում են մի մարդու, ով ի ծնե կաղ էր և սովորեցնում են Հիսուսի մասին։)
Ամփոփեք Գոր․ 4․1-6 հատվածները, բացատրելով, որ Պետրոսին և Հովհաննեսին ձերբակալեցին այդ արարքների համար և տարան Սանհեդրինի առաջ, որը հրեական կառավարության խորհուրդն էր։ Հիշեցրեք ուսանողներին, որ Սանհեդրինի անդամներից շատերը նախկինում ներգրավված են եղել Փրկիչի ձերբակալման և խաչելության կազմակերպման գործում։
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 4․7 հատվածը: Հանձնարարեք դասարանին հետևել, փնտրելով հարցը, որը հրեա ղեկավարները տվեցին Պետրոսին և Հովհաննեսին։
-
Ի՞նչ պահանջեցին հրեա ղեկավարները Պետրոսից և Հովհաննեսից։
-
Ի՞նչ կարող էր պատահել Պետրոսին և Հովհաննեսին, եթե նրանք ասեին, որ Հիսուս Քրիստոսի հետևորդներն էին։
Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչ կզգային, եթե լինեին Պետրոսի և Հովհաննեսի իրավիճակում և ինչ կասեին խորհրդին։
Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Գոր․ 4․8-21 հատվածները: Ուսանողներին հրավիրեք հետևել, փնտրելով, թե ինչ հայտարարեց Պետրոսը խորհրդին։
-
Համաձայն Գոր․ 4․13-ի, ինչո՞ւ խորհուրդը զարմացավ՝ տեսնելով Պետրոսին և Հովհաննեսին։
Հրավիրեք ուսանողներին աչքի անցկացնել Գոր․ 4․8 հատվածը, փնտրելով, թե ինչը ներգործեց Պետրոսի վրա և օգնեց նրան համարձակ խոսել խորհրդի առջև։
-
Ձեր կարծիքով, այն փաստը, որ Պետրոսը լցված էր Սուրբ Հոգով, ինչպե՞ս ազդեց ավետարանը համարձակ ուսուցանելու նրա ունակության վրա։
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Պետրոսի օրինակից, որը գրառված է հատվածներ 8-ում և 13-ում։ (Ուսանողները կարող են պատասխանել իրենց բառերով, սակայն համոզվեք, որ նրանք նշեն մի սկզբունք, որը նման է հետևյալին. Երբ մենք լցվենք Սուրբ Հոգով, մենք կկարողանանք համարձակ կիսվել ավետարանով։ Գրեք այդ սկզբունքը գրատախտակին։)
-
Համաձայն Գոր․ 4․18-ի, խորհուրդն ի՞նչ պատվիրեց Պետրոսին և Հովհաննեսին։
-
Համաձայն հատվածներ 19-20, Պետրոսը և Հովհաննեսը ինչպե՞ս արձագանքեցին խորհրդի պատվերին։
Ամփոփեք Գոր․ 4․23-30 հատվածները, բացատրելով, որ երբ Պետրոսը և Հովհաննեսը ազատ արձակվեցին, նրանք հավաքվեցին այլ հավատացյալների հետ և աղոթեցին նրանց հետ։
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Գոր․ 4․31 հատվածը։ Ուսանողներին խնդրեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով, թե ինչ տեղի ունեցավ նրանց աղոթքից հետո։
-
Ի՞նչ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մարդիկ աղոթեցին:
-
Ըստ այս հատվածից մեր սովորածի, ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի հրավիրենք Սուրբ Հոգուն օգնել մեզ համարձակ խոսելու Աստծո խոսքը։
Անդրադարձեք որոշ իրավիճակների, որոնք նշեցինք այս դասի սկզբում:
-
Ինչպե՞ս մենք կարող ենք համարձակություն դրսևորել նման իրավիճակներում ավետարանով կիսվելիս՝ միևնույն ժամանակ հարգալից և քաղաքավարի լինելով։ (Տես Ալմա 38․12․ դուք կարող եք բացատրել, որ ավետարանով կիսվելիս համարձակ լինելը նշանակում է, որ մենք վստահաբար կիսվում ենք այն ամենով, ինչը գիտենք, որ ճիշտ է, սակայն մենք դա անում ենք խոնարհաբար և ուրիշների հանդեպ հարգանքով, ովքեր միգուցե այլ կերպ են մտածում կամ զգում։)
-
Ե՞րբ է Սուրբ Հոգին օգնել ձեզ համարձակ խոսել Աստծո խոսքը։
-
Ինչպե՞ս եք դուք հասկացել, որ Սուրբ Հոգին է ձեզ օգնել։
Գործք Առաքելոց 5․12–42
Առաքյալները բանտ են նետվում՝ Հիսուս Քրիստոսի անունով բժշկելու համար
Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք ապրում են Պետրոսի և Հովհաննեսի ժամանակներում և «Երուսաղեմյան ժամանակներ» թերթի լրագրողներն են։ Բացատրեք, որ նրանք պետք է ուսումնասիրեն Գոր․ 5․12-32 հատվածները, ապա ընտրեն մի վերնագիր, որը կամփոփի այդ հատվածերում պատահած դեպքերը։ (Այս հատվածների ենթատեքստը ներկայացնելու համար հիշեցրեք ուսանողներին, որ Սանհեդրինը պատվիրել էր Պետրոսին և Հովհաննեսին այլևս չխոսել Հիսուս Քրիստոսի անունով։) Հետևեք հրահանգներին, որոնք տրված են հատվածների յուրաքանչյուր խմբի համար։
-
Գոր․ 5․12–16 (Դասարանով կարդացեք այս հատվածները, ապա միասին վերնագիր ընտրեք։)
-
Գոր․ 5․17-23 (Խնդրեք ուսանողներին զույգերով կարդալ այս հատվածները և վերնագիր ընտրել։ Հրավիրեք որոշ զույգերի կիսվել իրենց ընտրած վերնագրերով դասարանի հետ:)
-
Գոր․ 5․24-32 (Խնդրեք ուսանողներին անհատապես կարդալ և վերնագիր ընտրել։ Հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց ընտրած վերնագրերով։)
Երբ ուսանողները կիսվեն իրենց ընտրած վերնագրերով, հարցրեք.
-
Համաձայն Գոր․ 5․29, Պետրոսը և մյուս Առաքյալներն ինչո՞ւ էին ասում, որ իրենք շարունակեցին քարոզել Հիսուսի անունով՝ հաշվի չառնելով խորհրդի հրամանը։
Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Եթե մենք ընտրում ենք հնազանդվել Աստծուն, այլ ոչ թե մարդկանց, ապա …
-
Համաձայն Գոր․ 4-5 գլուխներում ձեր կարդացածի, ինչպե՞ս մենք կարող ենք լրացնել այս նախադասությունը։ (Ուսանողների պատասխաններից հետո ավարտեք գրատախտակին գրված նախադասությունը հետևյալ կերպ․ Եթե մեր ընտրությամբ հնազանդվենք Աստծուն, այլ ոչ թե մարդկանց, ապա Նա մեզ հետ կլինի։)
-
Ի՞նչ ճանապարհներով Աստված եղավ Պետրոսի և այլ Առաքյալների հետ, երբ նրանք հնազանդվեցին Իրեն, այլ ոչ թե խորհրդին։ (Աստված լցրեց նրանց Սուրբ Հոգով [տես Գոր․ 4․8, 31], հնարավորություն տվեց նրանց գործելու հրաշքներ [տես Գոր․ 5․12–16] և ուղարկեց Իր հրեշտակին, որպեսզի ազատի նրանց բանտից [տես Գոր․ 5․17–20]։)
-
Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթներից որևէ մեկն ընտրել հնազանդվել Աստծուն, այլ ոչ թե մարդկանց։ Ինչպե՞ս է Աստված ցույց տվել, որ Նա ձեզ հետ է կամ այդ մարդու հետ է։
Խնդրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Գոր․ 5.33-42: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով լրացուցիչ օրինակներ, որոնք փաստում էին այն մասին, որ Տերը Պետրոսի և այլ Առաքյալների հետ էր։
Նշեք, որ Գոր․ 5․33 հատվածից մենք իմանում ենք, որ խորհուրդը ձգտում էր սպանել Պետրոսին և Հովհաննեսին։
-
Համաձայն հատվածներ 41-42-ի, ինչպե՞ս Առաքյալները հավատարիմ մնացին Տիրոջը՝ ի դեմս այս սպառնալիքի։ Տերն ինչպե՞ս այդ պահերին կանգնեց նրանց կողքին։
-
Ինչպե՞ս կարող են այս դասի ժամանակ մեր բացահայտած ճշմարտություններն աջակցել մեզ, մինչ մենք փորձում ենք ապրել ավետարանով և դրանով կիսվել մեզ շրջապատող մարդկանց հետ։
Կիսվեք այսօր ուսուցանված ճշմարտությունների մասին ձեր վկայությամբ և հրավիրեք ուսանողներին կիրառել այդ ճշմարտություններն իրենց կյանքում։
Հաջորդ Մասը (Գործք Առաքելոց 6-12)
Հարցրեք ուսանողներին, թե նրանք քանի մարդ կարող են մտաբերել, ովքեր նահատակվել են հանուն ավետարանի։ Բացատրեք, որ հաջորդ շաբաթվա ընթացքում Գործք Առաքելոց 6-12 գլուխներն ուսումնասիրելիս նրանք կծանոթանան Հիսուս Քրիստոսի երկու խիզախ նահատակների հետ․ մեկը Յոթանասունական էր, իսկ մյուսը` Առաքյալ։ Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցերի շուրջ. Ինչո՞ւ էր Կոռնելիոսին վերաբերող տեսիլքը խիստ կարևոր Եկեղեցու համար: Ի՞նչ պատահեց Սողոսի հետ (նաև հայտնի է որպես Պողոս), որը փոխեց նրա կյանքը։ Ինչպե՞ս նա կուրացավ, և ո՞ւմ Տերը առաջնորդեց վերականգնելու նրա տեսողությունը։