Տնային ուսումնասիրության դաս
Մատթեոս 6․1–13․23 (Մաս 3)
Նախաբան
Ինչպես գրված է Մատթեոս 7 գլխում, Հիսուս Քրիստոսը շարունակեց Լեռան Իր Քարոզը՝ ուսուցանելով Իր աշակերտներին դատել արդարությամբ։ Նա նաև ուսուցանեց անձնական հայտնության ստացման և Երկնային Հոր կամքը կատարելու մասին։
Ուսուցման առաջարկներ
Նշում․ Այս շաբաթվա 3-րդ օրվա 1-ին մասի տնային ուսումնասիրության դասի ժամանակ, ուսանողներն ուսումնասիրեցին Մատթեոս 11․28–30-ում գտնվող սուրբ գրությունների սերտման հատվածները։ Կարող եք ժամանակ տրամադրել այդ հատվածներն ուսանողների հետ վերանայելու համար:
Մատթեոս 7․1-5
Շարունակելով Լեռան Իր Քարոզը, Հիսուս Քրիստոսն ուսուցանում է Իր աշակերտներին արդարությամբ դատելու մասին
Նախքան դասի սկսվելը հետևյալ հարցերը գրեք գրատախտակին. Արդյո՞ք պետք է դատենք, թե չպետք է դատենք ուրիշներին։ Դասը սկսելուց հետո, ուսանողներին հրավիրեք պատասխանել այդ հարցին։
Ցուցադրեք Լեռան Քարոզը նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 39, տես նաև LDS.org)։ Բացատրեք, որ երբ Հիսուսը շարունակեց Լեռան Իր Քարոզը, Նա Իր աշակերտներին ուսուցանեց դատելու մասին։
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 7.1 հատվածը։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ի՞նչ Փրկիչն ուսուցանեց դատելու մասին։ Նշեք, որ 1-ին հատվածը հաճախ սխալ է հասկացվում և ենթադրվում է, որ մենք երբեք չպետք է դատենք։ Հանձնարարեք մի ուսանողի կարդալ Մատթեոսի 7․1, տողատակի գրառում ա։
-
Ի՞նչ ուսուցանեց Փրկիչը դատելու մասին։
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում արդարությամբ դատել:
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 7.2 հատվածը։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ կպատահի մեզ՝ ելնելով ուրիշներին դատելու մեր վերաբերմունքից։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։ Կարող եք բացատրել, որ «ինչ դատաստանով որ դատում էք» արտահայտությունը նշանակում է ձեր չափելու կամ դատելու եղանակը։
-
Ի՞նչ կպատահի, եթե մենք ուրիշներին արդարությամբ դատենք։ (Ուսանողների պատասխաններից հետո, օգնեք նրանց բացահայտել հետևյալ սկզբունքը․ Եթե մենք արդարությամբ դատենք ուրիշներին, Աստված նույն ողորմածությամբ ու արդարությամբ կդատի մեզ։)
Հնարավորության դեպքում, Հավատքին հավատարիմ գրքույկից հետևյալ հայտարարության մեկական օրինակ բաժանեք յուրաքանչյուր ուսանողի։ Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն: Դասարանի անդամներին հրավիրեք հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես մենք պետք է դատենք կամ ինչպես չպետք է դատենք և ինչպես կարող ենք արդարությամբ դատել։
«Երբեմն մարդիկ զգում են, որ սխալ է որևէ ձևով դատել ուրիշներին։ Չնայած ճիշտ է, որ դուք չպետք է ուրիշներին դատապարտեք կամ անարդարացի մեղադրեք, ձեզ անհրաժեշտ կլինի դատողություններ անել գաղափարների, իրավիճակների և մարդկանց մասին ձեր ողջ կյանքի ընթացքում։ …
Դատելը ձեր ազատ կամքի կարևոր օգտագործման ձև է և պահանջում է մեծ զգուշություն, հատկապես, երբ դատողություններ եք անում ուրիշ մարդկանց մասին։ Ձեր բոլոր դատողությունները պետք է առաջնորդվեն արդար չափանիշներով։ Հիշեք, որ միայն Աստված, որը գիտի յուրաքանչյուր անհատի սիրտը, կարող է վերջնական դատաստան անել անձանց (տես Հայտնություն 20․12, 3 Նեփի 27․14, ՎևՈւ 137․9)։ …
… Որքան կարող եք, դատողություններ արեք ավելի շուտ մարդկանց իրավիճակների մասին, քան մարդկանց մասին։ Հնարավորության դեպքում ձեռնպահ մնացեք դատողություններ անելուց, մինչև որ համապատասխան գիտելիք ունենաք փաստերի մասին։ Միշտ զգայուն եղեք Սուրբ Հոգու հանդեպ, որը կարող է ուղղություն տալ ձեզ որոշումներ ընդունելիս» (Հավատքին հավատարիմ․ Ավետարանական վկայակոչում [2004], 49–50)։
-
Ի՞նչ տեսակի դատողություններ պետք է անենք։
-
Ինչպե՞ս կարող ենք արդարությամբ դատել։
-
Ե՞րբ կարող է անհրաժեշտություն ծագել արդար դատաստան կայացնելու համար։
Ցույց տվեք փայտյա տաշեղի մի կտոր և երկար ու հաստ մի փայտի կտոր։ Բացատրեք, որ Իր աշակերտներին դատելու մասին ուսուցանելիս, Նա փայտյա տաշեղի կտորն անվանեց շյուղ, իսկ երկար փայտի կտորը՝ գերան (տես Մատթեոս 7․3, տողատակի գրառում 3բ և 3գ)։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 7.3 հատվածը։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ի՞նչ Փրկիչն ուսուցանեց ուրիշներին դատելու մասին։
-
Փրկչի բերած այս համանմանության մեջ ի՞նչ են խորհրդանշում շյուղն ու գերանը։ (Դրանք խորհրդանշում են փոքր և մեծ սխալները, թուլությունները կամ մեղքերը։)
-
Ինչպե՞ս կվերասահմանեիք 3-րդ հատվածի Փրկչի ուսմունքը։
Երկու ուսանողների հանձնարարեք գալ և կանգնել դասարանի առջև։ Հանձնարարեք որևէ ուսանողի գերանը պահել իր աչքերից վեր։ Երկրորդ ուսանողին հարցրեք․
-
Կցանկանայի՞ր, որ գերանը բռնող քո դասընկերը հեռացներ փայտյա տաշեղը քո աչքից։ Ինչո՞ւ ոչ:
Հարցրեք գերանը բռնող ուսանողին․
-
Ի՞նչ պետք է անես, որպեսզի կարողանաս պարզորոշ տեսնել և հեռացնել փայտյա տաշեղը քո դասընկերոջ աչքից։
Խնդրեք, որ ուսանողները նստեն։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 7․4-5 հատվածները: Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և փնտրել այն սխալները, որոնք, ըստ Փրկչի խոսքերի, մեզ պետք է անհանգստացնեն։
-
Արդյո՞ք մենք պետք է մտահոգվենք ու ուղղենք ուրիշների սխալները, թե՞ մեր իսկ անձնական սխալները։ Ինչո՞ւ:
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս հատվածներից, որոնք մեզ կարող են օգնել ձեռնպահ մնալ ուրիշներին անարդարությամբ դատելուց։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք կենտրոնանանք մեր անձնական մեղքերը և թուլությունները հեռացնելու վրա, ապա քիչ հավանական է, որ մենք ուրիշներին անարդարությամբ դատենք։ Գրեք այս սկզբունքը գրատախտակին։)
-
Ինչպե՞ս կարող է այդ սկզբունքն օգնել մեզ, երբ մենք սխալ ենք տեսնում ուրիշի մեջ։
Ուսանողներին կարող եք փոքրիկ փայտիկներ նվիրել՝ որպես հիշեցում այս սկզբունքի մասին։ Հրավիրեք ուսանողներին խորհել այն սխալների և թուլությունների մասին, որոնք նրանք կարող են հեռացնել իրենց կյանքից։ Իրենց սխալները հեռացնելու համար հորդորեք նրանց փնտրել Տիրոջ օգնությունը՝ ուրիշներին անարդարությամբ դատելու փոխարեն։
Մատթեոս 7.24–27
Փրկիչը փրկություն է խոստանում նրանց, ովքեր կատարում են Հոր կամքը
Ցուցադրեք քար և մի սկուտեղ ավազ։ Հարցրեք ուսանողներին, թե արդյո՞ք նրանք իրենց տունը կկառուցեին քարի, թե՞ ավազի վրա։ Հարցրեք պատճառը։
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 7.24-27 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ըստ Հիսուսի խոսքերի, ինչի է նման տունը ժայռի վրա կառուցելը և ինչի է նման տունն ավազի վրա կառուցելը։
-
Համաձայն 24-րդ հատվածի Տիրոջ խոսքերի, ի՞նչ քայլեր կձեռնարկի այն մարդը, ով իմաստուն մարդու նման կկառուցի ժայռի վրա։
-
Համաձայն 26-րդ հատվածի Տիրոջ խոսքերի, ի՞նչ քայլեր կձեռնարկի այն մարդը, ով անխելք մարդու նման կկառուցի ավազի վրա։
-
Ձեր կարծիքով, այս համանմանությունների մեջ ի՞նչ էին խորհրդանշում անձրևը, վարար գետերը և քամիները։ (տես 27-րդ հատված, տես նաև Հելաման 5․12)։
-
Տիրոջ ուսմունքներով ապրելու ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել այս համանմանություններից: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքները․ Եթե մենք լսենք ու ապրենք Տիրոջ ուսմունքներին համաձայն, ապա Նա կզորացնի մեզ, որպեսզի դիմանանք մեր փորձություններին։ Եթե մենք լսենք Տիրոջ ուսմունքները, բայց չհետևենք դրանց, ապա փորձությունների ժամանակ մենք աջակցություն չենք ստանա։)
Հորդորեք ուսանողներին իմաստուն մարդու նման ապրել այն սկզբունքներով, որոնք Փրկիչն ուսուցանեց։ Կարող եք ուսանողներին ժամանակ տալ, որպեսզի նրանք գրեն, թե ինչպես կարող են կիրառել այս դասի, կամ Փրկչի Լեռան Քարոզի դասի մնացած մասի սկզբունքներից որևէ մեկը կամ մի քանիսը։
Հաջորդ մասը (Մատթեոս 13․24–17․27)
Ասացեք ուսանողներին, որ հաջորդ շաբաթվա ընթացքում նրանք կկարդան չար դավադրության մասին, որը կհանգեցնի Հովհաննես Մկրտչի մահվանը։ Նրանք նաև կսովորեն հետևյալ հարցերի պատասխանները․ Ինչո՞ւ Հերովդեսը գլխատեց Հովհաննեսին։ Ինչո՞ւ Պետրոսն ընկղմվեց ջրի մեջ այն բանից հետո, երբ հաջողությամբ քայլում էր դրա վրայով։ Խնդրեք ուսանողներին, որ խորհեն այն բանի շուրջ, թե ինչ զգացմունքներ է առաջացնում մոտիկ ընկերոջ կամ ընտանիքի անդամի մահը։ Հրավիրեք նրանց հաջորդ մասի ուսումնասիրության ժամանակ ուշադրություն դարձնել, թե ինչպես Փրկիչն արձագանքեց սիրելի մարդու մահվան լուրին և ինչ տեղի ունեցավ Փոխակերպման սարի վրա։