Պողոս Առաքյալի առաջին թուղթը առ Թեսաղոնիկեցիս. նախաբան
Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:
Ենթադրվում է, որ առաջին թուղթը առ Թեսաղոնիկեցիներին ամենահինն է Պողոսի առկա թղթերից և կարող է լինել ամենահին գիրքը Նոր Կտակարանում։ Այս թղթում Պողոսի ուսմունքները հիմնականում կենտրոնացված են Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյան վրա, այդ թվում՝ այն դժվարությունների, որոնց կհանդիպեն Հիսուս Քրիստոսի հետևորդները, նախքան Նրա վերադարձը (տես Ա Թեսաղոնիկեցիս 3․3), Քրիստոնյաների Հարության վրա Երկրորդ Գալուստի ժամանակ (տես Ա Թեսաղոնիկեցիս 4․13–14) և Քրիստոսի Երկրորդ Գալստյան ժամանակի վրա (տես Ա Թեսաղոնիկեցիս 5․1–2)։ Այս գրքի ուսումնասիրության ընթացքում ուսանողները կսովորեն Երկրորդ Գալստյան մասին և կխրախուսվեն հավատարիմ մնալ Տիրոջը։
Ո՞վ է գրել այս գիրքը:
Պողոսն է գրել Ա Թեսաղոնիկեցիս (տես Ա Թեսաղոնիկեցիս 1․1, տես նաև 2․18)։
Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:
«Թեսաղոնիկեցիներին ուղղված իր թղթերը Պողոսը գրել է Կորնթոսից՝ իր երկրորդ միսիոներական ճամփորդության ժամանակ», Ք․ծ․հ․ մոտ 50–51թթ․ (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Պողոսի թղթերը», scriptures.lds.org)։
Ո՞ւմ համար է այն գրված և ինչո՞ւ:
Ա Թեսաղոնիկեցիս թուղթը Պողոսը գրեց Թեսաղոնիկեի Եկեղեցու անդամների համար։ Թեսաղոնիկեն հին հունական Մակեդոնիայի թագավորության առավել խիտ բնակեցված և բարգավաճող քաղաքն էր իր երկու կարևոր առանձնահատկությունների շնորհիվ՝ քաղաքը կառուցվել էր Էգեյան ծովի լավագույն բնական նավահանգստում և գտնվում էր Հռոմը և Ասիան միացնող գլխավոր ճանապարհի վրա։
Պողոսի երկրորդ միսիոներական ճամփորդության ժամանակ Հոգին առաջնորդեց Պողոսին ու իր զուգընկերներին` Շիղային, Տիմոթեոսին և Ղուկասին, Էգեյան ծովի երկայնքով ճամփորդել դեպի Մակեդոնիա (տես Գործք Առաքելոց 16․6–12)։ Դա սկիզբ դրեց Եվրոպայում ավետարանի քարոզմանը։ Փիլիպպեայում քարոզելուց հետո (տես Գործք Առաքելոց 16․12–40) Պողոսը և Շիղան գնացին Թեսաղոնիկե։
Պողոսը ծառայեց Շիղայի հետ Թեսաղոնիկեում, սակայն հրեա ղեկավարների կողմից վտարվեցին քաղաքից (տես Գործք Առաքելոց 17․1–9)։ Ավելի ուշ Տիմոթեոսը զեկուցեց Պողոսին, որ անկախ հալածանքներից, Թեսաղոնիկեի Սրբերը մնացել էին հավատարիմ և նրանց արդարակյաց ազդեցությունը տարածվում էր (տես Գործք Առաքելոց 18․5, Ա Թեսաղոնիկեցիս 1․7–8, 3․6–8)։
Թեսաղոնիկեի նորադարձները առաջին եվրոպացիներն էին, ովքեր ընդունեցին ավետարանը և դրա պատճառով հալածանքներ կրեցին։ Նրանք նաև բազմաթիվ հարցեր ունեին Երկրորդ Գալուստի վերաբերյալ։ Հետևաբար, թեսաղոնիկեցիներին ուղղված իր նամակում Պողոսը խրախուսանքի և զորության խոսքեր գրեց և պատասխանեց Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի վերաբերյալ նրանց հարցերին։
Որո՞նք են այս գրքի հատկանշական առանձնահատկությունները:
Թեսաղոնիկեցիներին գրված իր առաջին թղթում Պողոսի հիմնական թեմաներից մեկը Երկրորդ Գալուստն է։ Նա կենտրոնացավ Երկրորդ Գալուստի իրադարձությունների ժամանակ արդարների մասնակցության վրա, հատկապես այն Սրբերի, ովքեր արդեն մահացել էին (տես Ա Թեսաղոնիկեցիս 2․19, 3․13, 4․13–17, 5․1–10)։ Ի տարբերություն Պողոսի այլ թղթերի, Ա Թեսաղոնիկեցիս չի պարունակում որևէ լուրջ հանդիմանանք, այլ փոխարենը գոհություն ու գովք է հայտնում Թեսաղոնիկեի Սրբերին։
Համառոտ շարադրանք
Ա Թեսաղոնիկեցիս 1–3-ում Պողոսն իր խորին երախտագիտությունն է հայտնում Թեսաղոնիկեի Սրբերին։ Նա ընթերցողներին հիշեցնում է իր բարյացակամ ծառայությունը նրանց մեջ և իր ուրախությունն է արտահայտում նրանց հավատարմության համար։ Նա խրախուսում է Սրբերին սիրով լցվել միմյանց ու ողջ մարդկության հանդեպ։
Ա Թեսաղոնիկեցիս 4–5-ում Պողոսը հորդորում է Սրբերին լինել սուրբ ու սրբագործել իրենց։ Նա բացատրում է, որ երբ Տերը կրկին գա, այն Սրբերը, ովքեր պահել են Քրիստոսի հանդեպ իրենց վկայությունը, թե՛ մահացածները, և թե՛ ողջերը կբարձրանան և կհանդիպեն Տիրոջը։ Առաքյալը հիշեցնում է Եկեղեցու անդամներին պատրաստվել Քրիստոսի գալու օրվան և զգոն լինել։